Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
22.09.2023
Дата вступления в силу
22.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2102/05/20
2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2102/05/20

Նախագահող դատավոր՝

 Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դատավորներ՝

 Կ. Ավետիսյան

 Ռ Մախմուդյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող և զեկուցող

Լ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՌԻՈ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05112021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք՝ «Տիտան Oիլ» ՍՊԸ, «Սիվաս» ՍՊԸ՝ 17.01.2020 թվականին տրված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թիվ 223-01 թույլտվությունը և 17.01.2020 թվականին տրված ժամը 24:00-ից հետո աշխատելու համար թիվ 223-3 թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 17.01.2020 թվականին տրված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թիվ 223-01 թույլտվությունը և 17.01.2020 թվականին տրված ժամը 24:00-ից հետո աշխատելու համար թիվ 223-3 թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ավագյան) (այսուհետ` Դատարան) 13082020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05112021 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի և «Սիվաս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն, և Դատարանի 13082020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է՝ վարչական գործի վարույթը կարճվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Նորայր Յուզբաշյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ հոդվածը, «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկման հայցի դեպքում հայցվորի և վարչական մարմնի միջև վեճը վերաբերում է վերջինիս ընդունած վարչական ակտի իրավաչափությանը։ Ընդ որում, վարչական ակտի իրավաչափության գնահատումն անհրաժեշտ է ոչ միայն այն անվավեր ճանաչելու համար, այլ վարչարարությամբ պատճառված վնասը հատուցելու, հետագայում համանման վարչական ակտ ընդունելը կանխելու և օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով։ Այսինքն՝ այն դեպքում, երբ վարչական ակտն ուժը կորցրել է, սակայն հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում նշված երեք հիմքերից որևէ մեկով արդարացիորեն շահագրգռված է ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, ապա նյութաիրավական վեճը պահպանվում է, սակայն առաջ է գալիս միայն հայցատեսակի հստակեցման անհրաժեշտություն։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05112021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 17012020 թվականի «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի» թիվ 223-01 թույլտվության համաձայն՝ հայտատու «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին տրվել է Հր Քոչար փողոցին հարող տարածքում 01012020 թվականից մինչև 31122020 թվականը հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 28)։

2) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 17012020 թվականի «Ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար» թիվ 223-03 թույլտվության համաձայն՝ հայտատու «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին տրվել է Հր Քոչար փողոցին հարող տարածքում 01012020 թվականից մինչև 31122020 թվականը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 29)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք վիճարկման հայցի քննության շրջանակներում հայցի նյութական օբյեկտ հանդիսացող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու փաստը (այդ թվում՝ գործողության ժամկետի ավարտման հետևանքով) հիմք է վեճն ըստ էության սպառված համարելու և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա գործի վարույթը կարճելու համար։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքը և դրա արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները: Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը կամ կանխարգելելու իրավունքների ենթադրյալ խախտումը:

Վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի առկայությունն է։ Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ օրենսդիրը որպես գործի վարույթը կարճելու հիմք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ամրագրել է վեճն ըստ էության սպառվելու հանգամանքը։

Յուրաքանչյուր վեճի առանցքում շահագրգիռ անձի այն կոնկրետ սուբյեկտիվ իրավունքն է, որը վերականգնելու կամ որի խախտումը կանխարգելելու նպատակով հայց է հարուցվել դատարանում։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակների ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է իրավունքի առավել արդյունավետ վերականգնումն ապահովելու համար։ Ընդ որում, ճիշտ հայցատեսակի ընտրության գործընթացում ակտիվ դերակատարություն է վերապահված ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության կատարման միջոցով։

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Նշված հայցատեսակի նյութական օբյեկտն իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտն է։ Այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով։

Միաժամանակ, նպատակ ունենալով վարչական արդարադատության ոլորտում երաշխավորել դատական պաշտպանության իրավունքի լիարժեք ու արդյունավետ իրացումը՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է ճանաչման հայցատեսակ՝ որպես դատավարական կառուցակարգ այն դեպքերի համար, երբ տվյալ միջամտող վարչական ակտն այլևս իրավաբանական ուժ չունի։

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Նշված ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում, ի թիվս այլնի, վիճարկել այն միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, որն այլևս իրավաբանական ուժ չունի: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ:

Նշված հայցատեսակով հետապնդվող՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված իրավական նպատակների բովանդակությունից բխում է, որ այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում

- կամ նույնաբովանդակ խախտումը կանխելու միջոցով,

- կամ վնասի հատուցման պահանջի համար անհրաժեշտ նախադրյալ հանդիսացող՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու փաստի ճանաչման միջոցով,

- կամ հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավ վերականգնելու միջոցով։

 Օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի և 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առանձնահատկությունների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հայցատեսակների համար ընդհանրական են հետևյալ տարրերը

- երկու հայցատեսակների դեպքում էլ հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է մի դեպքում իրավաբանական ուժ ունեցող, մյուս դեպքում՝ իրավաբանական ուժը կորցրած,

- երկու հայցատեսակների դեպքում էլ վարչական ակտի հասցեատերը դատական պաշտպանություն է հայցում ընդդեմ միջամտող վարչական ակտի,

- երկու հայցատեսակների դեպքում էլ վեճի բովանդակությունը կազմում է վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ ակտի հասցեատիրոջ և ակտն ընդունած վարչական մարմնի միջև տարաձայնությունը։

Տարբեր են միայն այդ հայցատեսակների շրջանակներում դատական պաշտպանության արդյունքում իրավունքի վերականգնման եղանակները՝ պայմանավորված վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու և չունենալու հանգամանքով։ Եթե վիճարկման հայցի դեպքում իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով, ապա ճանաչման հայցի դեպքում՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված նպատակներն իրացնելու միջոցով։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ և՛ վիճարկման հայցի, և՛ ճանաչման հայցի (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված) պարագայում հայցվորի դատական պաշտպանության դիմելու հիմնական նպատակը դատարանի կողմից միջամտող վարչական ակտի ոչ իրավաչափ ճանաչումն է, այսինքն՝ վեճը վարչական ակտի ոչ իրավաչափ (իրավաչափ) լինելու հարցի շուրջ է, իսկ համապատասխան վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու փաստը (այդ թվում՝ վարչական ակտի գործողության ժամկետի ավարտման հիմքով) չի կարող ազդեցություն ունենալ առկա նյութաիրավական վեճի բովանդակության վրա։ Նշված հանգամանքն ազդեցություն ունի միայն տվյալ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության համար ճիշտ հայցատեսակի ընտրության վրա։ Այսինքն՝ «նյութաիրավական վեճ» և «հայցի առարկա» հասկացությունները նույնական չեն և իրավակիրառ պրակտիկայում չեն կարող նույնացվել։

Հաշվի առնելով վիճարկման հայցի և Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի վերը նշված ընդհանրությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու փաստը որևէ կերպ չի ենթադրում, որ տվյալ ակտի ոչ իրավաչափության (իրավաչափության) շուրջ կողմերի միջև վեճն այլևս սպառված է։ Վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու դեպքում անփոփոխ է մնում վեճի բովանդակությունը կազմող՝ վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ ակտի հասցեատիրոջ և ակտն ընդունած վարչական մարմնի միջև տարաձայնությունը։ Անփոփոխ է մնում նաև վեճի առանցքում գտնվող այն իրավունքը, որի պաշտպանությամբ շահագրգիռ անձն սկզբնապես ներկայացրել է վիճարկման հայց։ Վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու դեպքում պարզապես տեղի է ունենում խախտված իրավունքի վերականգնման եղանակների փոխակերպում։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու դեպքում իրավաչափ չէ վեճն ըստ էության սպառված համարելը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով գործի վարույթը կարճելը։ Նման իրավիճակում ՀՀ վարչական դատարանի իրավաչափ վարքագիծը ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարումն է։ Հաշվի առնելով, որ իրավաբանական ուժը կորցրած վարչական ակտը հանդիսանում է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի նյութական օբյեկտը՝ նման իրավիճակում ՀՀ վարչական դատարանից պահանջվում է առաջարկել հայցվորին ներկայացված վիճարկման հայցը փոխարինել ճանաչման հայցով։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վեճը կարող է սպառված համարվել այն դեպքում միայն, երբ վերանում է տվյալ վեճի առանցքում գտնվող սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այն է՝ վերականգնվում է խախտված իրավունքը, որի պաշտպանությամբ շահագրգիռ անձը դիմել է դատարան կամ եթե վերացել է այն իրավունքի խախտման վտանգը, որը կանխարգելելու նպատակով անձը դիմել է դատարան։ Մինչդեռ, վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու արդյունքում հայցվորի իրավունքի վերականգնում տեղի չի ունենում և իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չի վերանում։

Վարչական ակտը, ի թիվս այլնի, իրավաբանական ուժը կորցնում է ակտի գործողության ժամկետի ավարտման ուժով։ Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով: (…) Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը: Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է, երբ ավարտվում է այդ ակտով նախատեսված ժամկետը։

Վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանում վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության ընթացքում լրանում է որոշակի ժամկետով ընդունված վիճարկվող վարչական ակտի գործողության ժամկետը, տվյալ վարչական ակտի իրավաչափության (ոչ իրավաչափության) շուրջ նյութաիրավական վեճը, անկախ նշված հանգամանքից, շարունակում է գոյություն ունենալ։ Վիճարկման հայցի նյութական օբյեկտ հանդիսացող վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելը՝ այդ ակտի գործողության ժամկետի ավարտման հիմքով, չի ենթադրում առկա նյութաիրավական վեճի սպառում, քանզի հայցվորի խախտված իրավունքների ամբողջական վերականգնում այդ պարագայում տեղի չի ունենում։ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում որոշակի ժամկետով ընդունված վիճարկվող վարչական ակտի գործողության ավարտի դատավարական հետևանքը ոչ թե Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով գործի վարույթի կարճումն է, այլ վիճարկման հայցը ճանաչման հայցատեսակով փոխարինելու առաջարկով մատնանշում կատարելն է։

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ վիճարկվող վարչական ակտի գործողության ժամկետը լրանում է ՀՀ վարչական դատարանի կողմից վիճարկման հայցի հիման վրա վճիռ կայացնելուն հաջորդող դատավարության փուլերում, նշված հանգամանքը որևէ դատավարական հետևանք չի կարող առաջացնել՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանը վարչական ակտի գործողության ժամկետի լրացած չլինելու պայմաններում իրավաչափորեն գործը քննել է վիճարկման հայցի շրջանակներում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 17.01.2020 թվականին տրված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թիվ 223-01 թույլտվությունը և 17.01.2020 թվականին տրված ժամը 24:00-ից հետո աշխատելու համար թիվ 223-3 թույլտվությունը:

Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարտավոր էր վիճարկվող թույլտվությունները տալ միայն բենզալցակայանի՝ քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերի պահանջներին համապատասխանելու դեպքում, մինչդեռ տվյալ դեպքում սույն գործի փաստերով հաստատվում է, որ վեճի առարկա հանդիսացող բենզալցակայանը չի համապատասխանում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին, որպիսի պայմաններում չէր կարող թույլատրվել հեղուկ վառելիքի վաճառք, ուստի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարտավոր էր մերժել սույն գործով վեճի առարկա հանդիսացող թույլտվությունների տրամադրումը։

 Դատարանը, անդրադառնալով երրորդ անձի այն փաստարկին, որ քաղաքաշինական կանոնների պահպանումը չի հանդիսանում վիճարկվող որոշումների տրամադրման համար անհրաժեշտ հիմք, արձանագրել է, որ այն անհիմն է, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի համար սահմանված է քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված լինելու պահանջ, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Երևան քաղաքի ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարն իրավասու էր սույն գործով վիճարկվող թույլտվությունները տալ բացառապես հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի՝ քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված լինելու դեպքում։

Վերաքննիչ դատարանը, Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով կարճել է վարչական գործի վարույթը, նշելով, որ «(…) հայցվորի հիմնական պահանջը վերաբերում է 17012020 թվականի «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի» թիվ 223-01 թույլտվությունը և 17012020 թվականի «Ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար» թիվ 223-03 թույլտվությունն անվավեր ճանաչելուն, իսկ վիճարկվող թույլտվությունների գործողության ժամկետը սպառվել է 2020թ դեկտեմբերի 31-ին, և (…) վեճն ըստ էության սպառվել է»։

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 17012020 թվականի «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի» թիվ 223-01 թույլտվության համաձայն՝ հայտատու «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին տրվել է Հր Քոչար փողոցին հարող տարածքում 01012020 թվականից մինչև 31122020 թվականը հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու թույլտվություն և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 17012020 թվականի «Ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար» թիվ 223-03 թույլտվության համաձայն՝ հայտատու «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին տրվել է Հր Քոչար փողոցին հարող տարածքում 01012020 թվականից մինչև 31122020 թվականը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված վարչական ակտերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հանդիսանում են որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտեր, և դրանց գործողությունը սահմանափակվել է 01012020-31122020 թվականներն ընկած ժամանակահատվածով։ Այդ ակտերը դրանցում նշված ժամկետի ավարտից հետո կորցրել են իրավաբանական ուժը։

Ընկերությունն իրավաչափորեն վիճարկման հայց է ներկայացրել 02042020 թվականին՝ վիճարկվող վարչական ակտերի գործողության ժամկետում՝ խնդրելով անվավեր ճանաչել 17.01.2020 թվականին տրված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թիվ 223-01 թույլտվությունը և 17.01.2020 թվականին տրված ժամը 24:00-ից հետո աշխատելու համար թիվ 223-3 թույլտվությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում, ՀՀ վարչական դատարանի կողմից սույն գործով 13082020 թվականին վճիռը կայացնելու պահի դրությամբ վիճարկվող վարչական ակտերի գործողության ժամկետը դեռևս ավարտված չէր, և վերջիններս իրավաբանական ուժը չէին կորցրել։ Այդ ակտերի գործողության ժամկետն ավարտվել է, և ըստ այդմ՝ դրանք կորցրել են իրավաբանական ուժը վերաքննության փուլում։

Վերաքննիչ դատարանը կարճել է վարչական գործի վարույթը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ վիճարկվող վարչական ակտերի գործողության ժամկետներն սպառվել են 31122020 թվականին։

Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան նախ արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտերի գործողության ժամկետի ավարտը և ըստ այդմ՝ իրավաբանական ուժը կորցնելու հանգամանքը չէր կարող դիտարկվել որպես փաստական հիմք՝ վեճն ըստ էության սպառված լինելու պատճառաբանությամբ գործի վարույթը կարճելու համար, քանզի այդ ակտերի իրավաչափության (ոչ իրավաչափության) վերաբերյալ իրավական վեճը կողմերի միջև շարունակվել է անկախ դրանց իրավաբանական ուժը կորցնելու հանգամանքից։

 Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտերի՝ վերաքննության փուլում իրավաբանական ուժը կորցնելու հանգամանքը որևէ դատավարական հետևանք չէր կարող առաջացնել, քանզի Դատարանի կողմից 13082020 թվականին վճիռը կայացնելու պահի դրությամբ վիճարկվող վարչական ակտերի գործողության ժամկետը դեռևս ավարտված չէր, և Դատարանն իրավաչափորեն գործը քննել է վիճարկման հայցի շրջանակներում։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել վեճն ըստ էության սպառված լինելու փաստի և այդ հիմքով գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքի առկայության վերաբերյալ։ Սույն դեպքում բացակայել է գործի վարույթը՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմնավորմամբ կարճելու փաստական հիմքը, որպիսի հիմքի բացակայության պայմաններում գործի վարույթի կարճումը սահմանափակել է հայցվոր Ընկերության դատարանի մատչելիության իրավունքը՝ զրկելով վերջինիս իր գործի ըստ էության քննության հնարավորությունից։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05112021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Լ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: