Գլխավոր տեղեկություն
Номер
N 415-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.03.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.03.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
21.03.2024
Дата вступления в силу
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2024 թվականի N 415-Լ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-785-27.02.2024-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է երեխայի ծննդյան ակտային գրանցումից և ծննդյան վկայականից հանել ազգության նշումի պահանջը և նոր իրավակարգավորումներ է նախատեսում երեխայի ազգության որոշման վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը լրացնել նոր՝ 28.1 «Երեխայի ազգության որոշումը» վերտառությամբ հոդվածով, որի համաձայն՝ երբ ծնողները տարբեր ազգություն ունեն, երեխան իր ազգությունը ընտրում է անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր ստանալիս՝ հոր կամ մոր ազգություններին համապատասխան:

Վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մեջբերել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից, և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որի համաձայն՝ անձնագրում քաղաքացու ազգության վերաբերյալ տվյալները նշվում են վերջինիս ցանկությամբ:

Նկատի ունենալով, որ անձը կարող է անձնագիր ստանալ անկախ տարիքից, հետևաբար՝ նաև մինչև 16 տարին լրանալը, նրա մոտ ազգության վերաբերյալ գիտակցումը կարող է դեռևս ձևավորված չլինել:

Բացի այդ, քանի որ անձնագրում քաղաքացու ազգության վերաբերյալ տվյալները նշվում են վերջինիս ցանկությամբ, ծննդյան վկայականում և ծննդի ակտային գրանցման ժամանակ ազգությունը չլրացվելու պարագայում անհասկանալի է, թե ինչպես է որոշվելու քաղաքացու ազգությունն այն դեպքում, երբ վերջինս անձնագրում չի ցանկանում նշել իր ազգությունը:

Միաժամանակ, անդրադառնալով նախագծին կից ներկայացված հիմնավորմանը՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել տարբեր էթնիկ պատկանելություն ունեցող ծնողների երեխային հանրակրթական ուսումնական հաստատություն (դպրոց) ընդունելիս առաջացող խնդիրները, որոնց ծագման պատճառն է ծննդյան վկայականում երեխայի ազգության նշումը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 24.11.2010 թվականի թիվ 1640-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):

Վերը նշված կարգավորումը ենթադրում է, որ ուսումնական հաստատություն ընդունելության ժամանակ տարբեր ազգություն ունեցող ծնողներից պահանջվելու է հիմնավորել իրենց երեխայի ազգային պատկանելությունը: Այսինքն, քննարկվող դեպքերում, երբ ծնողները տարբեր ազգության ներկայացուցիչներ են, երեխայի ազգության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը պարտադիր է: Ստացվում է, որ անկախ ծննդյան վկայականում երեխայի ազգության գրառման առկայության կամ բացակայության փաստից, միևնույն է ծնողները, յուրաքանչյուր դեպքում, պետք է հիմնավորեն երեխայի՝ ազգային փոքրամասնության պատկանելությունը:

Այսինքն՝ ծննդյան վկայականում երեխայի ազգության գրառման բացակայությունը չի նպաստում նախագծի հիմնավորմամբ ներկայացված խնդրի լուծմանը: Հետևաբար՝ նախագիծն ինքնանպատակ է և առարկայազուրկ, քանի որ երեխայի ազգության վերաբերյալ տեղեկությունները, ցանկացած դեպքում, պահանջվելու են:

Հակառակ նախագծի հիմնավորման տրամաբանության նշենք, որ ծննդյան վկայականում երեխայի ազգության վերաբերյալ գրառման առկայությունն ինքնին դյուրին է դարձնում երեխայի ընդունելությունը, քանի որ այդպիսի դեպքերում չեն պահանջվի ազգությունը հիմնավորող լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կողմից, որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում, այդ թվում՝ ծննդյան, ուղղումների և փոփոխությունների գործընթացը համակարգող մարմին, երեխաների ազգության փոփոխության դիմումների հոսք չի արձանագրվել, ուստի՝ գտնում ենք, որ տվյալ դեպքում առաջարկվող փոփոխություններն արդիական չեն:

Վերոգրյալի հիման վրա հնարավոր է եզրահանգել, որ նախագծով ներկայացված հնարավոր խնդիրը վերաբերելի է ոչ թե ծննդյան վկայականում երեխայի ազգության գրառման առկայությանը, որի բացակայությունը երաշխավորում է ավելի լայն շրջանակի երեխաների շահերի խախտում, այլ ուսումնական հաստատություն ընդունելության ընթացքում երեխայի ազգությունը հիմնավորելու անհրաժեշտության օրենսդրական պահանջին:

Նշենք, որ ծննդյան վկայականում երեխայի ազգության վերաբերյալ գրառումը ելակետային է նաև քաղաքացիության շնորհման գործընթացում և ելնում է նաև չափահաս անձանց շահերից:

Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախատեսված կարգավորման արդյունքում կխախտվի նաև ծնողների իրավունքն այն դեպքում, երբ վերջիններս ցանկանան, որպեսզի իրենց երեխայի ազգությունը նշվի ծննդյան փաստաթղթերում, քանի որ ազգության մասին նշումն անհրաժեշտ է երեխայի այլ իրավունքների իրացման համար (oրինակ` քաղաքացիության ձեռքբերման համար էական նշանակություն ունի ազգությունը)։ Հետևաբար՝ նախագծով սահմանափակվում է նաև ծնողների՝ իրենց երեխայի ազգությունը որոշելու իրավունքը։

Նախագծի ընդունման արդյունքում կարող են էական խնդիրներ առաջանալ նաև ազգային փոքրամասնությունների հետ իրականացվելիք թիրախային աշխատանքներում (պետության կողմից մշակվող սուբսիդավորման ծրագրերի իրականացման ընթացքում, սուբվենցիաների տրամադրման դեպքում, ռադիո և հեռուստատեսության ոլորտում ազգային փոքրամասնությունների համար հեռարձակվող հաղորդումների ոլորտում և այլն), ինչպես նաև վիճակագրական ցուցանիշներում (մարդահամար անցկացնելիս Հայաստանի Հանրապետության բնակչության՝ ըստ ազգության, սեռի, տարիքի վիճակագրական տվյալներ հավաքագրելիս), ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների։ Բացի այդ, կարող է խաթարվել նաև տարածքային կառավարման համակարգում աշխատանքների կազմակերպումը: Մասնավորապես, ազգային փոքրամասնություն ունեցող համայնքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության բացակայությունը կարող է հանգեցնել նախադպրոցական և դպրոցական հաստատությունների աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման։

Ելնելով վերոգրյալից՝ նախագծով նախատեսված կարգավորումները համարում ենք ոչ նպատակահարմար և առաջարկում հանել շրջանառությունից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան