Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
22.12.2023
Дата вступления в силу
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9574/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9574/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Պողոսյան

Դատավորներ՝

 Ա. Բաբայան

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Հ. Բեդևյան

զեկուցող

Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

 

2023 թվականի դեկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.05.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հովհաննես Անտոնյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը և, որպես հետևանք՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 28.10.2019 թվականի թիվ 000367/21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հովհաննես Անտոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը և, որպես հետևանք, Կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 28.10.2019 թվականի թիվ 000367/21 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Կոմիտեի նախագահի «Հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ» 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը, իսկ մնացած մասով՝ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.12.2020 թվականի վճիռը բողոքարկված ու չբեկանված մասով թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 30-րդ հոդվածները և նույն օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 35-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն դեպքում լսումներն առանձին ակտի ձևով արձանագրելու անհրաժեշտությունը բացակայել է, քանի որ հայցվորը չի հայտնել որևէ դիրքորոշում, որը ենթակա կլիներ գրավոր արձանագրման, իսկ լսումների ընթացքում դիրքորոշման բացակայությունն արձանագրվել է վիճարկվող որոշմամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լսումների անցկացման վերաբերյալ առանձին ակտի ձևով արձանագրություն չկազմելը կրում է զուտ ձևական բնույթ, որպիսի ընթացակարգային խախտումը որևէ կերպ չի խախտել հայցվորի սահմանադրորեն ամրագրված լսված լինելու իրավունքը։ Սույն դեպքում հայցվորն ունեցել է իրական հնարավորություն իրացնելու իր դիրքորոշում հայտնելու իրավունքը, սակայն զերծ է մնացել դրանից և վարչական մարմնին չի հայտնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստական հանգամանք, որը ենթակա կլիներ գրավոր ձևով արձանագրման։

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով «լսված լինելու իրավունքը» և հաշվի չի առել «քննարկումներ»-ը գրավոր ձևակերպելու ձևական և ընթացակարգային բնույթը, քանի որ Հովհաննես Անտոնյանը զրկված չի եղել մասնակցելու վարչական վարույթի լսումներին և նաև զրկված չի եղել իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից, մանավանդ այն դեպքում, երբ ներկա է գտնվել վարչական վարույթի լսումներին և, գիտակցելով, որ կարող է արտահայտել որևէ դիրքորոշում՝ չի արտահայտել։ Հետևաբար, դիրքորոշում չհայտնելը կախված է եղել բացառապես հայցվորի կամահայտնությունից, բայց ոչ երբեք վարչական մարմնի անգործությունից։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.05.2022 թվականի որոշումը` վերաքննիչ բողոքը մերժելու մասով, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 30.08.2019 թվականին Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կազմվել է թիվ 1506367 արձանագրությունը, որի համաձայն՝ Հովհաննես Անտոնյանն իրականացրել է ապօրինի գործունեություն, մասնավորապես, 23.06.2016-13.07.2017 թվականներին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանից պատվիրատուների առաջարկով սեփականության իրավունքով իրեն պատկանող «Կամազ» մակնիշի «34 DQ 745» պետական համարանիշի ավտոմեքենայով ապրանքներ է տեղափոխել ՀՀ տարբեր քաղաքներ՝ հիմնականում Երևան, Լուսակերտ և այլն: Հովհաննես Անտոնյանը ցորեն կամ գարի տեղափոխելու համար յուրաքանչյուր կիլոգրամ բեռի համար պահանջել և ստացել է 12 ՀՀ դրամ, ընդամենը յուրաքանչյուր բեռնափոխադրման ընթացքում տեղափոխել է 16 տոննա ցորեն կամ գարի, յուրաքանչյուր տեղափոխության համար ստացել է 192.000 ՀՀ դրամ ձեռնարկատիրական եկամուտ: 23.06.2016-13.07.2017 թվականների ընթացքում իրականացվել են 14 բեռնափոխադրումներ, որի համար Հովհաննես Անտոնյանը ստացել է 2.354.000 ՀՀ դրամ ձեռնարկատիրական եկամուտ (հատոր 1-ին, գ.թ. 31-34)։

2) 30.08.2019 թվականին կազմված ծանուցագրով՝ Հովհաննես Անտոնյանը 11.09.2019 թվականին, ժամը` 15:00-ին, հրավիրվել է ք. Երևան, Սասունցի Դավթի 87ա հասցեով, 4-րդ հարկ, 405 սենյակ՝ վարչական լսումների մասնակցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 44):

3) Կոմիտեի նախագահի 30.09.2019 թվականի «Հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ» թիվ 1506367 վարչական ակտի համաձայն` Հովհաննես Անտոնյանին առաջադրվել է գանձման ենթակա տուգանք՝ 1.177.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

4) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 28.10.2019 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 000367/21 որոշմամբ՝ առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի հիմքով, Հովհաննես Անտոնյանը ենթարկվել է վարչական տույժի 15.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված վարչական գործի քննարկումն արձանագրելու պահանջը վարչական մարմնի կողմից չպահպանելը հանգեցնում է վարչական ակտի անվավերության:

 

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.09.1977 թվականի «Վարչական մարմինների վարչական ակտերից անձանց պաշտպանության մասին» թիվ (77) 31 հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է բացասաբար անդրադառնալ շահագրգիռ անձի իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա, վերջինս կարող է ներկայացնել փաստեր և փաստարկներ և, համապատասխան դեպքերում, ապացույցներ, որոնք հաշվի պետք է առնվեն վարչական մարմնի կողմից:

Նույն հանձնարականի 2-րդ կետի համաձայն՝ համապատասխան դեպքերում շահագրգիռ անձը ժամանակին և գործին համապատասխանող ձևով տեղեկացվում է նախորդ պարբերությունում նշված իրավունքների մասին։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 11.03.1980 թվականի «Վարչական մարմինների կողմից հայեցողական լիազորությունների իրականացման մասին» թիվ R (80) 2 հանձնարարականի 2-րդ բաժնի համաձայն՝ վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս.

1. չպետք է հետապնդի այլ նպատակ, քան այն, որի համար այդ լիազորությունը տրամադրվել է,

2. պահպանում է օբյեկտիվություն և անկողմնակալություն՝ հաշվի առնելով միայն այն հանգամանքները, որոնք վերաբերելի են տվյալ մասնավոր դեպքին,

3. պահպանում է օրենքի առջև հավասարության սկզբունքը՝ խուսափելով անարդարացի տարբերակված մոտեցումից,

4. պահպանում է պատշաճ հավասարակշռություն իր որոշումների այն անբարենպաստ ազդեցությունների, որոնք առաջ են գալիս անձանց իրավունքների, ազատությունների կամ շահերի նկատմամբ, և հետապնդած նպատակի միջև։

5. որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով այն, թե ինչն է վտանգված,

6. հետևողական կերպով կիրառում է ցանկացած ընդհանուր վարչական ուղեցույց՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատուկ հանգամանքները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն,

բ) դիմումն ակնհայտ անհիմն է,

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման,

բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է.

«1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը, Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04042022 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովված լինելու պարագայում միայն վերջինս կարող է կիրառման ենթակա օրենքի կարգավորումների, դրանով սահմանված պարտականություններն իր կողմից կատարված լինելու կամ չլինելու պատճառների, ընդունվելիք վարչական ակտով լուծվող հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել՝ դրանով ազդելով նաև վարչական մարմնի վերջնական որոշման վրա (տե՛ս, «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ ՎԴ/0587/05/20 վարչական գործով 19.01.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարչական մարմնի կողմից կիրառված ծանուցման այս կամ այն միջոցի ընտրությունն արդարացված և հիմնավորված է, եթե վարույթի մասնակցին հնարավորություն է տրվել արդյունավետորեն իրացնել վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու իր իրավունքը։ Իսկ նման հնարավորությունն իրական է, եթե վարույթի մասնակիցը փաստացիորեն իրազեկված է լսումների օրվա, ժամի ու վայրի մասին այնպես, որ իր տրամադրության տակ ունի բավարար ժամանակ իր պաշտպանությունը կազմակերպելու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Լարիսա Բադալյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1889/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2023 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լսված լինելու իրավունքն անձի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղադրիչ է, որը, մի կողմից, ապահովում է անձի՝ վարչական վարույթի ընթացքում իր իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրացնելու հնարավորությունը, իսկ, մյուս կողմից, ուղղված է վարչական մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի և ամբողջական բացահայտմանը: Օրենսդրի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով լսված լինելու իրավունքն ամրագրելն ինքնանպատակ չէ. այն իրավական պաշտպանության միջոց է, քանի որ վարչական վարույթի մասնակցին տալիս է հնարավորություն պաշտպանվելու օրենքով չարգելված բոլոր, ի թիվս այլնի, իր կարծիքն արտահայտելու, իր համար բարենպաստ փաստերն ու դրանք հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցներով: Ընդ որում, վարչական մարմնի առջև արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը կարող է իրացված համարվել, եթե վարույթի մասնակիցը բավարար ժամանակ է ունեցել վարչական մարմնի առջև իր իրավական պաշտպանությունը կազմակերպելու, նախապատրաստելու համար, ինչպես նաև ունեցել է հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործի քննարկումը կատարվում է վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինն արձանագրում է քննարկումները:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական մարմնի համար նախատեսել է պոզիտիվ պարտականություն՝ վարչական գործի քննարկումներն արձանագրելու այն դեպքում, երբ դրանք կատարվում են վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսինքն, վերը նշված սուբյեկտային կազմով իրականացվող վարչական վարույթի քննարկումը չարձանագրելը հանգեցնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված իմպերատիվ պահանջի խախտման։

Գնահատելով, վերը նշված խախտման ազդեցությունը՝ վարչական ակտի անվավերության վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական գործի քննարկումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում չարձանագրելու հիմքով վարչական ակտը վիճարկելու դեպքում, հայցվորը պետք է հիմնավորի ոչ միայն վարչական մարմնի կողմից օրենքի խախտում թույլ տալը, այլև պետք է մատնանշի, թե իր որ իրավունքի կամ ազատության խախտմանն է հանգեցրել այդ անգործությունը։ Ուստի Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական մարմնի կողմից վարչական գործի քննարկումը չարձանագրելու ոչ իրավաչափ անգործությունն ինքնին չի հանգեցնում վիճարկվող վարչական ակտի անվավերության։

Այսինքն, վարչական վարույթի քննարկման փուլում կարևորվում է վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրացնելու հնարավորության ապահովված լինելը։ Ըստ այդմ՝ ենթակա է պարզման՝ արդյոք վարչական մարմնի կողմից ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքն իրացնելն ապահովելու համար: Նշվածն իրացված համարելու պայմաններում վարչական գործի քննարկումն արձանագրելու պահանջը չպահպանելը չի հանգեցնում վարչական վարույթի մասնակիցների հիմնական իրավունքների խախտման, հետևաբար չի ազդում վարչական վարույթի արդյունքում կայացվող վարչական ակտի անվավերության:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Հովհաննես Անտոնյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը և, որպես հետևանք, Կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 28.10.2019 թվականի թիվ 000367/21 որոշումը։

Դատարանի 10.12.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Կոմիտեի նախագահի «Հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ» 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը, այն հիմնավորմամբ, որ. «Տվյալ դեպքում, ուսումնասիրելով պատասխանողի կողմից ներկայացված վարչական վարույթի նյութերը՝ Դատարանն արձանագրում է, որ դրանցում առկա չէ վարչական վարույթի քննարկումների մասին արձանագրություն կամ որևէ այլ ապացույց, որի գնահատման ուժով հնարավոր կլիներ հաստատված համարել, որ վարչական մարմինը կազմակերպել է վարչական լսումներ և ապահովել է Հովհաննես Անտոնյանի լսված լինելու իրավունքը: Այդ առումով Դատարանն անհիմն է համարում պատասխանողի այն փաստարկը, որ հայցվորը որևէ փաստարկ կամ առարկություն չի հայտնել, հետևաբար, վարչական վարույթի քննարկումների մասին արձանագրություն չպետք է կազմվեր, քանի որ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի արձանագրություն կազմվում է, եթե իրականացվել են քննարկումներ: Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից որևէ դիրքորոշում չհայտնելը բոլորովին չի նշանակում, որ քննարկումներ չեն կատարվում: Դատարանի այդ դիրքորոշումը բխում է այն իրողությունից, որ վարչական մարմինը քննարկում է (պարտավոր է քննարկել) գործը՝ անկախ վարչական վարույթի մասնակիցների ներկայությունից կամ բացակայությունից: Այդ մասին վկայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, որի համաձայն (…): Ըստ այդմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի կարգավորման համաձայն՝ արձանագրություն կազմվում է, եթե վարչական մարմնի կողմից գործի քննարկմանը մասնակցում են վարչական վարույթի մասնակիցները: Ընդ որում, օրենսդիրը արձանագրության կազմումը վարչական վարույթի մասնակիցների կողմից դիրքորոշումներ հայտնելու կամ չհայտնելու հանգամանքից կախվածության մեջ չի դրել, նման պայման չի նախատեսել, հետևաբար, վարչական վարույթին դրա մասնակիցների ներկայությունն արդեն իսկ նշանակում է, որ գործի քննարկումը պետք է արձանագրվի, ինչը տվյալ դեպքում չի արվել կամ վարչական լսումները որևէ այլ կերպ չեն փաստագրվել: Դրա հետևանքով թեև հայցվորն ընդունում է, որ պատշաճ ծանուցվել է վարչական լսումների մասին, սակայն չի հաստատվում այն հանգամանքը, որ այդ լսումներն իրականացվել են և հայցվորն ունեցել է իր վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ իր փաստարկներն ու առարկությունները ներկայացնելու հնարավորություն: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ խախտվել է հայցվորի պատշաճ վարչարարության իրավունքը»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը բողոքարկված ու չբեկանված մասով թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վիճարկվող որոշմամբ ներկայացված ակնարկն այն մասին, որ կողմը, պատշաճ ծանուցված լինելով, ներկայացել է վարչական վարույթին, սակայն որևէ առարկություն կամ բացատրություն չի ներկայացրել, նախ՝ չի կարող փոխարինել վարչական վարույթում կազմվելիք արձանագրությունը, երկրորդ՝ ըստ էության, հիմնազուրկ է, քանի որ նշյալ դիրքորոշման հիմքում ընկած չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր վկայակոչված հանգամանքը։ Նման բացառություն Օրենքի 29-րդ հոդվածը չի էլ պարունակում:

Ավելին, անդրադառնալով պատասխանող կողմի տեսակետին՝ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ արձանագրությունը վարվում է հենց լսումների անցկացման ընթացքում, որպիսի պարագայում վարչական մարմինը նախօրոք չէր կարող տեղեկացված լինել լսումներին ներկայացած հայցվորի դիրքորոշման մասին, ըստ այդմ՝ չվարել արձանագրություն։ Բացի այդ, հատկանշական է, որ, ըստ վարչական մարմնի, ստացվում է, որ լսումների արձանագրությունը պետք է կազմվի միայն այն պարագայում, երբ մասնակիցը հայտնում է առարկություն, բացատրություն կամ ներկայացնում է ապացույց, որը, վարչական մարմնի կարծիքով, անպայմանորեն հակասում է վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված մյուս ապացույցներին, ինչը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, ևս չի համապատասխանում գործող օրենսդրական կարգավորումներին։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սույն դեպքում ընթացակարգային նորմի խախտումը չի կարող որակվել որպես «ձևական խախտում», քանի որ կարող էր ուղղակիորեն ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի նյութական իրավաչափության վրա»:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վարչական վարույթի նյութերում առկա է 30.08.2019 թվականին կազմված ծանուցագիր, որի համաձայն` Հովհաննես Անտոնյանը 11.09.2019 թվականին, ժամը` 15:00-ին, հրավիրվել է քաղաք Երևան, Սասունցի Դավթի 87ա հասցեով, 4-րդ հարկ, 405 սենյակ՝ վարչական լսումների մասնակցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 44): Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտի համաձայն. «(…) Կողմը, պատշաճ ծանուցված լինելով ներկայացել է վարչական վարույթին, մինչդեռ որևէ առարկություն կամ բացատրություն չի ներկայացրել: Գործում առկա չեն լրացուցիչ ապացույցներ, չեն ներկայացվել միջնորդություններ» (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում փաստել, որ տվյալ դեպքում Կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` հայցվորի լսված լինելու իրավունքի իրացման համար, այն է` հայցվորն իրազեկված է եղել վարչական վարույթի լսումների անցկացման վերաբերյալ: Ավելին, վերջինս, ներկա գտնվելով լսումներին, ունեցել է իրական հնարավորություն՝ գործի փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու, փաստարկներ և հակափաստարկներ, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացնելու:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից թեև թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված իմպերատիվ պահանջի խախտում, այն է՝ վարչական գործի քննարկումն իրականացնելով վարչական վարույթի մասնակցի ներկայությամբ, այն չի արձանագրվել, այդուհանդերձ, այդ խախտումն ինքնին, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համատեքստում, չի հանգեցնում վիճարկվող վարչական ակտի անվավերության։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում բացակայել են Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածում նշված հիմքերը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Հովհաննես Անտոնյանի հայցը ենթակա է մերժման։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ Կոմիտեն վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 10.000 ՀՀ դրամ և 20000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Հովհաննես Անտոնյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.05.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Հովհաննես Անտոնյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 30.09.2019 թվականի թիվ 1506367 վարչական ակտը և, որպես հետևանք, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 28.10.2019 թվականի թիվ 000367/21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հովհաննես Անտոնյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: