Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.10.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
02.10.2023
Дата вступления в силу
02.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8888/05/21

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8888/05/21

Նախագահող դատավոր՝

 Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. ԲԵԴևՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. Հակոբյան 

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռիմա Ավետիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց` համայնքապատկան հողամասում հայցվոր Ռիմա Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռիմա Ավետիսյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց` համայնքապատկան հողամասում հայցվոր Ռիմա Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Ավետիսյանը (ներկայացուցիչ՝ Մարգարիտա Հովսեփյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  25-րդ, 27-րդ, 150-րդ և 151-րդ հոդվածները: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռիմա Ավետիսյանը 16.07.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին, որով խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմացի շինությունը (դիմումի բանալի` 2087348):

Տվյալ դեպքում, առանց որևէ որոշում կայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, հանդես գալով համայնքի ղեկավարի անունից, այցելել են ինքնակամ կառույցի իրականացման վայր և հայցվորից պահանջել են մի քանի աշխատանքային օրվա ընթացքում քանդել ինքնակամ կառույցը, ինչի արդյունքում էլ հայցվոր Ռիմա Ավետիսյանը 10.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևորագույն հանգամանքը, որ հայցվոր Ռիմա Ավետիսյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց ինքնակամ շինությունն օրինականացնելու խնդրանքով, որպիսի պայմաններում Երևանի քաղաքապետարանը պարտավոր էր նախ քննարկման հարց դարձնել ինքնակամ շինության օրինականացման հարցը, և եթե կգտներ, որ այն ենթակա չէ օրինականացման, ապա միայն այդ դեպքում կարող էր որոշում ընդունել ինքնակամ կառույցը քանդելու վերաբերյալ: Սույն դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, անտեսելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգերը, առանց բավարար լիազորությունների, առաջարկել են հայցվորին քանդել ինքնակամ կառույցը, հակառակ դեպքում սպառնալով կիրառել համապատասխան միջոցներ, որն այլ կերպ, քան ինքնակամ շինությունը քանդելուն ուղղված սպառնալիք ընկալել հնարավոր չէր՝ ինչպիսի գործողություններն էլ կանխելու նպատակով հայցվոր Ռիմա Ավետիսյանը ոչ միայն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, այլև հայց է ներկայացրել Դատարան՝ Երևանի քաղաքապետարանին վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետը տվյալ ժամանակահատվածում հրապարակային կերպով հայտարարել է, և զգուշացրել է ինքնակամ կառույցների կառուցապատողներին այն մասին, որ «ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը», աղբյուրը ի թիվս այլ լրատվամիջոցների՝ https://www.aravot.am/2021/06/25/1201072/, սակայն վերոգրյալ հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից նույնպես անտեսվել է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստական հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացնելու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը համատարած կերպով քանդում էր Երևան քաղաքում առկա ինքնակամ կառույցները, անկախ այն հանգամանքից՝ կառուցապատողները ներկայացրել են օրինականացման դիմում, թե՝ ոչ, քանի որ ողջ գործընթացը լայնորեն լուսաբանվել է բոլոր տեսակի զանգվածային լրատվամիջոցներով: Ավելին, վերոգրյալ հանգամանքը հաստատվում է  Երևանի ավագանու 15.07.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած 23.12.2020 թվականի թիվ 315-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.03.2022 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ռիմա Ավետիսյանը 16.07.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Մարգարյան 1-ին նրբանցք, 2-րդ շենքի դիմացի շինությունը: Նշված դիմումը Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 16.07.2021 թվականին և դիմումին տրվել է 2087348 բանալի համարը  (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

2) Ռիմա Ավետիսյանը 10.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին հետևյալ բովանդակությամբ` «Քաղաքացի Ռիմա Ռուբենի Ավետիսյանի կողմից Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց՝ համայնքապատկան հողամասում կառուցվել է ինքնակամ կառույց:

Երևան քաղաքի, Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի, համայնքապատկան հողամասում կառուցված ինքնակամ կառույցը ՀՀ կառավարության 29.07.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով օրինականացնելու նպատակով Ռիմա Ռուբենի Ավետիսյանը 16.07.2021 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան (դիմումի բանալի` 2087348):

Վերջերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, հանդես գալով համայնքի ղեկավարի անունից, այցելել են ինքնակամ կառույցի իրականացման վայր և դիմողից պահանջել են մի քանի աշխատանքային օրվա ընթացքում քանդել ինքնակամ կառույցը, առանց հաշվի առնելու, որ դեռևս որոշված չի ինքնակամ շինության կարգավիճակը, և դիմողն ունի իրավաչափ ակնկալիք ինքնակամ կառույցն օրինականացնելու հարցում:

 Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, մինչև՝ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց՝ համայնքապատկան հողամասում կառուցված ինքնակամ կառույցի կարգավիճակի վերաբերյալ որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ նշված ինքնակամ կառույցը քանդելուց»:

Նշված դիմումը Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 10.08.2021 թվականին և դիմումին տրվել է 2106133 բանալի համարը (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի գոյությունն ավելի կամ պակաս հավանական դարձնող ապացույցի վերաբերյալ փաստարկի առկայության պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու լիազորության իրացմանը։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը նախատեսել է այն դեպքերի շրջանակը, որոնց առկայության պայմաններում անձը կարող է հայցել իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն, մասնավորապես՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։ Նշվածից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավական շահագրգռվածություն ունենալու հանգամանքի առկայությունը  հավաստվում է ինչպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ անձանց իրավունքների և ազատությունների արդեն խախտված լինելու, այնպես էլ հավանական խախտման անմիջական վտանգով պայմանավորված։

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական» (ռեալ) իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ընդգծել է, որ անձանց՝ իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց  իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:

Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի,  կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել (տե´ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական արդարադատությունը ՀՀ վարչական դատարան հայցի ներկայացումով է պայմանավորում գործի հարուցումը։

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանն և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված գործողության կատարման հայցի հասկացության վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված հայցատեսակով հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել` (ա) կատարելու որոշակի գործողություններ կամ (բ) ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Փաստորեն, գործողության կատարման հայցով դատարան դիմած անձը կարող է վարչական մարմնից պահանջել դրսևորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված՝ ինչպես ակտիվ վարքագիծ` կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ` ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորելու միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար, գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող է ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները (տե´ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչադատավարական կարգով անձի իրավունքների պաշտպանության երաշխավորումը ուղղված է ոչ միայն խախտված իրավունքների վերականգնմանը, այլ նաև իրավունքների խախտման կանխմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչադատավարական կարգով անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության՝ վարչական արդարադատության մարմինների գործառույթը հանգում է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը, այլ նաև իրավունքի խախտման կանխարգելմանը: Օրենսդիրը, երաշխավորելով անձի դատական պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ առկա է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող՝ անձի իրավունքներին միջամտող գործողության վտանգ, նպատակ է հետապնդում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն ապահովել՝ տվյալ գործողության կատարմամբ անձի սուբյեկտիվ իրավունքի հնարավոր խախտումը կանխելու միջոցով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցատեսակի (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) պարագայում հայցվորի իրավական նպատակը վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կանխարգելումն է, նախականխումն է։ Այսինքն՝ այս հայցատեսակը (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) ունի կանխարգելիչ, նախականխիչ գործառույթ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողության կատարման հայցի (որոշակի գործողությունից ձեռնպահ մնալու պահանջի մասով) պարագայում  հանրային իշխանության մարմնի և մասնավոր անձանց միջև հանրային իրավահարաբերություններ ծագում են, և ըստ այդմ՝ նրանց միջև վեճ առաջանում է հանրային իշխանության մարմնի նախաձեռնությամբ։ Հանրային իշխանության մարմնի կողմից՝ անձի համար փաստական հետևանքներ առաջացնող գործողություն ձեռնարկելու իրական վտանգն արդեն իսկ բավարար հիմք է վեճի ծագման, հետևաբար նաև՝ դատական պաշտպանության դիմելու համար (տե´ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։

Այսպիսով, դատական պաշտպանության դիմելու նախադրյալը վեճի առկայությունն է, այն է՝ հանրային իրավահարաբերություններում մասնավոր անձի և հանրային մարմնի միջև տարաձայնության առկայությունը, որի առաջացման պահն էլ պայմանավորում է հայց ներկայացնելու ժամկետային սահմանափակումները:

Վերոգրյալ դիրքորոշումը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի կողմից մասնավոր անձի սուբյեկտիվ իրավունքները խախտելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու իրական վտանգն արդեն իսկ հիմք է հանդիսանում անհամաձայնությունների և վեճի առաջացման համար, ինչն էլ անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան ենթադրյալ խախտվող իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես գործողության կատարման հայցի պարագայում որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն վարչական մարմնին պարտավորեցնելու պահանջ ներկայացնելու համար:

 Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման փուլում նոր ապացույցների մասին փաստարկների առկայության դեպքում նոր քննության ուղարկելու լիազորության իրացմանը, արձանագրում է հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն՝ ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։

(…)

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (տե՛ս, Հայկ Սիմոնյանն ընդդեմ Գյումրու համայնքապետարանի թիվ ՎԴ5/0173/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ որպես ընդհանուր կանոն, օրենսդրի կողմից սահմանվել է գործի նոր քննության ժամանակ նոր ապացույցներ ներկայացնելու արգելք` միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով դատարանին գործի նոր քննության ժամանակ մատնանշելու ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջելու ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ։ Այսինքն` այն դեպքում, երբ գործը նոր քննության է ուղարկվել որոշակի փաստերի ապացուցման նպատակով, ապա տվյալ դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի նոր քննության ծավալի շրջանակներում համապատասխան փաստերի առկայությունը կամ բացակայությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Հետևաբար վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման կանոնները վճռորոշ նշանակություն են ստանում միայն այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի իրագործման պայմաններում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ունենալով բավարար հիմք՝ եզրահանգելու համար, որ առկա է նոր ապացույց, որը թույլատրելի է և առավել կամ պակաս հավանական է դարձնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի գոյությունը հաստատված համարելու հանգամանքը, պարտավոր է բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ դատարանի համար մատնանշելով ապացուցման ենթակա փաստը և այն ապացույցը, որը դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի իրագործմամբ պարտավոր է պահանջել և դարձնել գնահատման առարկա։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ռիմա Ավետիսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին՝ ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Մարգարյան 1-ին նրբանցք 2 շենքի դիմաց` համայնքապատկան հողամասում հայցվոր Ռիմա Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից:

Դատարանը, 03.03.2022 թվականի վճռով բավարարել է Ռիմա Ավետիսյանի հայցը` պատճառաբանելով, որ «(...) հայցվորի փաստարկների և պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիրքորոշմամբ պարզ է դառնում, որ վարչական մարմինն իրապես ունեցել է մտադրություն քանդելու ինքնակամ շինությունը, որպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով հայցադիմումի հիմքով էլ հարուցվել է սույն վարչական գործը:

(...) Երևանի քաղաքապետի կողմից մինչ համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառույցը քանդելու իր լիազորության իրականացումը՝ փաստացի վերացումը, քննարկման է ենթակա դրա օրինականացման հարցը, և միայն չօրինականացնելու դեպքում վարչական մարմինն իրավասու է ընդունելու որոշում՝ այն քանդելու մասին, ընդ որում, ինքնակամ կառույցի քանդման աշխատանքները ենթակա են փաստացի իրականացման, այսինքն՝ ինքնակամ կառույցը ենթակա է ֆիզիկապես ոչնչացման՝ բացառապես որպես վերջնանշված որոշման կատարում, ուստիև քանի դեռ առկա չէ Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումը՝ ինքնակամ կառույցի ճակատագրի մասին (օրինականացնել, թե քանդել) Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավասու չեն քանդել ինքնակամ կառույցը:

Տվյալ դեպքում, թեև պատասխանողի կողմից դատարան չեն ներկայացվել վարույթի նյութերն, այնուամենայնիվ՝ պատասխանող կողմի թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիրքորոշումները չեն պարունակում որևէ վկայակոչում քննարկվող ինքնակամ կառույցը քանդելու մասին Երևանի քաղաքապետի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ:

Այսպիսով, ելնելով ամբողջ վերոգրյալից՝ Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից նախատեսվում է իրականացնել քննարկվող ինքնակամ կառույցի քանդմանն ուղղված աշխատանքներ՝ առանց Կարգի 33-րդ կետին համապատասխան ընդունված որոշման, ընդ որում, առկա է հայցվորի արդարացի շահագրգռվածությունը՝ քանդման կանխման գործում, քանզի վերը տրված կարգի 33-րդ կետին համապատասխան Երևանի քաղաքապետն իրավասու է ընդունել նաև ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին որոշում, որն էլ հայցվորի համար կառաջացնի ինքնակամ կառույցը գնելու՝ Կարգի  34-րդ կետով սահմանված նախապատվության իրավունք(...)»:

Վերաքննիչ դատարանը, 07.03.2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ  «(...) վարչական մարմնի և հայցվորի միջև դեռևս վեճ չծագած հանգամանքներում չի կարող ծագել նաև վարչական մարմնի գործողությունից կամ անգործությունից պաշտպանվելու նպատակով դատական պաշտպանության դիմելու հայցվորի իրավունքը: Անդրադառնալով նաև Դատարանի կողմից նշված այն հանգամանքին, որ` «հայցվորի փաստարկների և պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված դիրքորոշմամբ պարզ է դառնում, որ վարչական մարմինն իրապես ունեցել է մտադրություն քանդելու ինքնակամ շինությունը, որպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով հայցադիմումի հիմքով էլ հարուցվել է սույն վարչական գործը», Վերաքննիչ դատարանը նշում է, որ գործում առկա չէ որևէ գրավոր ապացույց, ըստ որի Վերաքննիչ դատարանը հնարավորություն կունենար փաստելու, որ իրավահարաբերության պահին վարչական մարմինը հնարավոր միջոցներ էր ձեռնարկել քանդելու հայցվորի կողմից կառուցված ինքնակամ շինությունը»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը, հարկ է համարում արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ Երևանի քաղաքապետարանը բողոքի «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները» բաժնում արձանագրել է հետևյալ փաստը «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.07.2021 թվականի թիվ 28/Ա-14220 գրությամբ հայցվորին հայտնվել է, որ տվյալ հասցեի վերաբերյալ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից 20.05.2021 թվականին կազմվել է հ038185 արձանագրությունը»։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում փաստացի արձանագրվել է գրավոր ապացույցի առկայության մասին, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության մասին, ինչը կարող է բովանդակել  գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին փաստական տվյալներ, և որոնց հետազոտումը և գնահատումը հնարավորություն կտա Դատարանին՝ պարզելու ներկայացված պահանջի հիմքում դրված փաստերի առկայության կամ բացակայության հարցը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նշված ապացույցի առկայության մասին վերաքննիչ բողոքում վկայակոչման փաստով պայմանավորված առնվազն պետք է իրացներ իր՝ վարչական գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը։

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի նոր քննության անհրաժեշտությունը դրսևորվում է այն փաստով պայմանավորված, որ արձանագրությունը սույն պարագայում պետք է հանդիսանար այն վերաբերելի և թույլատրելի ապացույցը, որը հնարավորություն կտար փաստելու, որ գործողության կատարման հայցի ներկայացման պահին իրապես առկա է եղել իրական (ռեալ) վտանգ առ այն, որ գործով հայցվորին ներկայացվել է ինքնակամ կառույցը քանդելու պահանջ, ինչի կատարումը սույն պարագայում կառաջացներ Ռիմա Ավետիսյանի համար բացասական փաստական հետևանքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ավելի վաղ դիմել էր վարչական մարմնին ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, իսկ վարչական մարմինը գործողության կատարման հայցի ներկայացման պահին չէր կայացրել որոշում ինքնակամ կառույցը քանդելու վերաբերյալ։ Սույն պարագայում օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմինը կարող էր կայացնել նաև օրինականացման մասին որոշում, իսկ մինչև ժամկետի ավարտը արձանագրության կազմումը և կառույցի քանդման մասին պահանջի ներկայացումը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից վեճի առաջացման նախադրյալ է հանդիսանում, ինչն էլ բավարար հիմք է իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու համար։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն պարագայում առկա է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմված արձանագրություն, որը համարվում է թույլատրելի և վերաբերելի գրավոր ապացույց, իսկ դրա գնահատումը և հետազոտումն ավելի կամ պակաս հավանական կդարձնի վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստի բացահայտումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը որպես գրավոր ապացույցն պահանջելու, այնուհետև հետազոտելու և գնահատելու, ինչպես նաև հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. ԲԵԴևՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: