Գլխավոր տեղեկություն
Номер
N 1176-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2024-19.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2023
Дата вступления в силу
14.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1176-Ն

 

ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, այդ թվում՝ քաղաքական և քաղաքացիական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ՝ մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակություն ապահովող կարևոր գործոն է:

2. Միաժամանակ ամրագրված է, որ մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Այս ուղղությամբ, ըստ այդմ, թվարկված են հետևյալ անելիքները՝

1) մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակումը.

3) պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումն ու ամրապնդումը.

4) կազմակերպությունների գործունեության արդյունավետության որակական և քանակական չափորոշիչների մշակումը։

3. Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2021-ի ընթացքում 23 թատերահանդիսային կազմակերպությունների կողմից ցուցադրվել է 2923 ներկայացում, որոնց 32.0%-ը` տիկնիկային, 12.8%-ը` երաժշտական ժանրի: 2021 թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 498.2 հազ. մարդ, որոնցից 21.1%-ը հաճախել է երաժշտական, 27.7%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 168.2:

4. Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773.9 մլն դրամ, որի 38.9%-ը` երաժշտական, 13.1%-ը` տիկնիկային ներկայացումներից է ստացվել: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 264.8 հազ. դրամ:

5. Կառավարության ծրագրին համահունչ՝ թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար պետական բյուջեից 2022 թվականին հատկացվել է ռեկորդային՝ 1 մլրդ 284 մլն դրամ՝ 2021 թ. շուրջ 300 մլն դրամի համեմատ։ Կապիտալ հատկացումներ են ստացել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիա կան թատրոն» ՊՈԱԿ-ը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը։

6. Մշակութային հաստատությունների պայմանների բարելավման արդյունքում բարձրացել են նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպությունների սեփական եկամուտների ծավալը. հաստատությունների 90%-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ նախահամավարակային 2019 թվականի համեմատ։ Որոշ կառույցների եկամուտները գրեթե հավասարվել են պետական հատկացումների ծավալների 50% և ավելիին, ինչպես օրինակ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտները կազմել են պետական բյուջեից հատկացվող գումարի շուրջ 75%-ը, Երևանի կամերային պետական թատրոնի պարագայում նույնիսկ գերազանցել են պետական հատկացումների ծավալը՝ գլխավորապես ի հաշիվ տոմսերի վաճառքի ծավալների մեծացման։ 2022 թվականին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614 456,3 հազ. դրամ։

7. Մշակութային հաստատությունների սեփական եկամուտների ծավալը խթանելու նպատակով կառավարությունը նպատակադրել է մշակել և ներդնել պետական բյուջեից թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել։

 

2. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի, թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում տարվա ընթացքում կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար։ Նշված գումարը պետք է օգտագործվի մինչև մոդելի ներդրումը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրի» 11025. «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում» միջոցառմամբ՝ առանց մրցույթի տրամադրվող գումարի ծախսման ուղղությունների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել կազմակերպության աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, նաև անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

(8-րդ կետը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

9. Ընդ որում՝

1) տվյալ տարվա համար կազմակերպության կողմից գնահատված սեփական եկամուտների հավաքագրման գծով թերակատարումների դեպքում՝ թերակատարված գումարը կրկնակիի չափով նվազեցվում է պետական բյուջեից հաջորդ տարվա համար կազմակերպությանը տրամադրման ենթակա ֆինանսավորման չափը: Այս սկզբունքը կգործի 2024 թ. ֆինանսական տարվա ավարտից սկսած:

Յուրաքանչյուր տարվա ավարտին տվյալ տարվա համար կանխատեսված սեփական եկամուտների ավելի քան 20 տոկոս թերակատարման դեպքում, եթե այդ նվազումը պայմանավորված չէ անհաղթահարելի ուժի կամ օբյեկտիվ այլ հանգամանքների առկայությամբ, լիազոր պետական մարմինը կարող է քննարկել կազմակերպության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը.

2) եթե տվյալ տարվա համար կանխատեսված սեփական եկամուտների թերակատարում է գրանցվել անհաղթահարելի ուժի կամ օբյեկտիվ այլ հանգամանքների պատճառով, կառավարությունն ապահովում է տվյալ կազմակերպության՝ առնվազն մինչև նոր մոդելի ներդրումը ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրի» 11025. «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում» միջոցառմամբ առանց մրցույթի տրամադրվող գումարի չափով տարեկան ֆինանսավորումը։

Եթե տվյալ տարվա համար կազմակերպության կողմից կանխատեսված սեփական եկամուտների հավաքագրման թերակատարումը պայմանավորված է տվյալ տարվա ընթացքում իրականացված այնպիսի ծախսերի կամ ներդրումների հետ, որոնց արդյունքները տեսանելի են լինելու հաջորդ տարվա ընթացքում, ապա հաջորդ տարվա համար կազմակերպությանը տրամադրման ենթակա գումարի չափը չի կարող գերազանցել կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի հավաքագրված սեփական եկամուտների 120 տոկոսը.

3) լիազոր պետական մարմինը մշակում և ներդնում է ֆինանսավորման նոր մոդելի արդյունավետության մշտադիտարկման մեխանիզմ՝ ապահովելով կազմակերպության կողմից նախատեսված գործողությունների իրականացման արդյունավետ դիտարկում։

Եթե կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում առաջանում են կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման և հնարավոր սնանկացման ռիսկեր՝ լիազոր մարմինը, կազմակերպության հետ համատեղ, կամ դրա անհնարինության դեպքում՝ միանձնյա մշակում է կազմակերպության առողջացման իրատեսական ծրագիր, որը ներկայացվում է ՀՀ կառավարության քննարկմանը և դրա վերաբերյալ հավանության առկայության դեպքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պահպանում է հաջորդ տարվա համար կազմակերպությանը ֆինանսավորման ենթակա գումարի չափը՝ պայմանով սակայն, որ դրա օգտագործման նկատմամբ իրականացվում է եռամսյակային մշտադիտարկում.

4) եթե տվյալ տարվա համար կանխատեսված սեփական եկամուտների թերակատարում է գրանցվել անհաղթահարելի ուժի կամ օբյեկտիվ այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք ակնհայտորեն կարող էին ազդել կազմակերպության բնականոն գործունեության վրա, և դրանք կազմակերպության ուղղակի կառավարման արդյունք չեն՝ կառավարությունն ապահովում է տվյալ կազմակերպության, առնվազն մինչև նոր մոդելի ներդրումը ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրի» 11025. «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրում» միջոցառմամբ առանց մրցույթի տրամադրվող գումարի չափով տարեկան ֆինանսավորումը՝ մինչև ի հայտ եկած բացասական հանգամանքների վերացումը։

(9-րդ կետը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

3. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

10. Ֆինանսավորման փորձնական մոդելը 2023 թվականին ներդնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ նկատի ունենալով հետևյալը՝

1) 2023 թվականի համար ՊՈԱԿ-ը կանխատեսել է, որ տարեվերջին կգրանցի շուրջ 840 958,0 հազ. դրամ՝ որպես սեփական եկամուտներից գեներացված միջոց.

2) ՊՈԱԿ-ին 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով թատերահամերգային կազմակերպություններին» ծրագրով տրամադրվել է 1 448 389,2 հազ. դրամ.

3) նոր մոդելի ներդրման տրամաբանությամբ ՊՈԱԿ-ի ընդհանուր ֆինանսավորումը, հաշվի առնելով կանխատեսվող սեփական եկամուտների չափը, պետք է կազմի 1 681 916,0 հազ. դրամ։ Հետևաբար, մոդելի փորձնական ներդրման շրջանակներում ՊՈԱԿ-ին հավելյալ տրամադրվում է 233 526,8 հազ. դրամ.

4) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրի առնվազն 2 նոր բալետային կամ օպերային ներկայացումներ (ընդ որում՝ դրանք չպետք է ներառված լինեն 2023 թվականին պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշներում).

5) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրություններում ընդգրկի հրավիրյալ մասնագետների։

11. Ֆինանսավորման փորձնական մոդելը մյուս թատերահամերգային կազմակերպություններում կներդրվի հետևյալ ժամանակացույցով՝

1) 2024 թվականին նախատեսվում է մոդելը ներդնել հետևյալ թատերահամերգային կազմակերպություններում.

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ,

«Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ,

«Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ,

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ,

«Հայաստանի ազգային պետական երգչախումբ» ՊՈԱԿ,

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ.

2) 2025 թվականին մոդելը կներդրվի ևս 7 թատերահամերգային կազմակերպություններում.

«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ,

«Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն» ՊՈԱԿ,

«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ,

«Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ,

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ,

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ,

«Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ.

3) մոդելի վերջնական ներդրումը կավարտվի 2026 թվականին՝ նախարարության ենթակայությամբ գործող բոլոր 21 կազմակերպություններում։ 2026 թվականին մոդելը կներդրվի հետևյալ թվով 6 թատերահամերգային կազմակերպություններում.

«Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ,

«Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ,

«Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ,

«Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ,

«Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ,

«Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ։

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.06.2024, N 910-Ն 19.06.2024, N 1176-Ն
28.12.2023, N 2324-Ն 02.02.2024, N 1176-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան