ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0128/05/18 | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ2/0128/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.01.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 02.03.2018 թվականի թիվ 1012677 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 02.03.2018 թվականի թիվ 1012677 ստուգման ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Անհիմն են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ ստուգման ընթացքը երկարաձգելու մասին հրամանի վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանին չծանուցելու պայմաններում հրամանն ուժի մեջ չի մտել, և հետևաբար ստուգող տեսուչների կողմից այդ ընթացքում ձեռք բերված ապացույցները համարվում են օրենքի խախտմամբ ձեռք բերված, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1604/05/08 գործով արտահայտած դիրքորոշման համաձայն՝ ստուգման ընթացքը երկարաձգելու մասին որոշումը վարչական վարույթի ընթացքում ընդունվող ընթացակարգային, այլ ոչ թե վարչական ակտ է, և այն, հանդիսանալով անհատական իրավական ակտ, վարքագծի կանոններ է սահմանում դրանում անհատապես նշված հարկային տեսուչների համար և ուժի մեջ է մտնում նրանց հանձնելու պահից։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ստուգման ակտով արձանագրված խախտման փաստը հիմնավորվել, արձանագրվել և պարտավորությունները հաշվարկվել են քրեական գործի նյութերի ուսումնասիրման և վերլուծության արդյունքում։ Ինչ վերաբերում է նրան, որ քրեական գործի նյութերն ստացվել են մինչ ստուգումը փաստացի սկսելը, ապա Դատարանի կողմից մատնանշված ընթացակարգային նորմերի պահանջների խախտման վերաբերյալ եզրահանգումները չեն կարող դրվել ստուգման ակտն անվավեր ճանաչելու հիմքում, քանի որ կիրառելի իրավական ակտերի պահանջները բովանդակային առումով պահպանված են և միայն ձևական, ընթացակարգային նորմերի խախտման հիմքով չի կարող վիճարկվող ակտն անվավեր ճանաչվել։ Սույն գործով արձանագրված խախտման փաստը հիմնավորված է, որևէ կերպ չեն խախտվել հայցվորի իրավունքները, և քրեական գործի նյութերը մինչ ստուգումը փաստացի սկսելը ձեռք բերելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ ստուգման ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշումը, և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մխիթարյանի 09․06․2017 թվականի «Հարկային ստուգում նշանակելու մասին» որոշմամբ թիվ 62219816 քրեական գործով անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի 2015 և 2016 թվականների գործունեության ժամանակահատվածի համար նշանակվել է հարկային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 68-70):
2) Կոմիտեի նախագահի 04․07․2017 թվականի թիվ 1012677 հանձնարարագրով Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 10 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Էդգար Պողոսյանին և ավագ հարկային տեսուչ Ալբերտ Ենգիբարյանին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով անցկացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման ժամկետը սահմանվել է մինչև 15 անընդմեջ աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 81-82):
3) Կոմիտեի նախագահի 04․07․2017 թվականի թիվ 1012677 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումը փաստացի սկսվել է 15․08․2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 6):
4) Կոմիտեի նախագահի 04․09․2017 թվականի թիվ Ս-1400-Ա հրամանով անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ թիվ 1012677 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամկետը երկարաձգվել է մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով և ստուգումը սեպտեմբերի 07-ից կասեցվել է 30 աշխատանքային օրով (հատոր 2-րդ, գ.թ. 72):
5) Անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանը Կոմիտեի նախագահի 04․09․2017 թվականի թիվ Ս-1400-Ա հրամանին ծանոթացել է 05․09․2017 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վարչական գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին՝ միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 13․05․2008 թվականի ՍԴՈ–753 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ և իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը: Հանրային իշխանության կողմից որոշակիության սկզբունքի խախտումն ուղղակիորեն ազդում է օրենքի գերակայության սկզբունքի վրա և էականորեն նվազեցնում է իրավական պետության կայացածության աստիճանը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի՝ 15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշումը):
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով uտուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների միաuնական կարգավորումը, այդ թվում՝ ստուգման վարույթի տևողության, դրա երկարաձգման և կասեցման հետ կապված կանոնների սահմանումը միտված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը (տե'ս, «Արայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են (...) ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ hրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (...): Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, (...): Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին (...):
Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից»:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը (...) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով»:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելու համար Կոմիտեն կարող է իրականացնել ստուգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներով սահմանված ընթացակարգերի, այդ թվում՝ ստուգման ժամկետների պահպանմամբ՝ ապահովելով նաև տնտեuավարող uուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելու օրենսդրական պահանջի կատարումը: Այսինքն՝ ստուգումն uկuելուց առաջ համապատաuխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) պետք է հրապարակի uտուգում իրականացնելու մաuին հրաման կամ հանձնարարագիր, որտեղ, ի թիվս այլնի, պետք է նշում կատարի նաև uտուգման ժամկետի, uտուգման իրավական հիմքերի վերաբերյալ: Այնուհետև ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ (եթե բացակայում են այս կանոնից շեղվելու օրենքով նախատեսված դեպքերը) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ընդ որում, ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը, ուստիև տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ անարգել մուտք գործելու, ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ պահանջելու և վերցնելու և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ լիազորությունները ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնելու միայն այդ օրվանից սկսած: Միևնույն ժամանակ ստուգումների ընթացքին չխոչընդոտելու, ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելու, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով փաստաթղթերը, տվյալները ներկայացնելու, դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ տրամադրելու, ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ստուգվող սուբյեկտի պարտականությունները նույնպես ծագում են ստուգումը փաստացի սկսելու օրվանից: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նաև ստուգման ժամկետը երկարաձգելու կամ կասեցնելու դեպքերն ու կարգը, համաձայն որի՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր: (...)
Ընդ որում, ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ, իսկ ստուգման ընթացքի կասեցումը կարող է իրականացվել միայն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ մտնելու կանոն, համաձայն որի՝ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով uտուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների միաuնական կարգավորումը, այդ թվում՝ ստուգման վարույթի տևողության, դրա երկարաձգման և կասեցման հետ կապված կանոնների սահմանումը միտված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը: Նշված կանոնների միջոցով, փաստորեն, տնտեսավարող սուբյեկտին տրվել է ստուգման համար սահմանված ժամկետների ավարտից հետո վարչական մարմնի կողմից իր գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխիք: Ուստի վարչական մարմինը պարտավոր է պահպանել ստուգման հետ կապված վարչական վարույթի ժամկետները, իսկ դրանց երկարաձգումն ու կասեցումը` իրականացնել բացառապես օրենքի պահանջների պահպանմամբ:
Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգումն իրականացնել ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետում, սակայն ստուգման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգման ընթացքը կասեցնելու օրենքով նախատեսված հիմքեր առաջանալու դեպքում վերջիններս պետք է գրավոր հիմնավորում կամ գրավոր զեկուցագիր ներկայացնեն համապատասխան պետական մարմնի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին), որն էլ պետք է ընդունի ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ: Ընդ որում, ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ընդունած հրամանի կամ հանձնարարագրի մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը՝ դրանից բխող իրավական հետևանքներն առաջացնելու, մասնավորապես ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտի ուժի մեջ մտնելն ապահովելու համար (տե'ս, «Արայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների Կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Այլ կերպ՝ քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող համապատասխան անհատական իրավական ակտի մասին, ապա չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է՝ ստուգման ժամկետը չի կարող համարվել երկարաձգված կամ ստուգման ընթացքը չի կարող համարվել կասեցված:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի պարտականությունն է հետևել, որ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը պատշաճ կերպով և ժամանակին ուղարկվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ այդպիսով ապահովելով նախաձեռնվող գործողության՝ ստուգման ժամկետի երկարաձգման կամ կասեցման, պատշաճ իրականացումը (տե'ս, «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի թիվ ՎԴ/10261/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ Օրենքով նախատեսված ստուգումն ընթացակարգ է, որի շրջանակներում Օրենքով նախատեսված հանձնարարագրի առկայության պայմաններում ստուգումն իրականացնող իրավասու մարմինն Օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնում է հանձնարարագրում նշված ժամկետում, որպիսի ժամկետն ունի Օրենքով սահմանված ճշգրիտ ելակետ, ինչպես նաև երկարաձգման և կասեցման հնարավորություն։ Մինչ ստուգման ժամկետի ավարտն ստուգման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումն իրականացնող անձինք պետք է գրավոր հիմնավորում ներկայացնեն համապատասխան պետական մարմնի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին), որն էլ ընդունում է ստուգման ժամկետը երկարաձգելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ: Ստուգման ժամկետը երկարաձգող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգման ժամկետը երկարաձգող համապատասխան անհատական իրավական ակտի մասին և ըստ այդմ՝ վերջինս չի մտել ուժի մեջ, չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է՝ ստուգման ժամկետը չի կարող համարվել երկարաձգված: Ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչ ստուգման ժամկետի ավարտը։ Եթե ստուգման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ լրացել է ստուգման ժամկետը, ապա ստուգման ժամկետը համարվում է չերկարաձգված, հետևաբար նաև՝ ավարտված, որպիսի պայմաններում ստուգումն իրականացնող իրավասու մարմնի միակ լիազորությունն է ամփոփել ստուգման արդյունքները և խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմել տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 02.03.2018 թվականի թիվ 1012677 ստուգման ակտը։
Դատարանը 13․06․2019 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի հայցը բավարարել է, իսկ Վերաքննիչ դատարանը 14․01․2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահի 04․09․2017 թվականի թիվ Ս-1400-Ա հրամանը, որով անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ թիվ 1012677 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամկետը երկարաձգվել է մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով և ստուգումը սեպտեմբերի 07-ից կասեցվել է 30 աշխատանքային օրով, ուժի մեջ է մտել 06․09․2017 թվականին, այն պայմաններում, երբ հանձանարարագրով սահմանված ստուգման ժամկետն ավարտվել է 05․09․2017 թվականին: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ այն պայմաններում, երբ ստուգման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ակտը փաստացի ուժի մեջ է մտնում ստուգում իրականցնելու հանձնարարագրում նշված ժամկետն ավարտելուց հետո, ապա ստուգումն իրականացնող մարմինը ստուգում անցկացնելու իրավասություն չունի:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Կոմիտեի նախագահի 04․07․2017 թվականի թիվ 1012677 հանձնարարագրով հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ իրականացնել ստուգում` 15 անընդմեջ աշխատանքային օր ժամկետով: Ստուգումը փաստացի սկսվել է 15․08․2017 թվականին: Իրավահարաբերության ծագման պահին գործած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 07․04․2018 թվականին) 82-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետը հաշվելու կանոնին համապատասխան («Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը»)՝ հանձնարարագրով սահմանված ստուգման ժամկետի վերջին օրը 05․09․2017 թվականն է:
Կոմիտեի նախագահի 04․09․2017 թվականի թիվ Ս-1400-Ա հրամանով անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ թիվ 1012677 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամկետը երկարաձգվել է մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով և ստուգումը սեպտեմբերի 07-ից կասեցվել է 30 աշխատանքային օրով։
Անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանը Կոմիտեի նախագահի 04․09․2017 թվականի թիվ Ս-1400-Ա հրամանին ծանոթացել է 05․09․2017 թվականին, որպիսի պայմաններում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության ուժով նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն 06.09.2017 թվականին: Մինչդեռ 05․09․2017 թվականին ստուգման ժամկետն արդեն իսկ ավարտված է եղել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի նախագահի կողմից ստուգման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հրամանն ուժի մեջ է մտել անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի մոտ իրականացվող ստուգման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, որպիսի պայմաններում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք այլևս իրավասու չէին կատարել ստուգմանն ուղղված գործողություններ և պարտավոր էին Օրենքով նախատեսված համապատասխան ակտով եզրափակել ստուգման վարույթը: Այլ կերպ՝ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը, ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո այլևս իրավասություն չունենալով միջամտել անհատ ձեռնարկատեր Ահարոն Հակոբյանի գործունեությանը, խախտել է այդ պահից սկսած տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխավորված կանոնը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 02.03.2018 թվականի թիվ 1012677 ստուգման ակտն ընդունվել է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտմամբ, և ենթակա է անվավեր ճանաչման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը։
Նման պայմաններում, հաշվի առնելով, որ վերոգրյալով արդեն իսկ հաստատվում է վիճարկվող վարչական ակտի՝ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 02.03.2018 թվականի թիվ 1012677 ստուգման ակտի անվավերությունը, Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքին և հիմնավորումներին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը, համապատասխանաբար բավարարելով հայցն ու անփափոխ թողնելով վճիռը, կայացրել են պատճառաբանված և հիմնավորված դատական ակտեր։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու կամ գործը նոր քննության ուղարկելու համար։ Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.01.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Լ. Հակոբյան Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|