Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.10.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
06.10.2023
Дата вступления в силу
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3551/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3551/05/22

Նախագահող դատավոր՝

 Ա Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի հոկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Նվեր Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 27.01.2022 թվականի թիվ ԱՖ 844389 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08092022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Նվեր Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նվեր Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.01.2022 թվականի թիվ ԱՖ 844389 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Վ Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 13072022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08092022 թվականի որոշմամբ Նվեր Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նվեր Պետրոսյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Բադալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 59-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 65-69-րդ, 72-73-րդ, 77-80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն դեպքում, երբ վարչական ակտի դեմ վարչական կարգով բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնվելուց հետո ներկայացված բողոքը վարչական մարմինը քննության չի առել` բողոքի քննության համար սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով, ապա չի հաղթահարվել մինչև դատարան հայց ներկայացնելը վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու պարտադիր պահանջը: Մինչդեռ հայցվորը Ծառայության 27.01.2022 թվականի թիվ ԱՖ 844389 որոշումն ստանալուն պես օրենքով սահմանված կարգով բողոքարկել է վարչական մարմնին և ի պատասխան՝ ստացել է 30.03.2022 թվականի թիվ 7-13-25685 գրությունը, որը կցել է հայցադիմումին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08092022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և (կամ) կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտման, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանի խնդիրն է հստակեցնել, թե ո՞ր դեպքերում է բավարարված համարվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական կարգով բողոքարկելու պահանջը՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման՝ վերահաստատելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված ՀՀ վարչական դատարան դիմելու պարտադիր նախապայմանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձի իրավունքների ու ազատությունների ինչպես դատական կարգով պաշտպանության իրավունքը (61-րդ հոդված), այնպես էլ վարչական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Նշված սահմանադրական նորմերին համահունչ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է.

«1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո»։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

Ամրագրելով վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկման պարտադիր պահանջը՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու նախապայման՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է վարչական կարգով բողոքարկման կարգն ու ժամկետը, որոնց համապատասխան՝ շահագրգիռ անձը պարտավոր է իրացնել վարչական կարգով բողոքարկման իր իրավունքը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկման կարգն ու ժամկետը սահմանված են համապատասխանաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը նույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը սահմանում է «(...) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝

 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին.(…)»։

Այսպիսով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի դեմ իրավական պաշտպանության ընթացակարգի հիմնական տարրերն են

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը չեն կարող բողոքարկվել դատական կարգով, քանի դեռ չեն բողոքարկվել վարչական կարգով. վարչական կարգով բողոքարկման նախապայմանը չպահպանելը հիմք է նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը վերադարձնելու համար,

- վարչական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտը՝ վարչական ակտի հասցեատերը կամ խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ իրավախախտումը կատարած անձը պետք է վարչական կարգով պարտադիր բողոքարկումն իրականացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետում, այն է՝ վարչական բողոքը պետք է վարչական մարմին ներկայացվի վարչական ակտը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով իրեն հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ բողոքը ներկայացնելու նշված ժամկետը բաց է թողնված, պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ վկայակոչելով ժամկետը բաց թողնելու այս կամ այն հարգելի պատճառը (պատճառները)։

Համադրելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի բողոքարկման ընթացակարգի տարրերն ու վարչական բողոքի քննության կարգն ու ժամկետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցն սպառված է համարվում, և ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջը բավարարված է համարվում հետևյալ դեպքերում

- օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված վարչական բողոքի ըստ էության քննության արդյունքում վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ որոշումն անփոփոխ թողնելու, իսկ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշում. այս դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վիճարկման հայց կարող է ներկայացվել բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

 - շահագրգիռ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում վարչական կարգով բողոքարկել է վարչական ակտը, սակայն վարչական մարմինը, անգործություն դրսևորելով, բողոքի քննության համար նույն օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված 30-օրյա ժամկետում բողոքը քննության չի առել. այս դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վիճարկման հայց կարող է ներկայացվել բողոքի քննության համար սահմանված 30-օրյա ժամկետն ավարտվելուց հետո երկամսյա ժամկետում,

- վարչական ակտը վարչական կարգով բողոքարկվել է օրենքով սահմանված ժամկետում, սակայն վարչական մարմինը բողոքը թողել է առանց քննարկման՝ օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ. այս դեպքում վիճարկման հայց կարող է ներկայացվել վարչական բողոքն առանց քննարկման թողնելու վերաբերյալ վարչական մարմնի գրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում,

- շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, սակայն վարչական մարմինը բողոքը թողել է առանց քննարկման՝ օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ, առանց քննարկելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը. այս դեպքում վիճարկման հայց կարող է ներկայացվել վարչական բողոքն առանց քննարկման թողնելու վերաբերյալ վարչական մարմնի գրությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցն սպառված չի համարվում, և հետևաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջը բավարարված չի համարվում եթե

- շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ՝ չներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, և վարչական մարմինն իրավաչափորեն վարչական բողոքը թողել է առանց քննարկման,

- շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետի խախտմամբ և վերջինիս կողմից ներկայացված՝ ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվել ու մերժվել է վարչական մարմնի կողմից՝ վարչական բողոքը թողնելով առանց քննարկման:

Միաժամանակ հաշվի առնելով, որ առանձին դեպքերում հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում կարող է օբյեկտիվորեն հնարավոր չլինի պարզել վարչական բողոքն օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը կամ նշված հանգամանքը վիճելի է՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանը նշված հանգամանքը կարող է պարզել նաև գործը քննության նախապատրաստելու փուլում: Եթե գործը քննության նախապատրաստելու փուլում հաստատվի, որ հայցվորը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված կարգի ու ժամկետի խախտմամբ, ծագում է գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ վարչական կարգով բողոքարկման պահանջի բավարարված լինելու փաստի վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումը վերացնելու հնարավորությունից (տե՛ս, Արտակ Ոսկանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/9834/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.10.2022 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության կողմից Նվեր Պետրոսյանի նկատմամբ 27.01.2022 թվականին կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ 844389 որոշումը (գ.թ. 29): Սույն գործում բացակայում է նշված որոշման դեմ Նվեր Պետրոսյանի ներկայացրած վարչական բողոքը։ Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանը 30032022 թվականի թիվ 7-13-25685 գրությամբ հայտնել է «Ի պատասխան Ձեր 28032022թ ՄԴ/19340-22 դիմումի հայտնում եմ, որ (․․․) վարչական իրավախախտման վերաբերյալ գործով 27012022 թվականին կայացված ԱՖ844388, ԱՖ844389 որոշումները համարվում են անձամբ հանձնված 27012022 թվականին, քանի որ Դուք հրաժարվել եք ստանալ այն, և որոշման հիմք հանդիսացող արձանագրության մեջ առկա է այն հանձնողի նշումն այդ մասին, հետևաբար 28032022 թվականին դիմում ներկայացնելով՝ Ձեր կողմից բաց է թողնվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված՝ վերը նշված որոշման դեմ գանգատ տալու 30-օրյա ժամկետը, ուստի դիմումը քննարկման ենթակա չէ» (գ.թ. 10): Նշված գրությունը հայցվորն ստացել է 07042023 թվականին (գ.թ. 10), իսկ Ծառայության 27.01.2022 թվականի թիվ ԱՖ 844389 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցադիմումը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 03062022 թվականին (գ.թ. 14

ՀՀ վարչական դատարանը 15.06.2022 թվականի որոշմամբ վերադարձրել է Նվեր Պետրոսյանի ներկայացրած հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերում բացակայել է վիճարկվող՝ Ծառայության 27.01.2022 թվականի թիվ ԱՖ844389 որոշումը կամ դրա պատճենը և առկա չէր վիճարկվող ակտը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ որևէ գրավոր ապացույց, ինչպես նաև չէր ներկայացվել բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը:

Դատարանը 13072022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատարանի 15.06.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումն ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում հայցադիմումի՝ գործի քննության համար արգելք հանդիսացող սխալները չվերացնելու հիմքով։ Դատարանն արձանագրել է, որ թեև կրկին ներկայացված հայցադիմումին կցվել է վիճարկվող վարչական ակտը, սակայն Դատարանի գնահատմամբ՝ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ բողոքը վարչական մարմին ներկայացնելը և Ծառայության պետի տեղակալի 30.03.2022 թվականի թիվ 7-13-25685 գրության առկայությունն ինքնին բավարար չեն հայցվորի վերադասության կարգով բողոքարկման պարտականությունը հաղթահարված համարելու համար:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, 08092022 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի 13.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական ակտը վարչական կարգով բողոքարկվելու պահանջի իմաստը կայանում է նրանում, որ վարչական ակտի անվավերության հարցով դատարան դիմելու անհրաժեշտությունը, և, ըստ այդմ, հայց հարուցելու իրավունքը, կարող է ծագել միայն այն դեպքում, երբ իրականացվել է նույն վարչական ակտի վարչական կարգով ներկայացված բողոքի ըստ էության քննություն: Իսկ այն դեպքում, երբ վարչական ակտի դեմ վարչական կարգով բողոք ներկայացվելու դեպքում առկա չէ վարչական մարմնի կողմից ներկայացված բողոքի ըստ էության քննության վերաբերյալ որևէ գրություն կամ որոշում, ապա դա նշանակում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` մինչև դատարան հայց հարուցելը վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու պարտադիր պահանջը չի կարող համարվել կատարված, որպիսի իրողությունը հայցադիմումը վերադարձնելու հիմք է, հետագայում արգելք գործի քննության համար»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ՝ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ արտադատական կարգով խնդրո առարկա վարչական ակտերի բողոքարկման պայմանը կարող է բավարարված համարվել միայն, «երբ իրականացվել է նույն վարչական ակտի վարչական կարգով ներկայացված բողոքի ըստ էության քննություն», չի բխում թիվ ՎԴ/9834/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.10.2022 թվականի որոշմամբ արտահայտված և սույն գործով վերահաստատված իրավական դիրքորոշումներից: Այդ դիրքորոշումների համաձայն՝ վարչական կարգով բողոքարկման պարտադիր պահանջը կարող է բավարարված համարվել նաև այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից վարչական կարգով բողոքի ըստ էության քննություն չի իրականացվել։ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից առանձնացվել են այն դեպքերը, երբ վարչական բողոքի ըստ էության քննության բացակայության պայմաններում ևս վարչական կարգով բողոքարկման պարտադիր պահանջը համարվում է բավարարված։

Սույն գործի նյութերում հայցվորի կողմից վարչական ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվա վերաբերյալ առկա են երկու իրարամերժ ամսաթվեր համաձայն Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 30032022 թվականի թիվ 7-13-25685 գրության և վիճարկվող վարչական ակտում Ծառայության տեսուչի կատարած գրառման՝ հայցվոր Նվեր Պետրոսյանը հրաժարվել է ստանալ 27.01.2022 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ 844389 որոշումը և այդ ակտը համարվել է անձամբ հանձնված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի կարգավորմանը համապատասխան։ Մյուս կողմից Նվեր Պետրոսյանը հայցադիմումում նշել է, որ վիճարկվող որոշման իր օրինակը կայացման օրը չի տրամադրվել իրեն, որից հետո իր 03022022 թվականի գրավոր դիմումի հիման վրա թիվ 7-10656 գրությամբ փոստային առաքման ծառայության միջոցով որոշումն ստացել է 28022022 թվականին, և հայցադիմումին կից ներկայացրել է Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 11022022 թվականի թիվ 7-10656 գրության և փոստային ծրարի պատճենները (գ.թ. 3, 8)։ Ըստ այդմ՝ ելակետ ընդունելով 28022022 թվականը՝ պնդել է, որ վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։

Արդյունքում հայցվորի կողմից վիճարկվող որոշմանն օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվա, ըստ այդմ նաև՝ վարչական կարգով բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրած լինելու (չլինելու) իրարամերժ պնդումների պայմաններում՝ սույն գործով առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումներում նշված այն իրավիճակը, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական բողոքն օրենքով սահմանված կարգով ու ժամկետում ներկայացված լինելու(չլինելու), հետևաբար նաև՝ վարչական կարգով բողոքարկման պայմանը բավարարված լինելու(չլինելու) հանգամանքը վիճելի է։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նշված հանգամանքների վիճելի լինելու պայմաններում հնարավոր չէր հայցադիմումի ընդունելիության փուլում միանշանակ եզրահանգում կատարել վարչական կարգով բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չլինելու և ըստ այդմ՝ վարչական կարգով բողոքարկման պայմանը բավարարված չլինելու մասին։ Այդ հանգամանքը ենթակա էր պարզման հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում՝ գործը քննության նախապատրաստելու փուլում։ Հետևաբար, նշված հանգամանքի վիճելի լինելու պայմաններում իրավաչափ չէ հայցադիմումի ընդունումը մերժելը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 13.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Նվեր Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել է բողոքաբերի Դատարանի մատչելիության իրավունքը՝ չապահովելով ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցի ու հետապնդվող նպատակների միջև:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, սահմանափակել է Նվեր Պետրոսյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08092022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13072022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան