Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
22.12.2023
Дата вступления в силу
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0293/05/21

2023 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/0293/05/21

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի դեկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Սահակ Հագոյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի 27.05.2020 թվականի թիվ 1912-Ա որոշումը և որպես հետևանք` 17.06.2020 թվականի թիվ 040446 և 25.06.2020 թվականի թիվ 040446/2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սահակ Հագոյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 27.05.2020 թվականի թիվ 1912-Ա որոշումը և որպես հետևանք 17.06.2020 թվականի թիվ 040446 և 25.06.2020 թվականի թիվ 040446/2 որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան, դատավորներ՝ Ռ. Մախմուդյան, Ա. Պողոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.11.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.12.2022 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ ինչպես Վերաքննիչ դատարանում, այնպես էլ Վճռաբեկ դատարանում գործի քննության և լուծման ընթացքում, հայցվոր Սահակ Հագոյանը եղել է մահացած, ինչը, սակայն, հայտնի չի եղել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին: Հայցվորի մահվան փաստի վերաբերյալ Կոմիտեն փաստացի իրազեկվել է 27.03.2023 թվականին:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի հարկային պարտավորություններն առ այսօր շարունակում են գոյություն ունենալ, ուստի առկա, սակայն հարկ վճարողի կողմից դեռևս չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման նրա իրավահաջորդի կողմից: Տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ուստի կիրառելի է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ սույն գործով հայցվոր Սահակ Հագոյանի մահվան փաստը նոր երևան եկած հանգամանք է և դատական ակտի վերանայման հիմք, քանի որ գործի քննության ժամանակ հայտնի լինելու դեպքում այն կհանգեցներ գործի վարույթի կասեցման կամ կարճման:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է «նոր երևան եկած հանգամանքի հիմքով ամբողջությամբ բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` կասեցնելով գործի վարույթը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, այն է` կասեցնել գործի վարույթը»:

 

3. Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)  Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 27.05.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1912-Ա որոշման համաձայն՝ որոշվել է ֆիզիկական անձ Սահակ Հագոյանից գանձել 4.003.327 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 14-15).

2)   Կոմիտեի 17.06.2020 թվականի թիվ 040446 որոշմամբ ֆիզիկական անձ Սահակ Հագոյանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա՝ 4.003.327 ՀՀ դրամի չափով դրվել է արգելանք (հատոր 1-ին, գ.թ. 16-17).

3)  Կոմիտեի 25.06.2020 թվականի թիվ 040446/2 որոշմամբ ֆիզիկական անձ Սահակ Հագոյանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա՝ 4.001.127 ՀՀ դրամի չափով դրվել է արգելանք (հատոր 1-ին, գ.թ. 18-19).

4)  Համաձայն թիվ ԲԱ584124 մահվան վկայականի Սահակ Հագոյանը մահացել է 18.07.2022 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 55).

5)  Կոմիտեի նախագահին ուղղված 27.03.2023 թվականի դիմումով Վարդանուշ Հակոյանի լիազոր անձ Սամվել Հակոյանը հայտնել է, որ «հանդիսանալով ՀՀ քաղաքացի Վարդանուշ Հակոյանի լիազոր անձը, որն իր հերթին հանդիսանում է Ա/Ձ Սահակ Հագոյանին սեփականությունով պատկանող գույքի ժառանգորդը, հայտնում եմ, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/0293/05/21 վճիռը մտել է ուժի մեջ։ Այդ պատճառով խնդրում եմ Ձեզ Ա/Ձ Սահակ Հագոյանի (հվհհ 35041924) գույքը կալանքից հանել և հարկային քարտում իրականացնել պարտականությունների վերահաշվարկ։

Լրացուցիչ հայտնում եմ, որ Սահակ Հագոյանը մահացել է և ժառանգորդը համարվել է իր կինը՝ Վարդանուշ Հակոյանը» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր երևան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ վերոհիշյալ գործերով դատաքննությունների շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի ուսումնասիրումը նույնպես վկայել է ներպետական արդարադատական գործընթացներում վերոշարադրյալ չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը յուրաքանչյուր այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան նոր երևան եկած հանգամանքներով «գործի վերաքննություն» նախաձեռնելու համար: Մասնավորապես, Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե՛ս, Xheraj v. Albania (գանգատ թիվ 37959/02)  գործով Եվրոպական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը, 53-54-րդ կետեր, Yerogova v. Russia  (գանգատ թիվ 77478/01) գործով Եվրոպական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ, Maltseva v. Russia (գանգատ թիվ 76676/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ):

Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին» (տե՛ս, Kuznetsova v. Russia (գանգատ թիվ 67579/01) գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են բացահայտվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի քննության ժամանակ, սակայն գործին մասնակցող անձանց և դատարանին հայտնի չլինելու հետևանքով հաշվի չեն առնվել: Նման պայմաններում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դառնում են ոչ ճիշտ և օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող, ինչը ոչ միայն չի կարող լինել անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց, այլև իր հերթին կարող է ոտնահարել անձանց իրավունքները և օրինական շահերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը պայմանավորված է ոչ թե ստորադաս դատարանների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու, այլ գործի ավարտից հետո ի հայտ եկած հանգամանքներին համապատասխան դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 27.05.2020 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1912-Ա որոշմամբ՝ որոշվել է ֆիզիկական անձ Սահակ Հագոյանից գանձել 4.003.327 ՀՀ դրամ պարտավորության գումար։

Կոմիտեի 17.06.2020 թվականի թիվ 040446 և 25.06.2020 թվականի թիվ 040446/2 որոշումներով ֆիզիկական անձ Սահակ Հագոյանի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրվել է արգելանք։

Դիմելով դատարան` Սահակ Հագոյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 27.05.2020 թվականի թիվ 1912-Ա որոշումը և որպես հետևանք` 17.06.2020 թվականի թիվ 040446 և 25.06.2020 թվականի թիվ 040446/2 որոշումները։

Դատարանի 15.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 08.12.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.12.2022 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Համաձայն թիվ ԲԱ584124 մահվան վկայականի Սահակ Սմբատի Հագոյանը մահացել է 18.07.2022 թվականին։

Բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է հայցվոր Սահակ Հագոյանի մահվան փաստը հաստատող թիվ ԲԱ584124 մահվան վկայականի պատճենը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը։

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի համաձայն՝ հարկային պարտավորությունը դադարում է՝ երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի։

ՀՀ հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա չկատարված հարկային պարտավորությունները (բացառությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունների) կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով նրա չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են Օրենսգրքի՝ համապատասխանաբար 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է հարկային պարտավորության կատարումից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ ԲԱ584124 մահվան վկայականի համաձայն՝ Սահակ Հագոյանը մահացել է 18.07.2022 թվականին, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի 08.12.2022 թվականի որոշման և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի որոշման կայացման պահին սույն վարչական գործով հայցվոր Սահակ Հագոյանի մահվան փաստը հայտնի չի եղել։

 Այնուհետև, Վարդանուշ Հակոյանի լիազոր անձ Սամվել Հակոյանը 27.03.2023 թվականին Կոմիտեի նախագահին ուղղված դիմումով հայտնել է, որ «հանդիսանալով ՀՀ քաղաքացի Վարդանուշ Հակոյանի լիազոր անձը, որն իր հերթին հանդիսանում է Ա/Ձ Սահակ Հագոյանին սեփականությունով պատկանող գույքի ժառանգորդը, հայտնում եմ, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/0293/05/21 վճիռը մտել է ուժի մեջ։ Այդ պատճառով խնդրում եմ Ձեզ Ա/Ձ Սահակ Հագոյանի (հվհհ 35041924) գույքը կալանքից հանել և հարկային քարտում իրականացնել պարտականությունների վերահաշվարկ։ Լրացուցիչ հայտնում եմ, որ Սահակ Հագոյանը մահացել է և ժառանգորդը համարվել է իր կինը՝ Վարդանուշ Հակոյանը»։

Վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունը և նշված փաստերի համադրությունը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս արձանագրելու, որ Սահակ Հագոյանի մահվան փաստի՝ գործի քննության ընթացքում հայտնի լինելը կարող էր ազդել գործի ընթացքի կամ ելքի վրա, մասնավորապես՝ վիճելի իրավահարաբերության իրավահաջորդության հնարավոր լինել կամ չլինելը պարզելուց հետո սույն գործի վարույթը կամ պետք է կասեցվեր, կամ կարճվեր՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 96-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված՝ Սահակ Հագոյանի մահվան փաստը էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, ուստի այն հիմք է հանդիսանում ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:

Այսպիսով, սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 2202.2023 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 08.12.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության իրավահաջորդության թույլատրելիությունը պարզելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 22.02.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։

Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ ԲԵԴևՅԱՆ

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան