ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10860/05/18 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10860/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ | |
ա. Թովմասյան ռ. հակոբյան |
2023 թվականի դեկտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գրիգոր Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.12.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ Գոռ Կոստանդյան` ՀՀ ոստիկանության պետի 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանն անվավեր ճանաչելու և ՀՀ ոստիկանությանը Գրիգոր Նիկողոսյանին միջին աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 31.08.2018 թվականից հատուցում վճարել պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գրիգոր Նիկողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանը և պարտավորեցնել միջին աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 31.08.2018 թվականից, իրեն վճարել հատուցում, որից իր կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի առաջին չորս` 2018 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար, վճարել միջին աշխատավարձի պակաս վճարված գումարի տարբերությունը՝ ամսական՝ 18.662 ՀՀ դրամի չափով, ընդհանուր 4 ամսվա համար՝ 74.648 ՀՀ դրամ, վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով՝ ամսական 310.887 ՀՀ դրամի չափով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 01.01.2019 թվականից:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 18.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ ոստիկանության պետի 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանը, ՀՀ ոստիկանությունից հօգուտ Գրիգոր Նիկողոսյանի, որպես հարկադիր պարապուրդի գումար, բռնագանձվել է 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար՝ 74.648 ՀՀ դրամ, 01.01.2019 թվականից մինչև 06.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձը։ Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2021 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 18.11.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Նիկողոսյանը (ներկայացուցիչ Վարդան Մկրտչյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, 76-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորն իր հայցադիմումում, որպես գրանցման (հաշվառման) հասցե, նշել է քաղաք Արտաշատ, Գայի փողոց 8 տուն հասցեն, որպես ծանուցման հասցե՝ նշել է քաղաք Արտաշատ, Գայի փողոց 16 տուն հասցեն, իսկ հետագայում ներկայացված բոլոր փաստաթղթերում, որպես ծանուցման հասցե, հստակ նշվել է քաղաք Երևան, Արշակունյաց պողոտա 9 շենք, շինություն 5 հասցեն, ինչպես նաև հայցվոր Գրիգոր Նիկողոսյանի հաշվառման (գրանցման) հասցեն` քաղաք Արտաշատ, Գայի փողոց 8 տուն:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքը, այդ հասցեներով ծանուցում ընդհանրապես չի ուղարկել, բավարարվել է միայն հայցադիմումում նշված՝ քաղաք Արտաշատ, Գայի փողոց 16 տուն հասցեով ծանուցում ուղարկելով, որի արդյունքում դատական նիստերն անց է կացրել հայցվորի բացակայությամբ։ Մինչդեռ, ո'չ Գրիգոր Նիկողոսյանը և ո'չ էլ վերջինիս ներկայացուցիչը 02.12.2021 թվականին նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցված չեն եղել, իսկ վերջիններիս տեղեկացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց սույն վարչական գործում առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22․12․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ ՀՀ ոստիկանության պետի 31.08.2018 թվականի թիվ 2824-Ա հրամանի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Գրիգոր Ալբերտի Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) բաժնի պետի պաշտոնից ազատվել է և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում (հատոր 1-ին, գ.թ. 18):
2․ Գրիգոր Նիկողոսյանի ներկայացուցիչը 30.10.2018 թվականին առձեռն Դատարան ներկայացված հայցադիմումում, որպես բնակության և ծանուցման հասցե, նշել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց 16 տուն, ինչպես նաև որպես հայցվորի ներկայացուցչի ծանուցման հասցե նշել է քաղաք Երևան, Գ. Շերամի 92/3 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 5-14):
3․ Գրիգոր Նիկողոսյանը 14․05․2019 թվականին առձեռն Դատարան ներկայացված «Հայցի առարկայի փոփոխություն (լրացում)» (հատոր 1-ին, գ.թ. 138-140), ինչպես նաև 18․07․2019 թվականին փոստային առաքմամբ Դատարան ներկայացված «Ածանցյալ պահանջի՝ Գրիգոր Նիկողոսյանի աշխատավարձի չափի հստակեցում» դատավարական փաստաթղթերում որպես ծանուցման հասցե նշել է քաղաք Երևան, Արշակունյաց 9, շինություն 5 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 155-156):
4․ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սարգսյան, դատավորներ` Կ. Ավետիսյան, Կ. Բաղդասարյան) 18.01.2021 թվականի որոշմամբ բավարարվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 23-24): Նշված որոշումը Գրիգոր Նիկողոսյանին ուղարկվել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց տուն 16 հասցեով, և վերջինիս կողմից ստացվել է 05.02.2021 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 28-30):
5․ Հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի 16.07.2021 թվականի թիվ 22-Ա հրամանը` կատարված գործերի վերաբաշխման արդյունքում թիվ ՎԴ/10860/05/18 վարչական գործը վերամակագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր Էդվարդ Նահապետյան, դատավորներ Լիանա Հակոբյան, Կարեն Գևորգյան: Վերաքննիչ դատարանի 29.07.2021 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, գործի դատաքննությունը նշանակվել է 02.12.2021 թվականին, ժամը` 12:00-ին (հատոր 3-րդ, գ.թ. 52-57):
6․ Վերաքննիչ դատարանի 29.07.2021 թվականի Վարչական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը Գրիգոր Նիկողոսյանին 29.07.2021 թվականի և 19.08.2021 թվականի կից գրություններով ուղարկվել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց տուն 16 հասցեով։ Փոստային ծրարները վերադարձվել են «Բացակա» նշումներով: Նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում՝ որպես Գրիգոր Նիկողոսյանի հասցե՝ նշվել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց տուն 16 հասցեն (հատոր 3-րդ, գ.թ. 64-72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում` նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, նույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծության ադրյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցները ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին։ Մասնավորապես ծանուցագրերն ուղարկվում են դատավարության մասնակիցների նշած հասցեով, միաժամանակ, նրանք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին՝ համապատասխան հաղորդում ներկայացնելով դատարան։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ դատարանին ուղղված հաղորդումը կարող է դրսևորվել, ի թիվս այլնի, նաև դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերում դատավարության մասնակիցների հասցեի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ներառելով։
Հակառակ դեպքում ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Հայկ Մուրադյանի թիվ ՎԴ/1473/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ թեև վերը նշված իրավական դիրքորոշումների մի մասը արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակներում, այնուամենայնիվ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ։
Միաժամանակ, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցները ծանուցվում են վերջիններիս կողմից նշված ծանուցման հասցեներով, իսկ այն պարագայում, երբ դատավարության մասնակիցը պատշաճ կերպով հայտնել է դատարանին տվյալ ծանուցման հասցեի փոփոխության մասին, դատարանը պետք է դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին տվյալ դատավարության մասնակցի իրազեկումն իրականացնի նշված նոր ծանուցման հասցեով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Գրիգոր Նիկողոսյանը 30.10.2018 թվականին առձեռն դատարան ներկայացված հայցադիմումում որպես ծանուցման և բնակության հասցե նշել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց 16 տուն հասցեն (ինչպես նաև որպես հայցվորի ներկայացուցչի ծանուցման հասցե նշել է քաղաք Երևան, Գ. Շերամի 92/3 հասցեն):
Գրիգոր Նիկողոսյանը 14․05․2019 թվականին առձեռն Դատարան ներկայացված «Հայցի առարկայի փոփոխություն (լրացում)» (հատոր 1-ին, գ.թ. 138-140), ինչպես նաև 18․07․2019 թվականին փոստային առաքմամբ Դատարան ներկայացված «Ածանցյալ պահանջի՝ Գրիգոր Նիկողոսյանի աշխատավարձի չափի հստակեցում» դատավարական փաստաթղթերում, որպես ծանուցման հասցե, նշել է քաղաք Երևան, Արշակունյաց 9, շինություն 5 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 155-156):
Հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահի 16.07.2021 թվականի թիվ 22-Ա հրամանը` կատարված գործերի վերաբաշխման արդյունքում թիվ ՎԴ/10860/05/18 վարչական գործը վերամակագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր Էդվարդ Նահապետյան, դատավորներ Լիանա Հակոբյան, Կարեն Գևորգյան: Վերաքննիչ դատարանի 29.07.2021 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, գործի դատաքննությունը նշանակվել է 02.12.2021 թվականին, ժամը 12:00-ին: Նշված որոշումը Գրիգոր Նիկողոսյանին 29.07.2021 թվականի և 19.08.2021 թվականի կից գրություններով ուղարկվել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց, տուն 16 հասցեով։ Փոստային ծրարները վերադարձվել են «Բացակա» նշումներով: Նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում և որպես Գրիգոր Նիկողոսյանի հասցե՝ նշվել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց, տուն 16 հասցեն:
Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Նիկողոսյանի կողմից «Հայցի առարկայի փոփոխություն (լրացում)» ինչպես նաև «Ածանցյալ պահանջի՝ Գրիգոր Նիկողոսյանի աշխատավարձի չափի հստակեցում» դատավարական փաստաթղթերի ներկայացմամբ կատարվել է հայցվորի ծանուցման հասցեի փոփոխություն, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հետագա դատավարական փաստաթղթերն ուղարկել նոր ծանուցման հասցեով, այն է` քաղաք Երևան, Արշակունյաց 9, շինություն 5: Այնինչ, Վերաքննիչ դատարանը հայցվորին 02.12.2021 թվականին կայանալիք դատական նիստի մասին տեղեկացրել է Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Գայի փողոց տուն 16 հասցեով, իսկ բողոքի քննությունն անց է կացրել ոչ պատշաճ ծանուցված հայցվորի բացակայությամբ, որի արդյունքում դատավարության մասնակցին զրկել է Վերաքննիչ դատարանում հանդես գալու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ:
Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.12.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ք․ ՄԿՈՅԱՆ ա. Թովմասյան Ռ. հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|