Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
12.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.12.2023
Дата вступления в силу
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի N 80-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 20-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ հոդվածի 7-րդ մասերի և 14-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1. Սահմանել Բյուրեղավան համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար 2024 թվականի աղբահանության վճարի դրույքաչափերը և հաշվարկման մեթոդները՝

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝

ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 (երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 (տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ.

2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում` ըստ շինության ընդհանուր մակերեսի`

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) Հայաստանի Հանրապետության դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 (տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 7 (յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 (ութ) Հայաստանի Հանրապետության դրամ.

ե. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 (տասը) Հայաստանի Հանրապետության դրամ.

զ. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափով.

է. շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափով:

2.1) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

2.2) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

3) Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով, 2․2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 (երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։

3.1) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին:

3.2) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:

3.3) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն որոշման 1-ին կետի 3․2-րդ ենթակետով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:

2. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերի 20 տոկոսի չափով:

3. Սահմանել արտոնություններ համայնքի վարչական տարածքում սույն որոշման 1-ին կետով սահմանված 2024 թվականի աղբահանության վճարի դրույքաչափերի 50%-ի չափով՝ հետևյալ սոցիալական խմբերի համար՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին.

2) բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Կողմ - 8
 

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
 
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
 
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
 
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
 
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ
 
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ
 
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
 
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
 

 

Դեմ - 0
 

 

Ձեռնպահ - 0

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան