Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-206
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.624
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.07.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.08.2001
Дата вступления в силу
11.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են`

էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններ (այսուհետ` ԷԲ ընկերություններ)` «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև դրանց հիման վրա վերակազմակերպման արդյունքում ձևավորված էլեկտրաէներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունները.

ռազմավարական ներդրող` ԷԲ ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի արդյունքում սույն օրենքին համապատասխան հաղթող հայտարարված անձը, որի հետ կառավարությունը կնքել է բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր.

բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր` բաժնետոմսերի փաթեթում ներառված բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքում կառավարության և ռազմավարական ներդրողի միջև կնքված պայմանագիրը.

բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագիր` ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի ուղղակի վաճառքի վերաբերյալ կառավարության և միջազգային ֆինանսական հաստատության միջև կամ կառավարության և ռազմավարական ներդրողի միջև կնքված պայմանագիրը.

բաժնետոմսերի փաթեթ` կառավարության կողմից որոշված այն ԷԲ ընկերությունների բաժնետոմսերը, որոնք միջազգային մրցույթի եղանակով վաճառվում են միասնական.

բաժնետոմսերի դիմաց ստացված գումար` մրցութային փաստաթղթերի փաթեթի ուղարկման պահից սկսած մինչև մասնավորեցման պահից հինգերորդ ամսի լրանալու օրը մասնավորեցման արդյունքում ռազմավարական ներդրողից և ֆինանսական հաստատությունից բաժնետոմսերի վաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա ստացված գումարը` հանած մասնավորեցման գործընթացի խորհրդատուների վարձատրության գումարները և հաջողության վճարը, ինչպես նաև ռազմավարական ներդրողին վճարված փոխհատուցումը.

սակագնային մարժա` ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գնման և սպառողներին դրա վաճառքի գների տարբերությունը.

նախաորակավորված անձ` կառավարության կողմից սահմանված պայմաններին բավարարող անձը, որն իրավունք ունի մասնակցել միջազգային մրցույթին.

մրցույթի մասնակցության պայմաններ` կառավարության կողմից հաստատված պայմանները և պահանջները, որոնցով կանոնակարգվում է նախաորակավորված անձանց մասնակցությունը բաժնետոմսերի վաճառքի միջազգային մրցույթին.

անհրաժեշտ հավաստիացումներ` մրցույթի մասնակցի կողմից կառավարության սահմանած ձևերով ներկայացվող հավաստիացումները, որոնցով հաստատվում է նրա կողմից մրցույթի մասնակցության պայմանների պահպանումը.

մրցութային փաստաթղթերի փաթեթ` նախաորակավորված անձանց պաշտոնապես ուղարկվող փաստաթղթերի ամբողջությունը, որոնցում ամփոփված են մրցույթի մասնակցության պայմանները, անհրաժեշտ հավաստիացումների ձևերը, ինչպես նաև բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի նախագիծը, լիցենզիայի պայմանները, պահանջվող երաշխիքները և այլն.

մրցութային առաջարկ` բաժնետոմսերի փաթեթի համար գնային առաջարկը` արտահայտված ԱՄՆ արժույթով.

անհրաժեշտ հավաստիացումների վավերականություն` մրցույթի մասնակիցների կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումների համապատասխանությունը մրցույթի մասնակցության պայմաններին.

մասնավորեցման պահ` բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի հիման վրա ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի սեփականության իրավունքի անցումը ռազմավարական ներդրողին:

 

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է ԷԲ ընկերությունների մասնավորեցման հետ կապված հարաբերությունները և սահմանում է այդ մասնավորեցման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

2. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցումը կարգավորող այլ օրենքներն ԷԲ ընկերությունների մասնավորեցման վրա տարածվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հոդված 3. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ԷԲ ընկերությունների մասնավորեցման հիմնական նպատակներն են`

ա) սահմանված տեխնիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի շուրջօրյա մատակարարման ապահովումն սպառողներին.

բ) ԷԲ ընկերությունների կառավարման արդյունավետության և էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի հուսալիության բարձրացումը.

գ) էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի վերազինման, ընդլայնման և զարգացման համար ներդրումների ներգրավման ապահովումը.

դ) սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց գումարների գանձումը և որպես հետևանք` էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավումը.

ե) պետական բյուջեի համալրումը:

 

Հոդված 4. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. ԷԲ ընկերությունների մասնավորեցումն իրականացնում է կառավարությունը: Բաժնետոմսերի վաճառքի և ուղղակի վաճառքի պայմանագրերն ստորագրում են կառավարության կողմից լիազորված պաշտոնատար անձինք:

2. ԷԲ ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունն ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի գործունեությունը կանոնակարգվում է սույն օրենքով, կառավարության որոշումներով և դրանց համապատասխան` մրցութային հանձնաժողովի որոշումներով:

3. Մրցութային հանձնաժողովի կազմում իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցության և խմբի մեկական ներկայացուցիչ:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 5. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁևԵՐԸ

 

ԷԲ ընկերությունները մասնավորեցվում են դրանց բաժնետոմսերի միջազգային մրցույթով վաճառքի, իսկ միջազգային մրցույթով չվաճառված բաժնետոմսերը` ուղղակի վաճառքի միջոցով:

 

Հոդված 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Կառավարության որոշմամբ ԷԲ ընկերությունների բաժնետոմսերը վաճառքի են հանվում մեկ կամ երկու փաթեթով: Մեկ փաթեթով բաժնետոմսերի վաճառքի դեպքում այն ընդգրկում է բոլոր ԷԲ ընկերությունների բաժնետոմսերը: Երկու փաթեթով բաժնետոմսերի վաճառքի դեպքում դրանցից մեկն ընդգրկում է «Երևանի էլեկտրացանց» և «Հյուսիսային էլեկտրացանց» ընկերությունների բաժնետոմսերը, իսկ մյուսը` «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների բաժնետոմսերը:

2. Փաթեթը պարունակում է դրանում ընդգրկված յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը:

 

Հոդված 7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ և ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

1. Մրցութային հանձնաժողովը պարտավոր է մրցութային առաջարկների ներկայացման համար սահմանված ժամկետից առնվազն 2 շաբաթ առաջ նախաորակավորված անձանց ուղարկել մրցույթին մասնակցելու հրավերը, մրցութային փաստաթղթերի փաթեթը և ծանուցում` մրցութային առաջարկների ներկայացման ժամկետների մասին:

2. Նախաորակավորված անձինք (մրցույթի մասնակիցները) սահմանված ժամկետում առանձին ծրարներով մրցութային հանձնաժողով են ներկայացնում մրցութային առաջարկները և անհրաժեշտ հավաստիացումները:

3. Եթե սահմանված ժամկետում մրցութային առաջարկներ չեն ստացվել, ապա մրցութային հանձնաժողովի որոշմամբ` մրցույթը համարվում է չկայացած:

4. Մրցույթն ամփոփվում է մրցութային հանձնաժողովի նախօրոք սահմանված ժամկետում հրավիրված մրցութային հանձնաժողովի նիստում: Նիստին իրավունք ունեն մասնակցել նախաորակավորված անձանց ներկայացուցիչները, կառավարության խորհրդատուները և զանգվածային լրատվամիջոցների հրավիրված ներկայացուցիչները:

5. Նիստի ժամանակ բացվում են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված այն ծրարները, որոնցում ամփոփված են անհրաժեշտ հավաստիացումները, և ստուգվում է դրանց վավերականությունը: Եթե ներկայացված բոլոր անհրաժեշտ հավաստիացումները մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են վավերական, ապա բացվում են մրցութային առաջարկները պարունակող ծրարները և նիստի մասնակիցներին տեսանելի ձևով ցուցադրվում և հայտարարվում են բաժնետոմսերի գնման համար առաջարկված գները: Առավելագույն գին առաջարկած մասնակիցը հանձնաժողովի կողմից ճանաչվում է մրցույթի հաղթող:

6. Եթե նիստի ժամանակ ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումներից առնվազն մեկը չի ճանաչվել վավերական, ապա նիստն ընդհատվում է յոթ օրով: Մրցույթի համապատասխան մասնակիցը հնարավորություն ունի յոթնօրյա ժամկետում իր կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումները համապատասխանեցնել մրցույթի մասնակցության պայմաններին: Նիստի վերսկսվելուց հետո մեկ անգամ ևս դիտարկվում են վավերական չճանաչված անհրաժեշտ հավաստիացումները: Եթե դիտարկման ժամանակ անհրաժեշտ հավաստիացումները կրկնակի անգամ մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են ոչ վավերական, ապա համապատասխան մասնակիցը դուրս է մնում մրցույթից և սույն հոդվածի նախորդ կետով սահմանված ընթացակարգով որոշվում է մրցույթի հաղթողը:

7. Եթե մրցույթի երկու կամ ավելի մասնակիցներ առաջարկում են նույն առավելագույն գինը, ապա հաղթողը որոշվում է կառավարության սահմանած կարգով տվյալ մասնակիցների միջև անցկացվող աճուրդով` աճուրդի մեկնարկային գին սահմանելով նրանց կողմից առաջարկված գինը:

8. Կառավարությունն իրավասու է`

ա) մինչև գնային առաջարկի բացումը որոշում կայացնել մրցույթը դադարեցնելու մասին.

բ) որոշում կայացնել մրցույթի հաղթողի հետ բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր չկնքելու մասին:

9. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ԷԲ ընկերությունների մասնավորեցումից, ապա հաջորդ բարձր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

10. Մրցույթը դադարեցնելու կամ հաղթողի հետ վաճառքի պայմանագիր չկնքելու մասին որոշում ընդունելու, ինչպես նաև մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մասնավորեցման հետագա ընթացքի մասին կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում:

11. Մրցույթն անցկացնելու կանոնների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության դատարաններ:

 

Հոդված 8. ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԸ

 

1. Մասնավորեցման պահից հետո բաժնետոմսերի փաթեթում չընդգրկված բաժնետոմսերը կառավարության որոշմամբ կարող են մեկ կամ մի քանի ուղղակի վաճառքի պայմանագրերով լրիվ կամ մասնակի վաճառվել միջազգային ֆինանսական հաստատություններին և (կամ) ռազմավարական ներդրողին:

2. Բաժնետոմսերի ուղղակի վաճառքի դեպքում վաճառվող մեկ բաժնետոմսի գինը չի կարող պակաս լինել մրցույթի արդյունքում ձևավորված մեկ բաժնետոմսի գնից:

 

Հոդված 9. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները`

ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում սահմանված ժամկետում իրեն մասնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ.

բ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը, ընդ որում` ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի մատակարարման պահանջների բավարարումը.

գ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների գնման այնպիսի գործընթացներ, որոնք կնախատեսեն հավասար պայմաններում տեղական արտադրողների և ծառայություններ մատուցողների նախապատվությունը.

դ) ռազմավարական ներդրողը մասնավորեցման պահից հետո ԷԲ ընկերության բաժնետոմսերը կարող է օտարել կառավարության համաձայնությամբ կամ կառավարության կողմից սահմանված պայմաններով.

ե) ռազմավարական ներդրողը պարտավոր է համապատասխան պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ԷԲ ընկերությունների կողմից 100 տոկոս վճարումներ ստացած էլեկտրաէներգիայի, հզորության, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով պայմանավորված` այլ անձանց կողմից մատուցած ծառայությունների դիմաց.

զ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերությունների համագործակցությունն ադմինիստրատորի հետ` կապված սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների հաշվառման հետ:

 

Հոդված 10. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից ԷԲ ընկերություններին տրվում են նոր լիցենզիաներ, որոնք ուժի մեջ են մտնում մասնավորեցման պահից: Տրվող գործունեության լիցենզիաներում ամրագրվում են նաև սակագնային մարժայի ձևավորման սկզբունքները` հաշվի առնելով հետևյալ հիմնական պայմանները`

ա) մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գործում է բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի ստորագրման պահին գործող սակագնային մարժան` արտահայտված ԱՄՆ արժույթով.

բ) 2004 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածի համար սակագնային մարժան հաշվարկվում է Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ:

Մասնավորեցման պահից հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վերակազմակերպման պահից վերակազմակերպված ընկերությանը տրվում է նույն պայմաններով լիցենզիա:

 

Հոդված 11. ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

(հոդվածն ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-209-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ

 

Հոդված 12. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԸ

 

ԷԲ ընկերությունների պարտավորությունները հստակեցնելու, դրանց նկատմամբ պահանջները և պայմանագրերը հաշվառելու համար կառավարությունը նշանակում է ադմինիստրատոր և սահմանում է նրա գործունեության կարգը և պայմանները: Ադմինիստրատորը հաշվետու է կառավարությանը: Ադմինիստրատորն իր գործունեության ընթացքում պարտավոր է չխոչընդոտել ԷԲ ընկերությունների լիցենզիայի պայմաններով սահմանված գործունեությանը:

 

Հոդված 13. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

1. ԷԲ ընկերությունների կողմից կնքված այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորությունները (ներառյալ` վճարային) սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չեն դադարել, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի տարածվում`

- սպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի (եթե դրանք համապատասխանում են Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած օրինակելի ձևին),

- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրերի,

- սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո ԷԲ ընկերությունների կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածում սահմանած կարգով կնքված պայմանագրերի,

- աշխատանքային պայմանագրերի,

- կոլեկտիվ պայմանագրերի վրա:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պայմանագրերը սույն օրենքին համապատասխան չեն հաշվառվել, ապա սույն օրենքի ուժով համարվում են լուծված: Պայմանագրի լուծմամբ արտադատական կամ դատական կարգով կարող են հատուցվել միայն պատճառված իրական վնասները:

 

Հոդված 14. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պահը ԷԲ ընկերություններն առանց ադմինիստրատորի վավերացման կարող են կնքել`

- սպառողների հետ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր,

- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրեր,

- հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրեր:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո տասնհինգերորդ օրվանից մինչև մասնավորեցման պահը, ԷԲ ընկերությունների կողմից կնքված սույն հոդվածի 1-ին կետով չնախատեսված պայմանագրերը կնքված են համարվում ադմինիստրատորի կողմից վավերացման դեպքում: Պայմանագրերի վավերացման կարգը սահմանվում է կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով:

3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում:

 

Հոդված 15. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է 13-րդ հոդվածի առաջին կետում նշված պայմանագրերի կողմերին` դրանք հաշվառման ներկայացնելու համար:

2. Հաշվառման համար պայմանագրերը կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 45-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում չներկայացված պայմանագրերը չեն հաշվառվում և այդ հիմքով համարվում են լուծված` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից:

3. Պայմանագրերը հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են`

ա) պայմանագրի պատճենը.

բ) պայմանագրում առկա լրացումների և փոփոխությունների պատճենները.

գ) տեղեկություններ պայմանագրի կատարման ընթացքի մասին (այդ թվում` կատարողական ակտերի, լրիվ կամ մասնակի վճարումներ կատարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, տեղեկություններ պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին, այլ փաստաթղթեր).

դ) այլ պարզաբանող փաստաթղթեր (ըստ դիմողի հայեցողության):

 

Հոդված 16. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

1. Ստացված պայմանագրերն ադմինիստրատորը քննարկում է դիմումն ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում և քննարկման արդյունքում որոշում է ընդունում պայմանագիրը հաշվառելու կամ մերժելու մասին, որն ուղարկում է դիմողին և համապատասխան ԷԲ ընկերություններին: Պայմանագրերի հաշվառման կարգը սահմանվում է կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով:

2. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն:

3. Եթե ադմինիստրատորը որոշում է ընդունել պայմանագրի հաշվառումը մերժելու մասին, ապա այդ պայմանագիրը սույն օրենքի ուժով համարվում է լուծված:

 

Հոդված 17. ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հաշվառված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը:

 

Հոդված 18. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Բացի սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային պահանջներից, ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա կետանցված վճարային պահանջները, եթե դրանք ծագել են մինչև մասնավորեցման պահը, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին:

2. Ադմինիստրատորի կողմից պարտադիր հաշվառվում են փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջները մինչև մասնավորեցման պահը էլեկտրաէներգետիկական համակարգ առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի գնի չափով:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաշվառման ենթակա պահանջները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չեն հաշվառվել, ապա դրանք բավարարման ենթակա չեն:

4. Եթե պահանջը ենթակա է հաշվառման, ապա սույն օրենքի ընդունման պահից հետո` 76-րդ օրվանից սկսած, արգելվում է դրանց բավարարումը ԷԲ ընկերությունների կողմից, և ավարտվում են այդ պահանջների բռնագանձման կատարողական վարույթները:

 

Հոդված 19. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 75-րդ օրը, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ունեն սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված չբավարարված պահանջներ, դրանք հաշվառման ներկայացնելու համար:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 76-րդ օրվանից սկսված մինչև մասնավորեցման պահից 120-րդ օրը, պարտատերերը պետք է ադմինիստրատորին սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնեն դիմում` ԷԲ ընկերությունների հանդեպ իրենց պահանջները հաշվառելու վերաբերյալ: Նշված ժամկետի ավարտից հետո պահանջների հաշվառման վերաբերյալ դիմումներ չեն ընդունվում` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից:

3. Պահանջները հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են`

ա) պահանջը` արտահայտված դրամով.

բ) պահանջը հիմնավորող փաստաթղթերը.

գ) տեղեկություններ պահանջների մասնակի կատարման մասին (այդ թվում` լրիվ կամ մասնակի կատարված վճարումները հաստատող փաստաթղթերի պատճենները, այլ փաստաթղթեր).

դ) այլ փաստաթղթեր (ըստ դիմողի հայեցողության):

 

Հոդված 20. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

1. Ադմինիստրատորը պարտավոր է հաշվառել այն պահանջները, որոնք բխում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռներից:

2. Ադմինիստրատորն իրավասու է հաշվառել պահանջը, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, իսկ պահանջի մեծությունը` ողջամիտ:

3. Եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, և պահանջն ադմինիստրատորը համարում է օրինական, բայց պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ, ապա նա իրավասու է բանակցել դիմողի հետ և համաձայնության գալու դեպքում կնքել պահանջի չափի մասին համաձայնագիր և հաշվառել պահանջը համաձայնեցված չափով:

4. Հաշվառելով պահանջը` ադմինիստրատորը պարտավոր է սույն օրենքի նորմերի համաձայն առանձին հաշվառել պահանջի ապահովված և չապահովված մասերը (առանց տոկոսների և տուժանքների), տոկոսները և տուժանքները, ճշտել պահանջի առաջնահերթությունը:

Ապահովված են համարվում ԷԲ ընկերություններին պատկանող գույքի համապատասխան գրավով ապահովված պահանջները: Պահանջը համարվում է ապահովված այն մասով, որը հավասար է գրավադրված գույքի շուկայական արժեքին` հաշվարկված իրացման արժեքի որոշման մեթոդով:

5. Ադմինիստրատորը պարտավոր է մերժել պահանջի հաշվառումը, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջի բավարարումը մերժվել է:

6. Ադմինիստրատորն իրավասու է մերժել պահանջի հաշվառումը, եթե նա պահանջը համարում է ոչ օրինական կամ պահանջի մեծությունը` ոչ ողջամիտ:

7. Մերժված դիմումներն ադմինիստրատորի կողմից կրկնակի քննարկման, վերանայման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, երբ մերժումից հետո ուժի մեջ է մտել դատարանի օրինական վճիռը:

8. Ադմինիստրատորը կարող է ԷԲ ընկերության անունից բողոքարկել պահանջի հաշվառման հիմքում ընկած կամ այդպիսի հիմք հանդիսացող դատական ակտը:

9. Դիմումն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ադմինիստրատորը որոշում է կայացնում պահանջը հաշվառելու կամ մերժելու մասին, որն ուղարկում է դիմողին:

10. Կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով կարող են սահմանվել սույն հոդվածի դրույթներին չհակասող լրացուցիչ չափանիշներ` պահանջների հաշվառման վերաբերյալ:

 

Հոդված 21. ՊԱՀԱՆՋԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե ադմինիստրատորը մերժել է հաշվառելու պահանջը, որի վերաբերյալ բացակայում է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, ապա պահանջատերն իրավասու է դիմել դատարան` պահանջը դատական կարգով ճանաչելու հայցով:

Նման պահանջների ճանաչման հայց ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է մասնավորեցման պահից` հինգ ամիս ժամկետով, և այդ ժամկետի վրա չեն տարածվում Քաղաքացիական օրենսգրքի 334-343-րդ հոդվածների կանոնները: ԷԲ ընկերությունների անունից դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս ադմինիստրատորը կամ նրա ներկայացուցիչը:

 

Հոդված 22. ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Հաշվառված պահանջների բավարարման ընդհանուր ծավալը սահմանափակվում է ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի դիմաց ստացված գումարով, որը դեպոնացվում է կենտրոնական բանկում` գանձապետարանի հատուկ հաշվում:

2. Մասնավորեցման պահից` հինգերորդ ամիսը լրանալուց հետո, ադմինիստրատորը կառավարության հաստատմանն է ներկայացնում հաշվետվություն` հաշվառված պահանջների վերաբերյալ: Կառավարության կողմից ադմինիստրատորի հաշվետվությունը հաստատելուց հետո կառավարության կողմից լիազորված մարմինն այդ հաշվետվության հիման վրա, հաշվի առնելով հաշվառված պահանջների բավարարման առաջնահերթությունը և չափը, կատարում է վճարումներ: Վճարումները պետք է ավարտվեն մեկամսյա ժամկետում:

3. Պահանջների բավարարման առաջնահերթությունը հետևյալն է`

ա) ապահովված պահանջներ.

բ) փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջներ.

գ) չապահովված պահանջներ.

դ) տոկոսներ և տուժանքներ:

Նվազ առաջնահերթություն ունեցող պահանջները վճարվում են միայն առավել առաջնահերթություն ունեցող պահանջների լրիվ բավարարումից հետո: Միևնույն առաջնահերթություն ունեցող պահանջները բավարարվում են դրանց գումարներին համամասնորեն: Չբավարարված պահանջները համարվում են դադարած:

4. Հաշվառված պահանջների բավարարումից հետո մնացած գումարները փոխանցվում են մասնավորեցման հատուկ հաշվին:

 

Հոդված 23. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԷԲ ընկերությունները մասնավորեցման պահից հետո շարունակում են կրել մասնավորեցման պահի դրությամբ առկա կետանցված, ինչպես նաև հաշվարկված, սակայն կատարման ժամկետը չլրացած հետևյալ պարտավորությունները`

- աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները,

- քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց կատարվող պարբերական վճարները,

- հարկային պարտավորությունները,

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներ վճարման ենթակա այլ գումարները,

- սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր վճարները (ներառյալ` աշխատողներին վճարվող ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստները),

- վարկերը և վճարային արժեթղթերով պարտավորությունները,

- տեղական տուրքերը և վճարները,

- սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող պարտավորությունները,

- սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված վավերացված պայմանագրերից բխող պարտավորությունները,

ինչպես նաև`

- սպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց կատարված կանխավճարները,

- սույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հաշվառված պայմանագրերից կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները,

- սույն օրենքով հաշվառման ոչ ենթակա պայմանագրերից բխող վճարային և ոչ վճարային պարտավորությունները:

2. ԷԲ ընկերությունները շարունակում են պատասխանատվություն կրել սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորության տեսակների գծով մասնավորեցման պահից հետո հաշվեգրվող պարտավորությունների վճարման համար:

3. Բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով կառավարությունը պարտավորվում է փոխհատուցել մասնավորեցված ԷԲ ընկերությանը այն վնասները, որոնք առաջացել են սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների գծով` մինչև մասնավորեցման պահը ԷԲ ընկերությունների կողմից կատարված ոչ պատշաճ գործողությունների (անգործության) հետևանքով երրորդ անձանց կողմից մասնավորեցման պահից հետո ներկայացված վնասների պահանջների բավարարման արդյունքում:

4. ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների` կառավարության կողմից երաշխավորված չափը գործարքի մասնավորեցման պահի դրությամբ, բացառությամբ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց կատարվող պարբերական վճարների, կատարման ժամկետը չլրացած այն պարտավորությունների, որոնք բխում են սույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն հաշվառված և 14-րդ հոդվածի համաձայն վավերացված պայմանագրերից, ինչպես նաև հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող կետանցված և կատարման ժամկետը չլրացած պարտավորություններից: Ընդ որում, հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` կառավարության երաշխավորած գումարը սահմանափակվում է տվյալ հարկատեսակի և վճարի համար` մասնավորեցման պահին նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային և վճարի պարտավորության գումարով: Մասնավորեցման պահի դրությամբ ԷԲ ընկերություններին մնացած պարտավորությունների փաստացի չափի և բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով երաշխավորված չափի դրական տարբերության դեպքում այդ տարբերության չափով մասնավորեցված ԷԲ ընկերություններն ազատվում են առկա հարկային և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից հետևյալ հերթականությամբ`

ա) հարկային պարտավորությունների գծով տուգանքներ.

բ) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տուգանքներ.

գ) հարկային պարտավորությունների գծով տույժեր.

դ) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տույժեր.

ե) շահութահարկի գումար.

զ) ավելացված արժեքի հարկի գումար.

է) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումար:

Եթե հարկային և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից ազատման չափը պակաս է նշված դրական տարբերությունից, ապա չփոխհատուցված մասը փոխհատուցվում է ռազմավարական ներդրողի կողմից` բաժնետոմսերի դիմաց վճարված գումարից:

5. ԷԲ ընկերությունների մասնավորեցման պահին առկա դեբիտորական պարտքերը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի դեբետագրված գումարի և սույն հոդվածի առաջին կետով թվարկված պարտավորությունների գծով կատարված կանխավճարների, այդ թվում` շահութահարկի գծով 2001 թվականին կատարված կանխավճարների), ինչպես նաև ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կրեդիտորական պարտքերը (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտքերի) մասնավորեցման պահի հաջորդ օրը կառավարության որոշման հիման վրա փոխանցվում են 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ ընկերության (ընկերությունների):

 

Հոդված 24. ՀԱՐԿԵՐԸ

 

1. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահին նախորդող ժամանակաշրջանի գործունեության հետևանքով առաջացած այն հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր վճարների (ներառյալ դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները), մաքսատուրքերի, տուրքերի գծով պարտավորություններից, որոնք ստուգում իրականացնող պետական լիազորված մարմինների կողմից կհայտնաբերվեն կամ կարձանագրվեն մասնավորեցման պահից հետո:

2. ԷԲ ընկերություններն ազատվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքների մասով առաջացող շահութահարկի, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման գործարքի արդյունքում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի` այդ գործարքների գծով հաշվանցման (պակասեցման) ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող մասով ավելացված արժեքի հարկի պարտավորությունից:

3. Բաժնետոմսերի վաճառքի դիմաց ստացված գումարի հաշվին ԷԲ ընկերությունների պարտավորությունների` սույն օրենքով սահմանված կարգով բավարարումը շահութահարկի հաշվարկման նպատակով ԷԲ ընկերության համար եկամուտ չի համարվում:

4. Այն ընկերությունները, որոնց սույն օրենքին համապատասխան փոխանցվել են ԷԲ ընկերությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, ազատվում են այդ գործարքների արդյունքում առաջացող հարկային պարտավորություններից:

5. ԷԲ ընկերություններն ազատվում են մասնավորեցման պահի դրությամբ դրանց հաշվեկշիռներում չարտացոլված նյութական և ոչ նյութական ակտիվները մասնավորեցման պահից հետո իրականացված գույքագրումների արդյունքում երկու տարվա ընթացքում հաշվեկշիռ մուտքագրելու հետևանքով առաջացող շահութահարկից:

6. ԷԲ ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում առաջացող առևտրային կորուստները շահութահարկի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր տարի նվազեցվում են ընկերությունների համախառն եկամտից` Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից տվյալ տարվա համար սակագնում ներառված չափով:

7. Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2001 թվականին, ապա ԷԲ ընկերությունների` 2001 թվականի տնտեսական գործունեությունից շահութահարկի գումարը հավասար է 2000 թվականի տարեկան գործունեությունից հաշվարկված շահութահարկին: Եթե մասնավորեցման պահը տեղի է ունենում 2002 թվականին, ապա ԷԲ ընկերություններն ազատվում են 2002 թվականի տնտեսական գործունեության մասով 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակաշրջանի համար պետական եկամուտների նախարարության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ սահմանած կարգով հաշվարկված շահութահարկի պարտավորությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 25. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ԷԲ ընկերություններին տրամադրվում են վարձակալության իրավունքով` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ԷԲ ընկերությունների համար սահմանել`

ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար.

 բ) բոլոր հողամասերում, անկախ սեփականության ձևից, էլեկտրաէներգիայի բաշխման օդային գծերի, հենասյուների, ենթակայանների շրջակա տարածքի, օդային և մալուխային գծերի անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար հողամասի տարածքների նկատմամբ` անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար:

3. Հողի սեփականատիրոջ կողմից հողամասի նպատակային օգտագործման սահմանափակումները, որոնք պայմանավորված են ԷԲ ընկերությունների էլեկտրակայանքներին առաջադրվող պարտադիր տեխնիկական պահանջների ապահովման անհրաժեշտությամբ, սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և կնքված պայմանագրերով:

 

Հոդված 26. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են 25 տարով պարտադիր վարձակալության` շուկայական արժեքով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերը և շինությունները կամ դրանց հատվածներն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են անժամկետ, պարտադիր և անվճար օգտագործման պայմանով, որ բաշխման ընկերությունն ապահովում է այդ շենքերի և շինությունների (կամ դրանց տրամադրված հատվածների) շահագործման և սպասարկման ամբողջ աշխատանքները:

3. Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը նշված շենքերի և շինությունների օգտագործման վերաբերյալ առկա են սեփականատերերի և ԷԲ ընկերությունների միջև գործող պայմանագրեր, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը գործում են նշված պայմանագրերի ժամկետի ավարտից հետո: Այդ դեպքում ևս սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետի գործողությունը հաշվարկվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

 

Հոդված 27. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում տեղակայված էլեկտրակայանքների համար ԷԲ ընկերությունների կողմից նպատակային օգտագործվող տարածքների նկատմամբ սահմանվում է պարտադիր անվճար սերվիտուտ` նպատակային օգտագործման համար:

 

Հոդված 28. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Սույն գլխում նշված գույքային իրավունքների վերաբերյալ կողմերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, պարտավոր են կառավարության կողմից սահմանված պայմաններով կնքել պայմանագրեր, որոնք ենթակա են պետական գրանցման: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում կողմերն իրավունք ունեն Քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` պայմանագրի կնքումը հարկադրելու պահանջով: Նշված ժամկետում սույն օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն իրավական ուժ ունեն` անկախ պայմանագրի կամ դատական ակտի առկայությունից և դրանց պետական գրանցումից:

Սույն գլխում նախատեսված ԷԲ ընկերությունների նպատակային օգտագործմամբ պայմանավորված գույքային իրավունքները դադարում են` հողամասի կամ շինության ոչ նպատակային օգտագործման դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 10 օր հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2000 թվականի հուլիսի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին, իսկ ստեղծված պետական մարմինները (հանձնաժողովները) շարունակում են իրենց գործունեությունը` սույն օրենքի պահանջներից ելնելով:

3. ԷԲ ընկերությունների կողմից կնքված կոլեկտիվ պայմանագրերը գործում են մինչև մասնավորեցման պահը: Մասնավորեցման պահից` 6 ամսվա ընթացքում, ԷԲ ընկերությունները պարտավոր են կնքել նոր կոլեկտիվ պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-206

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.11.2008, ՀՕ-209-Ն 09.01.2009, ՀՕ-206
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան