Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
11.12.2023
Дата вступления в силу
11.12.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0087/05/19

2023 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/0087/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Բաբայան

Դատավորներ՝

 Կ. Մաթևոսյան

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Ք․ ՄԿՈՅԱՆ

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

 

2023 թվականի դեկտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հակոբ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե), երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, Սամվել Ադամյան, Սարգիս Արամյան՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի 28.12.2018 թվականի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը և «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանն անվավեր ճանաչելու, Հակոբ Մարտիրոսյանին Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակելուն պարտավորեցնելու և հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը և «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանը, պարտավորեցնել Կոմիտեի ղեկավարին իրեն նշանակել Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում և Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2021 թվականի որոշմամբ Հակոբ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր Ա Առաքելյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի շրջանակներում Սամվել Ադամյանը 25.12.2018 թվականին գրել է դիմում՝ իրեն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու համար, հետևաբար, Կոմիտեի ղեկավարը պետք է աշխատանքը շարունակելու նախապատվության հարցը որոշելիս անդրադառնար միայն Հակոբ Մարտիրոսյանի և Արթուր Պետրոսյանի աշխատանքային ցուցանիշներին և պաշտոնի նշանակեր այս երկու անձանցից առավել դրական ցուցանիշներ ունեցողին, և, քանի որ, Հակոբ Մարտիրոսյանի ցուցանիշներն ավելի դրական էին, հենց նա պետք է ստանար աշխատանքը շարունակելու հնարավորություն։ Մինչդեռ, Կոմիտեի ղեկավարը աշխատանքը շարունակելու նախապատվությունն իր հայեցողությամբ տվել է Արթուր Պետրոսյանին, ում աշխատանքային ցուցանիշները զիջում են Հակոբ Մարտիրոսյանի ցուցանիշներին և դա հաստատվել է նաև վճռով։ Բացի այդ, ինչպիսին էլ որ եղած լիներ կադրերի ռեզերվ տեղափոխվելու շարժառիթը՝ Սամվել Ադամյանն իր սեփական կամքի արտահայտմամբ է տեղափոխվել այդտեղ՝ ներկայացնելով դիմում, հետո էլ նշանակվել է այլ պատասխանատու աշխատանքի Կոմիտեի համակարգում՝ այդպիսով, փաստորեն, հրաժարվելով ազատ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից։ Նշվածի մասին է վկայում նաև այն, որ նա որևէ կերպ չի վիճարկել իր որևէ ենթադրյալ խախտված իրավունք, որևէ անհամաձայնություն չի հայտնել պաշտոնների կրճատման հետևանքով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ և սեփական դիմումով խնդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում։ Հակոբ Մարտիրոսյանը և Արթուր Պետրոսյանը մինչ այդ սեփական կամքով որևէ դիմում չէին գրել իրենց աշխատանքային գործունեության հետագա ճակատագրի վերաբերյալ։

Հետևաբար, Սամվել Ադամյանը դրսևորել է իր կամահայտնությունը Կոմիտեի հետ աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակման իր պատրաստակամության բացակայության վերաբերյալ։ Այսինքն, տվյալ պահին Սամվել Ադամյանն ինքը չի ցանկացել զբաղեցնել որևէ պաշտոն Կոմիտեի համակարգում՝ դրանով իսկ իրացնելով աշխատանքի ազատ ընտրության սահմանադրական և սեփական իրավունքները սեփական հայեցողությամբ իրականացնելու իր իրավունքները՝ ընտրության դաշտը թողնելով մյուս երկու պաշտոնատար անձանց։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում բերված հիմնավորումներով Սամվել Ադամյանի աշխատանքային ստաժի և կատարողական գնահատման ցուցանիշներն առհասարակ չունեին նշանակություն գործի լուծման համար, իսկ Արթուր Պետրոսյանի նկատմամբ հայցվորն ուներ առավելություն թե՛ աշխատանքային ստաժի և թե՛ կատարողական գնահատման արդյունքների առումով, հետևաբար, հենց հայցվորին էր պատկանում աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի ղեկավարի 22.11.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային, Մարզերի միավորված և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլելու և անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում ստեղծելու մասին» թիվ 269-Լ հրամանի 1-ին կետի համաձայն՝ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Երևանի տարածքային, Մարզերի միավորված և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլվել են, և ստեղծվել է Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում (հատոր 1-ին, գ.թ. 54-55):

2) 24.12.2018 թվականի Կոմիտեի Վայոց Ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը: Նույն փաստաթղթի վրա առկա է՝ «հրաժարվում եմ» բովանդակությամբ գրառում և Սամվել Ադամյանի անվան մոտ՝ ստորագրություն (հատոր 2-րդ, գ.թ. 50):

3) 24.12.2018 թվականի Կոմիտեի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հակոբ Մարտիրոսյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) 24.12.2018 թվականի Կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին հասցեագրված «Առաջարկություն» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ վերջինիս առաջարկվել է Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Նույն փաստաթղթի վրա Արթուր Պետրոսյանի անվան մոտ առկա է ստորագրություն (հիմք՝ ՀՀ քաղաքացիական ծառայողի անձնական գործի փաթեթ, գ.թ. 400):

5) Սամվել Ադամյանը 25.12.2018 թվականի դիմումով խնդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (հատոր 2-րդ, գ.թ. 49):

6) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի՝ թվագրված 26.12.2018 թվական ժամը` 16:05:24-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» թիվ 38-Ա հրամանի համաձայն՝ Արթուր Պետրոսյանը վերանշանակվել է Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում՝ ազատվելով Կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 58):

7) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի՝ թվագրված 26.12.2018 թվական, ժամը՝ 19:24:30-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված «Սամվել Ադամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 36-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 2-րդ, գ.թ. 51):

8) Կոմիտեի ղեկավարի 25.12.2018 թվականի թվագրված 26.12.2018 թվական ժամը՝ 19:24:30-ին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված թիվ 37-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանը գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (հիմք՝ ՀՀ քաղաքացիական ծառայողի անձնական գործի փաթեթ, գ.թ. 157-158):

9) Ի պատասխան Հակոբ Մարտիրոսյանին 24122018 թվականին հասցեագրված առաջարկության՝ վերջինս 28.12.2018 թվականին ներկայացրել է գրություն, որով վերջինս, գտնելով, որ առաջարկը խախտում է իր իրավունքը, այն հիմնավորված և պատճառաբանված չէ, պահանջել է իրեն ներկայացել աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք ունենալու կամ չունենալու օրենսդրական իմպերատիվ պահանջը պահպանված լինելու վերաբերյալ հիմնավոր ապացույցներ (հատոր 1-ին, գ.թ. 14):

10) Կոմիտեի ղեկավարի 28.12.2018 թվականի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 39-Ա հրամանի համաձայն՝ Կոմիտեի Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հակոբ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 59):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդրով պայմանավորված սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրվում է հետևյալ իրավական հարցադրումը.

-  արդյո՞ք «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի կիրառման համար անհրաժեշտ է երկու պայմանների, այն է՝ առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ, միաժամանակյա առկայությունը:

 

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից) 24-րդ հոդվածի համաձայն` աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

ա) բոլոր աշխատողների աշխատանքային իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որևէ անկողմնակալ մարմնի:

Սահմանադրական և միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ աշխատանքի ընտրության ազատության սահմանադրական նորմի շրջանակներում անձի համար պետք է որոշակի երաշխիքներ ստեղծվեն նաև աշխատանքից ազատվելու չափանիշների և գործընթացների տեսանկյունից: Որպես այդպիսի չափանիշ դիտարկվում է կամ աշխատողի ընդունակությունը կամ վարքը, կամ գործատուի գործնական պահանջները:

Վերոնշյալ պահանջներից ելնելով՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը կանոնակարգում է ինչպես աշխատանքային հարաբերությունների ծագման, այնպես էլ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը և գործընթացը:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։

Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը (...):

Վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, իսկ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ Իր հերթին, պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, որպիսի ծառայությունն ընդգրկում է նաև քաղաքացիական ծառայությունը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են նույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կառավարության, վարչապետի և քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի (այսուհետ՝ համակարգող փոխվարչապետ) որոշումներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համապատասխան մարմնի վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու) հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատմամբ և (կամ) համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված՝ պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է մինչև վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնի կամ ավելի ցածր պաշտոնի` իր համաձայնությամբ, բացառությամբ առաջխաղացման դեպքի: Առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, և հայտարարվում է մրցույթ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ (...)

2) հաստիքների և (կամ) նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնի կրճատումը.

3) նույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության պաշտոնի չնշանակվելը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական ծառայության կազմակերպման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև Օրենքով, իսկ քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ ՀՀ Սահմանադրությամբ, Օրենքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության, վարչապետի և քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատումը պայմանավորված է համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ, ապա աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին, որպիսի պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Այսինքն, օրենսդիրն ամրագրել է գործատուի՝ քաղաքացիական ծառայողին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու պարտականություն և սահմանել է պայմաններ, որոնց առկայության դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողին տրամադրվում է աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք: Մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է հետևյալ հիմնական պայմանները՝ հղի վիճակում լինելը կամ մինչև երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը, իսկ նշված հիմնական պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում որպես լրացուցիչ պայմաններ՝ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալը: Միաժամանակ, նշված բոլոր պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում օրենսդիրն ամրագրել է, որ համապատասխան մարմնի ղեկավարն է որոշում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը, այսինքն՝ նշված դեպքերում համապատասխան մարմնի ղեկավարը քաղաքացիական ծառայողներից որևէ մեկին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տալիս է իր հայեցողությամբ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու համար անհրաժեշտ հիմնական պայմանների (հղի վիճակում լինելը կամ մինչև երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը) հավասարության կամ բացակայության դեպքում լրացուցիչ պայմանների (քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալը) կիրառմամբ աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու վերաբերյալ նորմը, ինչպես նաև հաշվի առնելով այդ նորմում հիշյալ լրացուցիչ պայմանների «և» շաղկապով բաժանումը, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ խնդրո առարկա նորմով օրենսդիրն ամրագրել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ հիմնական պայմանների (հղի վիճակում լինելը կամ մինչև երեք տարեկան երեխա խնամելը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված լինելը) հավասարության կամ բացակայության դեպքում այդ նախապատվության իրավունքը կարող է տրվել այն քաղաքացիական ծառայողին, որը բավարարում է հետևյալ լրացուցիչ միաժամանակյա պայմաններին՝ տվյալ քաղաքացիական ծառայողն ունի քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և (այսինքն՝ այդ պայմանի հետ միասին) վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալու պայմանները միմյանցից տարանջատ դիտարկելը կհանգեցնի Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման իրավական անորոշության՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի տրամադրման տեսանկյունից, քանի որ որևէ կերպ կարգավորված չեն լինի այն դեպքերը, երբ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում քաղաքացիական ծառայողներից մեկը մյուսի համեմատ ունենա առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ, իսկ մյուսը՝ վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան՝ Հակոբ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» հրամանը և «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» հրամանը, պարտավորեցնել Կոմիտեի ղեկավարին իրեն նշանակել Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում և Կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը:

Դատարանը, 02.10.2020 թվականի վճռով մերժել է Հակոբ Մարտիրոսյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանի գնահատմամբ՝ հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի իրավունքը խնդրո առարկա գործընթացում կարող է խախտված համարվել, եթե միաձուլված երեք ստորաբաժանումների ղեկավարներից /Արթուր Պետրոսյան, Հակոբ Մարտիրոսյան և Սամվել Ադամյան/ նախապատվությունը պետք է տրվեր Հակոբ Մարտիրոսյանին: Ըստ այդմ՝ դատարանն անհրաժեշտ է համարում համեմատության մեջ դնել ոչ միայն Հակոբ Մարտիրոսյանի և Արթուր Պետրոսյանի, այլ երեք միաձուլված ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում՝ Սամվել Ադամյանի, նախապատվության իրավունքի իրացման օրենքով սահմանված չափանիշները, այն է՝ քաղաքացիական ծառայության աշխատանքային ստաժի տևողությունը և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականների գնահատման արդյունքները: Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ Սամվել Ադամյանը չի հավակնել նոր ձևավորված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին՝ խնդրելով իրեն գրանցել քաղաքացիական ծառայության ռեզերվում, այս առնչությամբ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ Սամվել Ադամյանին, ինչպեսև Հակոբ Մարտիրոսյանին դեռ 24.12.2018թ. առաջարկություն էր կատարվել զբաղեցնելու Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին առաջարկվել էր զբաղեցնել Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Այսինքն՝ արդեն 24.12.2018թ. պատասխանողի կողմից կայացված էր նախապատվությունը Արթուր Պետրոսյանին տալու որոշում /կատարված էր ընտրություն միաձուլված երեք ստորաբաժանումների ղեկավարների միջև/: Եվ Սամվել Ադամյանը նախ՝ 24.12.2018թ. առաջարկությունից հրաժարվել է /տե՛ս, առաջարկության վրա առկա «հրաժարվում եմ» գրառումը/, այնուհետև միայն, նախապատվությունը Արթուր Պետրոսյանին տալուց հետո, 25.12.2018թ. դիմումով խնդրել է իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: Այսինքն՝ Սամվել Ադամյանը, ինչպեսև Հակոբ Մարտիրոսյանը, ամբողջությամբ մասնակցել է երեք ստորաբաժանումների ղեկավարների միջև նախապատվությունը որոշելու գործընթացին, և այդ գործընթացի ավարտից /գործընթացն ավարտվել է 24.12.2018թ. կատարված առաջարկներով, որոնցում արտացոլվել է կատարված ընտրությունը/ հետո է միայն խնդրել իրեն գրանցել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում՝ համաձայն չլինելով կատարված առաջարկությանը: (...):

24.12.2018թ. արդեն պատասխանողի կողմից Հակոբ Մարտիրոսյանին և Սամվել Ադամյանին առաջարկվել է երեք ստորաբաժանումների միաձուլման արդյունքում ձևավորված Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը, այսինքն՝ 24.12.2018թ. դրությամբ արդեն այդ պահին գոյություն ունեցող՝ նախապատվության իրավունքի իրացման չափանիշների գնահատմամբ և հաշվառմամբ պատասխանողն ընտրություն էր կատարել՝ նախապատվությունը տալով Արթուր Պետրոսյանին: Հաջորդիվ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Պետրոսյանի 26.12.2018թ. թիվ /թվագրված է 25.12.2018թ., սակայն էլեկտրոնային ստորագրությունը դրվել է 26.12.2018թ./ 37-Ա հրամանով Սամվել Ադամյանը գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում՝ հաշվի առնելով, որ հրաժարվել էր կատարված առաջարկից և խնդրել իրեն գրանցել կադրերի ռեզերվում: Նույն օրը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Պետրոսյանի 26.12.2018թ. թիվ 38-Ա հրամանով Արթուր Պետրոսյանը վերանշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից: Մինչդեռ, 2018թ. 2-րդ կիսամյակի կատարողականների գնահատման արդյունքները, որոնք հիմք են ընդունվել վերջին երեք տարվա կատարողականների գնահատման արդյունքները որոշելիս, թվագրված են 28.12.2018թ.՝ Հակոբ Մարտիրոսյանի և Արթուր Պետրոսյանի համար, 25.12.2018թ.՝ Սամվել Ադամյանի համար: Փաստական հանգամանքների նման ժամանակագրությունը վկայում է, որ այն պահի դրությամբ՝ 24.12.2018թ., երբ արդեն իսկ նախապատվությունը տրվել է Արթուր Պետրոսյանին, 2018թ. 2-րդ կիսամյակի կատարողականների գնահատման արդյունքները դեռևս գոյություն չեն ունեցել: Ըստ այդմ՝ դատարանը եզրահանգում է, որ 2018թ. 2-րդ կիսամյակի կատարողականների գնահատման արդյունքները չէին կարող ներառվել վերջին երեք տարվա արդյունքների մեջ և հաշվի առնվել նախապատվությունը որոշելիս: Հաշվի առնելով, որ 24.12.2018թ. Հակոբ Մարտիրոսյանին, Սամվել Ադամյանին և Արթուր Պետրոսյանին վերը նշված առաջարկությունները ներկայացնելու դրությամբ արդեն իսկ կատարված էր ընտրություն հօգուտ Արթուր Պետրոսյանի՝ դատարանը գտնում է, որ պետք է հաշվի առնվեն 24.12.2018թ. նախորդած երեք տարիների կատարողականների գնահատման արդյունքները, այն է՝ 2015թ. 2-րդ կիսամյակի, 2016թ. 1-ին և 2-րդ կիսամյակների, 2017թ. 1-ին և 2-րդ կիսամյակների և 2018թ. 1-ին կիսամյակի կատարողականների գնահատման արդյունքները: Ըստ այդմ՝ դատարանն արձանագրում է, որ նշված ժամանակահատվածում Հակոբ Մարտիրոսյանի կատարողականների գնահատման արդյունքները կազմում են 549.5 /2015թ. 2-րդ կիսամյակ – 90.5, 2016թ. 1-ին կիսամյակ- 90.5, 2016թ. 2-րդ կիսամյակ – 90.5, 2017թ. 1-ին կիսամյակ – 90.5, 2017թ. 2-րդ կիսամյակ – 92.5, 2018թ. 1-ին կիսամյակ - 95/, Սամվել Ադամյանինը /2015թ. 2-րդ  կիսամյակ – 90.5, 2016թ. 1-ին կիսամյակ- 90.5, 2016թ. 2-րդ կիսամյակ – 90.5, 2017թ. 1-ին  կիսամյակ – 90.5, 2017թ. 2-րդ կիսամյակ – 92.5, 2018թ. 1-ին կիսամյակ - 95/՝ ևս 549.5, իսկ Արթուր Պետրոսյանինը՝ 547 /2015թ. 2-րդ կիսամյակ – 90.5, 2016թ. 1-ին կիսամյակ- 90.5, 2016թ. 2-րդ կիսամյակ – 90.5, 2017թ. 1-ին կիսամյակ – 90.5, 2017թ. 2-րդ  կիսամյակ – 92.5, 2018թ. 1-ին կիսամյակ – 92.5/: Այսպիսով՝ Հակոբ Մարտիրոսյանի և Սամվել Ադամյանի վերջին երեք տարիների կատարողականների գնահատման արդյունքները հավասար են, իսկ Արթուր Պետրոսյանինը զիջում է նրանց արդյունքներին: (...):

Արդյունքում՝ համեմատության մեջ դնելով երեք ստորաբաժանումների ղեկավարների քաղաքացիական ստաժի տևողությունն ու կատարողականների գնահատման արդյունքները՝ դատարանն արձանագրում է, որ Արթուր Պետրոսյանին նախապատվությունը տրվել է ոչ իրավաչափորեն՝ ի խախտումն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, սակայն այդ խախտման արդյունքում առկա չէ Հակոբ Մարտիրոսյանի նախապատվության իրավունքի խախտում, քանզի նախապատվությունը չէր կարող տրվել նաև վերջինիս:

Հաշվի առնելով, որ վիճարկվող հրամաններն անվավեր ճանաչելու պայմանը ոչ միայն օրենքի խախտման, այլ նաև հայցվորի իրավունքի խախտման փաստի առկայությունն է՝ դատարանը գտնում է, որ հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի իրավունքի խախտման փաստի բացակայության պայմաններում վիճարկվող հրամանները ենթակա չեն անվավեր ճանաչման»:

Վերաքննիչ դատարանը 29.12.2021 թվականի որոշմամբ մերժել է Հակոբ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ տվյալ դեպքում բացակայում են օրենսդրի կողմից աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տվող հիմնական պայմանները (չվիճարկվող փաստ), արձանագրում է, որ բացակայում են նաև նշված իրավունքը տվող լրացուցիչ պայմանները, քանի որ ո՛չ սույն գործով հայցվոր Հակոբ Մարտիրոսյանը, ո՛չ երրորդ անձ Սամվել Ադամյանը, ո՛չ էլ Արթուր Պետրոսյանը միմյանց համեմատ չունեն քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ, մասնավորապես՝ Արթուր Պետրոսյանի քաղաքացիական ծառայության ստաժի չափը և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման արդյունքներն ավելի քիչ են հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի և երրորդ անձ Սամվել Ադամյանի քաղաքացիական ծառայության ստաժի չափից և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման արդյունքներից, միաժամանակ, երրորդ անձ Սամվել Ադամյանը հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի համեմատությամբ ունի քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ, սակայն երրորդ անձ Սամվել Ադամյանի և հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի վերջին երեք տարվա ընթացքում կատարողականների գնահատման արդյունքները հավասար են:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տալու համար օրենսդրի կողմից սահմանված հիմնական և լրացուցիչ պայմանների բացակայության պայմաններում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը պետք է իր հայեցողությամբ որոշեր աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը տրամադրելու հարցը, այսինքն՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը վերոնշյալ երեք քաղաքացիական ծառայողներից որևէ մեկին պետք է տար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ իր հայեցողությամբ, որպիսի հայեցողական լիազորությունն էլ սույն պարագայում իրացվել է և աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվել է Արթուր Պետրոսյանին: (...):

Վերաքննիչ դատարանի համոզմամբ, Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տվող հիմնական և լրացուցիչ պայմանների առկայության դեպքում գործատուի՝ քաղաքացիական ծառայողին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տրամադրելու պարտականությունը և տվյալ քաղաքացիական ծառայողի նշված իրավունքը գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են գործատուի և այդ քաղաքացիական ծառայողի միջև աշխատանքային հարաբերությունները: (...):

Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի թիվ 38-Ա հրամանի ընդունման պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանը դեռևս ազատված չի եղել զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ նշված պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանի և պատասխանողի միջև դեռևս աշխատանքային հարաբերությունները պահպանված և առկա են եղել և, ըստ դրա՝ պահպանված է եղել նաև Սամվել Ադամյանի աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը:

(...) Անդրադառնալով բողոքաբերի փաստարկներին առ այն, որ Սամվել Ադամյանի կողմից 25.12.2018թ. իրեն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու համար դիմում ներկայացված լինելու փաստով պայմանավորված ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը պետք է աշխատանքը շարունակելու նախապատվության հարցը որոշելիս անդրադառնար միայն Հակոբ Մարտիրոսյանի և Արթուր Պետրոսյանի աշխատանքային ցուցանիշներին և պաշտոնի նշանակեր այս երկու անձանցից առավել դրական ցուցանիշներ ունեցողին և, քանի որ, Հակոբ Մարտիրոսյանի ցուցանիշներն ավելի դրական էին, հենց նա պետք է ստանար աշխատանքը շարունակելու հնարավորություն, Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ տվյալ քաղաքացիական ծառայողի մոտ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու համար հիմք հանդիսացող հիմնական կամ լրացուցիչ պայմանների առկայության դեպքում, գործատուի պարտականությունն է այդ քաղաքացիական ծառայողին տրամադրելու աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը՝ անկախ դրա վերաբերյալ վերջինիս կողմից հայտնած կամաարտահայտությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրման իրավահարաբերության դաշտում, շարունակելն անհնար է, իսկ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու տվյալ քաղաքացիական ծառայողի կողմից հրաժարվելը կարող է դրսևորվել այդ հրաժարման համապատասխան իրավական փաստագրմամբ՝ օրինակ, աշխատանքից ազատվելու դիմումի հիման վրա աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտով, ներկայացված դիմումի հիման վրա այլ աշխատանքի նշանակման վերաբերյալ իրավական ակտով և այլն, որից ելնելով եզրահանգում է, որ տվյալ դեպքում որևէ կերպ հնարավոր չէ բացառապես Սամվել Ադամյանի 25.12.2018թ.՝ իրեն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու փաստով հանգել այն իրավաչափ դատողության, որ Սամվել Ադամյանը հրաժարվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իր իրավունքից և, ըստ դրա՝ այդ փաստով աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասով պետք է դիտարկվեր Հակոբ Մարտիրոսյանի թեկնածությունը:

Վերոգրյալ հիմնավորումներով Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում բողոքաբերի՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք ունենալու վերաբերյալ փաստարկներն ու հիմնավորումները, այդ թվում նաև այն պատճառաբանությունը, որ պատասխանողը 28.12.2018թ. «Հակոբ Մարտիրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 39-Ա հրամանն ընդունելիս՝ նաև Հակոբ Մարտիրոսյանի աշխատանքը շարունակելու նախապատվություն ունենալու փաստի հաշվառմամբ, պետք է անվավեր ճանաչեր 26.12.2018թ. «Արթուր Պետրոսյանին վերանշանակելու մասին» թիվ 38-Ա հրամանը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացված հայցի և բերված վերաքննիչ բողոքի հիմքում դրված թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները վերաբերում են բացառապես իր՝ աշխատանքը շարունակելու նախապատավության իրավունք ունենալուն, որպիսի իրավունքը սույն որոշմամբ նախորդիվ նշված պատճառաբանություններով և հիմնավորումներով Հակոբ Մարտիրոսյանը չի ունեցել»:

Այսպիսով, և´ Դատարանը, և´ Վերաքննիչ դատարանը հայտնել են միևնույն դիրքորոշումն առ այն, որ տվյալ դեպքում հայցը ենթակա է մերժման:

 

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի ղեկավարի 22.11.2018 թվականի թիվ  269-Լ հրամանի 1-ին կետի համաձայն՝ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Երևանի տարածքային, Մարզերի միավորված և Վայոց ձորի մարզային ստորաբաժանումները միաձուլվել են, ինչի արդյունքում ստեղծվել է Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումը: Կատարված կառուցվածքային փոփոխության արդյունքում իրականացվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատումներ:

Կոմիտեի ղեկավարի 22.11.2018 թվականի թիվ 269-Լ հրամանն ընդունելու պահին Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արթուր Պետրոսյանը, Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը՝ Հակոբ Մարտիրոսյանը, իսկ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը՝ Սամվել Ադամյանը:

24.12.2018 թվականին Մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հակոբ Մարտիրոսյանին և Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանին առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին առաջարկվել է զբաղեցնել Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը:

22.11.2018 թվականի թիվ 269-Լ հրամանով կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում Կադաստրի ղեկավարի 26.12.2018 թվականի թիվ 38-Ա հրամանով նշանակվել է Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Պետրոսյանը: Այսինքն, կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման արդյունքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվել է Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Պետրոսյանին, իսկ միաձուլված մյուս երկու ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկվել է Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի պաշտոնը: Նման ընտրությունը պատասխանողը հիմնավորել է հայցվորի և Սամվել Ադամյանի համեմատությամբ Արթուր Պետրոսյանի՝ վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունենալու հանգամանքով. որպես վերջին երեք տարվա ընթացքում կատարողականների գնահատման արդյունքներ հաշվի են առնվել 2016 թվականի, 2017 թվականի և 2018 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլնի, ներառում է դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր նախադեպային որոշումներում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելիգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

Հարկ է արձանագրել նաև, որ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով գտել է, որ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ՀՀ վճռաբեկ դատարանի 05042013 թվականի որոշումը):

Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումները համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, ըստ որի՝ Կոմիտեի ղեկավարի թիվ 38-Ա հրամանի ընդունման պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանը դեռևս ազատված չի եղել զբաղեցրած պաշտոնից, այսինքն, նշված պահի դրությամբ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Սամվել Ադամյանի և պատասխանողի միջև դեռևս աշխատանքային հարաբերությունները պահպանված և առկա են եղել և, ըստ դրա՝ պահպանված է եղել նաև Սամվել Ադամյանի աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը:

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը և հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նույնպես արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ Հակոբ Մարտիրոսյանի նախապատվության իրավունքի խախտում, քանզի նախապատվությունը չէր կարող տրվել նաև վերջինիս՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ որևէ կերպ հնարավոր չէ բացառապես Սամվել Ադամյանի 25.12.2018 թվականի՝ իրեն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու փաստով հանգել այն իրավաչափ դատողության, որ Սամվել Ադամյանը հրաժարվել է աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իր իրավունքից և, ըստ դրա՝ այդ փաստով աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասով պետք է դիտարկվեր Հակոբ Մարտիրոսյանի թեկնածությունը:

Այսպիսով, համեմատելով երեք ստորաբաժանումների ղեկավարների քաղաքացիական ծառայության ստաժի տևողությունն ու կատարողականների գնահատման արդյունքները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ Արթուր Պետրոսյանին նախապատվություն տալով խախտվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն անհրաժեշտ է նաև չանտեսել այն հանգամանքը, որ այդ խախտումը որևէ կերպ չի հանգեցրել Հակոբ Մարտիրոսյանի նախապատվության իրավունքի խախտման, քանի որ տվյալ դեպքում նախապատվությունը չէր կարող տրվել նաև վերջինիս:

Վերոգրյալ ամբողջի վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայում է հայցվոր Հակոբ Մարտիրոսյանի իրավունքի խախտման փաստը, ուստի վիճարկվող հրամանները ենթակա չեն անվավեր ճանաչման:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով Հակոբ Մարտիրոսյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակոբ Մարտիրոսյանը հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2.  Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

Զեկուցող

Ք․ ՄԿՈՅԱՆ

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: