Գլխավոր տեղեկություն
Номер
N 49-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
26.12.2023
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2023 թ.

N 49-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման հավելվածը 7-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12-րդ ենթակետով.

«12) արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերակառուցման, վերատեղադրման, տեղափոխման, վերանորոգման, վերականգման և այլն) նպատակով համաձայնեցված հետագիծ-նախագծային փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվությամբ իրականացվող քանդման և վերականգնման աշխատանքների ժամանակ կառուցապատողը պարտավոր է իրականացնի հետևյալ միջոցառումները.

ա. համայնքի ղեկավարի համաձայնեցմանը ներկայացվող հետագիծ-նախագծի հետ որպես անբաժանելի մաս կազմել աշխատանքների իրականացման տարածքի կահավորման սխեման, որն իր մեջ ներառում է հետևյալ պարտադիր տարրերը՝ աշխատանքների իրականացման ողջ տարածքում՝ հանդիպակաց դասավորությամբ տեղադրված տակդիրով և կանգնակով ցուցատախտակի միջոցով՝ տեսանելի վայրերում ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը (մատակարար և կապալառու կազմակերպությունների տվյալների նշումով, այդ թվում՝ տարբերանշան, հասցե, հեռախոսահամար, աշխատանքների անվանումը և նպատակը, կատարման ժամկետի սկիզբը և ավարտը), քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ կանգնակով ամրացվող ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր՝ գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Սույն պարբերությամբ նախատեսված կահավորումն անհրաժեշտ է պահպանել մինչև տարածքը նախկին տեսքի բերելու աշխատանքների ավարտը,

բ. փողոցի երթևեկելի հատվածի, այդ թվում՝ մայթի կամ հրապարակի հատվածի բակային տարածքի, այգիների և պուրակների արահետների քանդում, գրունտի հանում և միաժամանակ սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր (աղբավայր), բացառելով գրունտային հանույթով հետլիցքի կատարումը,

գ. փողոցի երթևեկելի հատվածի, այդ թվում՝ մայթի կամ հրապարակի բակային տարածքների, այգիների և պուրակների հատվածի հատման դեպքում այն կրկնակի չհատելու նպատակով տարանցիկ խողովակաշարի տեղադրում՝ հետագայում կոմունիկացիաներ անցկացնելու համար,

դ. փողոցների երթևեկելի հատվածներում երկայնական քանդումների դեպքում, մալուխագծի կամ խողովակաշարի տեղադրման և հողային պաստառի, ասֆալտբետոնյա ծածկի առաջին փուլի ամբողջական վերականգնման աշխատանքները ավարտել մեկ օրում՝ քանդված տարածքի ամբողջ ծավալով,

ե. փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ,

զ. փողոցի, մայթի, հրապարակի, բակերի այգիների և պուրակների քանդված հատվածներում խրամուղիների վերականգնման համար նախատեսված շինանյութերը (ավազ, խճաքար և այլն) պարտադիր ծածկել գետնին ամրացված ծածկոցներով: Բացառել շինարարական աղբի կուտակումը: Քանդման աշխատանքներից հետո, անմիջապես նույն օրը, ապահովել շինարարական աղբի տեղափոխումը շինարարության թույլտվությամբ ամրագրված վայր,

է. փողոցներում, մայթերին, բակային տարածքներում և այգիներում ասֆալտբետոնյա ծածկի հատումն իրականացնել բացառապես սղոցով: Քանդված հատվածները նախկին տեսքով վերականգնելիս խրամուղիների վնասված եզրերը բերել երկրաչափական տեսքի՝ ներառելով խրամուղու չափերից դուրս վնասված հատվածները,

ը. փողոցների երթևեկելի հատվածի, այդ թվում՝ մայթի կամ հրապարակի, բակային տարածքների վերականգնում նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ) ճանապարհածածկի, մայթերի, հրապարակների, բակերի և այլ ընդհանուր օգտագործման տարածքների հողային պաստառների վերականգնման ընթացքում խրամուղիներում տեղադրված ավազի զանգվածի յուրաքանչյուր 15 սմ շերտի վրա պարտադիր իրականացնել վիբրացիոն տոփանում: Փողոցների երթևեկելի հատվածներում, հրապարակներում, բակերում, վերջին շերտի խճածածկի և ասֆալտբետոնյա ծածկի տոփանումը իրականացնել առնվազն 5 տոննա վիբրացիոն գլդոնով: Մայթերի վրա այգիներում և պուրակներում վերջին շերտի տոփանումը իրականացնել 2 տոննա վիբրացիոն գլդոնով,

թ. հրապարակների, մայթերի, բակերի, այգիների, պուրակների տարածքներում սալիկապատ հատվածների վերականգնման ընթացքում հողային պաստառի, ավազաշերտի ամրացումն իրականացնել վիբրացիոն տոփանումով: Սալիկապատ հատվածների վերականգնման ընթացքում բացառել այլ նյութերի (բետոնի և ասֆալտբետոնի) օգտագործումը,

ժ. փողոցների երթևեկելի հատվածի, այդ թվում՝ մայթի, բակային տարածքի, հրապարակի, այգիների և պուրակների արահետների վերականգնում նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը, հրապարակը, այգին և բակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում՝ նախկին վիճակով: Սույն պահանջները ամբողջությամբ չեն պահպանվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում,

ժա. փողոցների երթևեկելի հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման համար նախապես գրավոր իրազեկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությանը՝ միաժամանակ համաձայնեցնելով յուրաքանչյուր հատվածի աշխատանքների իրականացման օրերն ու ժամերը: Շինարարական աշխատանքները սկսելուց երկու օր առաջ, ըստ անհրաժեշտության, ակնառու դիրքում տեղադրված ցուցականով ազդարարել փողոցի տվյալ հատվածում մեքենաների կայանման արգելման մասին՝ նշելով օրերն ու ժամերը,

ժբ. փողոցների, մայթերի, բակերի քանդված ասֆալտբետոնյա ծածկի վերականգնումից առաջ կառուցապատողը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցչին ներկայացնի ասֆալտբետոնյա ծածկի հատիկակազմի և խտության վերաբերյալ լաբորատոր եզրակացությունը,

ժգ. կառուցապատողը պարտավոր է անհետաձգելի (վթարների վերացում) և ոչ անհետաձգելի վերականգնողական աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր օր պարբերաբար մաքրել և լվանալ տարածքը, բացառել փոշու տարածումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո իրականացնել ամբողջ տարածքի սանիտարական մաքրումը,

ժդ. կառուցապատողը պարտավոր է հողային և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված շինարարական նորմերին համապատասխան: Ասֆալտբետոնե խառնուրդներն անհրաժեշտ է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ կարող են տեղադրվել, եթե շրջակայքի ջերմաստիճանը համապատասխանաբար 50 C-ից և 100 C-ից ցածր չէ,

ժե. շինարարության թույլտվություն չպահանջող վթարների վերացման ժամանակ անհետաձգելի աշխատանքների կատարումից հետո տարածքները վերականգնել նախկին տեսքով՝ սույն կարգի բոլոր պահանջներին համապատասխան և վերականգնել պետությանը կամ համայնքին պատկանող հողամասի կամ ընդհանուր օգտագործման տարածքի նախկին վիճակը` մինչև շինարարական աշխատանքների կատարման թույլտվության ավարտը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ.  Ավինյան

 

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան