Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.11.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
24.11.2023
Дата вступления в силу
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3638/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3638/05/22

Նախագահող դատավոր՝

 Ալ. Հարությունյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող 

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի նոյեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սպարտակ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սպարտակ Թադևոսյանի ընդդեմ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի (այսուհետ` Համայնք), երրորդ անձ՝ Լիլիա Նահապետյան, Համայնքի ղեկավարի 23.05.2022 թվականի թիվ 1502-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սպարտակ Թադևոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 23.05.2022 թվականի թիվ 1502-Ա որոշումը: Միաժամանակ Սպարտակ Թադևոսյանի կողմից ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) 28.06.2022 թվականի որոշմամբ Սպարտակ Թադևոսյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Է. Նահապետյան) 22.09.2022 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.12.2022 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.02.2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Դատարանի 08.12.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Թադևոսյանը (ներկայացուցիչներ՝ Ռաֆիկ Գրիգորյան, Տաթևիկ Մարտիրոսյան, Պարգև Սարոյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 20-րդ և 53-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 19032015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ և 19-րդ կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասը, 144-րդ հոդվածը, 148-րդ հոդվածի 8-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ նշելով, որ եթե վիճարկվեր ոչ թե շինարարության թույլտվություն տրամադրելու մասին որոշումը, այլ շինարարության թույլտվությունը, ապա վարչական ակտի կատարման կասեցումը հիմնավոր կլիներ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքի բաղկացուցիչ տարրերից մեկը՝ դատական ակտերի պարտադիրության և վերջնականության «res judicata» հանրաճանաչ սկզբունքը, քանի որ թույլ է տվել օրինական ուժի մեջ մտած որոշման վերանայում քողարկված բողոքարկման ձևով։

Վերաքննիչ դատարանը նաև դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի վերաքննիչ բողոքը պարունակել է այնպիսի հիմնավորումներ, որոնք առկա չեն եղել վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության մեջ, ուստի ՀՀ վարչական դատարանի կողմից այդ հիմնավորումները քննության առարկա չեն դարձվել։ Մասնավորապես՝ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի միջնորդությունը հիմնված է եղել այն հանգամանքի վրա, որ տարբեր ապացույցներով հաստատվում է, որ առկա չէ Սպարտակ Թադևոսյանին և իրեն պատկանող հողամասերի համադրում։ Մինչդեռ վերաքննիչ բողոքում երրորդ անձ Լիլիա Նահապետյանը բարձրացրել է նաև այն հարցը, որ շինարարական աշխատանքները պետք է կատարվեն շինարարության թույլտվության, այլ ոչ թե Համայնքի ղեկավարի 23.05.2022 թվականի թիվ 1502-Ա որոշման հիման վրա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09022023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու հիմքերը:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) հոդվածով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է Օրենսգրքով սահմանված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով կանխարգելվում է հայցվորին պատճառվելիք զգալի վնասը կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված դատավարական ինստիտուտի նպատակը, արձանագրել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, (․․․) նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01092023 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

41) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

(…)

9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

(…)

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները

- Վարչական ակտի կատարման կասեցումը կիրառվում է միայն վիճարկման հայցի (Օրենսգրքի 66-րդ հոդված) հիման վրա հարուցված գործերով։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի։

- Օրենսգրքով սպառիչ կերպով սահմանված դեպքերում վարչական ակտի կատարումն ինքնաբերաբար չի կասեցվում վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով, սակայն համապատասխան միջնորդության առկայության դեպքում վարչական դատարանը կարող է գործի քննության ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

- Վարչական ակտի կատարումը ենթակա չէ կասեցման օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

- Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի ինչպես վարչական ակտի կատարումը կասեցնելու, այնպես էլ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները։

- Օրենսդիրը, ամրագրելով վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու իրավական հնարավորություն, չի սահմանել դրա կոնկրետ հիմքերը։

Վճռաբեկ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու հիմքերն ու պայմաններն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի՝ վերը նշված գործառույթի ու նպատակի լույսի ներքո և վարչական ակտի կատարումը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի համատեքստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել վերաքննության կարգով համապատասխան որոշումը բողոքարկելու միջոցով, և այս մեխանիզմը միակն է, որի շրջանակներում կարելի է անդրադառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման հիմքում դրված փաստերի ու ապացույցների քննարկման արդյունքում ձևավորված եզրահանգման իրավաչափությանը։ Այլ կերպ՝ վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունն ստուգելու շրջանակներում է միայն, որ գնահատվում է ՀՀ վարչական դատարանի կողմից որոշումը կայացնելու պահի դրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։

Միաժամանակ, օրենսդիրը, նկատի ունենալով, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման ընդունումից հետո հնարավոր է փաստական վիճակի փոփոխություն, ի պաշտպանություն վարչական ակտի հասցեատիրոջ շահերի, նախատեսել է նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը վերացնելու իրավական հնարավորություն: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վարչական ակտի կատարումը կասեցնելու գործառույթն ու նպատակը, ինչպես նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերը, արձանագրում է, որ նախ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշման կայացումից հետո տեղի ունեցած փաստական դրության փոփոխության ուժով վերացել է կիրառված կանխարգելիչ դատավարական միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, այն է՝ այլևս առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Այլ կերպ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել այն դեպքում, երբ առկա է գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որպիսի պայմաններում վարչական ակտի կատարումը կասեցնելն այլևս չի ծառայում իր գործառույթին ու նպատակին և դառնում է ինքնանպատակ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները, ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի և (կամ) ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը կարող է վերացվել նաև այն դեպքում, երբ վարչական ակտի կատարումը կասեցնելիս դատարանի տրամադրության տակ չի գտնվել այնպիսի փաստ և (կամ) ապացույց, որի առկայության պայմաններում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն ներկայացնելիս դատավարության մասնակցից պահանջվում է ներկայացնել

- կամ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստ և (կամ) ապացույց, փաստական դրության փոփոխություն՝ հիմնավորելով, որ վերջիններիս առկայության պայմաններում վերանում է վարչական ակտի կատարման կասեցումը պահպանելու անհրաժեշտությունը,

- կամ այնպիսի փաստ և (կամ) ապացույց, որը դատարանի տրամադրության տակ չի եղել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշում կայացնելիս՝ հիմնավորելով, որ այդ փաստին և (կամ) ապացույցին տիրապետելու պայմաններում դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չէր բավարարվի։

Վերոհիշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված փաստարկները չեն կարող գտնվել վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վիճարկելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու իրավունքի իրացումը չպետք է վերածվի վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման քողարկված բողոքարկմանօրենսդիրն արդեն իսկ նախատեսել է այդ որոշման անմիջական բողոքարկման իրավական հնարավորություն: Ըստ այդմ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման շրջանակներում չի կարող գնահատման առարկա դառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։

Ի ամփոփումն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը կարող է վերացվել, եթե

- վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ ներկայացված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստի և (կամ) ապացույցի լույսի ներքո գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը՝ դատարանը եզրահանգում է, որ վերացել է վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը պահպանելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այլևս առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկած, կամ

- դատարանը, գնահատելով վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չգտնված և վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությամբ վկայակոչված փաստը և (կամ) ապացույցը, եզրահանգում է, որ այդ փաստի ուժով բացակայել է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, վարչական ակտի կատարումը կասեցնելու (կասեցումը մերժելու) որոշման բողոքարկման շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ստուգման է ենթակա ՀՀ վարչական դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու պահի դրությամբ գոյություն ունեցած փաստական վիճակում վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։ Մինչդեռ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման արդյունքում ընդունված որոշման բողոքարկման շրջանակներում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ստուգման է ենթակա կասեցման որոշումը վերացնելու վերը նշված հիմքերի առկայությունը (բացակայությունը)։

Ըստ այդմ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդության քննարկման արդյունքում ընդունված որոշման բողոքարկման շրջանակներում չի կարող քննության առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու պահի դրությամբ գոյություն ունեցած փաստական վիճակում վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայության (բացակայության) հարցը։ Հակառակ դեպքում կխախտվի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի պարտադիրության սկզբունքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Սպարտակ Թադևոսյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 23.05.2022 թվականի թիվ 1502-Ա որոշումը:

Միաժամանակ, հայցվորի կողմից ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանը 28.06.2022 թվականի որոշմամբ Սպարտակ Թադևոսյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ նշելով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի 23.05.2022 թվականի թիվ 1502-Ա որոշման կատարումը կարող է հայցվորին զգալի վնաս պատճառել, քանի որ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի կողմից շինարարական աշխատանքներն իրականացվում են Սպարտակ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում՝ ուսումնասիրելով ի հավաստումն նշված հանգամանքի Սպարտակ Թադևոսյանի կողմից ներկայացված Համայնքի ղեկավարի՝ ՀՀ ԱԳԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարին ուղղված գրությունն առ այն, որ 07-065-0105-0006 կադաստրային ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքով պատկանում է Սպարտակ Թադևոսյանին) կադաստրային քարտեզում գծագրված է տեղադիրքի շեղումով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 22.09.2022 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ արձանագրելով, որ «հայցվորի կողմից վկայակոչած փաստարկների և ներկայացրած փաստերի առկայությունը բավարար էր Դատարանին եզրահանգելու, որ վիճարկվող վարչական ակտի չկասեցումը հայցվորին կպատճառի զգալի վնաս»։

Երրորդ անձ Լիլիա Նահապետյանի կողմից ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդություն՝ փաստարկելով, որ ՀՀ կադաստրի կոմիտեի 18.11.2022 թվականի թիվ ԱՏ-1812022-07-0227 տեղեկանքով հավաստվել է, որ թիվ 07-065-0105-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համադրման վերաբերյալ տվյալներ առկա չեն: 2006 թվականի թիվ 2-3-559 վճռի հիման վրա հստակեցված հայցվորի հողամասի սահմանները և դիրքը համապատասխանում են հայցվորի անվամբ 2015 թվականին գրանցված հողամասի ուրվագծային տեսքին, չափերին և տեղադիրքին: ՀՀ կադաստրի կոմիտեի 25.08.2021 թվականի թիվ Մ-20686-2021 գրությամբ հաստատվել է, որ երրորդ անձի հողամասի գրանցումն իրականացնելիս համադրումներ չեն առաջացել:

Դատարանը 08.12.2022 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությունը մերժել է՝ արձանագրելով, որ երրորդ անձի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկներն ու ապացույցները գնահատողական տիրույթում են գտնվում, իրենց բնույթով անմիջականորեն չեն բացառում հայցվորի կողմից ներկայացված փաստարկները, ինչը վկայում է այն մասին, որ երրորդ անձի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկներն ու ապացույցները վերաբերում են վեճի ըստ էության լուծմանը, կարող են գնահատման արժանանալ գործի քննության ընթացքում ձեռք բերվող մնացյալ ապացույցների համադրման արդյունքում և ինքնին չեն հերքում արդեն իսկ հաստատված այն վտանգը, որ վիճարկվող որոշման կատարմամբ հայցվորին կարող է զգալի վնաս պատճառվել: Նման պայմաններում միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման։

Վերաքննիչ դատարանը 09.02.2023 թվականի որոշմամբ երրորդ անձ Լիլիա Նահապետյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ Դատարանի 08.12.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշումը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է՝ այն հիմնավորմամբ, որ «(...) վարչական ակտի կատարման կասեցման միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը: Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վիճարկման առարկա հանդիսացող թիվ 1502-Ա վարչական ակտի կատարումը ինքնին չի ենթադրում շինարարական աշխատանքների իրականացում, այլ շինարարական աշխատանքների իրականացման համար հիմք է հանդիսանում թիվ CCPP0-0000-1079 շինարարության թույլտվությունը, ուստի թիվ 1502-Ա որոշման կատարումը որևէ կերպ չի կարող հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականության մասին վկայել»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել որևէ փաստ կամ փաստարկ, որը 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն ընդունելու պահին ՀՀ վարչական դատարանին հայտնի չի եղել, և հայտնի լինելու դեպքում վերջինս չէր բավարարի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձվել նաև ՀՀ վարչական դատարանի 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման ընդունումից հետո ի հայտ եկած որևէ նոր փաստ, փաստական դրության փոփոխություն, որպիսի պայմաններում վերացած կլիներ վարչական ակտի կատարման կասեցումը պահպանելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ ոչ թե ըստ էության ստուգվել են ՀՀ վարչական դատարանի 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացնելու հիմքերի առկայությունը (բացակայությունը), այլ ստուգվել է ՀՀ վարչական դատարանի 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման իրավաչափությունը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է այդ որոշումը վերացնելու հիմքերի բացակայության պայմաններում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով ՀՀ վարչական դատարանի 28.06.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, սահմանափակել է Սպարտակ Թադևոսյանի արդար դատաքննության իրավունքը, որի արդյունավետ իրացմանն է ուղղված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.02.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան