Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
23.01.2024
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.01.2024
Дата вступления в силу
25.01.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 14-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 111-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2024 թվականի հունվարի 23-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2023 թվականի նոյեմբերի 27-ին լսողական մեդիածառայություն մատուցող ««ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության (այսուհետ` Լսողական ծրագրեր հեռարձակող կամ Ընկերություն) նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կետով ամրագրված պահանջի խախտումը:

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի՝ ժամը 11:04-ի եթերի ընթացքում խախտվել է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կետով ամրագրված պահանջը՝ լսողական հաղորդման ընթացքում տարածվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր:

Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 42-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 2023 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունել է ««ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 111-Ա որոշումը՝ կասեցնելով Ընկերության լիցենզիայի գործողությունը երեսուն օր ժամկետով:

2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն Լսողական ծրագրերի հեռարձակողին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից` այսինքն` 2023 թվականի դեկտեմբերի 26-ից:

Լսողական ծրագրերի հեռարձակողը 2024 թվականին տարածել է մամլո հաղորդագրություն, որը ներկայացրել է նաև Հանձնաժողով։ Մամլո հաղորդագրությամբ նշված է` Ընկերությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր վարչական վարույթներում նշված հաղորդումների հետ կապված խնդիրներն անմիջապես շտկելու ուղղությամբ, և ընկերության կողմից որոշում է ընդունվել եթերից հանել «Ուրբաթը Տիգրան Քեոսյանի հետ» և «Աբովյան Թայմ» հաղորդումները։ Նշվել է նաև, որ ««ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը Տիգրան Քեոսյանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ինչպես նախկինում պատրաստակամ է շարունակել գործունեությունը ՀՀ օրենսդրության վստահության և կառուցողական մոտեցումների շրջանակներում և հետևել բոլոր օրենսդրական պահանջներին։

Մի շարք լրատվամիջոցներով տարածվել է նաև «Ռադիո Սպուտնիկ»-ի պաշտոնական կայքում սույն թվականի հունվարի 16-ին տեղակայված հոդվածը (https://radiosputnik.ru/20240116/armeniya-1921705370.html), որտեղ նշված է, որ «Ռադիո Սպուտնիկ»-ի գլխավոր խմբագիրը` Կիրիլ Վիշինսկին, ափսոսանք է հայտնում, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Սպուտնիկ ռադիոյի խմբագրական քաղաքականությանը» և այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար։ «Սպուտնիկ» ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր այս նամակով «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Կիրիլ Վիշինսկին նշել է նաև․

««Սպուտնիկ» Ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը՝ բարի մտադրություններով։ Հենց այս իմաստով էլ մենք ծրագրում ենք մեր հետագա հեռարձակումը՝ հասկանալով, որ մեր երկրներում լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատու են բարեկամության մթնոլորտի և Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բովանդակության համար։

«Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս–հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի», – եզրափակել է նա»։

Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ Լսողական ծրագրերի հեռարձակողի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը, կիրառվել է երեսուն օր ժամկետով և կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2024 թվականի հունվարի 25-ից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է երեսուն օր ժամկետով, հետևաբար, ««ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2024 թվականի հունվարի 25-ին ժամը 00:00-ին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Լսողական ծրագրերի հեռարձակողի 2024 թվականին տարածված մամլո հաղորդագրությունը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ա որոշմամբ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2024 թվականի հունվարի 25-ին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 25-ին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2024 թ. հունվարի 23

ք. Երևան