Գլխավոր տեղեկություն
Номер
N 1869-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2024-26.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2023
Дата вступления в силу
31.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2023 թվականի N 1869-Ն

 

ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող դպրոցների և կրթահամալիրների հետ կապված շինարարական ծրագրերի գնման գործընթացների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ կարգ)՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) շինարարական աշխատանքների հետ կապված հրավերով նախատեսվում է (պայմանագրի նախագծով), որ՝

ա. հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին: Եթե առկա է տեղակապված նախագծանախահաշվային փաստաթուղթ, ապա ապահովման չափերը հաշվարկվում են այդ փաստաթղթով սահմանված և հրավերով հրապարակված գնի նկատմամբ: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ: Մասնակցի գնային առաջարկը սույն պարբերության մեջ նշված գինը գերազանցելու դեպքում հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է նախորդող հինգ տարիների համախառն եկամուտների (ավելացված արժեքի հարկի կամ շահութահարկի հաշվարկ-հաշվետվություններից) հանրագումարի վերաբերյալ տեղեկատվություն, որի իսկությունը գնահատող հանձնաժողովն ստուգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցով՝ կարգի 67-րդ կետով նախատեսված ընթացակարգով: Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված առնվազն երեք կապալի օբյեկտներին վերաբերող պայմանագրերը (ներառյալ համաձայնագրերը) և պատվիրատուի կողմից հաստատված ավարտական ակտերը,

գ. շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 տոկոսը կարող է իրականացվել ենթակապալի կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու միջոցով: Եթե պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև ենթակապալի պայմանագրի պատճենը, դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ ենթակապալառու իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում: Մասնակցի կողմից հայտը ներկայացվելու օրվա դրությամբ ենթակապալառուն չպետք է ներառված լինի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում,

դ. պայմանագրի գինը գործոնային է: Գործոն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող գնի միջինացված ինդեքսը, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի կողմից նախորդող 12 ամիսների ընթացքում հրապարակված՝ «Գների ինդեքսը շինարարությունում» ինդեքսի միջինացված ցուցանիշը: Գործոնի փոփոխությամբ պայմանավորված՝ պայմանագրի հիման վրա կնքված յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների գնի վերահաշվարկն իրականացվում և տարբերությունը կապալառուին վճարվում է համաձայնագրով նախատեսված աշխատանքները պատվիրատուի կողմից ողջ ծավալով ընդունվելուն հաջորդող 120 աշխատանքային օրվա ընթացքում: Գործոնը կիրառվում է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր համաձայնագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով պատվիրատուի կողմից ընդունվելուն նախորդող ամսվա համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված գների ինդեքսի միջինացված ցուցանիշը: Ընդ որում, հաշվարկների համար բազային գործոն է հանդիսանում տվյալ համաձայնագիրը կնքվելուն նախորդող ամսվա համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ինդեքսը: Մինչև համաձայնագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով պատվիրատուի կողմից ընդունվելուն նախորդող ամիսը ներառյալ, միջինացված ցուցանիշը հավասար մնալու կամ մինչև 5 տոկոսը ներառյալ աճելու, կամ նվազելու դեպքում համաձայնագրի գնի վերահաշվարկ չի կատարվում,

ե. կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման նախագծման աշխատանքների կատարումը՝ օրենքով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող անձի միջոցով: Մասնակիցը հայտով ներկայացնում է տեղակապումն իրականացնող անձի տվյալները, վերջինիս գրավոր համաձայնությունը տեղակապումն իրականացնելու, ինչպես նաև պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու միջոցով աշխատանքների կատարման ամբողջական նախագծային փաստաթղթերի (տիպային և տեղակապման նախագծեր) նկատմամբ հեղինակային հսկողության աշխատանքները կատարելու մասին և թույլտվությունը հիմնավորող փաստաթղթերը,

զ. կապալառուին կանխավճար կարող է հատկացվել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների համաձայնագրով նախատեսված արժեքի 30 տոկոսի չափով: Կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է համաձայնագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ: Ընդ որում, եթե կանխավճարը գերազանցում է 10 տոկոսը, ապա կանխավճարի մարման ենթակա գումարի վերջին չափին ավելացվում է հետևյալ բանաձևով հաշվարկված գումարը՝ ԱԳ=ԿԾ*ՊՏ՝

ԱԳ– ավելացվող գումար,

ԿԾ– պետության կողմից տրամադրվող կանխավճարի ծավալ, որը գերազանցում է 10%–ը,

ՊՏ– պետական տարեկան պարտատոմսերի վերջին երեք տեղաբաշխումների միջին կշռված եկամտաբերության մակարդակ,

է. որակավորման ապահովման չափը հաշվարկվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված համախառն եկամուտների հանրագումարը՝

- մինչև 2 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 30 տոկոսին.

- 2 միլիարդ դրամից մինչև 4 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 20 տոկոսին.

- 4 միլիարդ դրամից բարձր է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 10 տոկոսին:

Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գինը, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ընտրված մասնակցի դեպքում սույն ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված պայմանները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագրերի արժեքների հանրագումարը: Ընդ որում, արտարժույթով արտահայտված պայմանագրերի արժեքները հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հայտերը բացվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը,

ը. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրանց մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ՝ ՎԳՏ= ԾԳՏx(ՄԳ/Գ), որտեղ՝

ՎԳՏ–ն տեղակապված մասի նախահաշվով սահմանված առանձին տեսակների աշխատանքների դիմաց վճարվելիք գումարն է,

ԾԳՏ-ն տեղակապված նախահաշվով ըստ աշխատանքի առանձին տեսակների համար սահմանված միավոր գինն է,

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է,

Գ-ն գինն է:

Ընդ որում, այս բանաձևի կիրառմամբ հաշվարկն իրականացվում է անմիջապես տեղակապման նախագծի մասով նախագծանախահաշվային փորձաքննություն անցած փաստաթղթերը պատվիրատուին հանձնելուց և դրանք վերջինիս կողմից ընդունվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ վճարումներն իրականացվում են դրանց մասով կնքված համաձայնագրի ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան: Եթե պայմանագրի գինը գերազանցում է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինը, ապա սույն պարբերությամբ նախատեսված բանաձևը չի կիրառվում, իսկ տեղակապված մասի աշխատանքների համար պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է փորձաքննված նախահաշվային արժեքով,

թ. կապալառուի կողմից համաձայնագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը խախտելու դեպքում հաշվարկվող տույժերը պակասեցվում են կատարողականի դիմաց վճարվող գումարից՝ պայմանով, որ համաձայնագրով սահմանված աշխատանքների վերջնաժամկետի պահպանման դեպքում պահված տույժերի գումարը վճարվում է,

ժ. տուգանքի չափը սահմանվում է համաձայնագրով նախատեսված պահանջներին անհամապատասխան կատարված տվյալ կատարողական ակտի ընդհանուր գնի նկատմամբ և չի կարող պակաս լինել կատարողականում տվյալ տողի գծով նախատեսված աշխատանքների արժեքի 10%-ից,

ժա. համաձայնագրով աշխատանքների կատարման ծավալները նախատեսվում են 12 ամսում կատարելու հաշվարկով՝ պայմանով, որ պակաս ֆինանսական միջոցները բյուջետավորվում և վճարումները կատարվում են 12 ամիսը լրանալուն հաջորդող մինչև 90 օրվա ընթացքում,

ժբ. տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական (պարզ) փորձաքննությունն ապահովում է կապալառուն.

2) շինարարական ծրագրերի իրականացման տեխնիկական հսկողության ծառայության հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա. գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ՝ հաշվարկի համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 2020-2023 թվականներին կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը,

բ. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների մասով տեխնիկական հսկողության ծառայության համար պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրա մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ՝ ՎԳՏ=ՏՆԱx(ՄԳ/ՕՆԱ), որտեղ՝

ՎԳՏ-ն տեղակապված մասի տեխնիկական հսկողության ծառայության դիմաց վճարվելիք գումարն է,

ՏՆԱ-ն տեղակապված մասի փորձաքննություն անցած նախահաշվային արժեքն է,

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է, որը չի կարող ավել լինել տվյալ ծառայության համար սահմանված գնման գնից,

ՕՆԱ-ն օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինն է:

(1-ին կետը լրաց. 18.01.24 N 71-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և չավարտված գնման գործընթացների և կնքված պայմանագրերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2023 թվական: