ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7499/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/7499/05/08 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Լ. Հակոբյան | |
|
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Ռ. Հակոբյան | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի հոկտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Արտաշես Անտոնյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Արտաշես Անտոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին 27․10․2008 թվականի որոշումը մասնակիորեն՝ վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Արտաշես Անտոնյանի՝ պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտաշես Անտոնյանը պահանջել է մասնակիորեն՝ վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության 27․10․2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արտաշես Անտոնյանից բռնագանձել պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարները։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Բեդևյան) 26․02․2009 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/7499/05/08 և թիվ ՎԴ1/0015/05/09 վարչական գործերը միավորվել են մեկ վարույթում թիվ ՎԴ/7499/05/08 համարի տակ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա․ Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 28.08.2009 թվականի վճռով Արտաշես Անտոնյանի հայցը մերժվել է, իսկ Կոմիտեի հայցը՝ բավարարվել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի որոշմամբ Դատարանի 28.08.2009 թվականի վճռի դեմ Արտաշես Անտոնյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2010 թվականի և 12.01.2011 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի որոշումը վերանայելու և Դատարանի 28.08.2009 թվականի վճիռը բեկանելու Արտաշես Անտոնյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքները վերադարձվել են։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Սարգսյան, դատավորներ՝ Լ․ Սոսյան, Հ․ Բեդևյան) 05․12․2011 թվականի որոշմամբ Դատարանի 28.08.2009 թվականի վճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Արտաշես Անտոնյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15․02․2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.12.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արտաշես Անտոնյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտաշես Անտոնյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործի շրջանակներում Արտաշես Անտոնյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել գանգատ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 22․10․2020 թվականին բավարարել է գանգատը և արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Այսինքն՝ սույն դեպքում ՀՀ վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է սույն գործով հայցվոր Արտաշես Անտոնյանի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, ինչն էլ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու հիմք է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից ՎԴ/7499/05/08 վարչական գործով 04․11․2009 թվականին կայացված «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և 28․09․2009 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դիմելով ՀՀ վարչական դատարան` Արտաշես Անտոնյանը պահանջել է մասնակիորեն՝ վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության 27․10․2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։
2) Դատարանի 28.08.2009 թվականի վճռով Արտաշես Անտոնյանի հայցը մերժվել է։
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի որոշմամբ Դատարանի 28.08.2009 թվականի վճռի դեմ Արտաշես Անտոնյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
4) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արտաշես Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով 22․10․2020 թվականի վճռով (գանգատ թիվ 24313/10) ճանաչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 46-րդ հոդվածն ամրագրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) վճիռների պարտադիր իրավաբանական ուժը։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմ են: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Եվրոպական դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող վճիռները կատարելու պարտավորության բովանդակությունը հստակեցվել է ինչպես Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքում, այնպես էլ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) համապատասխան հանձնարարականներում։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է․ «Վճիռը, որով ճանաչվել է խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերացնել այդ խախտումը և դրա հետևանքներն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը» (տե՛ս, Եվրոպական դատարանի Papamichalopoulos and Others v. Greece գործով 31․10․1995 թվականի վճիռը, գանգատ 14556/89, կետ 34)։
Ըստ Եվրոպական դատարանի՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրահանգումների հետ (տե՛ս, Եվրոպական դատարանի Scozzari and Giunta v. Italy գործով 13.07.2000 թվականի վճիռը, գանգատներ 39221/98 և 41963/98, կետ 249)։
Ըստ Եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ պատասխանող պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Եվրոպական դատարանի Öcalan v. Turkey գործով 12.05.2005 թվականի վճիռը, գանգատ 46221/99, կետ 210)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների միջոցով Եվրոպական դատարանն ամրագրել է restitutio in integrum սկզբունքը, որը հետագայում կիրառվել է Նախարարների կոմիտեի հանձնարարականներում։
Նախարարների կոմիտեի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» 19․01․2000 թվականին ընդունված R (2000)2 հանձնարարականով Նախարարների կոմիտեն, նկատի ունենալով, որ որոշ դեպքերում Կոնվենցիայի 46-րդ հոդվածում ամրագրված պարտավորության կատարումը բացի Կոնվենցիայի 41-րդ հոդվածին համապատասխան տրամադրվող արդարացի բավարարումից, կարող է պահանջել նաև այլ միջոցառումների և/կամ ընդհանուր միջոցառումների ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են տուժողի համար հնարավորինս ապահովել մինչև Կոնվենցիայի խախտումը գոյություն ունեցած դրությունը (restitutio in integrum), ինչպես նաև հաշվի առնելով, որ restitutio in integrum-ի հասնելու համար առավել արդյունավետ միջոցը գործի վերաքննությունն է կամ վարույթի վերաբացումը, «I. Առաջարկում է պայմանավորվող կողմերին ներպետական մակարդակում ապահովել համապատասխան հնարավորություններ հնարավորինս restitutio in integrum-ի հասնելու համար․
II. Խրախուսում է պայմանավորվող կողմերին, մասնավորապես, վերանայել իրենց ներպետական իրավական համակարգերը՝ ապահովելու համար գործերի վերաքննության, ներառյալ՝ վարույթների նորոգման, համապատասխան հնարավորությունների առկայությունն այն ատյաններում, որոնցում Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի խախտում»։
Այսպիսով նշված հանձնարարականում որպես restitutio in integrum սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոց մատնանշվում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը:
Մի շարք պայմանավորվող պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ընդունել են օրենսդրություն, որը երաշխավորում է Եվրոպական դատարանի՝ խախտում արձանագրած վճիռների հիման վրա ներպետական մակարդակում գործերի վերաքննության և վարույթների նորոգման իրավական հնարավորությունը։ Այդ իրավական հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի միջոցով։
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով նշված ինստիտուտի բովանդակությանը, արձանագրել է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումն այն բացառիկ դեպքերից է, երբ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու և սահմանադրական դատարանի որոշումների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման նպատակները գերակայում են res judicata դոկտրինայի հիմքում ընկած սկզբունքների, մասնավորապես` իրավական որոշակիության սկզբունքի, նկատմամբ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-984 որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ (․․․) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը»։ Նշված նորմում, ի թիվս այլնի, խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (․․․) նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:
Այսպիսով, նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու վերը նշված հիմքերի, ինչպես նաև այդ հանգամանքների հիմքով վարույթ հարուցելու կարգի ուսումնասիրությունը վկայում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակը, ի թիվս այլնի, անձանց՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների վերականգնումն է՝ ի ապահովումն Եվրոպական դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող վճիռների կատարման։ Ըստ այդմ՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայումն անհրաժեշտ և պարտադիր է, եթե վարույթի նորոգման միջոցով է միայն անձը հնարավորություն ստանում վերականգնել իր խախտված կոնվենցիոն իրավունքը, վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը՝ ի կատարումն Եվրոպական դատարանի վճռի։
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Արտաշես Անտոնյանը 22.12.2008 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության 27.10.2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը մասնակի` վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչելու պահանջով։ Նշված վարչական ակտով Արտաշես Անտոնյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել հաշիվ-ապրանքագրային արժեքի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված 178.092 կգ նետտո և 180.282 կգ բրուտտո քաշերով «ֆլոտոմաշինա» տեսակի լեռնահանքային սարքավորումների մաքսային արժեքի չափով` 579.506.236,48 ՀՀ դրամ։
Կոմիտեն 19.01.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արտաշես Անտոնյանի` պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջով։
ՀՀ վարչական դատարանը, հիմք ընդունելով Կոմիտեի` գործերը մեկ վարույթում միացնելու մասին միջնորդությունը, 26.02.2009 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/7499/05/09 գործն ըստ հայցի Արտաշես Անտոնյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության 27.10.2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը մասնակի` վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին և թիվ ՎԴ1/0015/05/09 վարչական գործն ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Արտաշես Անտոնյանի` պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին, միացրել է մեկ՝ թիվ ՎԴ/7499/05/08 վարույթում։
ՀՀ վարչական դատարանի 28․08․2009 թվականի վճռով Արտաշես Անտոնյանի հայցն ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության և իրավաբանական վարչության 27.10.2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը մասնակի` վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, Կոմիտեի հայցն ընդդեմ Արտաշես Անտոնյանի` պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է։ Վճռվել է Արտաշես Անտոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 579.506.236,48 (հինգ հարյուր յոթանասունինը միլիոն հինգ հարյուր վեց հազար երկու հարյուր երեսունվեց ՀՀ դրամ քառասունութ լումա) գումար` որպես Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 27.10.2008 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ մաքսային իրավախախտման համար նշանակված տուգանքի գումար, ինչպես նաև Արտաշես Անտոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 11.590.125 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր ինսուն հազար հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով պատասխանատվության վաղեմության երկամսյա ժամկետի պահպանված լինելու խնդրին` Դատարանն արձանագրել է․ «(․․․) մաքսային կանոնների իրավախախտումը Ա. Անտոնյանի կողմից կատարելու փաստը հայտնաբերվել, պարզ է դարձել միայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության բաժնի հետաքննիչ Ա. Խոնդկարյանի կողմից 17.10.2008 թվականին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա, որով արձանագրվել է իրավախախտումը Ա. Անտոնյանի կողմից կատարելու փաստը։ Իրավախախտումը հայտնաբերվելուց հետո, երկու ամսվա ընթացքում` 27.10.2008 թվականին նշանակվել է Ա. Անտոնյանի նկատմամբ համապատասխան վարչական տույժը։ Ավելին, հարկ է նշել նաև, որ չի լրացել նաև իրավախախտումը կատարվելու oրվանից 3 տարին»։
Դատարանի 28․08․2009 թվականի վճռի դեմ Արտաշես Անտոնյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից վերադարձվել է։ 04․11․2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ «բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել և հիմնավորել, թե Դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, ինչպես նաև չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118․6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հիմնավորումները»։ Վճռաբեկ դատարանն այդպիսով գտել է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի, 234-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118․6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Արտաշես Անտոնյանը, իրացնելով միջազգային դատական ատյանների առջև իր իրավական պաշտպանության իրավունքը, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (գանգատ թիվ 24313/10)։ Եվրոպական դատարանը գանգատի քննության արդյունքում 22․10․2020 թվականին կայացրած վճռով ճանաչել է Արտաշես Անտոնյանի Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում։ Ըստ Եվրոպական դատարանի՝ արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը դրսևորվել է հետևյալում․ թեև Կառավարության պնդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի իմաստով իրավախախտման հայտնաբերման օրը մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության կազմման և վարչական վարույթի հարուցման օրն է, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, այդ թվում՝ ներպետական դատական պրակտիկայի որևէ օրինակ՝ նշված հոդվածի վերաբերյալ իր կողմից տրված մեկնաբանության օգտին: Որևէ հիմք չի ներկայացվել այն մասին, որ այդ հոդվածը ներպետական դատարանների կողմից նման ձևով երբևէ մեկնաբանվել է, և այդ դրույթի վերաբերյալ որևէ այդպիսի մեկնաբանություն չի տրվել նաև սույն գործով Վարչական դատարանի կողմից իր 28․08․2009 թվականի որոշման մեջ: Ավելին, այդ դրույթի այդպիսի մեկնաբանությունը, ըստ Եվրոպական դատարանի, ուղղակիորեն կհակասեր Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և Մկրտիչ Յաղուբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արված եզրահանգումներին, որում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ մաքսային կանոնների խախտումը հայտնաբերվել է համապատասխան մաքսային ստուգման օրը, այլ ոչ թե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության կազմման օրը։
Եվրոպական դատարանը 22․10․2020 թվականի վճռի 42-րդ կետում, մասնավորապես, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի՝ իրավախախտումը հայտնաբերելու օրվա վերաբերյալ եզրահանգումը չի կատարվել այդ հարցի պատշաճ գնահատման արդյունքում, մինչդեռ նման գնահատումը եղել է կարևոր՝ դիմումատուի սեփականության իրավունքին միջամտելու օրինականությունը որոշելու հարցում: Գտնելով, որ դիմումատուի գործով իրավախախտումը հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրությունը համապատասխան պաշտոնատար անձի կողմից կազմվելու օրը՝ ՀՀ վարչական դատարանը չի ներկայացրել որևէ բացատրություն կամ պատճառաբանություն իր որոշման համար։ Ամբողջովին անտեսվել է այն փաստը, որ մինչ այդ օրն իրականացվել է մաքսային ստուգում, որով պարզվել են դիմումատուի կողմից կատարված արարքի փաստական տարրերը՝ չնայած նրան, որ մաքսային ստուգման արդյունքները նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համարվել են մաքսային խախտման հայտնաբերման օր՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի իմաստով:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի 22․10․2020 թվականի վճիռը, որով ճանաչվել է Արտաշես Անտոնյանի՝ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում, հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով։
Հաշվի առնելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի նպատակը, այն է՝ ապահովել restitutio in integrum սկզբունքի իրացումը ներպետական մակարդակում, և հիմք ընդունելով Եվրոպական դատարանի 22․10․2020 թվականի վճռի հիմքում ընկած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև Արտաշես Անտոնյանի՝ Եվրոպական դատարանի կողմից ճանաչված սեփականության իրավունքի խախտումը գոյություն ունեցած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04․11․2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում ՀՀ վարչական դատարանի 28․08․2009 թվականի վճիռը բեկանելու միջոցով։
Միաժամանակ, հաշվի առնելով Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումները, որ «․․․իրավախախտումը հայտնաբերելու օրվա վերաբերյալ եզրահանգումը չի կատարվել այդ հարցի պատշաճ գնահատման արդյունքում, … ամբողջովին անտեսվել է այն փաստը, որ մինչ այդ օրն իրականացվել է մաքսային ստուգում, որով պարզվել են դիմումատուի կողմից կատարված արարքի փաստական տարրերը», «․․․որպեսզի դիմումատուն օգտվեր Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից, նրա գործի հանգամանքներով պահանջվում էր ավելի խորը և մանրակրկիտ ուսումնասիրել այն հարցը, թե երբվանից է ՎԻՕ-ի 37-րդ հոդվածում նշված վաղեմության ժամկետը սկսել հաշվարկվել ․․․ Վարչական դատարանը չի անդրադարձել այդ հարցի որոշման համար կարևոր բոլոր հանգամանքներին»՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավախախտումը հայտնաբերելու օրը պարզելու նպատակով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու և ըստ այդմ՝ իրավախախտման վաղեմության երկամսյա ժամկետի հաշվարկի ելակետը պատշաճ հիմնավորվածությամբ որոշելու անհրաժեշտությունից ելնելով՝ գործը պետք է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.11.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Դատարանի 28.08․2009 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04․11.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացնել:
2. Բեկանել ՀՀ վարչական դատարանի 28․08․2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քնության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող և զեկուցող Լ. Հակոբյան Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ռ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|