Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
22.09.2023
Дата вступления в силу
22.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11415/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11415/05/19

Նախագահող դատավոր՝

 Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ռ. Մախմուդյան

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

հ. ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էդուարդ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Էդուարդ Սուքիասյանի ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 26.06.2019 թվականի թիվ 440 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդուարդ Սուքիասյանը պահանջել է վերացնել 26.06.2019 թվականի թիվ 440 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 07.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Էդուարդ Սուքիասյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սուքիասյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը և 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ կերպով մերժել է վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, քանի որ ներկայացվել էին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքն ընդունելու համար բավարար հիմնավորումներ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը և իր լիազորված անձը չեն ստացել վճռի օրինակը, և դատավարական ժամկետի հաշվարկը պետք է կատարվեր սկսած 29122022 թվականից՝ վճռի կրկնօրինակը ստանալու պահից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 132-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- ո՞ր դեպքում է գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու դատարանի պարտականությունը համարվում պատշաճ կատարված։

 

 Դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կարևոր պայման է բողոքարկման ենթակա դատական ակտի՝ դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովումը։ Դատավարության մասնակիցներին դատական ակտերի հասանելիության ապահովման գործուն երաշխիք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատարանների՝ դատական ակտերը դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում ուղարկելու պարտականության սահմանումը և այդ պարտականության պատշաճ կատարումը։ Իսկ նշված պարտականությունը պատշաճ չկատարելու դեպքում դատավարության մասնակիցների բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը գործնականում ապահովվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում (ՍԴՈ-1249, ՍԴՈ-1268, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1394, ՍԴՈ-1575) արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հետևողականորեն ձևավորված դատական պրակտիկայի արդյունքում, ըստ որի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունը դատարանների կողմից պատշաճ չկատարելու և դրա արդյունքում դատավարության մասնակցի կողմից բողոքարկման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում, բաց թողնված ժամկետը վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure): Ըստ ձևավորված դատական պրակտիկայի՝ բոլոր այն դեպքերում, երբ դատարանի թերացման հետևանքով դատական ակտն ուշ է հասանելի դառնում դատավարության մասնակցին, ապա վերջինիս համար իրավունքի ուժով երաշխավորվում է գործն ըստ էության լուծող դատական ակտը հասանելի դառնալու պահից բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունը:

Դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու՝ դատարանների պարտականության պատշաճ կատարման՝ որպես բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող երաշխիքի կարևորությունն ընդգծել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան)։

Այսպես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում դատական փաստաթղթերն ուղարկելու որոշակի կոնկրետ եղանակ։ Այնուամենայնիվ, արդար դատաքննության ընդհանուր գաղափարը, որը ներառում է կողմերի մրցակցության հիմնարար սկզբունքը, պահանջում է, որ քաղաքացիական դատավարության բոլոր մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին կամ ապացույցներին և ներկայացնել իրենց դիրքորոշումը դրանց վերաբերյալ՝ դատարանի որոշման վրա ազդելու նպատակով։ Եթե դատական փաստաթղթերը, ներառյալ ծանուցումները, չեն հանձնվում անձամբ, դիմողը կարող է զրկվել դատավարությունում իր շահերը ներկայացնելու հնարավորությունից։

Դատարանի մատչելիության իրավունքը ենթադրում է դատական որոշումների մասին համարժեք ծանուցում ստանալու իրավունք, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոքը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում (տե'ս, Zavodnik v. Slovenia թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.05.2015 թվականի վճիռ, կետեր 70 և 71)։

Ըստ Եվրոպական դատարանի՝ հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմերն իրազեկվում են իրենց համար պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը ենթադրաբար խախտող որոշման մասին։ Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես նվազեցնել բողոք բերելու ժամկետները կամ նույնիսկ անհնարին դարձնել բողոքարկումը՝ ձգձգելով իրենց որոշումներն ուղարկելը։ Դատական ակտերն ուղարկելը՝ որպես դատական մարմնի և կողմերի միջև հաղորդակցության միջոց, դատարանի որոշումը և դրա հիմքերը հասանելի է դարձնում կողմերին՝ դրանով նրանց համար հնարավորություն ստեղծելով ցանկության դեպքում բողոքարկել այն (տե'ս, Miragall Escolano and Others v. Spain թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռ, կետ 37

Եվրոպական դատարանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ դատարանի որոշման մասին կողմի ծանուցման ձևը պետք է հնարավորություն տա ստուգելու որոշման հանձնումը կողմին, ինչպես նաև հանձնման ամսաթիվը (տե'ս, Strijak v. Ukraine թիվ 72269/01 գանգատով Եվրոպական դատարանի 08.11.2005 թվականի վճիռ, կետ 39

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը, ի թիվս այլնի, ենթադրում է դատական ակտերի մասին դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցում ստանալու իրավունք՝ որպես բողոքարկման իրավունքի իրացման կարևոր երաշխիք։ Ընդ որում, դատական ակտի մասին դատավարության մասնակցին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումներն ու իրավակիրառ պրակտիկան պետք է հնարավորություն տան ստուգելու ինչպես տվյալ դատական ակտը դատավարության մասնակցին փաստացի հանձնված լինելու հանգամանքը, այնպես էլ հանձնման ամսաթիվը՝ հաշվի առնելով, որ հանձնման պահն առանցքային նշանակություն ունի բողոք բերելու համար սահմանված ժամկետը պահպանված լինելու, ինչպես նաև բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով վերականգնելու հարցը քննարկելու նպատակի համար։

Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության ոլորտում գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման և բողոքարկման ժամկետների հաշվարկման հետ կապված իրավակարգավորումները հանգում են հետևյալին

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (…) գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ և 156-րդ հոդվածների համադրված վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Այսպիսով, գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման մեկամսյա ժամկետի հաշվարկի ելակետը՝ դատական ակտի հրապարակման պահն է։

ՀՀ սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներով իրավաչափ համարելով գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելը, միաժամանակ արձանագրել է, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով /ex jսre/՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով (տե՛ս, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի 08122017 թվականի ՍԴՈ-1394 որոշումը):

Վերոհիշյալից բխում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակցի կողմից ստանալու պահն էական նշանակություն ունի բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը լուծելու համար։

Միաժամանակ օրենսդիրը որպես վերը նշված ժամկետներում անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու իրավական երաշխիք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրել է գործն ըստ էության լուծող դատական ակտերը որոշակի ժամկետում դատավարության մասնակցիներին ուղարկելու դատարանների պարտականությունը, որպիսի պարտականության պատշաճ կատարումն էապես կարևորվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերն ուղարկելու պարագայում՝ հաշվի առնելով, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետի հոսքի ելակետը դատական ակտի հրապարակման պահն է։

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ՝ Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակի համար կարևորվում է նաև այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, ում նկատմամբ դատարանը կրում է իր այդ պարտականությունը։

Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի, 149-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանի պարտականությունն ունի կոնկրետ հասցեատեր, այն է՝ դատավարության մասնակիցները՝ հայցվորը, պատասխանողը և երրորդ անձինք (Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս)։ Օրենսգիրքը դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին չի դիտարկում ո՛չ որպես դատական ակտերն ուղարկելու պարտականության լրացուցիչ, ո՛չ որպես այլընտրանքային հասցեատեր՝ հաշվի առնելով, որ նշված նորմերում օրենսդիրը չի օգտագործել «և դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին», «կամ դատավարության ներկայացուցիչներին» ձևակերպումները։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործն ըստ էության լուծող դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականությանը, արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է անձի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը: Անձը կարող է լիարժեք իրականացնել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ծանոթ է ստորադաս դատարանի կողմից իր իրավունքների (պարտականությունների) կամ օրինական շահերի վերաբերյալ կայացված դատական ակտին և դրա բովանդակությանը (տե'ս, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկելու դատարանների պարտականությունը պատշաճ կատարված կարող է համարվել, եթե դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ուղարկվում են ճիշտ հասցեատիրոջը, այն է՝ դատավարության մասնակցին։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի միանշանակ արտահայտած կամահայտնության դեպքում դատական ակտերը կարող են ուղարկվել դատավարության մասնակցի ներկայացուցչին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարաններն իրավասու են դատական ակտերն ուղարկել դատավարության մասնակցի ներկայացուցչին միայն այն դեպքում, երբ իրացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ միջնորդություն ներկայացնելու իր իրավունքը, դատավարության մասնակիցը միջնորդում է դատարանին դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին։ Նման միջնորդության առկայության դեպքում միայն դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը կդիտարկվի որպես դատարանի՝ դատական ակտերը դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հիմնավորմամբ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննարկելիս դատավարության մասնակցի ներկայացուցչի կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալու հանգամանքը չի կարող կարևորվել, եթե դատավարության մասնակցին տվյալ դատական ակտը չի ուղարկվել, և վերջինս չի միջնորդել դատարանին դատական ակտն ուղարկել իր ներկայացուցչին։ Նման իրավիճակում դատական ակտը դատավարության մասնակցի կողմից անձամբ ստանալու ապացույցի բացակայության պայմաններում համարվում է, որ բողոք բերելու բաց թողնված ժամկետը ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure)։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից դատական ակտերը դատավարության մասնակցի ներկայացուցչին ուղարկելը չի կարող համարվել դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու պարտականության պատշաճ կատարում, բացառությամբ այն դեպքի, երբ դատավարության մասնակիցը դատարանին ուղղված համապատասխան միջնորդությամբ խնդրել է դատական ակտերն ուղարկել իր ներկայացուցչին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Էդուարդ Սուքիասյանը պահանջել է վերացնել 26.06.2019 թվականի թիվ 440 որոշումը։

Դատարանը 07.10.2022 թվականի վճռով մերժել է Էդուարդ Սուքիասյանի հայցը։ Հայցվոր Էդուարդ Սուքիասյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ։

Վերաքննիչ դատարանը, 31.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Էդուարդ Սուքիասյանի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, նշել է, որ «Նշված վճռի դեմ 13.01.2023 թվականին Էդուարդ Սուքիասյանի կողմից փոստային ծառայության միջոցով ներկայացվել է վերաքննիչ բողոք: (…) Բողոքաբերը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն վարչական գործով 2022 թվականի հոկտեմբերի 7-ի վճիռն իր կողմից չի ստացվել և դրա մասին վերջինս տեղեկացել է միայն 2022 թվականի դեկտեմբերի 29-ին՝ վճռի կրկնօրինակը ստանալուց հետո։ Մինչդեռ սույն վարչական գործով 07.10.2022 թվականին հրապարակված վճիռը ստացվել է բողոքաբերի կողմից 13.10.2022 թվականին հայցադիմումում որպես ծանուցման հասցե նշված «ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 228/12» հասցեում»»:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ գործում եղած փաստաթղթերի՝ Դատարանի 07102022 թվականի վճռի օրինակն ուղարկվել է հայցվոր Էդուարդ Սուքիասյանի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանին՝ ք Երևան, Նորք-Մարաշ 228/12 հասցեով (հատոր 3, գթ 15)։ Ըստ հետստացման հավաստագրի՝ նշված հասցեում Դատարանի 07102022 թվականի վճիռի օրինակն ստացվել է 13102022 թվականին (հիմք՝ հետստացման հավաստագիր, հատոր 3, գթ 16)։ Գործում առկա չէ ապացույց Դատարանի վճիռը նաև անձամբ հայցվորին ուղարկելու վերաբերյալ, ինչպես նաև հայցվոր կողմի՝ Դատարանին ուղղված միջնորդություն՝ դատական ակտերն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը չի բխում Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումներից, քանի որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 07102022 թվականի վճռի օրինակն ուղարկվել է միայն հայցվոր Էդուարդ Սուքիասյանի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանին՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ հայցվորի հստակ արտահայտված կամքի բացակայության պայմաններում, ինչը կարող էր արտահայտվել Դատարանին ներկայացված համապատասխան միջնորդության ձևով։ Ինչ վերաբերում է նրան, որ հայցադիմումում որպես ծանուցման հասցե նշված է «ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 228/12» հասցեն, որին Դատարանի կողմից ուղարկվել է վճիռը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումում ծանուցման հասցե նշելը դեռևս բավարար պայման չէ հաստատելու հայցվորի հստակ արտահայտված կամքի առկայությունն առ այն, որ դատական ակտերն ուղարկվեն միայն իր ներկայացուցչին։

Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան արձանագրում է, որ հայցվորի՝ դատական ակտերն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ Դատարանին ուղղված միջնորդության բացակայության պայմաններում Դատարանը վճիռն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին համապատասխան պարտավոր էր ուղարկել հայցվորին։ Նման միջնորդության բացակայության պայմաններում վճիռը հայցվորի ներկայացուցչին ուղարկելը չէր կարող համարվել դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու Դատարանի պարտականության պատշաճ կատարում։ Ըստ այդմ՝ արձանագրելով, որ սույն գործում առկա չէ ինչպես հայցվորի՝ դատական ակտերն իր ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ Դատարանին ուղղված միջնորդություն, այնպես էլ վճիռը հայցվորի կողմից ստացված լինելու վերաբերյալ ապացույց՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հայցվորի՝ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր բավարարման իրավունքի ուժով։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով կայացնելով 31.01.2023 թվականին «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, սահմանափակել է Էդուարդ Սուքիասյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և 132-րդ հոդվածի:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: