Գլխավոր տեղեկություն
Номер
N 2328-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 28.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2328-Լ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2328-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումներին) և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը չի տարածվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների վրա՝ հավաստագրի գործողության ընթացքում:

3. Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա։

4. Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ շահառու), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները՝

1) իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).

2) պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա՝ աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված՝ նոր ընդունված աշխատողները 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել.

4) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում սույն կարգի 9-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվա դրությամբ աջակցության ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը։

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները՝

1) մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, որը համեմատվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման օրվա դրությամբ աջակցության տրամադրման համապատասխան ամսվա աշխատողների թվաքանակի հետ.

2) 2022 թվականի մարտի 1-ից հետո պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունների կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերի համար սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակն առնվազն 10 կազմելը.

3) սույն կետում նշված աշխատողների թվաքանակները որոշվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված տվյալների և շահառուի ներկայացրած տվյալների հիման վրա։

7. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալները:

8. Շահառուին պետական աջակցությունը տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարող ամսվա (ամիսների) համար, սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան նոր ընդունված աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2024 թվականի հունվար ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

9. Պետական աջակցությունն ստանալու նպատակով շահառուն նախարարություն է ներկայացնում պետական աջակցությունն ստանալու համար դիմում՝ համաձայն սույն կարգի ձևի:

10. Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված՝ 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, նոր ընդունված աշխատողների՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ), 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում որևէ գործատուի մոտ աշխատող չհանդիսանալու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների (թվաքանակ, աջակցման ամսվա համար հաշվարկված եկամտային հարկ), համապատասխան ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների թվաքանակի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:

11. Պետական աջակցության տրամադրման համար յուրաքանչյուր ամիսը սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու առումով դիտարկվում է առանձին, սակայն դիմումը կարող է ներկայացվել մեկից ավելի ամիսների համար: Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է:

12. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված պետական աջակցության գումարները շահառուին փոխանցելու նպատակով նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) պետական աջակցության գումարի չափը։

13. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Ձև

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ

               

Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Քաղաքային հեռախոս (Բջջային հեռախոս) +(374)00000000/

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

Դիմումի ներկայացման ամսաթիվ

 

Խնդրում եմ 2024 թվականի _________________ ամսվա (ամիսների) համար տրամադրել Կառավարության սահմանած պետական աջակցություն:

 

Բանկը, որին փոխանցվելու է աջակցության գումարը

Հաշվի համարը, որին փոխանցվելու է աջակցության գումարը

   

Պաշտոնատար անձ

___________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան