Գլխավոր տեղեկություն
Номер
N 1024-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (21.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 20.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
18.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.03.2024
Дата вступления в силу
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1024-Ա

«18» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Կամո Կարապետյանի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22209-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

 Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի մարտի 7-ին, ժամը 15.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Կամո Կարապետյանը:

 Ուսումնասիրելով Դիմումը, դրան կից ներկայացված նյութերը, 2024 թվականի մարտի 7-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22209-24 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստերի համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 11:05-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի վրա գտնվող «Մուսալեռ» խանութի դիմաց կայանված՝ Կամո Կարապետյանի սեփականությունը հանդիսացող «Mazda» մակնիշի «98DT998» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկել է գովազդային վահանակ, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև թիվ Դ-22209-24 դիմումին կից ներկայացված ապացույցները, Կամո Կարապետյանը խնդրել է փոխհատուցել առաջացած վնասը, որը կազմում է 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ:

2018 թվականի սեպտեմբերի 27-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KB840544 վկայագրի համաձայն՝ «Mazda» մակնիշի «98DT998» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Կամո Կարապետյանի սեփականությունը:

Դիմումի առարկայի կապակցությամբ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Ք.Վարդանյանի 2024 թվականի փետրվարի 22-ի գրությամբ տեղեկացվել է, որ Դիմումում նշված վահանակը նախատեսված է հայտարարություններ փակցնելու համար, որը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Դիմումի առարկայի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատարի 2024 թվականի փետրվարի 25-ի թիվ 52/Դ-22209-24 գրությամբ տեղեկացվել է, որ 2023 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 11:05-ի սահմաններում «Մուսալեռ» խանութի դիմաց կայանված «98DT998» հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանված է եղել քաղաքացիական տրանսպորտի համար չնախատեսված վայրում՝ կարմիր և դեղին գծերի վրա (կանգառ), ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանը փոխհատուցման պարտականություն չի կրում:

Վարույթի լսումների ժամանակ Կամո Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատարի 2024 թվականի փետրվարի 25-ի թիվ 52/Դ-22209-24 գրության կապակցությամբ հայտնել է, որ իր կողմից փոխադրամիջոցը կայանված է եղել ոչ թե կանգառում, այլ կանգառից դուրս, կայանման վայրում եղել են դեղին՝ հին, ջնջված գծեր, փոխադրամիջոցը կայանված է եղել տվյալ կանգառից ներքև, նաև հայտնել է, որ եթե փոխադրամիջոցը կայանված լիներ ոչ սահմանված վայրում, ապա այդ մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցը կնշեր 2023 թվականի նոյեմբերի 24-ին կազմված զեկուցագրում:

Դիմումին կից, ինչպես նաև 2024 թվականի մարտի 7-ին կայացած լսումների ժամանակ Դիմումի առարկային, այն է՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ: Ինչ վերաբերում է ենթադրյալ վնասը 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքին, ապա այդ կապակցությամբ վերաբերելի և թույլատրելի գրավոր ապացույցներ չեն ներկայացվել:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ չեն ներկայացվել «Mazda» մակնիշի «98DT998» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Կամո Կարապետյանի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22209-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան