Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2023
Дата вступления в силу
31.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3882/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3882/05/22

Նախագահող դատավոր՝

 Ա Թովմասյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող
զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան
Ք. Մկոյան

 

2023 թվականի հոկտեմբերի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սիլվա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19092022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սիլվա Հակոբյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը նրա տրամադրած հաշվեհամարին կամ նրա կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարելուն պարտավորեցնելու, և (կամ) Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիլվա Հակոբյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության անգործությունը և Ծառայությանը պարտավորեցնել իր տրամադրած հաշվեհամարին կամ իր կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարել իր կենսաթոշակը և/կամ կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

Դատարանի 18.07.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19092022 թվականի որոշմամբ Սիլվա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Եգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սիլվա Հակոբյանի կողմից լիազորագիրը տրվել է Ուկրաինայի Հանրապետությունում, ուստի Ուկրաինայի Հանրապետության նորմերով էլ այն պետք է գնահատվեր։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ լիազորագիրը վավերացվել է նոտարի կողմից, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ նշված լիազորագիրը Ուկրաինայի Հանրապետության օրենսդրության տեսանկյունից որևէ խնդիր չունի, և այն վավեր լիազորագիր է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկություններին՝ վարչական արդարադատության մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու համատեքստում։

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է առանձին դեպքերում օտարերկրյա իրավունքի կիրառման իրավական հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է նույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1255-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, հանգում են հետևյալին

- օտարերկյա իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ներպետական իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում են օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,

- օտարերկրյա իրավունքի կիրառումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված որոշակի ընդհանուր սկզբունքների վրա,

- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման հնարավորությունը սահմանափակվում է օրենքով սահմանված որոշակի արգելող պայմաններով։

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառումը բացառող հանգամանք է օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետևանքների հակասությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), որպիսի հակասությունը պետք է ունենա ակնհայտ բնույթ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետում «իրավակարգի հիմունքներ» (հանրային կարգ) հասկացության բովանդակությունը հանգում է հետևյալին իրավակարգի հիմունքները (հանրային կարգը) ներառում են այն իրավական հիմնարար սկզբունքները, որոնք ունեն համընդհանրություն, հասարակական առանձնահատուկ նշանակություն, ընկած են պետության տնտեսական, քաղաքական, իրավական համակարգերի հիմքում: Նման սկզբունքներ են հանդիսանում, մասնավորապես, պայմանագրի ազատության, իրավահարաբերության մասնակիցների հավասարության և նրանց բարեխղճության, իրավախախտմանը համահունչ քաղաքացիական պատասխանատվության, խախտված իրավունքների վերականգնման և խախտված իրավունքների դատական պաշտպանության սկզբունքները։

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը համապատասխան իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը որոշելիս պետք է պարզի

 1 արդյո՞ք Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթներով նախատեսված է համապատասխան հարաբերության կարգավորման համար օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,

2 համապատասխան օտարերկրյա իրավունքի նորմի բովանդակությունը,

3 արդյո՞ք օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետևանքներն ակնհայտորեն չեն հակասում Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին)։

Անդրադառնալով վարչական արդարադատության մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու առնչությամբ օտարերկրյա իրավունքի կիրառման հնարավորությանը վերն արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումին կցվում են լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագրի գործողության դադարման հիմք է, ի թիվս այլնի, լիազորագրի գործողության ժամկետի լրանալը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին ենթակետ)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի համաձայն՝ լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:

Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ օտարկերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետի նկատմամբ այդ օտարերկյա պետության իրավունքի նորմերի կիրառման կանոնն իմպերատիվ բնույթ ունի։ Օտարերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետի նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգավորումները։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օտարերկյա պետությունում տրված լիազորագրի վավեր լինելու հանգամանքը գնահատելու համար դատարանից պահանջվում է պարզել տվյալ օտարերկրյա պետության այն օրենսդրական կարգավորումները, որոնք սահմանում են լիազորագրի գործողության ժամկետը։ Օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը, որի ժամկետը գերազանցում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված լիազորագրի առավելագույն ժամկետը՝ երեք տարին, վավեր է, եթե չի լրացել տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը։ Օտարերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողությունը դադարելու հիմք է այդ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետի լրանալը։

Ինչ վերաբերում է օտարերկյա պետությունում տրված լիազորագրի ձևին ներկայացվող պահանջներին, ապա լիազորագրի ձևի նկատմամբ տվյալ օտարերկրյա պետության իրավունքի նորմերի կիրառման կանոնն իմպերատիվ բնույթ չի կրում եթե օտարերկրյա պետության իրավունքի նորմերով լիազորագրի ձևին ներկայացվող պահանջները պահպանված չեն, սակայն տվյալ լիազորագիրը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորագրի ձևին ներկայացվող պահանջներին, ապա տվյալ լիազորագիրը համարվում է վավեր։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական արդարադատության մարմիններում դատավարության մասնակիցների շահերը ներկայացնելու համար օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը վավեր է, եթե

- չի լրացել տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը, և

- պահպանված են լիազորագրի ձևին կա՛մ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, կա՛մ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջները։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սիլվա Հակոբյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության անգործությունը և Ծառայությանը պարտավորեցնել իր տրամադրած հաշվեհամարին կամ իր կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարել իր կենսաթոշակը և/կամ կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել։

Դատարանը հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ, ի թիվս այլնի, հայցադիմումը ներկայացվել է հայցվոր Սիլվա Հակոբյանի անունից և ստորագրվել է փաստաբան Տիգրան Եգորյանի կողմից, մինչդեռ հայցադիմումին կից չի ներկայացվել հայցադիմում ստորագրելու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագիր: Միաժամանակ Դատարանը փաստել է, որ հայցադիմումին կից ներկայացված 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվել է 22.02.2022 թվականին (թարգմանած ուկրաիներենից), մինչդեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել, ուստի տվյալ լիազորագրի գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվել է 22.02.2022 թվականին:

Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ նշելով, որ Տիգրան Եգորյանը կրկին ներկայացված հայցադիմումով չի վերացրել 20.06.2022 թվականին ներկայացրած հայցադիմումի սխալը, մասնավորապես, կրկին ներկայացված հայցադիմումը կրկին ստորագրվել է Տիգրան Եգորյանի կողմից, սակայն հայցադիմումին կից կրկին չի ներկայացվել հայցադիմում ստորագրելու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագիր:

Դատարանը նաև հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա օտարերկրյա իրավունքի նորմը չի կարող կիրառվել սույն դեպքում, քանի որ դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), իսկ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքները սահմանում են լիազորագրի գործողության ժամկետը երեք տարուց ավելի չլինելու իմպերատիվ պահանջ։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սիլվա Հակոբյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարանի կողմից ճիշտ է մատնանշվել հայցադիմումին կից ներկայացված՝ 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառված լինելու հանգամանքը և ըստ այդմ՝ հայցադիմումը ստորագրելու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագրի բացակայությունը, որպիսի թերությունը, սակայն, չի շտկվել hայցվորի կողմից:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին 21.02.2019 թվականին յոթ տարի ժամկետով տրվել է լիազորագիր Ուկրաինայի Հանրապետության տարածքում, որում լիազորողի կողմից ներկայացուցչին վերապահվել է, ի թիվս այլնի, լիազորություն՝ ներկայացնելու իր շահերը դատարաններում, և լիազորագիրը վավերացվել է Ուկրաինայի Հանրապետությունում նոտարի կողմից։

Ըստ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման՝ Դատարան դիմելիս 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի ուժով, ըստ որի՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել։

Մինչդեռ, հաշվի առնելով հայցադիմումին կից ներկայացված լիազորագիրն Ուկրաինայի Հանրապետությունում տրված լինելու հանգամանքը, սույն դեպքում կիրառելի էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի կոլիզիոն նորմը, ըստ որի՝ լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը։ Ըստ այդմ՝ խնդրո առարկա լիազորագրի գործողության մեջ գտնվելու, լիազորագրով սահմանված յոթամյա ժամկետի լրացած լինելու հանգամանքը գնահատելու համար Վերաքննիչ դատարանից պահանջվում էր պարզել Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ լիազորագրի գործողության ժամկետին ներկայացվող պահանջները, մասնավորապես, արդյո՞ք այդ պետության օրենսդրությամբ թույլատրելի է լիազորագիրը տրամադրել յոթամյա ժամկետով։

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1255-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, օտարերկրյա կիրառելի նորմի բովանդակությունը պարզելու նպատակով 11082023 թվականի «Վարչական գործով թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ պահանջել է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի հայերեն պաշտոնական թարգմանությունը։ Ի կատարումն ՀՀ վճռաբեկ դատարանի 11082023 թվականի «Վարչական գործով թարգմանիչ ներգրավելու մասին» որոշման՝ Վճռաբեկ դատարանին է տրամադրվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի պաշտոնական հայերեն թարգմանությունը։ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Լիազորագրի ժամկետը» վերտառությամբ 247-րդ հոդվածը սահմանում է

«1 Լիազորագրի ժամկետը սահմանվում է լիազորագրում։ Եթե լիազորագրի ժամկետը սահմանված չէ, այն պահպանում է վավերականությունը՝ մինչև դրա դադարեցումը։ (…)»։

Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նշված նորմի բովանդակությունից բխում է, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետը սահմանող իրավակարգավորումների, Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ լիազորագրի գործողության առավելագույն ժամկետ։ Լիազորագիր տվողը կարող է լիազորագրով սահմանել ցանկացած ժամկետ, և լիազորագիրը վավեր է, քանի դեռ չի լրացել դրանով սահմանված ժամկետը։

Հայցվոր Սիլվա Հակոբյանի կողմից Տիգրան Եգորյանին տրված լիազորագիրը թվագրված է 21022019 թվականին։ Լիազորագիրը վավերացված է Խարկովի մարզի Խարկովի քաղաքային նոտարական տարածքի մասնավոր նոտարի կողմից։ Լիազորագրում նշված է «Լիազորագիրը տրված է յոթ տարի ժամկետով և վավերական է մինչև երկու հազար քսանվեց թվականի փետրվարի քսանմեկը»։ Հայցադիմումը Սիլվա Հակոբյանի անունից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 23062022 թվականին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածով սահմանված կոլիզիոն նորմին համապատասխան նշված լիազորագրի վավերականությունը գնահատելով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահին՝ 23062022 թվականին, հայցադիմումին կից ներկայացված լիազորագրով սահմանված յոթամյա ժամկետը դեռևս լրացած չէրլիազորագրի ժամկետը լրանում է 21022026 թվականին։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ օտարերկրյա իրավունքի նորմի՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի կիրառումը բացառող հանգամանքը։ Այն է՝ սույն դեպքում նշված օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետևանքների Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքների (հանրային կարգի) միջև ակնհայտ որևէ հակասություն առկա չէ՝ հաշվի առնելով, որ այն չի խախտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ելակետային որևէ դրույթ՝ սկզբունք։

Արձանագրելով, որ սույն դեպքում

- առկա չէ օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանգամանք,

- հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահին խնդրո առարկա լիազորագրի գործողության յոթամյա ժամկետը լրացած չի եղել,

- լիազորագրի ձևին ներկայացվող պահանջի խախտում առկա չէ՝

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 21022019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից տրված լիազորագիրը վավեր և պատաճ լիազորագիր է Տիգրան Եգորյանի կողմից հայցվորի օրինական շահերը ՀՀ վարչական արդարադատության մարմիններում ներկայացնելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, որ 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին տրված լիազորագրի ժամկետը սպառված է եղել, անհիմն են։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 18.07.2022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, սահմանափակել է Սիլվա Հակոբյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ և 1282-րդ հոդվածները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19092022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող
 
Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: