ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5889/05/20 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/5889/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ | |
ա. Թովմասյան | ||
ռ. Հակոբյան |
2024 թվականի հունվարի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սվետլանա Ասադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.08.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սվետլանա Ասադյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերություն (այսուհետ՝ Բանկ)` 04.06.2020 թվականի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սվետլանա Ասադյանը պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Թաիրովի փողոց 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.03.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2022 թվականի որոշմամբ Սվետլանա Ասադյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Ասադյանը (ներկայացուցիչ Սյուզաննա Սարդարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան)։
2. Սվետլանա Ասադյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 124-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի օրինական սեփականատերը դեռ որոշված չէ, և, քանի որ 11.07.2014 թվականին Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տունը Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը վիճարկվում է թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում` որպես առոչինչ գործարք, որը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն, անվավեր է անկախ դատարանի կողմից այն այդպիսին ճանաչվելուց և չի կարող հանգեցնել իրավաբանական հետևանքների։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Կոմիտեն, որպես վարչական մարմին, չի կատարել օրենքի պահպանմանը հետևելու իր պարտականությունը, մասնավորապես, թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով դատարանի կողմից 21.03.2017 թվականին հայցի ապահովման միջոցի՝ ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքի կիրառված լինելու պայմաններում, կատարել է նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2022 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ բավարարել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը։
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Բանկի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում 25.02.2020 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունված լինելն ինքնին չի վերացնում տվյալ գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.11.2018 թվականին կայացված վճիռն օրինական ուժի մեջ գտնվելու հանգամանքը, ուստի հայցվորի կողմից հայցի հիմքում վկայակոչված պնդումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերն անհիմն են:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բանկի («Բանկ-Գրավառու»), Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի («Վաճառող») և Արման Նազարյանի («Գնորդ-Գրավատու») միջև 11.07.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրով Վաճառողը Գնորդ-Գրավատուին վաճառել է ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Ի ապահովումն նշված պայմանագրով Բանկ-Գրավառուի հանդեպ Գնորդ-Գրավատուի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման՝ Գնորդ-Գրավատուն, ընդունելով անշարժ գույքն ի սեփականություն, թիվ 241443 պայմանագրի ուժով նշված անշարժ գույքը գրավադրել է հօգուտ Բանկ-Գրավառուի (հատոր 1-ին, գ.թ. 50-55):
2) 15.07.2014 թվականին ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Արման Նազարյանի սեփականության իրավունքը: Միաժամանակ, նույն օրը ք. Երևան, Թաիրովի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 56-59)։
3) Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի ընդդեմ Բանկի և Արման Նազարյանի` առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2017 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է պատասխանողներ Բանկին և Արման Նազարյանին օտարել ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող գրավի առարկա անշարժ գույքը (Հիմք՝ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2017 թվականի կատարողական թերթ, հատոր 1-ին, գ․թ․ 18)։
4) ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարող Բ․ Մանուկյանի 04․04․2017 թվականի որոշմամբ՝ արգելանք է դրվել ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող վիճահարույց անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 71):
5) Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով 02.11.2018 թվականին կայացված վճռով Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ տվյալ գործով հայցվորներ Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի կողմից 17.12.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Այնուհետև, 04.02.2019 թվականին Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Նշված որոշման դեմ հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի որոշմամբ մերժվել է (Հիմք, «Դատալեքս» դատական ակտերի տեղեկատվական համակարգ, հատոր 1-ին, գ.թ. 19-23):
6) Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2018 թվականի վճռի դեմ հայցվորների կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2019 թվականի որոշմամբ մերժվել է: Նշված որոշման դեմ 07.11.2019 թվականին հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (Հիմք, «Դատալեքս» դատական ակտերի տեղեկատվական համակարգ, հատոր 1-ին, գ.թ. 24):
7) Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանների ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է. վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը (հիմք` Datalex.am դատական տեղեկատվական համակարգ):
8) Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2022 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ մերժվել է (հիմք` Datalex.am դատական տեղեկատվական համակարգ):
9) 25.05.2020 թվականին «Բի Էս Թի» ՍՊԸ-ի և Բանկի միջև կնքվել է «Գույքը հանձնելու մասին» թիվ 2194 պայմանագիրը, որով չկայացած աճուրդի արդյունքում Բանկին է հանձնվել գրավի առարկա անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 74-76):
10) 04.06.2020 թվականին ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վիճարկվող պետական գրանցմամբ գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 85-86):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․
- արդյո՞ք գրավի առարկա գույքի նկատմամբ կարող է կատարվել գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցում, եթե խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է գույքի օտարումը:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե` դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ` առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն՝ գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով (…):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ, որի վրա բռնագանձում է տարածվել, սեփականատիրոջ իրավունքը դադարում է այդ գույքի նկատմամբ այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը:
ՀՀ սահմանադրական դատարանը, Մարետա Առաքելյանի դիմումի հիման վրա 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ գնահատելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի սահմանադրականությունը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավահարաբերություններում գույքի սեփականատիրոջ կամքի և համաձայնության արտահայտման վերաբերյալ հարկ է համարել արձանագրել հետևյալը.
նախ` կնքելով գրավի պայմանագիրը՝ գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրեն պատկանող գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հնարավոր դադարման վերաբերյալ,
երկրորդ` գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորության վերաբերյալ: Ընդ որում, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` նման համաձայնությունը կարող է տրվել ինչպես գրավի պայմանագրով, այնպես էլ գրավատուի և գրավառուի միջև կնքված առանձին համաձայնությամբ,
երրորդ` գրավադրված գույքի վրա գրավառուի կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելուց առաջ գրավատուն հնարավորություն ունի կամ միջոցներ ձեռնարկել գրավով ապահովված պարտավորությունը կատարելու համար և դրանով կանխել գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորուստը, կամ դատական կարգով վիճարկել արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը: Վերոհիշյալ երեք հնարավոր իրավիճակներից առաջին երկուսում (որոնք կարող են համընկնել գրավի պայմանագրում արտադատական կարգով բռնագանձման պայման նախատեսվելու դեպքում) գրավադրվող գույքի սեփականատիրոջ կամարտահայտությունը դրսևորվում է ակտիվ գործողություններով` համապատասխան պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, և այդպիսի ակտիվ գործողությունների կատարումը պարտադիր պայման է: Երրորդում սեփականատիրոջ կամքը կարող է արտահայտվել պասիվ գործողությամբ, երբ տեղեկանալով գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին` նա չի ձեռնարկում արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելուն ուղղված` օրենքով սահմանված որևէ գործողություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար, գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ (տե՛ս, Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վերը նշված բոլոր իրավական կարգավորումներին, նշել է, որ անկախ այն հանգամանքից՝ ով է ֆիզիկապես կազմակերպում կամ իրականացնում գույքի օտարումը (անմիջականորեն սեփականատերը, նրա լիազորված անձը, գրավառուն և այլն), այնուամենայնիվ, դրա արդյունքում տեղի է ունենում սեփականության իրավունքի ձեռքբերում գնորդի և համապատասխանաբար սեփականության իրավունքի դադարում գույքի սեփականատիրոջ մոտ: Ավելին, սեփականատերը գույքի գրավադրման պարագայում սեփական կամքով և հայեցողությամբ արդեն իսկ նախատեսում և թույլատրում է գույքի իրացումը՝ դրանով ապահովված պարտավորության չկատարման դեպքում, որպիսի պարագայում ևս բացակայում են հիմնավորումներ առ այն, որ գույքը տնօրինվում է այլ անձի կողմից: Այս դեպքում ուշադրության է արժանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպումը, որ գրավը սահմանում է որպես գույքի տնօրինման եղանակ, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով դրա իրացման դեպքում գույքի օտարման անխուսափելիությունը:
Փաստորեն, անկախ այն հանգամանքից՝ ով է ֆիզիկապես կազմակերպում կամ իրականացնում գույքի օտարումը (անմիջականորեն սեփականատերը, նրա լիազորված անձը, գրավառուն և այլն), այնուամենայնիվ դրա արդյունքում տեղի է ունենում սեփականության իրավունքի ձեռքբերում գնորդի և համապատասխանաբար սեփականության իրավունքի դադարում գույքի սեփականատիրոջ մոտ: Ավելին, սեփականատերը գույքի գրավադրման պարագայում սեփական կամքով և հայեցողությամբ արդեն իսկ նախատեսում և թույլատրում է գույքի իրացումը՝ դրանով ապահովված պարտավորության չկատարման դեպքում, որպիսի պարագայում ևս բացակայում են հիմնավորումներ առ այն, որ գույքը տնօրինվում է այլ անձի կողմից:
Այսպիսով, գրավի ինստիտուտը կայանում է նրանում, որ պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պարտավորությունը կատարվում է գրավատուի սեփականությունը հանդիսացող գույքի հաշվին: Այսինքն՝ գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցները ուղղվում են գրավով ապահովված պարտավորությանը (տե՛ս, «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1945/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների (...) ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը (...):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե` անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է ուժը կորցրած ճանաչված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ օրենքով սահմանված հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ պետական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը, այդ թվում նաև` անձի սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանության ու երաշխավորման բնագավառում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ օրենսդիրը իրավունքի, այդ թվում՝ սեփականության իրավունքի գրանցումն իրականացնող լիազոր մարմնի վրա պարտականություն է դրել մերժելու գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը, եթե տվյալ գույքի կամ նրա միավորի կամ մասի նկատմամբ արդեն առկա է այլ անձի գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Այսինքն` վկայակոչված` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իմպերատիվ կերպով սահմանված է արգելք՝ նույն գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը գրանցելու հարցում, որի նպատակն է երաշխավորել և պաշտպանել անձի գրանցված սեփականության իրավունքը և բացառել անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված իրավունքի դեպքում այլ անձի կողմից ներկայացված իրավունքի գրանցումը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխել է այն հանգամանքից, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից այդ գույքի նկատմամբ նախկին սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված (ուժը կորցրած), այսինքն՝ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի գրանցումը հանգեցնում է այդ գույքի նկատմամբ ավելի վաղ գրանցված սեփականության իրավունքի դադարման։ Երբ գրանցում իրականացնող մարմինը գույքի նկատմամբ այլ անձի արդեն իսկ գրանցված սեփականության իրավունքի առկայության պայմաններում այդ նույն գույքի նկատմամբ կատարում է սեփականության իրավունքի նոր գրանցում, ընդ որում՝ որպես նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի ծագման հիմք ընդունելով այնպիսի իրավաբանական փաստեր և դրանք հիմնավորող գրավոր փաստաթղթեր, որոնք չեն բխում արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ կամքից և գործողություններից (օրինակ՝ երբ գրանցված սեփականատերն իր գույքն օտարել է առուվաճառքի կամ նվիրատվության ձևով կամ կտակել է այլ անձի կամ հրաժարվել իր սեփականությունից), ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նման պայմաններում սեփականության իրավունքի նոր գրանցումը խախտում է արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ իրավունքները (տե՛ս, «Արսեն Չիչյանն ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը։
Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում։
ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:
Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:
Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:
ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական և ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի անվերականգնելի դառնալու հավանականությունը (տե՛ս, «Ուստր Մամիկոն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով 27.12.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է, իսկ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը(տե՛ս, Հովհաննես Չոբանյանն ընդդեմ Լիանա Տիգրանյանի թիվ ԵՄԴ/3747/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական կարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պարագայում, երբ անձը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումները վերացնելու նպատակով դիմել է դատական պաշտպանության, որի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված խնդրո առարկա գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է այդպիսի գույքի տնօրինումը, ապա կիրառված հայցի ապահովման միջոցի գործողության ընթացքում արգելվում է խնդրո առարկա գույքի նկատմամբ այնպիսի գործողությունների ձեռնարկումը, որի արդյունքում տեղի կունենա սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարում` անկախ այն հանգամանքից՝ ով է ֆիզիկապես ձեռնարկում այդ գործողությունները: Ընդ որում, հաշվի առնելով գրավի` գույքի տնօրինման եղանակ հանդիսանալու հանգամանքը՝ նման դեպքերում կիրառված հայցի ապահովման միջոցի հիմքով խնդրո առարկա գույքի վրա արգելանք դնելիս գրավառուի կամ գրավառուի նշած երրորդ անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելը, և նույն օրենսգրքի 250-րդ հոդվածին համապատասխան` գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը) նույնպես դիտարկվում են որպես գույքի օտարում: Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցի շրջանակներում գույքի տնօրինման արգելումը տարածվում է նաև նշված իրավահարաբերությունների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավունքի պետական գրանցումը մերժելու հիմք է անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա սահմանափակումը, որը նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ներառում է նաև դատական ակտերը, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կայացրած որոշումները:
Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ գրավի առարկա գույքի նկատմամբ իրավասու պետական մարմինը չի կարող կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում, եթե այդ գույքի նկատմամբ առկա է վեճ, որի շրջանակներում կայացվել է դատական ակտ․ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ինչի արդյունքում խնդրո առարկա գույքը գտնվում է արգելանքի տակ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Սվետլանա Ասադյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Թաիրովի փողոց 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 23.03.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «(…) սույն դեպքում տեղի է ունեցել գրավադրված գույքի հանձնում գրավառու պարտատիրոջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածների իրավակարգավորումներին համապատասխան՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացի շրջանակներում, գրավի առարկա գույքի չկայացած աճուրդի արդյունքում գրավառուի՝ գրավի առարկան իրեն հանձնելու պահանջի իրավունքի իրացման արդյունքում, ինչը չի կարող որակվել որպես գույքի սեփականատիրոջ տնօրինման իրավազորության իրականացում, դրսևորում: Ըստ այդմ՝ դատարանի գնահատմամբ սույն դեպքում տեղի չի ունեցել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կամ Արման Նազարյանի կողմից գույքի օտարում, իրավունքի վիճարկվող գրանցումը կատարված չէ նրանց կողմից կնքված՝ գրավի առարկայի օտարման այս կամ այն գործարքի հիման վրա, հետևաբար նաև՝ չի խախտվել նրանց կողմից գույքը տնօրինելու, օտարելու արգելքը: Այլ կերպ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածով նախատեսված՝ գրավի առարկա գույքի չկայացած աճուրդի արդյունքում գրավառուի՝ գրավի առարկան իրեն հանձնելու պահանջի իրավունքի իրացումը գույքի սեփականատիրոջ կողմից իր գույքը տնօրինելու իրավազորության իրականացման արդյունք, դրսևորում չէ:
(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ դատարանն արձանագրում է, որ 04.12.2018թ. Վճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված վերացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ խնդրո առարկա գույքը պատասխանողների կողմից օտարելու արգելքը, և դադարել է կիրառված սահմանափակման գործողությունը: Հետևաբար, դատարանը եզրահանգում է, որ վիճարկվող իրավունքը գրանցելու պահի դրությամբ դադարած է եղել այն սահմանափակման գործողությունը, որը հայցվոր կողմը վկայակոչում է որպես կատարված իրավունքի պետական գրանցման խոչընդոտ: Ըստ այդմ՝ դատարանը գտնում է, որ այս հիմնավորմամբ ևս առկա չի եղել իրավունքի պետական գրանցումը մերժելու՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը եզրահանգում է, որ առկա չեն վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր»:
Վերաքննիչ դատարանը 05.08.2022 թվականի որոշմամբ Սվետլանա Ասադյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավորված համարելով Դատարանի պատճառաբանությունները։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ըստ գործի փաստերի՝ Բանկի («Բանկ-Գրավառու»), Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի («Վաճառող») և Արման Նազարյանի («Գնորդ-Գրավատու») միջև 11.07.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրով Վաճառողը Գնորդ-Գրավատուին վաճառել է ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Ի ապահովումն նշված պայմանագրով Բանկ-Գրավառուի հանդեպ Գնորդ-Գրավատուի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման՝ Գնորդ-Գրավատուն, ընդունելով անշարժ գույքն ի սեփականություն, թիվ 241443 պայմանագրի ուժով նշված անշարժ գույքը գրավադրել է հօգուտ Բանկ-Գրավառուի:
15.07.2014 թվականին ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Արման Նազարյանի սեփականության իրավունքը: Միաժամանակ, նույն օրը ք. Երևան, Թաիրովի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը:
Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Բանկի և Արման Նազարյանի` առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5175/02/16), իսկ 21.03.2017 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է պատասխանողներ Բանկին և Արման Նազարյանին օտարել ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող գրավի առարկա անշարժ գույքը: Նշված որոշման հիման վրա տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է կատարողական վարույթներ, որոնց շրջանակներում հարկադիր կատարողը 03.04.2017 թվականին կայացրել է «Արգելանք դնելու մասին» որոշում՝ արգելանք դնելով ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող վիճահարույց անշարժ գույքի վրա:
Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով 02.11.2018 թվականին կայացված վճռով Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ տվյալ գործով հայցվորներ Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի կողմից 17.12.2018 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Այնուհետև, 04.02.2019 թվականին Սվետլանա Ասադյանի և Լևոն Ասադյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է: Նշված որոշման դեմ հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի որոշմամբ մերժվել է:
Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2018 թվականի վճռի դեմ հայցվորների կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2019 թվականի որոշմամբ մերժվել է: Նշված որոշման դեմ 07.11.2019 թվականին հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.02.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանների ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է. վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2022 թվականի որոշմամբ Սվետլանա և Լևոն Ասադյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Սվետլանա և Լևոն Ասադյանների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ մերժվել է:
25.05.2020 թվականին «Բի Էս Թի» ՍՊԸ-ի և Բանկի միջև կնքվել է «Գույքը հանձնելու մասին» թիվ 2194 պայմանագիրը, որով չկայացած աճուրդի արդյունքում Բանկին է հանձնվել գրավի առարկա վիճահարույց անշարժ գույքը: 04.06.2020 թվականին ք. Երևան, Թաիրովի փ. 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վիճարկվող պետական գրանցմամբ գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում հայցվորներ Սվետլանա և Լևոն Ասադյանները ներկայացրել են պահանջ` որպես առոչինչ (կեղծ) գործարքի անվավերության հետևանքներ կիրառել իրենց և Արման Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի նկատմամբ, այն է` ճանաչել Սվետլանա և Լևոն Ասադյանների սեփականության իրավունքը Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տան նկատմամբ և անվավեր ճանաչել 11.07.2014 թվականի Արման Նազարյանի և Բանկի միջև կնքված Երևանի Թաիրով փողոցի թիվ 47/1 տունը Արման Նազարյանի պարտավորությունների ապահովման դիմաց գրավ դնելու մասին գործարքը: 21.03.2017 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որի արդյունքում տրված կատարողական թերթերի հիման վրա հարկադիր կատարողը 03.04.2017 թվականին կայացրել է «Արգելանք դնելու մասին» որոշում, որտեղ, մասնավորապես, նշված է. «Որպես հայցի ապահովման միջոց` արգելել պատասխանողներ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը, Արման Նազարյանին ՀՀ, ք. Երևան, Թաիրով 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օտարելը»: Այսինքն, նշված որոշման հասցեաատերեր են հանդիսացել Արման Նազարյանը և Բանկը:
Վճռաբեկ դատարանը գործում առկա նյութերի և Datalex.am դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատված է համարում, որ հայցվորներ Սվետլանա և Լևոն Ասադյանների հայցը մերժվել է, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի ուժով, այն է` Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե` ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է․ թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործով վեճն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվն է 17.05.2023 թվականը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցը պահպանվում է մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, տվյալ դեպքում 21.03.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանվել է մինչև 17.05.2023 թվականը:
Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի 03.04.2017 թվականին կայացրած «Արգելանք դնելու մասին» որոշման հիման վրա Արման Նազարյանին և Բանկին արգելված է եղել տնօրինել խնդրո առարկա ՀՀ, ք. Երևան, Թաիրովի փողոց 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, տվյալ դեպքում այդ արգելքը տարածվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ, 250-րդ հոդվածներում ամրագրված իրավահարաբերությունների նկատմամբ: Այսինքն, չկայացած աճուրդի արդյունքում Բանկ-գրավառուի կողմից գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց իրեն հանձնելու մասին պահանջ ներկայացնելն ըստ էության հանգեցրել է սեփականատիրոջ` Արման Նազարյանի սեփականության իրավունքի դադարման, այն է` տեղի է ունեցել գույքի օտարում, ինչը թիվ ԵԿԴ/5175/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցի ուժով արգելված է եղել:
Մինչդեռ, տվյալ պարագայում, 25.05.2020 թվականին «Բի Էս Թի» ՍՊԸ-ի և Բանկի միջև կնքվել էր «Գույքը հանձնելու մասին» թիվ 2194 պայմանագիրը, իսկ Կոմիտեն, անտեսելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված` սահմանափակման հիմքի առկայության պայմաններում իրավունքի պետական գրանցումը մերժելու պահանջը, ՀՀ, ք. Երևան, Թաիրովի փողոց 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 04.06.2020 թվականին կատարել է Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցում, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից։
Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ, 250-րդ հոդվածների նեղ մեկնաբանություն, որի արդյունքում թույլ է տվել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի խախտում՝ խաթարելով արդարադատության բուն էությունը, քանի որ այն հանգեցրել է Սվետլանա Ասադյանի իրավունքների խախտմանը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Սվետլանա Ասադյանի կողմից հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է համապատասխանաբար 4.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սվետլանա Ասադյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Սվետլանա Ասադյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ, վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Սվետլանա Ասադյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.08.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Սվետլանա Ասադյանի հայցն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերություն` 04.06.2020 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել` անվավեր ճանաչել ք. Երևան, Թաիրովի փողոց 47/1 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության անվամբ 04.06.2020 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:
2. ՀՀ կադաստրի կոմիտեից հօգուտ Սվետլանա Ասադյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող
Ք. ՄԿՈՅԱՆ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: