ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց 6 ամսվա ընթացքում սովորելու լեզուն, լուծելու իրենց զբաղվածության հարցերը՝ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
3. Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելը.
2) ընտանիքի անդամներից առնվազն մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.
3) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.
4) ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը.
5) ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված չլինելը:
2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4․ Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում դիմում՝ համաձայն N 1 ձևի: Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու փաստը պարզելու նպատակով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
(4-րդ կետը խմբ. 26.10.23 N 1831-Ն)
5. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրը պարզում է դիմողի՝ ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու փաստը։ Եթե դիմողն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող անձ է, ծառայությունը նույն ժամկետում պարզում է նաև դիմումատուի՝ հատուկ հաստատությունում տեղավորված լինելու փաստը։
(5-րդ կետը խմբ. 26.10.23 N 1831-Ն)
6. Ծառայությունը դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում նաև Կադաստրի կոմիտե` դիմողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով: Նշված կազմակերպությունները հարցումն ստանալուց հետո պատասխանում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
(6-րդ կետը խմբ. 26.10.23 N 1831-Ն)
7. Կադաստրի կոմիտեն հարցումն ստանալուց հետո պատասխանում է յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ բացի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերից։
8. Դիմումը ենթակա չէ բավարարման եթե՝
1) դիմողը հրաժարվել է տեղավորվել սոցիալական տներում.
2) դիմողը որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող` իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսաապահովման հիմնական կարիքները.
3) դիմելու պահին դիմողը Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում է ստացել կամ տեղավորվել է կացարանում.
4) դիմողը տեղավորվել է սոցիալական տներում.
5) դիմողի տվյալները չեն բավարարում սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված շահառուների ընտրության հայտանիշներին.
6) դիմողն արդեն մեկ անգամ օգտվել է սույն ծրագրից.
7) դիմողի ինքնասպասարկման ունակության հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ առկա են ապաստանի ընթացակարգի ժամանակահատվածում հոգեբանի/հոգեբույժի կողմից տրված եզրակացաթյուն կամ դիմողի՝ ինքնասպասարկման ունակություն չունենալը հաստատող փաստաթղթեր։
9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր դիմողի համար ծառայությունում բացվում է անձնական գործ:
3. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ
10. Դիմումն ընդունելիս՝ ծառայության աշխատակիցը դիմողին բանավոր ծանոթացնում է փոխհատուցման ընթացակարգին՝ միաժամանակ նրան տրամադրելով գրավոր տեղեկատվություն, որում համառոտ ներկայացված են ծրագրին մասնակցելու պայմանները և փոխհատուցումը դադարեցնելու հիմքերը։
11. Փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և դրան կցված փաստաթղթերը սույն հավելվածի 6-րդ կետում նշված հարցումների պատասխանները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ծառայության պետին:
12. Ծառայության պետը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ դիմողին փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին:
13. Փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին որոշման մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին՝ մերժման դեպքում նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:
14. Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է ամսական 60,000 ՀՀ դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքին՝ անկախ ընտանիքի անդամների թվից։
15. Փոխհատուցումը տրամադրվում է բանկային փոխանցումով՝ դիմողի կողմից ներկայացված հաշվեհամարին: Փոխհատուցումը չի կարող տրամադրվել դիմողի ներկայացուցչին` բացառությամբ օրենքով սահմանված կարգով խնամակալության ներքո գտնվող անձի խնամակալի:
16. Փոխհատուցումը տրամադրվում է 6 ամիս ժամկետով` փոխհատուցումը տրամադրելու մասին ծառայության որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած:
4. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
17. Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է եթե՝
1) դադարեցվել է դիմողի փախստականի կարգավիճակը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերով.
2) դիմողը օգտագործել է փոխհատուցումը ոչ նպատակային.
3) դիմողը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
4) դիմողն ընդգրկվել է կացարանով ապահովման որևէ պետական կամ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրում.
5) դիմողի կողմից սեփականության իրավունքով ձեռք է բերվել բնակելի տարածություն:
18. Փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին:
5. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
19. Փոխհատուցման ստանալու մասին դիմումները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, ծառայության կողմից գրանցվում են փոխհատուցում ստանալու համար դիմողների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան):
20. Գրանցամատյանում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած լինելը հավաստող փաստաթղթի համարը, փոխհատուցման ստացման դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, փոխհատուցման տրամադրման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
21. Յուրաքանչյուր տարվա վերջում գրանցամատյանը կարվում է, կնքվում ծառայության աշխատակազմի կլոր կնիքով և պահվում ծառայությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
6. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
22. Դիմողը փոխհատուցման տրամադրման մասին որոշումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրում է բնակարանի վարձակալության վերաբերյալ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), կամ հայտնում է վարձակալած բնակարանի հասցեն և բնակարանի սեփականատիրոջ կոնտակտային տվյալները: Վարձակալած բնակարանի փոփոխության դեպքում դիմողը պարտավոր է նույն տեղեկությունները յոթ աշխատանքային օրվա ընթացքում հայտնել ծառայությանը: Նշված տեղեկատվության հետ միասին դիմողը ծառայություն է ներկայացնում իր բանկային հաշվեհամարի վավերապայմանները, որին կատարվելու են փոխանցումները։
23. Փոխհատուցման նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվում է մշտադիտարկում` առնվազն ամիսը մեկ անգամ վարձակալած բնակարաններ այցելությունների, հեռախոսազանգերի և պետական այլ մարմինների տեղեկատվական շտեմարաններից տեղեկատվություն ստանալու ճանապարհով: Բացի այդ, փոխհատուցման հերթական փոխանցումից առաջ երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողը պարտավոր է ներկայանալ ծառայություն, ինչն անհրաժեշտ է դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատման համար: Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ գրավոր արձանագրությունը կցվում է դիմողի գործին։ Երեք օրվա ընթացքում ծառայություն չներկայանալու դեպքում ծառայության կողմից ընդունվում է կասեցման որոշում և փոխհատուցումը չի փոխանցվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողը ներկայացնում է սահմանված ժամկետում իր չներկայանալը հիմնավորող հարգելի պատճառներ:
24. Դիմողի կողմից փոխհատուցման նպատակային չօգտագործումը բացահայտելու դեպքում ծառայության պետի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում՝ փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
25. Փոխհատուցման տրամադրման մասին որոշումը դիմողին հանձնելիս՝ ծառայությունը միաժամանակ նրան տեղեկացնում է փոխհատուցումը նպատակային չօգտագործելու հետևանքների՝ 17-րդ կետով սահմանված փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
26. Փոխհատուցման տրամադրման ֆինանսական գնահատականը ներառում է հետևյալը՝
1) շահառուների ընտրություն - 0 դրամ.
2) ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ապահովում-14.4 մլն դրամ:
ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական է ճանաչվում և ապաստան ստանում շուրջ 150 անձ: Իրատեսական է նշված անձանց մեկ երրորդի տեղավորումը սոցիալական տներում: Մնացած 100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար բնակարանների վարձակալության փոխհատուցման համար տարեկան անհրաժեշտ կլինի 14.4 մլն դրամ (40 x 60.000 x6):
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես`
_______________________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
20___ թվականի _______ ____ ին Հայաստանի Հանրապետության կողմից ինձ և (կամ) ընտանիքիս հետևյալ անդամներին և (կամ) իմ խնամարկյալին (անհրաժեշտն ընդգծել) տրվել է փախստականի կարգավիճակ և ապաստան`
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով խնդրում եմ տրամադրել փոխհատուցում:
Կցվում են՝
1. Ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը.
ԴԻՄՈՂ՝ |
_________________ (ստորագրությունը) |
___________________________________ (անունը, ազգանունը) |
_____ ____________ 20 թ.
(ձևը փոփ. 26.10.23 N 1831-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 26.10.23 N 1831-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2023, N 1831-Ն | 15.02.2024, N 1711-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|