Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.12.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
11.12.2023
Дата вступления в силу
11.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2384/05/20

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2384/05/20

Նախագահող դատավոր՝

 Լ. Հակոբյան

Դատավորներ՝

 Է. Նահապետյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

հ. ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

քՄԿՈՅԱՆ

ա. Թովմասյան

ռ. հակոբյան

 

2023 թվականի դեկտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Իշխան Բունարջյանի ընդդեմ Կոմիտեի՝ Իշխան Բունարջյանի և Վահագն Արսենյանի միջև 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը, կամ որ նույնն է՝ Իշխան Բունարջյանի և Վահագն Արսենյանի միջև 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Իշխան Բունարջյանը պահանջել է ճանաչել 06.03.2019 թվականին իր և Վահագն Արսենյանի միջև կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը, կամ որ նույնն է՝ 06.03.2019 թվականին իր և Վահագն Արսենյանի միջև կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.08.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2022 թվականի որոշմամբ Իշխան Բունարջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.08.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող հասարակական նշանակություն ունեցող գույք, որպիսի փաստը հաստատվում է հարկվող գործարքի հիման վրա գույքի պետական գրանցման վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացված տեղեկությամբ, որի համաձայն՝ որպես գույքի՝ հողամասի, նպատակային նշանակություն նշված է «բնակավայրերի», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «հասարակական կառուցապատման», իսկ շինության նպատակային նշանակությունը՝ «հասարակական»:

Անշարժ գույքի օտարումը դիտվել է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անշարժ գույքի գործառնական նշանակությունը «հասարակական կառուցապատման» է:

Ըստ գործառնական նշանակության՝ «խառը կառուցապատման» հողը կարող է իր մեջ ներառել հասարակական հողեր, այսինքն՝ ըստ գործառնական նշանակության՝ «հասարակական կառուցապատման» հողը կարող է «խառը կառուցապատման» հողի բաղադրիչ հանդիսանալ։ Եվ ՀՀ հարկային օրենսգրքում «հասարակական նշանակության» գույք բառակապակցության փոխարեն «հասարակական կառուցապատման» գույք սահմանելու դեպքում՝ խառը կառուցապատման հողերում իրապես հասարակական նշանակություն ունեցող անշարժ գույքի օտարման արդյունքում առաջացող եկամուտն առհասարակ չէր հարկվի, ինչի արդյունքում անհավասար պայմաններ կստեղծվեին իրականում նույնանման գույքի օտարման գործարքների նկատմամբ:

Այսպիսով, «հասարակական կառուցապատման» գույքի օտարումը «հասարակական նշանակության» գույքի օտարում է, և ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով հայցվորի կողմից օտարված գույքը համարվում է հասարակական նշանակության գույք, քանի որ հարկվող գործարքի հիմքում ընկած գույքի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը նշված է «հասարակական կառուցապատման»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցվորն օտարել է «հասարակական կառուցապատման» գույք, ինչը հասարակական նշանակության գույք է, և որը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը եկամտային հարկով հարկման օբյեկտից ենթակա չէ նվազեցման և ենթակա է հարկման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «(․․․) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի թիվ ՎԴ/2384/05/20 որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով ՀՀ վարչական դատարանի 09.08.2021 թվականի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա լրացուցիչ պատճառաբանել վարչական դատարանի դատական ակտը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը՝ համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանել նոր քննության ծավալ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2006 թվականի թիվ 1995353 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասն ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն, իսկ օգտագործման նպատակն է՝ «շինությամբ զբաղեցված հող»: Նույն վկայականում շինության օգտագործման նպատակը նշված է «ձուլարան» (հատոր 1-ին, գ․թ․ 24-27):

2) «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 2015 թվականին կազմված՝ Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող ձուլարանի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն՝ շենքի և կցակառույցի տեխնիկական վիճակը, ընդհանուր առմամբ, գնահատվել է խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարական նորմերի և հետազննության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվել է 4-րդ աստիճանի: Վերոնշյալ փորձաքննությամբ նշվել է նաև, որ շենքը ենթակա է ապամոնտաժման (հատոր 1-ին, գ.թ. 41-46):

3) ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.10.2015 թվականի թիվ ԱՏ-13/10/2015-2-0053 գրության համաձայն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող Իշխան Բունարջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային արժեքը, հիմք ընդունելով «ՔԾՓԿ» ԲԲԸ-ի կողմից 09.10.2015 թվականին տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը (4-րդ կարգի վթարայնության աստիճան), կազմում է 0 ՀՀ դրամ, որը գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում 15.10.2015 թվականից մինչև 31.12.2016 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի 06.03.2019 թվականի պայմանագրով (գրանցված է նոտարի սեղանամատյանի թիվ 1878 համարի ներքո) Իշխան Բունարջյանը Վահագն Արսենյանին է վաճառել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 18/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է սեփականության իրավունքով Իշխան Բունարջյանին պատկանող 0,243հա մակերեսով հողատարածքից և 260քմ մակերեսով հասարակական տարածքից: Պայմանագրի գինը կազմել է 294.360.000 ՀՀ դրամ: Գնորդը պարտավորվել է այդ գումարից 49.060.000 ՀՀ դրամը վճարել երկու բանկային օրվա ընթացքում, իսկ մնացած գումարը վճարել հետևյալ կերպ՝ 10.04.2019-10.08.2019 թվականներին՝ յուրաքանչյուր ամիս 49.060.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 29-31):

5) Երևան համայնքի կողմից Վահագն Արսենյանին 10.05.2019 թվականին տրված թիվ 01/18-Պ-1182-40 քանդման թույլտվության համաձայն՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա ձուլարան համարների տակ նշված ամբողջությամբ քանդման ենթակա 260,0քմ մակերեսով, ինչպես նաև 35,0քմ ինքնակամ կիսաքանդ շինությունները ենթակա են քանդման բարեկարգման նպատակով երեք ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 36):

6) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-1-0298 տեղեկանքի համաձայն՝ ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասի նպատակային նշանակությունն է՝ բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման (հատոր 1-ին, գ.թ. 86):

7) Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի՝ Իշխան Բունարջյանին հասցեագրված Վ1/5794/2019/ՓԾ ծանուցագրով հայտնվել է, որ ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Երևան, Կենտրոն Արշակունյաց պողոտա 18/10 հասցեի անշարժ գույքի 03.13.2019 թվականին օտարման գործարքից ստացված եկամտի առնչությամբ Իշխան Բունարջյանը ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածի և 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հանդիսանում է եկամտային հարկ վճարող: Առաջարկվել է մինչև 20042020 թվականը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել դրա արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների գումարը (հատոր 1-ին, գ.թ. 40):

8) Ի պատասխան Իշխան Բունարջյանի կողմից 19.07.2019 թվականին ներկայացված գրության՝ Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետը 31.07.2019 թվականի թիվ 518 գրությամբ հայտնել է հետևյալը. «(․․․) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե լրացուցիչ կատարված հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ձեր կողմից 13.03.2019 թվականին Երևան, Կենտրոն Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում օտարված հողամասի գործառնական նշանակությունը եղել է հասարակական կառուցապատման, իսկ շինության նպատակային նշանակությունը՝ հասարակական» (հատոր 1-ին, գ.թ. 34-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին՝ 06032019 թվականին, գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք կարող է սեփականատիրոջ կողմից տարաժամկետ վճարելու պայմանով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով անշարժ գույքի օտարումը ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվել ձեռնարկատիրական գործունեության առարկա գույքի օտարում և դրա հիման վրա ծագել եկամտային հարկի վճարման գծով պարտականություն:

 

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) և Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ՝ վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով (այսուհետ՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ. 1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի. 2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 3) Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի. 4) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 5) «Հարկային ծառայության մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների. 6) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ եկամտային հարկը Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազա է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:

Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: (...):

Այսպես, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:

Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա չեն, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամուտների, որպիսի գույքի բովանդակությունը հստակեցված է Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում:

Վճռաբեկ դատարանը, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բովանդակության համեմատական վերլուծության արդյունքում, գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել տարբեր նշանակության գույքերի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողերի առնչությամբ։ Մասնավորապես, եթե արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքը, ներառյալ` շենքերը, շինությունները, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերն ինքնին՝ իրենց նշանակությամբ պայմանավորված, համարվում են ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, և դրանց օտարումից ստացված եկամուտը ենթակա է եկամտային հարկով հարկման, ապա բնակարանը, առանձնատունը, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերը ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք են դիտարկվում, և ըստ այդմ՝ դրանց օտարումից ստացված եկամուտները ենթակա են եկամտային հարկով հարկման, եթե բավարարված են Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանները։ Այսինքն, առկա է նույն հարկային տարվա ընթացքում վերը նշված գույքերի երկրորդ կամ ավելի թվով օտարման դեպքը, և այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և' ձեռքբերումը, և' օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:

Հարկ է նշել, որ օրենսդիրը համապատասխան իրավական ակտերով սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների, հողի դասակարգումը՝ ըստ նպատակային նշանակության։ Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով անշարժ գույքի նպատակային նշանակությունը, սահմանել է նաև գույքի օտարումից ստացված եկամտի հարկման ընթացակարգը, պայմանները և կարգը։ Այսինքն, ըստ էության, օրենսդրի կողմից օտարվող անշարժ գույքը դիտարկվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա, իսկ այդ գույքի օտարումից ստացված եկամուտը՝ հարկման ենթակա, ելնելով գույքի նպատակային նշանակությունից։

Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`

1) գյուղատնտեսական նշանակության.

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8) ջրային.

9) պահուստային հողերի:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր նպատակային նշանակության հող, ըստ օգտագործման բնույթի, դասակարգվում է հողատեսքերի կամ գործառնական նշանակության հողերի:

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների և առանձնահատկությունների համալիրն է:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը:

ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) բնակելի կառուցապատման.

2) հասարակական կառուցապատման.

3) խառը կառուցապատման.

4) ընդհանուր օգտագործման հողերի.

5) այլ հողերի:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հասարակական կառուցապատման հողեր են համարվում բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի:

ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր են համարվում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմաններ ապահովող, պահեստարանների համար նախատեսված շենքերի ու շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) արդյունաբերական օբյեկտների.

2) գյուղատնտեսական արտադրական օբյեկտների.

3) պահեստարանների.

4) ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի:

ՀՀ կառավարության 29.06.2017 թվականի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը հաստատելու մասին» թիվ 757-Ն որոշման (ուժի մեջ է մտել 01.09.2017 թվականին, ուժը կորցրել է 20.04.2021 թվականին) 1-ին մասի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերը, շինությունները դասակարգվում են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության։

Նշված որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետով սահմանված է՝ արտադրական՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը, շինությունները:

Նույն հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետով սահմանված է՝ արդյունաբերական, որոնք զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով և ենթակայաններով, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով և ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակչություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններով, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով և այլնով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տարբերակել է թե' հողերը և թե' շենքերն ու շինություններն ըստ իրենց նպատակային նշանակության։ Ըստ էության, գույքի, այդ թվում՝ հողի, շենքի, շինության նպատակային նշանակությունը կարելի է բնութագրել որպես դրա օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների ու առանձնահատկությունների մեկ ամբողջություն, որն էլ հաշվի է առնվում գույքը քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, այն օգտագործելու և/կամ օտարելու ժամանակ համապատասխան հարկեր վճարելու ընթացքում։ Ընդ որում, այն դեպքում, երբ հողը ծանրաբեռնված է որևէ շենքով կամ շինությամբ, ապա այն օտարելու արդյունքում դրանից ստացված եկամուտը հարկելու նպատակով հաշվի է առնվում ոչ միայն հողի, այլ նաև դրա վրա առկա շենքի կամ շինության նպատակային նշանակությունը։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլնի, եկամտային հարկ վճարողներ են համարվում նաև ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Ֆիզիկական անձանց համար հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, իսկ հարկման բազան որոշվում է տվյալ եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերությամբ: Օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ նվազեցվող եկամուտ է համարվում նաև սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Միաժամանակ, օրենսդիրը նաև բացառություն է սահմանել ընդհանուր կանոնից, որի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացված եկամուտները չեն նվազեցվում եկամտային հարկով հարկման բազայից: Ուստի, այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներն ստացվել են ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարումից, ապա նման եկամուտը ենթակա չէ նվազեցման, այսինքն՝ ենթակա է հարկման: Օրենսդիրը հստակ սահմանել է նաև, թե որ դեպքում է գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումը համարվում ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում: Ըստ այդմ, ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Իշխան Բունարջյանը պահանջել է ճանաչել 06.03.2019 թվականին իր և Վահագն Արսենյանի միջև կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը կամ որ նույնն է՝ 06.03.2019 թվականին իր և Վահագն Արսենյանի միջև կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը:

Դատարանը 09.08.2021 թվականի վճռով մերժել է Իշխան Բունարջյանի հայցն այն պատճառաբանությամբ, որ «(...) Գործում առկա ապացույցներով, մասնավորապես, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2006թ.-ի թիվ 1995353 վկայականով, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 22.07.2019թ.-ի թիվ ԱՏ-18/07/2019-1-0298 տեղեկանքով և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Երևան քաղաքի գլխավոր հատակագծից համապատասխան հատվածով հիմնավորվել է, որ հայցվորի օտարած գույքը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» կետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույքի օտարում: Մասնավորապես, սեփականության վկայականի համաձայն՝ պայմանագրի առարկա ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասը թեև ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն, սակայն հողամասի օգտագործման նպատակն է «շինությամբ զբաղեցված հող», իսկ նույն վկայականում շինության օգտագործման նպատակը նշված է «ձուլարան»:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 22.07.2019թ.-ի թիվ ԱՏ-18/07/2019-1-0298 տեղեկանքի համաձայն՝ ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասի նպատակային նշանակությունն է «բնակավայրերի», իսկ գործառնական նշանակությունը՝ «հասարակական կառուցապատման»: (...):

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից օտարված ձուլարանն իր նշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, որպիսի օբյեկտի օտարումը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Օտարված հողամասը թեև բնակավայրերի հողամաս է, սակայն գործառնական նշանակությամբ բնակելի չէ, այլ ունի հասարակական նշանակություն, գտնվում է խառը կառուցապատման գոտու՝ հասարակական կառուցապատման հատվածում, որպիսի գույքի օտարումը ևս ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը ենթակա չէ նվազեցման եկամտային հարկով հարկման օբյեկտից և ենթակա է հարկման: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դրա արդյունքում առաջացել են եկամտային հարկի գծով հարկային իրավահարաբերություններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր չէ և չի կարող բավարարվել»:

Վերաքննիչ դատարանը 28.06.2022 թվականի որոշմամբ Իշխան Բունարջյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.08.2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը կիրառելի չէ նշված հողատարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ այդ ենթակետով ձեռնարկատիրական գործունեության առարկա են դիտարկվում միայն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը:

Սույն դեպքում, խնդրո առարկա հողատարածքի նկատմամբ կիրառելի չէ նաև ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետը՝ հաշվի առնելով, որ առկա չէ դրանով նախատեսված փաստակազմը:

Վերոհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 06.03.2019թ. կնքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով՝ ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող 0.243 հա հողատարածքի՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողի օտարումից ստացված եկամուտը նվազեցման ենթակա եկամուտ է և եկամտային հարկով հարկման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է վերը նշված հասցեում գտնվող շինությանը, ապա Դատարանը բողոքարկվող դատական ակտով, արձանագրելով, որ հայցվորի կողմից օտարված շինությունը ձուլարան է, ինչն իր նշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, գտել է, որ վերջինս ՀՀ հարկային օրենսգրի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա: (...):

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դեռևս «Երևանի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 2015թ. կազմված Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող ձուլարանի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն՝ շենքի և կցակառույցի տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարկան նորմերի և հետազննության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվել է 4-րդ աստիճանի: Վերոնշյալ փորձաքննությամբ նշվել է նաև, որ շենքը ենթակա է ապամոնտաժման:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա շինությունը, թեև ՀՀ կադաստրի կոմիտեի 19.06.2006թ. 1995353 սեփականության իրավունքի վկայականում նշված է որպես ձուլարան, այնուամենայնիվ, այն չունի արտադրական նշանակության շինության՝ վերը նշված որակական հատկանիշները. այն է՝ չի ապահովում անհրաժեշտ պայմաններ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման համար, չի ապահովում անհրաժեշտ պայմաններ՝ այդ շինության ներսում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար: Այլ կերպ՝ ձուլարան անվանումով շինությունը պիտանի չէ արտադրական նպատակային նշանակությամբ օգտագործվելու համար:

Վերոհիշյալի հիման վրա արձանագրելով, որ իր ֆիզիկական վիճակով պայմանավորված՝ ձուլարանը բովանդակային առումով չի կարող դիտարկվել որպես արտադրական նպատակային նշանակության շինություն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 06.03.2019թ. կնքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով՝ ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող ձուլարանը ևս չի կարող դիտարկվել որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա: Ըստ այդմ՝ դրա օտարումից ստացված եկամուտը ևս նվազեցման ենթակա եկամուտ է և եկամտային հարկով հարկման ենթակա չէ:

Ի ամփոփումն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Իշխան Բունարջյանը չի կրում 06.03.2019թ. կնքված Պայմանագրով անշարժ գույքի օտարումից ստացված եկամտից եկամտային հարկ հաշվարկելու ու վճարելու պարտականություն»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ 06.03.2019 թվականին կնքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով Իշխան Բունարջյանը Վահագն Արսենյանին է վաճառել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 0.243հա հողատարածքից և 260քմ հասարակական տարածքից:

Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի՝ Իշխան Բունարջյանին հասցեագրված Վ1/5794/2019/ՓԾ ծանուցագրով հայտնվել է, որ ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Երևան, Կենտրոն Արշակունյաց պողոտա 18/10 հասցեի անշարժ գույքի 13.03.2019 թվականի օտարման գործարքից ստացված եկամտի առնչությամբ Իշխան Բունարջյանը, ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածի և 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, հանդիսանում է եկամտային հարկ վճարող: Առաջարկվել է մինչև 20042020 թվականը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել դրա արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների գումարը:

Ի պատասխան Իշխան Բունարջյանի 19.07.2019 թվականի դիմումի՝ Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետը 31.07.2019 թվականի թիվ 518 գրությամբ հայտնել է, որ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե լրացուցիչ կատարված հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Իշխան Բունարջյանի կողմից 13.03.2019 թվականին Երևան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում օտարված հողամասի գործառնական նշանակությունը եղել է հասարակական կառուցապատման, իսկ շինության նպատակային նշանակությունը՝ հասարակական»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով վերը նշված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2006 թվականի թիվ 1995353 վկայականի համաձայն՝ պայմանագրի առարկա ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասը թեև ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն, սակայն հողամասի օգտագործման նպատակն է «շինությամբ զբաղեցված հող», իսկ նույն վկայականում շինության օգտագործման նպատակն է՝ «ձուլարան»:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվոր Իշխան Բունարջյանի կողմից օտարված ձուլարանն իր նշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, որպիսի օբյեկտի օտարումը, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, որ օտարված հողամասը թեև բնակավայրերի հողամաս է, սակայն գործառնական նշանակությամբ բնակելի չէ, այլ ունի հասարակական նշանակություն, գտնվում է խառը կառուցապատման գոտու՝ հասարակական կառուցապատման հատվածում, որպիսի գույքի օտարումը ևս Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը ենթակա չէ նվազեցման եկամտային հարկով հարկման օբյեկտից և ենթակա է հարկման: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրա արդյունքում առաջացել են եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր չէ և չի կարող բավարարվել:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով նաև հայցվորի այն փաստարկին, ըստ որի՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի 09.10.2015 թվականի փորձագիտական եզրակացության համաձայն՝ ք. Երևան, Արշակունյաց 18/10 հասցեի ձուլարանի շենքի վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ անբավարար և վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը՝ 4-րդ աստիճանի, Վճռաբեկ դատարանը, համակարծիք լինելով նշյալ շինության վերաբերյալ Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը, ևս գտնում է, որ այդ հանգամանքը գործի լուծման համար նշանակություն չունի, քանի որ եկամտային հարկի առաջացման տեսանկյունից օրենսդիրը որոշիչ պայման է համարել գույքի նշանակությունը, այլ ոչ թե՝ դրա մաշվածության աստիճանը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվոր Իշխան Բունարջյանը կրում է 06.03.2019 թվականին կնքված Անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով անշարժ գույքի օտարումից ստացված եկամտից եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտականություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ հայցը ենթակա է մերժման, արձանագրում է, որ Իշխան Բունարջյանից հօգուտ Կոմիտեի ենթակա է բռնագանձման 20.000 դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09.08.2021 թվականի վճռին:

2. Իշխան Բունարջյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

քՄԿՈՅԱՆ

ա. Թովմասյան

Ռ. հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: