Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1712
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2024
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.01.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
23.01.2024
Дата вступления в силу
23.01.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 հունվարի 2024 թ.

 

ԴԱՎԻԹ ՓՈԼԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող Դավիթ Փոլադյանի (այսուհետ նաև՝ Դիմող) ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Դավիթ Փոլադյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

1998 թվականի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին, ուժի մեջ մտել` 1999 թվականի հունվարի 12-ին, ուժը կորցրել` 2022 թվականի հուլիսի 1-ին, բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը չեն կորցրել:

Օրենսգրքի՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանվում է.

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(…)

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար»։

Օրենսգրքի վերոնշյալ դրույթը ընդունման պահից որևէ փոփոխության չի ենթարկվել:

Գործի քննության առիթը Դիմողի` 2023 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

 

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործի և թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործի նյութերը, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Դիմողի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` գումարի և հաշվարկվող տոկոսների բռնագանձման, Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարած ճանաչելու, դրամական միջոցներն ապօրինի պահելու և դրանք վերադարձնելուց խուսափելու համար տոկոսներ, դրա արդյունքում պատճառված վնասներ բռնագանձելու, ինչպես նաև խաբեության ազդեցության տակ կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դիմողի` գումարի և հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի Դիմողի ընդդեմ Կադաստրի կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման, Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Սանթուրի Առաքելյանի` անշարժ գույքի նվիրատվության կեղծ պայմանագրերի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանքների կիրառման, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաշխելու պահանջների մասին, և ըստ հայցի Դիմողի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ` Կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ Անդրանիկ Այվազյանի սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին, 2012 թվականի ապրիլի 25-ին վճռել է՝

- քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Դիմողի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` պարտավորության գումարի, տոկոսների, պատճառված վնասի գումարի բռնագանձման պահանջների մասով, կարճել,

- հակընդդեմ հայցվոր Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը բավարարել,

- Դիմողի հայցն ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` վերջինիս նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, մերժել,

- Դիմողի հայցն ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` 2002 թ. ապրիլի 28-ին 362.000 ԱՄՆ դոլար ստացած լինելու վերաբերյալ խաբեության ազդեցության տակ իր կողմից Անդրանիկ Այվազյանին տրված ստացականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել,

- թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործի վարույթը՝ անշարժ գույքի համասեփականատեր ճանաչելու պահանջի մասով, կարճել,

- Դիմողի հայցն ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ` Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարի` Անդրանիկ Այվազյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, մերժել, Դիմողի հայցն ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման, Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Սանթուրի Առաքելյանի` անշարժ գույքերի նվիրատվության կեղծ պայմանագրերի` որպես առոչինչ գործարքների նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 14-ին որոշել է վերաքննիչ բողոքը մերժել և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի ապրիլի 25-ի թիվ ԵԱՆԴ/1508/02/10 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանը 2013 թվականի փետրվարի 27-ին որոշել է վերադարձնել թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ Դիմողի և նրա ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։

 

1.2. Թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործը.

Դիմողի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2018 թվականի օգոստոսի 13-ին հարուցվել է թիվ 17861818 քրեական գործը, որով Դիմողին տուժող ճանաչելու մասին որոշում է կայացվել։

Թիվ 17861818 քրեական գործով 2020 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել Անդրանիկ Այվազյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հիշյալ քրեական գործով 2020 թվականի ապրիլի 29-ին կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ Անդրանիկ Սերյոժայի Այվազյանը մեղադրվել է այն բանի համար, որ «նա՝ թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործի քննության ընթացքում՝ 2011 թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ շահադիտական դրդումներով տվել է սուտ ցուցմունք»։

Մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես, նշվել է. «Անդրանիկ Սերյոժայի Այվազյանը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ ըստ Դավիթ Փոլադյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի՝ գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման, Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ 28.04.2002թ. ստացականում նշված պարտավորությունը դադարած ճանաչելու, դրամական միջոցներն ապօրինի պահելու և դրանք վերադարձնելուց խուսափելու համար տոկոսներ, դրա արդյունքում պատճառված վնասներ բռնագանձելու, ինչպես նաև խաբեության ազդեցության տակ կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դավիթ Փոլադյանի՝ գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջի մասին, և (…) պահանջների մասին դատավոր Ա Պետրոսյանի նախագահությամբ քննվող թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործի քննության ընթացքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ շահադիտական դրդումներով, այն է՝ Դավիթ Փոլադյանից իբր որպես պարտք 362.000 ԱՄՆ դոլար գումարը ստանալու, ինչպես նաև 2002 թվականի հունիսի 13-ին կազմված և ստորագրված եռակողմ համաձայնագրով ստանձնած՝ Դավիթ Փոլադյանին 120.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու պարտավորությունը չկատարելու նպատակով, սուտ ցուցմունք է տվել այն մասին, թե հիշյալ համաձայնագրում նշված «այլևս մեկս մյուսի հանդեպ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» միտքը չի վերաբերել Դավիթ Փոլադյանի կողմից իրեն տրված ստացականին, քանի որ Դավիթ Փոլադյանի կողմից բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին վաճառելու նպատակով կնքված համաձայնությունը որևէ կերպ չի կարող վերաբերել Դավիթ Փոլադյանի կողմից 28.04.2002 թ. իրեն տրված ստացականով հաստատված պարտքի գումարին կամ դրա պահանջից հրաժարվելուն, այլապես համաձայնագրում ուղղակի նշում կկատարվեր դրա մասին կամ առանց երրորդ անձանց մասնակցության իր և Դավիթ Փոլադյանի միջև կկնքվեր առանձին համաձայնագիր։ Համաձայնագրում ինքը հանդես է եկել միայն որպես հիշյալ անձանց միջև կնքված գործարքի պայմանի՝ բաժնեմասի օտարման դիմաց Դավիթ Փոլադյանին 120.000 ԱՄՆ դոլար գումարի վճարման երաշխավոր, հիշյալ գումարն իրականում պետք է փոխանցեր իրեն՝ Դավիթ Փոլադյանի ունեցած պարտքի մի մասի դիմաց և ինքը, համաձայնագրում ստորագրելով, չի հրաժարվել պարտքից»։

Թիվ 17861818 քրեական գործով 2020 թվականի ապրիլի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար։

2020 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում, քրեական գործին տրվել է թիվ ԵԴ/0382/01/20 համարը։

2022 թվականի հունիսի 16-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործով պաշտպանի միջնորդությունը` Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որոշել է Անդրանիկ Սերյոժայի Այվազյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործի վարույթը կարճել` ամբաստանյալի մահվան հիմքով այն պատճառաբանությամբ, որ` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված երկու բացառություններից երկրորդի տառացի մեկնաբանությունից երևում է, որ վարույթի շարունակությունը պետք է անհրաժեշտ լինի որևէ անձի նկատմամբ քննված գործին, սակայն քաղաքացիադատավարական կամ վարչադատավարական ընթացակարգերով իրականացվող վարույթները որևէ անձի նկատմամբ իրականացվող վարույթներ չեն:

(...)

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված երկու բացառություններից երկրորդին, այն է` «երբ գործի վարույթն անհրաժեշտ է … ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար …» արտահայտությանը տրվի լայն մեկնաբանություն և այն մեկնաբանվի նաև որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով պայմանագրային հարաբերություններից բխող դատական ակտի դեմ նոր երևան եկած հանգամանքներով բողոք բերելու իրավունքի իրացում, ապա կիմաստազրկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրները և ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտված մեկնաբանությունները:

(...)

Հետևաբար Դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ մահացած անձի մերձավոր ազգականները, այն գիտակցմամբ, որ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի կարճմամբ օրենսդիրը մեղադրյալին արդարացվածի կարգավիճակ չի տրամադրում, այնուամենայնիվ չեն ցանկանում, որպեսզի քրեական վարույթը շարունակվի, իսկ գործի վարույթի հետագա շարունակությունը պայմանավորված չէ քրեադատավարական ընթացակարգով քննված գործի վերսկսմամբ, ուստի քրեական գործի վարույթը ենթակա է կարճման»:

2022 թվականի սեպտեմբերի 26-ին վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործով 2022 թվականի հունիսի 16-ի որոշումը թողնելով անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ` «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված «կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրա կիրառման համար վարույթի շարունակությունը պետք է անհրաժեշտ լինի որևէ անձի նկատմամբ քննված գործի վերսկսման համար, այնինչ քաղաքացիադատավարական կամ վարչադատավարական ընթացակարգերով իրականացվող վարույթները որևէ անձի նկատմամբ իրականացվող վարույթներ չեն:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքների փաստարկներին առ այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ պետությունը, ի դեմս օրենսդիր մարմնի, ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարություններում անձանց՝ իրենց խախտված իրավունքների վերականգնման համար որպես լրացուցիչ երաշխիք՝ նախատեսել են արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքի շրջադարձի հնարավորություն այն դեպքում, երբ ի թիվս այլնի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված կլինի վկայի սուտ ցուցմունքներ տալը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև նշված պնդումն ըստ էության հիմնավորված է, այն չի կարող հիմք հանդիսանալ մահացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու և առավել ևս մեղադրական դատավճռի կայացման համար, հաշվի առնելով, որ օրենսդիրը նման հնարավորություն չի նախատեսում: Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում դատարանը կստանձնի օրենսդրի դերակատարություն, ինչն անթույլատրելի է»:

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 7-ին որոշել է վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ Դիմողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

 

2. Դիմողի դիրքորոշումը

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմով նախատեսված «երբ գործի վարույթն անհրաժեշտ է (…) ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար (…)» ձևակերպմանն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ օրենսդիրը նկատի է ունեցել բացառապես քրեական գործերը, չի բխում վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից՝ հակասելով Սահմանադրության 61, 63, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

Դիմողն ընդգծում է. «(...) Դավիթ Փոլադյանի համար կարևոր էր թիվ ԵԴ/0382/01/20 քրեական գործով դատարանի դատավճիռը, քանի որ եթե Անդրանիկ Այվազյանը մեղավոր ճանաչվեր սուտ ցուցմունք տալու մեջ, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավճիռը հիմք կհանդիսանար Դիմումատուի սեփականության իրավունքի և կյանքի որակի վրա էականորեն ազդած՝ թիվ ԵԱՆԴ/1508/02/10 քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք բերելու համար»:

Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավանորմը՝ դատարանների կողմից տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին և խտրական կերպով սահմանափակում է տուժողի իրավունքների վերականգնման հնարավորությունը, մինչդեռ, ըստ Դիմողի, «քրեական արդարադատության հիմնական գործառույթը, որն է` տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը»:

Ամփոփելով՝ Դիմողը խնդրում է. «1. 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ «երբ գործի վարույթն անհրաժեշտ է [...] ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար [...]» ձևակերպման «ուրիշ անձանց» եզրույթը վերաբերում է բացառապես քրեական դատավարությանը մասնակից անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու հնարավորությանը և չի վերաբերում քաղաքացիական դատավարությանը մասնակից անձանց մասնակցությամբ գործը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վերսկսելու հնարավորությանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Եթե 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «երբ գործի վարույթն անհրաժեշտ է [...] ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար [...]» ձևակերպումը վերաբերում է բացառապես քրեական դատավարությանը մասնակից անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու հնարավորությանը և չի վերաբերում քաղաքացիական դատավարությանը մասնակից անձանց մասնակցությամբ գործը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վերսկսելու հնարավորությանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

 

3. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը նշում է, որ քրեական գործի վարույթը մահացածի իրավունքների վերականգնման համար շարունակելու վերաբերյալ կարգավորումն ուղղված է անձի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության, մարդու արժանապատվության անխախտելիության և անմեղության կանխավարկածի օրենսդրական երաշխավորմանը:

Պատասխանողը պնդում է. «(…) քրեական դատավարության օրենսդրության խնդիրներն են հանցագործությունից պաշտպանությունը, քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած անձի բացահայտումը, սակայն դրան հակառակ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված երկու բացառություններից երկրորդին, այն է` «երբ գործի վարույթն անհրաժեշտ է … ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար ...» արտահայտությանը տրվի լայն մեկնաբանություն և այն մեկնաբանվի նաև որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով պայմանագրային հարաբերություններից բխող դատական ակտի դեմ նոր երևան եկած հանգամանքներով բողոք բերելու իրավունքի իրացում, ապա կիմաստազրկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրները և ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտված մեկնաբանությունները»:

Պատասխանողը պնդում է, որ Քրեական դատավարության օրենսգրքում «գործ» հասկացությունը կիրառվում է բացառապես քրեադատավարական իմաստով, ինչի մասին, ըստ Պատասխանողի` վկայում է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթում նույն նախադասության մեջ «գործ» հասկացության հետ միասին օգտագործվում է նաև «գործի վարույթ» ձևակերպումը, իսկ վերջինս կիրառելի է բացառապես քրեադատավարական համատեքստում։

Պատասխանողը նշում է. «Ինչ վերաբերում է «գործ» հասկացության՝ «նոր ի հայտ եկած հանգամանք» եզրույթի վարչադատավարական և քաղաքացիադատավարական օրենսգրքերի համատեքստում դիտարկմանը և մեկնաբանմանը, ապա թեև նշված հասկացությունը և համապատասխան ինստիտուտն առկա է նաև այդ օրենսգրքերում, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իրավունքի ճյուղի իր առանձնահատկությունները և դրանց իմաստները չեն կարող անալոգիկ կերպով տարածվել և ընկալվել ինչպես փոխադարձաբար, այնպես էլ քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում, եթե այդ մասին չկա հատուկ նշում տվյալ օրենսգրքում»:

Ամփոփելով վերոգրյալը՝ Պատասխանողը խնդրում է «Դավիթ Փոլադյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին։

 

4. Սահմանադրական վեճի շրջանակը

Սույն գործով սահմանադրական վեճի բովանդակությունը Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում ամրագրված «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման բերումով վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության սահմանադրականությունն է, համաձայն որի՝ մեղադրյալի մահվանից հետո քրեական գործի վարույթը կարող է շարունակվել այլ անձին վերաբերելի՝ միայն քրեական գործի վերսկսման անհրաժեշտության բերումով՝ նրա նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով:

Սույն դիմումով վիճարկվող դրույթի (դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրված «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպմանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ըստ որի՝ վարույթի շարունակությունը պետք է անհրաժեշտ լինի բացառապես քրեական գործի վերսկսման համար, ապահովվում է քաղաքացիական դատավարության շրջանակներում նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման միջոցով անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի, Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Սահմանադրությամբ նախատեսված` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, լինելով միմյանց հետ փոխկապակցված, պայմանավորում են սույն սահմանադրական վեճում այս երկու հիմնական իրավունքների համակցված դիտարկման անհրաժեշտությունը։

2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքի բնույթին և դրա հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման ինստիտուտի սահմանադրական բովանդակությանը, մասնավորապես, նշել է.

« (…)

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր.-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված»։

5.2. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բացառություն կարող է լինել միայն ծանրակշիռ հիմնավորումներով, քանի որ հիշյալ հիմնարար սկզբունքի իրավական արժեքը պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դրա հասցեատերերի համար ստեղծված իրավական վիճակի կայունությունն ապահովելու (դրանով իսկ իրավական որոշակիությունը երաշխավորելու) սահմանադրական հրամայականով։

Իր հիմնարար իրավական արժեքով հանդերձ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ, և դրանից կարող է լինել բացառություն՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի թերության ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքը պահանջում է օրենքով նախատեսված հանգամանքների և պայմանների առկայության պարագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափության ստուգման հնարավորություն, որի իրականացումը, միաժամանակ, չի կարող հանգեցնել վերջնական դատական ակտի՝ վերաքննության կամ վճռաբեկության ընդհանուր կարգով բողոքարկման քողարկված հնարավորության։

5.3. Մինչ սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մահացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու իրավական հնարավորության խնդրին` արձանագրելով, որ նման հնարավորության համար իրավական կառուցակարգի և դրա տարրերի ընտրության իրավասությունը վերապահված է օրենսդրին, որի լիազորությունն է դատավարական կողմերի շահերի հավասարակշռման միջոցով ապահովել ինչպես մահացածի, այնպես էլ տուժողի իրավունքների պաշտպանությունը։

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթին վերաբերող` 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ (մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթի շարունակման մասով) Սահմանադրական դատարանը կարևորել է անձի մահվան հիմքով վարույթի դադարեցման պարագայում մահացածի հարազատների կամարտահայտությունը հաշվի առնելը։ Սակայն սույն դիրքորոշումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես տուժողի իրավունքների պաշտպանության բացառում։ Այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ կարևորել է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելիս մահացածի մերձավոր ազգականների դիրքորոշումը, չի կարող մեկնաբանվել որպես օրենսդրի կողմից «ուրիշ անձանց» հիմնական իրավունքի դատական պաշտպանության ապահովման հայեցողության սահմանափակում։

5.4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մահացած անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդումն առհասարակ Օրենսգրքով նշված դեպքերում հնարավոր է համարվել։ Թեպետ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրված իրավակարգավորմամբ, որպես ընդհանուր կանոն, սահմանվում է, որ անձի մահվան դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, սակայն այս կանոնից նախատեսված է բացառություն։ Մասնավորապես` նույն դրույթով օրենսդիրը նախատեսել է իրավասու մարմնի կողմից վարույթը շարունակելու իրավասություն՝ (1) մահացածի իրավունքների վերականգնման կամ, (2) ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու նպատակների համար:

Սույն իրողությունն արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ «(…) օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը, այնպես էլ առաջացնում են պարտավորություն՝ կարճել քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: Միևնույն ժամանակ, այս ընդհանուր մոտեցումն ունի վերապահումներ, (…)»։

Վիճարկվող իրավադրույթի «մահացածի իրավունքների վերականգնման» նպատակով վարույթի շարունակության իրավասության առնչությամբ Սահմանադրական դատարանը 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշմամբ նշել է. «(...) իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ անձի մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին իրազեկել նրա մերձավոր ազգականին, ապահովել վերջինի դիրքորոշման լսելիությունը, մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու` նրա պահանջի բավարարումը և մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության և նրա մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն սահմանադրական վեճի շրջանակում նորմը վիճարկվում է միայն «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու» նպատակի մասով, Սահմանադրական դատարանը մահացածի իրավունքների վերականգնման նպատակին կանդրադառնա այնքանով, որքանով դա վերաբերելի և անհրաժեշտ է վիճարկվող դրույթի իրավական բովանդակության բացահայտման ամբողջականության համար։

55 Վիճարկվող դրույթում առկա «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման իրավական բովանդակության վերհանման առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Օրենսգրքում «քրեական գործ» և «գործ» եզրույթների օգտագործմանը։

Մասնավորապես` Օրենսգրքի «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` (…) 2) քրեական գործ` քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ»:

Նշվածից հետևում է, որ Քրեական օրենսգրքով` նախատեսված արարքի կապակցությամբ իրականացվող առանձին վարույթը նշելու համար Օրենսգրքում օգտագործվում է «քրեական գործ» եզրույթը։ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի ամբողջ տեքստում «քրեական գործ» եզրույթի բազմակի կիրառումն ակնհայտ է դարձնում օրենսդրի՝ դատավարական վարույթի տեսակի որոշակիացման նպատակը։ Այդուհանդերձ, Օրենսգրքում բազմիցս օգտագործվում է նաև «գործ» իրավական եզրույթը՝ առանց որոշակիացնելու այն «քրեական» ածականով։ Վերջինս, ինքնին, չի կարող իրավական նորմերի` առանց դրանց՝ իրավաբանական մեկնաբանության գործիքակազմի ճշգրիտ կիրառման ինքնուրույնաբար մեկնաբանվել քրեական գործից բացի այլ վարույթներին վերաբերելու իմաստով, և հակառակը՝ Օրենսգրքում «գործ» իրավական եզրույթը ինքնին չի կարող մեկնաբանվել որպես բացառապես վերաբերելի քրեական գործերին՝ առանց հաշվի առնելու համապատասխան նորմի ողջ համատեքստը և բովանդակությունը։

Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության շրջանակում կոնկրետ իրավական վարույթը նկատի ունենալու նպատակով Օրենսգրքում օգտագործվում է «քրեական գործ» եզրույթը, իսկ «գործ» եզրույթը քրեական գործին ակնհայտորեն վերաբերելի է այն դեպքում, երբ դա անմիջապես բխում է կոնկրետ նորմի բովանդակությունից։ Իր հերթին, Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված` «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպումը որևէ կերպ չի վկայում, որ մեղադրյալի մահվան դեպքում քննվող քրեական գործը չի կարճվում, եթե դա անհրաժեշտ է նոր ի հայտ եկած հանգամանքի կապակցությամբ բացառապես մեկ այլ քրեական գործի վերսկսման համար։ Վիճարկվող դրույթին տրված հակառակ մեկնաբանությունն ունենալու է սահմանափակող բնույթ, իսկ այդ դրույթը, իրավասու մարմնի համար մահացած անձի նկատմամբ քրեական վարույթն իրականացնելու իրավասություն սահմանելուն զուգահեռ` այլոց համար իրենց իրավունքների դատական պաշտպանության նպատակով վարույթը շարունակելու իրավական հնարավորություն նախատեսող նորմ հանդիսանալով, ենթակա չէ նման իրավական հնարավորությունը սահմանափակող տարածական մեկնաբանության։ Այս եզրահանգումն ամրապնդվում է նաև այն դիտարկմամբ, որ Սահմանադրական դատարանը չի տեսնում որևէ բացատրություն, որ վիճարկվող դրույթը, դիցուք, միայն քրեական դատավարությանը վերաբերելու մասով սահմանափակելու նպատակ հետապնդելու պարագայում օրենսդիրը չհստակեցներ իր մտադրությունը՝ «գործ» եզրույթի փոխարեն Օրենսգրքում բազմակի կիրառված «քրեական գործ» եզրույթը կիրառելու համար։ Վիճարկվող դրույթի վերլուծությամբ Սահմանադրական դատարանը չի նշմարում որևէ այլ հանգամանք, ինչը ցույց կտար, որ «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման մեջ առկա «գործը» եզրույթը վերաբերելի է բացառապես քրեական գործի՝ չներառելով, դիցուք, քաղաքացիական դատավարության կարգով քննված գործ։

5.5. Հիմք ընդունելով այն, որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը սույն գործով բարձրացվում է այն համատեքստում, թե որքանով է տուժողի համար ապահովված քաղաքացիական դատավարության արդյունքում կայացված դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքով վերանայման իրավունքի արդյունավետ իրացումը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ հարցի քննարկումը պետք է իրականացնել սույն գործին առնչվող իրավահարաբերությունների ծագման պահին ուժի մեջ գտնվող` 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված և նույն թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայմանը վերաբերող դրույթների և դրանց հետ վիճարկվող դրույթի ունեցած կապերի համակարգային վերլուծությամբ։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները»։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

(․․․)

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը»:

Անդրադառնալով վիճարկվող դրույթում օգտագործված «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսել» և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում օգտագործված «նոր երևան եկած հանգամանքներ» և «օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայել» եզրույթների միջև առկա տարբերություններին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքում «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու» ինստիտուտի վերաբերյալ հիմնական դրույթներն ուժը կորցրել և, միաժամանակ, փոխարինվել են էականորեն նույնական իրավական բովանդակությամբ «դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած հանգամանքով» իրավական ինստիտուտին առնչվող մի շարք դրույթներով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված թիվ ՀՕ-270-Ն օրենքով (տե´ս, մասնավորապես, հիշյալ օրենքի 70 և 81-րդ հոդվածները)։ Թեպետ նշված օրենսդրական փոփոխություններից հետո Օրենսգրքի որոշ դրույթներում պահպանվում է «նոր ի հայտ եկած հանգամանք» ձևակերպումը, ակնհայտ է, որ այն ուղղակիորեն վերաբերում է «նոր երևան եկած հանգամանք» իրավական ինստիտուտին։ Ամեն դեպքում, քննարկվող դրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ դրանք արտացոլում են միևնույն իրավական կառուցակարգը։ Ինչպես Օրենսգրքի վիճարկվող դրույթում «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսել» ձևակերպումը, այնպես էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում «նոր երևան եկած հանգամանքներով կարող են վերանայվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը» ձևակերպումը վերաբերում են այն իրավիճակին, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման պահին գոյություն ունեցող այնպիսի հանգամանքի մասին է հետագայում հայտնի դարձել, որն էական նշանակություն ունի համապատասխան հարցի լուծման համար և նախապես հայտնի չէր, ինչի բերումով օրենքի հիման վրա նույն հարցի վերաբերյալ կարող է կայացվել նոր դատական ակտ։

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայմանը վերաբերող դրույթների իրավական բովանդակությունը համընկնում է` անկախ դրանցում օգտագործվող եզրույթների տարբերություններից։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից հետևում է, որ օրենսդիրը որպես նոր երևան եկած հանգամանք է դիտարկում, մասնավորապես, քրեական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճռով հաստատված այնպիսի հանգամանքի արդյունքում կայացված դատական ակտի առնչությամբ իրավական գործընթացը, որը կարող է վերսկսվել նոր երևան եկած հանգամանքի ուժով։ Օրենսդիրը քաղաքացիական դատավարությունում նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի հնարավորություն է նախատեսել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությամբ, որը կարող է կայացվել բացառապես քրեական դատավարության շրջանակներում։

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր երևան եկած հանգամանքներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը վերաբերող դրույթները Օրենսգրքի վիճարկվող նորմի հետ գտնվում են համակարգային կապի մեջ, և այդ կապի հաշվառմամբ վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ է հնարավոր ապահովել քաղաքացիական դատավարության կարգով նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքի իրացումը։

5.6. Դատարանները, դիմողի գործով մեկնաբանելով վիճարկվող դրույթի՝ «ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպման մեջ նշված «գործը» եզրույթը, եզրահանգել են, որ այն վերաբերում է բացառապես մեկ այլ քրեական գործի։ Նշվածով պայմանավորված՝ ամբաստանյալի մահացած լինելու փաստի հիմքով քրեական գործը, որով Դիմողն ունեցել է տուժողի կարգավիճակ, կարճվել է առանց գործով դատավճռի հանգելու հեռանկարի (տե՛ս սույն որոշման 1.2-րդ կետը): Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշվածի արդյունքում Դիմողը զրկվել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած ենթադրյալ հանցավոր արարքի առկայության վերաբերյալ վերջնական դատական հաստատման (որպես նոր երևան եկած հանգամանք) դատավարական հեռանկարից միայն այն փաստի բերումով, որ իր իրավունքի ենթադրյալ խախտումը նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վիճարկելու հնարավորությունը (քրեական դատավարությունը համապատասխան մեղադրական դատավճռով ավարտվելու դեպքում) նախատեսված է եղել քաղաքացիական դատավարության, այլ ոչ՝ քրեական դատավարության շրջանակում` արդյունքում Դիմողի համար ստեղծելով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման «դատավարական փակուղի»։

5.7. Վերը նշվածի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարական մեջբերված իրավակարգավորումների և վիճարկվող դրույթի համակարգային կապի հիման վրա կատարված վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը չի սահմանափակվում միայն քրեական դատավարության շրջանակում նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերսկսման իրավական հնարավորությամբ, այլ անհրաժեշտ կառուցակարգ է այլ ճյուղային, սույն գործին վերաբերելի մասով՝ քաղաքացիական դատավարության շրջանակում անձի՝ ենթադրյալ խախտված իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար։ Այս մոտեցումը համահունչ է նաև քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված՝ անձին հանցագործությունից պաշտպանելու նպատակին (Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), երբ դատարանի կողմից դատավճռով հաստատված լինելու դեպքում հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման հնարավորությունը չի ենթադրում բացառապես քրեական դատավարական ընթացակարգերի գործարկում, այլ կարող է իրացվել նաև այլ ճյուղային դատավարական ընթացակարգերի շրջանակում։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար» ձևակերպումը վերաբերում է նաև քաղաքացիական դատավարության կարգով նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայմանը։

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

23 հունվարի 2024 թվականի

ՍԴՈ-1712

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան