ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ2/0087/05/21 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ2/0087/05/21 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
ս. ՄեղրՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի դեկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի (այսուհետ՝ Նոյեմբերյան համայնք) և «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշման դեմ` ըստ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Հոլդինգ) հայցի ընդդեմ Նոյեմբերյան համայնքի ու երրորդ անձ Ընկերության՝ մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հոլդինգը պահանջել է անվավեր ճանաչել Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող՝ 11‑016‑0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0,1036հա հողամասը (այսուհետ նաև՝ Հողամաս) կառուցապատման իրավունքով տրամադրելու 29.01.2021 թվականի մրցույթը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքում «Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի ու Ընկերության միջև 29.01.2021 թվականին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին պայմանագիրը։
ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի որոշմամբ Հոլդինգի հայցադիմումը վերահասցեագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2023 թվականի որոշմամբ Նոյեմբերյան համայնքի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 19.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նոյեմբերյան համայնքը (ներկայացուցիչ Արծրուն Անանյան) և Ընկերությունը (ներկայացուցիչ Վահե Հովսեփյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հոլդինգը (ներկայացուցիչ Էդգար Անդրեասյան):
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 436-րդ, 438-րդ և 463-465-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ ու 465-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 59‑րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պայմանագրի կնքման համար նախատեսված մրցութային իրավահարաբերությունները տվյալ դեպքում ծագել են մրցույթի կազմակերպչի՝ Տավուշի մարզի Այրում համայնքի և մրցույթին մասնակցած ու հաղթող ճանաչված անձ Ընկերության միջև։ Մրցույթի ձևով իրականացվող սակարկություններից ծագող պարտավորության հիմքում ընկած իրավաբանական փաստերը միմյանց հաջորդող գործողությունների ամբողջություն են, մինչդեռ Վերաքննիչ դատարանը խնդրո առարկա մրցույթի իրավաչափությունը գնահատել է ոչ թե սույն գործով քննարկվող փաստական հանգամանքների համակցության մեջ, այլ միայն համայնքի պաշտոնական կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակված չլինելու հանգամանքի վկայակոչմամբ, որպիսի փաստը չի ապացուցվել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը 29.12.2020 թվականին համայնքը հրապարակել է ինչպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում, իսկ Այրում համայնքի ավագանու 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել Հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու վերաբերյալ, մինչ մրցույթ հայտարարելը համայնքի պաշտոնական կայքում հրապարակված է եղել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետում և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում սակարկություններն անվավեր ճանաչելու մասով կիրառված է «կարող է» եզրույթը, որն իր մեջ ներառում է դատարանի կողմից ձեռնարկվող դատավարական այն գործողությունների ամբողջությունը, որն ուղղված է գործարքի վավերության՝ սուբյեկտներին, կամահայտնությանը, բովանդակությանն ու ձևին վերաբերող պայմանների բացահայտմանը։
Վերաքննիչ դատարանը մրցույթի կազմակերպչական գործողությունների նկատմամբ կիրառել է գործարքն անվավեր ճանաչելու պայմանները, մինչդեռ անտեսել է, որ գործարքի՝ օրենքով սահմանված կարգով կնքված լինելու մասով որևէ խախտում չի եղել, իսկ սույն գործով չի ապացուցվել մրցույթի վերաբերյալ հայտարարությունը համայնքի պաշտոնական կայքում չհրապարակելով դրան մասնակցելու հնարավորությունից Հոլդինգին զրկելու փաստը։
Հիմք ընդունելով թիվ ՏԴ/2214/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2021 թվականի վճռով Հոլդինգի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու փաստը՝ Վերաքննիչ դատարանը, որպես նախադատելի փաստ պետք է հիմք ընդուներ նաև այն, որ մրցույթի բովանդակությունը կազմող և մրցույթի օրինականությունն ամփոփող թիվ 1 արձանագրության կապակցությամբ հարուցված նշված գործով հաստատված է համարվել նաև գործարքի կողմերի կամքի ու կամահայտնության միջև անհամապատասխանություն չլինելու փաստը։ Ավելին՝ մրցույթի բովանդակությունը կազմող և մրցույթի օրինականությունն ամփոփող թիվ 2 արձանագրության մասին Հոլդինգը որևէ փաստարկ չի ներկայացրել ու դրա իրավաչափությունը չի վիճարկել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ մրցույթին մասնակցելու իրական մտադրություն ունենալու և դրան ուղղված կամահայտնության առկայության դեպքում Հոլդինգը զրկված չի եղել մրցույթի մասին տեղեկանալու, հայտ ներկայացնելու ու դրան մասնակցելու իրավունքից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հոլդինգը կարող էր շահագրգիռ անձ համարվել և մրցույթը վիճարկելու հայց հարուցել, եթե մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած լինելու փաստի հիմքով ձեռք բերեր հրապարակային սակարկությունների մասնակցի կարգավիճակ, կամ եթե խնդրո առարկա հողամասի նկատմամբ ունենար այլ իրավունք։ Մինչդեռ Հոլդինգը մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, հետևաբար վիճարկվող մրցույթով վերջինիս որևէ իրավունք չի խախտվել։
Վերաքննիչ դատարանը մրցույթն անվավեր ճանաչման ենթակա լինելու իր եզրակացության հիմքում դրել է միայն մրցույթի մասին հայտարարությունը համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված չլինելու Հոլդինգի փաստարկը, մինչդեռ չի պատճառաբանել, թե մրցույթին մասնակցելու Հոլդինգի ենթադրյալ իրավունքն ինչու և ինչպես է գերակշռում օրենքով սահմանված կարգով մրցույթին մասնակցած, մրցույթում հաղթած, օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած ու պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկած երրորդ անձի՝ Ընկերության իրավունքներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։
2.1. Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Բողոքաբերների կողմից նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ոչ պատշաճ ընթացակարգով մրցույթ կազմակերպելու արդյունքում Հոլդինգը զրկվել է մրցույթին մասնակցելու, ինչպես նաև դրա արդյունքում հաղթող ճանաչվելու հնարավորությունից:
Համայնքը՝ ի դեմս պետության, հանդես է գալիս որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված անձ, կրում է օրենսդրի կողմից սահմանված լրացուցիչ գործողությունների և պարտականությունների կատարման պարտավորություն, հետևաբար համայնքային հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթին օրենսդրությամբ ներկայացվում են լրացուցիչ ու խիստ պայմաններ։
Ինչ վերաբերում է Այրում համայնքի ավագանու 25.12.2020 թվականի որոշումը համայնքի պաշտոնական կայքում հրապարկված լինելու վերաբերյալ փաստարկներին, ապա հարկ է ընդգծել, որ այն չի կարող հավասարեցվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2‑րդ մասով նախատեսված՝ համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին տեղեկատվությունը հրապարակելու պահանջին, որը տվյալ պարագայում Համայնքի կողմից չի իրականացվել։
ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ մրցույթի վերաբերյալ տեղեկությունները մի քանի եղանակով հրապարակելու պահանջն ունի իմպերատիվ բնույթ, ուստի Հոլդինգն ուներ լիարժեք իրավունք մրցույթի մասին տեղեկանալու ինչպես մրցույթի վերաբերյալ տեղեկությունների հրապարկման բոլոր եղանակներից, այնպես էլ՝ դրանից յուրաքանչյուրից առանձին:
Հոլդինգի՝ որպես շահագրգիռ անձ չհանդիսանալու վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկների առնչությամբ պետք է հաշվի առնել, որ Հոլդինգի շահագրգռվածության փաստը հիմնավորվում է ոչ միայն ՏԴ/2214/02/21 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այլև մինչև մրցույթի անցկացումը Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրություններով, որպիսի հանգամանքը իրականացվել է ստորադաս դատարանների կողմից։ Անհրաժեշտ է ընդգծել, որ մրցույթային իրավահարաբերությունները ծագում են մի կողմից համայնքի և մյուս կողմից անորոշ թվով անձանց միջև, ուստի մրցույթի մասին իրազեկման կարգի խախտումը հանգեցնում է անորոշ թվով սուբյեկտների՝ դրան մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, ուստի այդ հիմքով հայցի հարուցումն ինքնին վկայում է անձի շահագրգռվածության մասին։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանին 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող՝ 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակության, գործառնական նշանակությունը՝ հատուկ նշանակության) սահմանված կարգով կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 22).
2) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 29.12.2020 թվականի թիվ 229 (7441) համարում ներառված է հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանը հայտարարում է՝ Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում 19-րդ փողոց թիվ 69/5 հասցեում գտնվող 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0.1036 հա հողամասի կառուցապատման իրավունքով մրցույթ անմաքս առևտրի խանութ կառուցելու նպատակով, 600000 դրամ տարեկան մեկնարկային վարձավճարով, քայլի չափը մեկնարկային Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 29-ին, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքում ժամը 10:00-ին: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր և անձնագիր, ինչպես նաև մրցույթի անցկացման օրը վճարեն նախավճար՝ հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այրումի համայնքապետարան, հեռ. 098-72-33-00» (հատոր 1-ին, գ․թ․23-25).
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում 29.12.2020 թվականին հրապարակվել է «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար մրցույթ» վերտառությամբ հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանը հայտարարում է՝ Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում 19-րդ փողոց թիվ 69/5 հասցեում գտնվող 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0.1036 հա հողամասի կառուցապատման իրավունքով մրցույթ անմաքս առևտրի խանութ կառուցելու նպատակով, 600000 դրամ տարեկան մեկնարկային վարձավճարով, քայլի չափը մեկնարկային վարձավճարի 5%-ի։ Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 29-ին, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքում ժամը 10:00-ին: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր և անձնագիր, ինչպես նաև մրցույթի անցկացման օրը վճարեն նախավճար՝ հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այրումի համայնքապետարան, հեռ. 098-72-33-00։» (հատոր 1-ին, գ.թ. 98, հատոր 3-րդ, գ.թ. 9).
4) Ընկերությունը 22.01.2021 թվականին ներկայացրել է հողամասի կառուցապատման մրցույթին մասնակցելու հայտ, որով ցանկություն է հայտնել ՝ մասնակցելու Այրում համայնքում կայանալիք՝ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի մրցույթին և վարձակալելու հատուկ նշանակության հողամասը՝ 0,1036հա մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 29).
5) «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» 29.01.2021 թվականի թիվ 1 արձանագրության համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող հատուկ նշանակության հողամասը մրցույթում առաջադրված առավելագույն՝ 600.000 ՀՀ դրամ մեկնարկային վարձավճարով տրամադրվել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 26).
6) «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու արդյունքների մասին» 29.01.2021 թվականի թիվ 2 արձանագրության համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքապետարանի վարչական շենքում նույն օրն անցկացված՝ մրցույթի հանված մեկ հողակտոր՝ 0,1036հա մակերեսով հողամասի մրցույթի հաղթող է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ․թ. 27)․
7) հիմք ընդունելով Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանու 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշումը և 29.01.2021 թվականի թիվ 1 ու թիվ 2 արձանագրությունները՝ 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Ընկերությանը հաղթող ճանաչելու մասին՝ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի 29.01.2021 թվականի թիվ 09-Ա որոշմամբ 11-16-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա հատուկ նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով՝ տարեկան 600.000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրվել է Ընկերությանը՝ 50 տարի ժամկետով: Որոշվել է նաև մրցույթի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա կնքել երկկողմանի պայմանագիր, ինչպես նաև կատարել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 28).
8) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի՝ որպես սեփականատիրոջ, և Ընկերության՝ որպես կառուցապատողի միջև 29.01.2021 թվականին կնքված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին պայմանագրով սեփականատերը պարտավորվել է կառուցապատման նպատակով վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող իրավաբանական անձին տրամադրել սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա մակերեսով անշարժ գույքը, որը գտնվում է Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում (հատոր 1-ին, գ․թ. 18-21)․
9) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022021‑11‑0039 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 69/5 հողամասի՝ 0,1036հա մակերեսի նկատմամբ գրանցված է Ընկերության՝ կառուցապատման իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 18)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի ու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպված և (կամ) անցկացված մրցույթն անվավեր ճանաչելու դատարանի հայեցողական լիազորության իրականացման պայմաններին՝ հիմք ընդունելով իրավական որոշակիության և իրավունքի գերակայության պահանջներն ու մրցակցող իրավունքների հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը։
(Ա) Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես իրավական պետություն, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրավական պետության և հատկապես դրա կարևորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկն է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտել է որպես Կոնվենցիայի անքակտելի մաս (տե՛ս ըստ Տիգրան Ուստյանի դիմումի թիվ ՍնԴ/0453/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2023 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) մասնավորապես նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը։ Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները, ըստ էության, ամենաարդյունավետը կարող են գնահատել, թե ինչպես են արդարադատության շահերը և օրենքի գերակայությունը դրսևորվել կոնկրետ իրադրությունում։ Եվրոպական դատարանն այնուամենայնիվ ընդգծել է, որ օրենքի գերակայության սկզբունքը ներառում է հավասարապես կարևոր մի շարք այլ սկզբունքներ, որոնք չնայած փոխկապակցված են և հաճախ՝ լրացուցիչ, որոշակի հանգամանքներում մտնում են մրցակցության մեջ (տե՛ս Brumărescu v. Romania գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի, Sabeh El Leil v.Franceգործով Եվրոպական դատարանի 29.06.2011 թվականի, Nejdet Şahin and Perihan Şahin-ն v.Turkey գործով Եվրոպական դատարանի 20.10.2011 թվականի, GUÐMUNDUR ANDRI ÁSTRÁÐSSON-ն v.Iceland գործով Եվրոպական դատարանի 12.03.2019 թվականի վճիռները)։
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ հին «սխալը» շտկելու անհրաժեշտությունը չպետք է անհամաչափորեն միջամտի նոր իրավունքին, որը ձեռք է բերվել անհատի կողմից՝ բարեխղճորեն ապավինելով պետական մարմինների գործողությունների օրինականությանը (տե՛ս Rysovskyy v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը)։
Սահմանադրական դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (տե՛ս Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 և 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշումները)։
Եվրոպական դատարանը նշել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս Ryabykh v. Russia գործով Եվրոպական դատարանի 03.12.2003 թվականի վճիռը, կետ 52, Bratyakin v. Russia գործով Եվրոպական դատարանի 09.03.2006 թվականի վճիռը, Xheraj v. Albania գործով Եվրոպական դատարանի 29.07.2008 թվականի վճիռը, կետեր 51-52-րդ):
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով (…):
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ինքնուրույն նշանակություն ունի, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ֆորմալ դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածք համարվող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք»՝ նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով ուսումնասիրման ենթակա հարցն այն է, թե արդյոք, ամբողջությամբ վերցված գործի փաստական հանգամանքներով դիմումատուին վերապահվել է իրավունք՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութաիրավական շահի մասով (տե՛ս, օրինակ, Iatridis v. Greece գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի, Beyler v. Italy գործով Եվրոպական դատարանի 05.01.2000 թվականի և Broniowski v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռները):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը (տե՛ս Sporrong and Lönnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.09.1982 թվականի վճիռը, կետ 61)։
Սահմանադրության 60-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքը բացարձակ չէ, ուստի Սահմանադրությամբ և Արձանագրությամբ նախատեսվում է այն սահմանափակելու իրավական հնարավորություն։ Միաժամանակ, Եվրոպական դատարանը նախատեսել է մի շարք չափանիշներ, որոնց պետք է բավարարի այդ սահմանափակումը, և որոնց առկայության դեպքում այն կարող է համարվել թույլատրելի սահմանափակում։ Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե՝
1. նախատեսված է օրենքով,
2. բխում է հանրային շահից,
3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները։ Այն միաժամանակ պետք է բավարարի Կոնվենցիայի 1-ին Արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տե'ս James and Others v. The United Kingdomգործով Եվրոպական դատարանի 21․02․1986 թվականի վճիռը, կետ 67)։
Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ելնելով ընդհանուր, հանրային շահից (տե'ս Former king of Greecc and others v. Grecee գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, կետ 83)։
Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն։ Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև։ Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել։ Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց, քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից։ Մյուս կողմից, հետապնդվող նպատակի և միջամտության համարժեքության հարցը լուծելիս պետք է հաշվի առնվի այլընտրանքային լուծումների առկայությունը։ Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (տե'ս Former king of Greecc and others v. Grecee գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, կետ 89, ինչպես նաև Scollo v. Italy գործով Եվրոպական դատարանի 28.09.1985 թվականի վճիռը, կետ 32)։
(Բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձևով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում` այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Սակարկությունների ձևը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…)։
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.
(…)
մրցույթ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.
(…)։
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 20-28-րդ հոդվածներով սահմանված են մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ մրցույթը պայմանագրերի կնքման գործընթաց է, որում հաղթող է ճանաչվում օրենքով նախատեսված պայմաններին բավարարող այն մասնակիցը, ով սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ առաջարկել է լավագույն պայմանները։ Այլ կերպ ասած՝ մրցույթի նպատակն է գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման նպատակով անձանց որոշակի շրջանակից ընտրել լավագույն պայմաններն առաջարկած սուբյեկտին ու վերջինիս հետ մտնել պայմանագրային իրավահարաբերությունների մեջ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետում և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված է «կարող է ճանաչել անվավեր» ձևակերպումը, ինչից հետևում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված ու (կամ) անցկացված մրցույթն անվավեր ճանաչելը դատարանի հայեցողական լիազորությունն է, երբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը և հետևանքները գնահատման առարկա դարձնելուց հետո դատարանն է որոշում՝ կիրառել իրավական այդ հետևանքը, թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «հայեցողություն» եզրույթի իրավական բովանդակության բացահայտմանը, նշել է, որ այն թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության ու օրինականության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել՝ առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը։
Հիմք ընդունելով իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ու մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տե՛ս ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի, Իրինա Ալոյանի, Տիգրան Այվազյանի և Արմեն Այվազյանի թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական հայեցողությունն իրավակիրառ գործընթացում դատարանին ընձեռված իրավաչափ լուծումներից որևէ մեկի ընտրության հնարավորությունն է։ Անդրադառնալով դատարանների կողմից որևէ հայեցողական լիազորություն իրականացնելու իրավունքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, քանի որ դրա իրականացման ուղեգծում դատարանը կաշկանդված է անձի՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով պահպանվող իրավունքներով ու օրինական շահերով։ Հետևաբար՝ դատարանն իր հայեցողական լիազորությունը պետք է իրականացնի գործի փաստական հանգամանքների շրջանակներում գործին մասնակցող անձանց երաշխավորված իրավունքների և օրինական շահերի ապահովման գերակայության հաշվառմամբ՝ առաջնորդվելով իրավական պետության ու հատկապես դրա կարևորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության՝ իրավական որոշակիության, օրինական ակնկալիքների պահպանման և կամայականությունների կանխարգելման պահանջներով։
Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթի կազմակերպման և (կամ) անցկացման կանոնի խախտում արձանագրելու դեպքում դատարանը մրցույթն անվավեր ճանաչելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետով ու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս պետք է հավասարակշռի պաշտպանվող և միջամտվող շահերը՝ ապահովելով իրավունքի գերակայությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցույթն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվելու դեպքերում մի կողմից առկա է մրցույթի կազմակերպման և (կամ) անցկացման կանոնների խախտման հիմքով այն վիճարկող անձի իրավունքների ապահովման, իսկ մյուս կողմից՝ մրցույթում հաղթած անձի` գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության, այսինքն` սեփականության իրավունքին անհամաչափ չմիջամտելու պահանջ։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթն անվավեր ճանաչելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելու հարցը դատարանը պետք է գնահատի նշված պաշտպանվող և միջամտվող շահերի հարաբերակցության շրջանակներում՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների գնահատմամբ ողջամիտ հավասարակշռություն ապահովելով այդ իրավունքների միջև։
Այլ կերպ ասած՝ դատարանը գնահատման առարկա պետք է դարձնի այն հարցը, թե արդյո՞ք մրցույթը կայացած լինելու և նոր իրավունքներ գրանցված լինելու պայմաններում մրցույթն անվավեր ճանաչելով իրավական որոշակիությունից շեղվելն արդարացված է, թե ոչ՝ միաժամանակ պատճառաբանելով, որ արձանագրված խախտման հետևանքով մրցույթը վիճարկող անձի իրավունքների սահմանափակումն իր բնույթով էական ու անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խախտում է, որը հնարավոր չէ վերականգնել առանց իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու՝ մյուս անձի սեփականության իրավունքին միջամտելու, կամ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։
(Գ) Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների իրացման մրցույթները կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ (...) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:
ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է (...)։
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր, պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մինչև 23.07.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 12․04․2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, նույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից (բացի օրենքով սահմանված դեպքերից):
Կարգի 21-րդ կետի համաձայն՝ նույն կարգի V, VIII և VIII.II բաժիններով սահմանված` աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, (...)։
Կարգի 46․2-րդ կետի համաձայն՝ հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60‑րդ հոդվածով սահմանված հողերի վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան (...)։
Կարգի 48-րդ կետի համաձայն՝ մրցույթները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված կարգով:
ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով՝ նույն օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ http://www.azdarar.am, ինչպես նաև համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակում մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում այդ թվում` https://www.azdarar.am/ հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ:
Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող՝ հատուկ նշանակության հողամասերը քաղաքացիներին ու իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված է (օրենքով կարող են նախատեսվել բացառություններ), իսկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը կարող են համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել կառուցապատման իրավունքով՝ մրցույթի միջոցով, որը կազմակերպվում ու անցկացվում է ՀՀ հողային օրենսգրքով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և Կարգով սահմանված կանոններով։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցույթի կազմակերպման փուլերից մեկը դրա մասին հրապարակային ծանուցելն է, որն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում և համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն հրապարակելու միջոցով։ Ընդ որում, մրցույթի վերաբերյալ հայտարարություն հրապարակելու նպատակը մի կողմից անձանց անորոշ շրջանակին մրցույթի անցկացման, դրա պայմանների և պահանջների, մրցույթի առարկայի մասին տեղեկացնելն է, մյուս կողմից՝ մրցույթի կազմակերպման ու անցկացման ոլորտում հրապարակայնություն, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթի կազմակերպչի կողմից դրա անցկացման մասին հայտարարություն հրապարակելու կանոնի խախտում թույլ տրված լինելու դեպքերում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այդ խախտման՝ մրցույթի հավանական մասնակիցների իրավունքների, ինչպես նաև դրանց իրացման իրական հնարավորության վրա ունեցած ազդեցության ծավալը՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների հետազոտման միջոցով պարզելով, թե արդյո՞ք հրապարակային մի քանի աղբյուրներում հայտարարություն հրապարակելու որևէ կանոնի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ խաթարել է մրցույթի կազմակերպման այդ փուլի նպատակը՝ հանգեցնելով մրցույթի հավանական մասնակիցների իրավունքների անդառնալի խախտման և նրանց զրկելով մրցույթի մասին տեղեկանալու ու դրան մասնակցելու իրական հնարավորությունից։
Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մրցույթի անցկացման մասին հայտարարություն հրապարակելու կանոնի ցանկացած խախտում չէ, որ պետք է հանգեցնի դատարանի կողմից մրցույթն անվավեր ճանաչելու հայեցողական լիազորության իրականացման։ Մրցույթի հավանական մասնակիցների տեղեկացված լինելու և մրցույթին մասնակցելու իրավունքների ու մրցույթում հաղթած անձի ձեռք բերած նոր իրավունքների միջև ողջամիտ հարաբերակցություն ապահովելու միջոցով դատարանները պետք է հանգեն այն եզրակացության, որ թույլ տրված խախտման հետևանքով առաջացած հետևանքները էական և անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի հանգամանքներ են, որոնք արդարացնում են իրավական որոշակիության սկզբունքից շեղվելը` մյուս անձի սեփականության իրավունքի միջամտությունը դարձնելով համաչափ, կամ գործով առկա լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանին իր 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության Հողամասը սահմանված կարգով կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու համար։
29.12.2020 թվականին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թիվ 229 (7441) համարում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցմների պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում հրապարակվել են Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարություններ:
29.01.2021 թվականին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել Ընկերությունը:
Ի կատարումն Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի 29.01.2021 թվականի թիվ 09-Ա որոշման` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի՝ որպես սեփականատիրոջ, և Ընկերության՝ որպես կառուցապատողի միջև 29.01.2021 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին պայմանագիր, որով սեփականատերը պարտավորվել է կառուցապատման նպատակով վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող իրավաբանական անձին տրամադրել սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող` 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա մակերեսով անշարժ գույքը, որը գտնվում է Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում։
Նշված պայմանագրի հիման վրա Հողամասի՝ 0,1036 մակերեսի նկատմամբ գրանցվել է Ընկերության կառուցապատման իրավունքը։
Դիմելով դատարան` Հոլդինգը պահանջել է անվավեր ճանաչել 29.01.2021 թվականի մրցույթը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել նաև մրցույթի արդյունքում «Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի ու Ընկերության միջև 29․01․2021 թվականին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը։
Դատարանը 19.10.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) հայտարարված մրցույթը կայացել է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, որի հաղթող է ճանաչվել «Արմ‑Հելիա Դյութի Ֆրի» ՍՊ ընկերությունը, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N 286 որոշման 48-րդ կետի խախտմամբ, քանի որ վերոնշված մրցույթը իրականացվել է ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ Այրումի համայնքապետարանի կողմից 29.12.2020 թվականին հայտարարված՝ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար մրցույթի տեղեկատվությունը Այրում համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում չի հրապարակվել, որի արդյունքում «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊ ընկերությունը զրկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիշյալ մրցույթին մասնակցելու հնարավորությունից, (…), իսկ պատասխանող կողմը, ինչպես նաև սույն քաղաքացիական գործով երրորդ անձն այն հրապարակելու վերաբերյալ որևէ ապացույց դատարան չեն ներկայացրել (…)»։
Վերաքննիչ դատարանը 23.05.2023 թվականի որոշմամբ Նոյեմբերյան համայնքի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժել է,պատճառաբանելով, որ՝
- «(…) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում օրենսդիրը պարտադիր է համարել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթի մասին հայտարարություն հրապարակելուն զուգահեռ զանգվածային լրատվության միջոցներով և համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն հրապարակելը (…)»։
- «(…) վերոնշյալ երեք գործողությունների միաժամանակյա կատարումն անհրաժեշտ, բավարար և պարտադիր պայման է մրցույթի վավերությունն ապահովելու տեսանկյունից, իսկ այդ պահանջներից որևէ մեկի չկատարումը հանգեցնում է մրցույթի անցկացման ընթացակարգային այնպիսի խախտման, ինչպիսին է մրցույթի մասին հնարավոր շահագրգիռ բոլոր անձանց պատշաճ ծանուցված լինելու իրավունքը, որի առկայությունը բացառում է այդ մրցույթը վավեր համարելու հնարավորությունը, ինչը հրապարակային սակարկությունների անցկացման համար առանցքային հարց է, սակարկությունների բնույթից բխող»։
- «(…) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված, մրցույթի օրինականության ապահովման համար անհրաժեշտ և շահագրգիռ անձանց՝ մրցույթին մասնակցելու իրավունքի ապահովմանն ուղղված ընթացակարգային կանոնները չեն պահպանվել, ապա շահագրգիռ անձի՝ մրցույթին մասնակցելու իրավունքի խախտման առկայությունն առաջանում է ինքնաբերաբար։ (…) ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված հայտարարություն տարածելու եղանակներից որևէ մեկի բացակայության դեպքում անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված մրցույթի մասին և պատշաճ ծանուցման բացակայության պայմաններում չի կարող կրել մրցույթին մասնակցության հայտ չներկայացնելու բացասական հետևանքները»։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանն արձանագրել, իսկ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է, որ Այրում համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում մրցույթի մասին հայտարարություն չի հրապարակվել, այսինքն՝ մրցույթին մասնակցելու իրավունքի ապահովմանն ուղղված ընթացակարգային կանոնները չեն պահպանվել և Հոլդինգը զրկվել է հիշյալ մրցույթին մասնակցելու հնարավորությունից։ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ մրցույթի մասին հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում և համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջներից որևէ մեկի չկատարումն ընթացակարգային այնպիսի խախտում է, որն «ինքնաբերաբար» հանգեցնում է շահագրգիռ անձանց պատշաճ ծանուցված լինելու իրավունքի խախտմանը։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է աճուրդն անվավեր ճանաչելու լիազորության հայեցողական լինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ մրցույթի կազմակերպման և (կամ) անցկացման, այդ թվում՝ հայտարարություն հրապարակելու կանոնի ցանկացած խախտում «ինքնաբերաբար» դատարանի համար չի առաջացնում աճուրդն անվավեր ճանաչելու լիազորության իրականացում, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, դատական հայեցողության սահմաններում դատարանները կաշկանդված են անձանց երաշխավորված իրավունքների ու օրինական շահերի ապահովման գերակայության պահանջով։ Ուստի անձանց մրցակցող իրավունքների առկայության դեպքերում հայեցողական որևէ լիազորություն գործնականում իրականացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու որոշում կայացնելիս դատարանները պետք է ողջամիտ հավասարակշռություն ապահովեն այդ իրավունքների միջև՝ պարզելով կոնկրետ իրադրությունում այդ լիազորությունն իրականացնելու անհրաժեշտությունը։
Տվյալ դեպքում ստորադաս դատարաններն արձանագրել են, որ Այրում համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում մրցույթի մասին հայտարարություն չհրապարակելու պայմաններում Հոլդինգը զրկվել է Հողամասի կառուցապատման մրցույթին մասնակցելու հնարավորությունից։ Այսինքն՝ արձանագրելով մրցույթի մասին Հոլդինգի տեղեկացված լինելու և դրան մասնակցելու իրավունքների խախտում՝ ստորադաս դատարաններն իրավաչափ են համարել այդ իրավունքների պաշտպանության նպատակով մրցույթն անվավեր ճանաչելու հայեցողական լիազորության իրականացումը։ Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հոլդինգի ենթադրյալ խախտված իրավունքներին զուգահեռ առկա է մրցույթի արդյունքում Ընկերության ձեռք բերած նոր իրավունքի պաշտպանության և պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիությունն ապահովելու անհրաժեշտություն, ուստի մրցույթն անվավեր ճանաչելու հարցն անհրաժեշտ է քննարկել այդ իրավունքների հարաբերակցության մեջ՝ պարզելով սեփականության իրավունքին միջամտելու, համապատասխանաբար նաև իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու պայմանների առկայությունը։
Ավելին՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթի մասին հայտարարությունը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցմների պաշտոնական ինտերնետային կայքում https://www.azdarar.am/ հասցեում 29.12.2020 թվականին հրապարակված լինելու պայմաններում Հոլդինգը չի վիճարկել նշված հրապարակային աղբյուրներից մրցույթի մասին տեղեկանալու հնարավորության փաստը։ Մասնավորապես՝ Հոլդինգը չի ներկայացրել դիրքորոշում առ այն, որ մրցույթի մասին նշված երկու հրապարակային և առավել հանրամատչելի աղբյուրներում հրապարակված հայտարարություններին իրենից անկախ պատճառներով ինքը հասանելիություն չի ունեցել, որպիսի պայմաններում մրցույթի մասին կարող էր տեղեկանալ միայն Այրում համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակված հայտարարությամբ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթի մասին հայտարարությունը նաև համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակելու կանոնն ինքնանպատակ չէ և միտված է մրցույթի հրապարակայնությունն ապահովելուն, այդուհանդերձ կայացած մրցույթի ու դրա արդյունքում նոր իրավունքներ ծագած լինելու պայմաններում գնահատման առարկա պետք է դարձնել այն հարցը, թե արդյո՞ք նշված ինտերնետային կայքէջում հայտարարություն չհրապարակելը հանգեցրել է մրցույթի մասին Հոլդինգի տեղեկացված լինելու և դրան մասնակցելու իրավունքների խախտման, ու արդյո՞ք այդ իրավունքը գերակա է իրավական որոշակիությունը խախտելու և Ընկերության սեփականության իրավունքին միջամտելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթի մասին հայտարարությունն Այրում համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջում չհրապարակելով թույլ է տրվել մրցույթի կազմակերպման՝ ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, այդուհանդերձ Հոլդինգը զրկված չի եղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցմների պաշտոնական ինտերնետային կայքի https://www.azdarar.am/ հասցեից, որոնք ունեն առավել լայն հասանելիություն, մրցույթի մասին տեղեկանալու, ինչպես նաև մասնակցության հայտ ներկայացնելու իրական հնարավորությունից։ Ուստի ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումը չի հանգեցրել Հոլդինգի տեղեկացված լինելու և մրցույթին մասնակցելու իրավունքների էական ու անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խաթարման, որն արդարացնում է Ընկերության սեփականության իրավունքին միջամտելու միջոցով իրավական որոշակիության սկզբունքից շեղվելը, ինչպես նաև առկա չեն իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ գերակայող իրավաչափ նկատառումներ։
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.05.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքների բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման, իսկ դրա արդյունքում Հոլդինգի հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 103-րդ, 109‑րդ ու 112-րդ հոդվածները, մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է լուծել հետևյալ կերպ.
Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։
Նույն հոդվածի 6‑րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով։
Նույն հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Տվյալ դեպքում Հոլդինգն իր հայցադիմումին կցել է 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, ուստի Դատարանում պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Սույն գործով ներկայացվել է մեկ հիմնական ոչ դրամական պահանջ, հետևաբար Դատարանի 19.10.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար տվյալ դեպքում ենթակա էր վճարման 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար։
Դատարանի 19.10.2022 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներից յուրաքանչյուրի համար Նոյեմբերյան համայնքը և Ընկերությունը ներկայացրել են 30.000‑ական ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցներ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հոլդինգից հօգուտ Նոյեմբերյան համայնքի և Ընկերության ենթակա է բռնագանձման 10.000-ական ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքներ ներկայացնելու համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի գումար, իսկ Նոյեմբերյան համայնքի ու Ընկերության կողմից ավել վճարված 20.000-ական ՀՀ դրամները ենթակա են նրանց վերադարձման՝ օրենքով սահմանված կարգով։
Վճռաբեկ բողոքներին կից Նոյեմբերյան համայնքը և Ընկերությունը ներկայացրել են 40.000-ական ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցներ։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հոլդինգից հօգուտ Նոյեմբերյան համայնքի և Ընկերության տվյալ դեպքում ենթակա է բռնագանձման 20.000‑ական ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի գումար, իսկ Նոյեմբերյան համայնքի ու Ընկերության կողմից ավել վճարված 20.000-ական ՀՀ դրամները ենթակա են նրանց վերադարձման՝ օրենքով սահմնաված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի և «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ու երրորդ անձ «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, մերժել։
2․ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։
3․ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ս. Մեղրյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Է. Սեդրակյան
Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: