Գլխավոր տեղեկություն
Номер
N 2307-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2023-11.10.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2307-Ն

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2024 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 7400 հատից ոչ ավելի ծավալով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2307-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:

3. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։

5. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

6. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում 2024 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2024, N 1589-Ն 11.10.2024, N 2307-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան