ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/12428/05/21 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/12428/05/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
Լ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի հոկտեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.11.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտակ Խաչատրյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Ընկերություն՝ 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արտակ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 20.04.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ Արտակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ՝ 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է։ Անվավեր է ճանաչվել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչներ Գ. Մկրտչյան, Ա. Զոհրաբյան) և Ընկերությունը (ներկայացուցիչ Ն. Բաբայան):
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Արտակ Խաչատրյանը (ներկայացուցիչ Մ.Դանիելյան)։
2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Օրենսդիրը սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման ընդհանուր կանոն, որի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է պահանջի ծագմանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացված վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը 12-ի բաժանելով։ Ուստի, օրենսգրքում «միջին աշխատավարձ» հասկացությանն այլ բովանդակություն տրված չլինելու դեպքում միջին աշխատավարձ է համարվում վերոնշյալ գումարի մեկ տասներկուերորդը, որը, ըստ էության, միջին ամսական աշխատավարձն է։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով աշխատողին հատուցման ենթակա գումարների հաշվարկման կարգերը տարբերվում են, իրարից, մասնավորապես․
Հոդվածի 1-ին մասում որպես աշխատողին վճարման ենթակա գումար հիմք է ընդունվում միջին աշխատավարձը բազմապատկած պարապուրդի օրերի քանակով, ընդ որում, միջին աշխատավարձ ասելով՝ տվյալ դեպքում հասկացվում է միջին օրական աշխատավարձը։
Նույն նորմի երկրորդ մասում օրենքը սահմանում է աշխատողին մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով վճարում կատարելու պարտականություն, որի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով։ Այլ կերպ ասած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում, որը նախատեսում է հատուցում՝ աշխատանքի չվերականգնման դիմաց, հաշվարկի համար հիմք չի կարող ընդունվել միջին օրական աշխատավարձը, քանի որ նման ձևակերպում նույն հոդվածով առկա չէ։
Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված միջին աշխատավարձը միջին օրական աշխատավարձի հիման վրա հաշվարկելը կիրառելի չէ նույն հոդվածի 2-րդ մասում կիրառվող «միջին աշխատավարձ» հասկացության բովանդակությունը բացահայտելու համար։ «Միջին աշխատավարձ» հասկացությունը պետք է մեկնաբանվի՝ ելնելով օրենսգրքում այդ հասկացությանը տրված նշանակությունից։
Տվյալ դեպքում, Արտակ Խաչատրյանը նախկին աշխատանքում չի վերականգնվել, ուստի «միջին աշխատավարձ» հասկացության բացահայտման հիմքում պետք է դրվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված ընդհանուր մոտեցումը, ուստի՝ թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով հարկադիր կատարողի կողմից 22․08․2018 թվականից մինչև նույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը բռնագանձման ենթակա հատուցման գումարի հաշվարկման հիմքում դրվող «միջին աշխատավարձ» հասկացության ներքո պետք է հիմք ընդունվեր և ընդունվել է միջին ամսական աշխատավարձը, որը բխում է թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթից։
Ըստ թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի՝ միջին աշխատավարձի չափը դատարանը հաշվարկել է 1․818․888,65 ՀՀ դրամ, ուստի հարկադիր կատարողի կողմից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման հիմքում դրվել է հենց դատարանի կողմից սահմանված չափը, և հարկադիր կատարողը բռնագանձման ենթակա գումարը հաշվարկել է 41․576․429 ՀՀ դրամ, որը բխում է կատարողական թերթից։
Ուստի թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի 1․2 կետում նշված «․․․ բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով» պահանջով ստացվում է միջին աշխատավարձը՝ 1.818.888 ՀՀ դրամը, պարապուրդի ժամանակահատվածի համար հաշվարկելով։ Ընդ որում, այն չպետք է գերազանցեր միջին աշխատավարձի՝ 1.818.888 ՀՀ դրամի 12-ապատիկի չափը՝ 65.783.116 ՀՀ դրամը։ Արդյունքում կատարողական թերթի 1.2 կետով հաշվարկվող գումարը կազմել է 21.826.663,8 ՀՀ դրամ գումար։
Ուստի, հայցվորի կողմից մատնանշված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման բանաձևը կիրառելի չէ սույն դեպքում, այլ կիրառելի է դատարանի վճռով նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում։ Իսկ սույն դեպքում մենք գործ ունենք նույն նորմի 2-րդ մասի հետ՝ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հաշվարկված հատուցման ենթակա գումարի հաշվարկման հետ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 20․04․2022 թվականի վճռին։
2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել, սակայն պետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածը, 138-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 178-րդ հոդվածի 1-ին մասը և 195-րդ հոդվածը, խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը փաստացի պարզաբանել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված կատարողական թերթի պահանջները, թեև նման իրավասություն չի ունեցել:
Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չէր կարող դիտարկվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգավորումների լույսի ներքո։
Վերաքննիչ դատարանը տասներկուապատիկով սահմանափակվող միջին աշխատավարձ է դիտարկել, այսինքն՝ սահմանափակման չափը ստանալու համար տասներկուսի է բազմապատկել հայցվորի գրեթե երեք տարվա միջին օրական աշխատավարձի հանրագումարը, այսինքն՝ հայցվորի թվով երեք միջին տարեկան աշխատավարձերը։ Ակնհայտ է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը, չունենալով որևէ իրավական հիմք՝ միջին որևէ աշխատավարձ հաշվարկելու երեք տարվա միջին օրականի բազայի վրա, չէր կարող և չէր սահմանել նման սահմանափակում, որպիսին սահմանել է Վերաքննիչ դատարանը՝ վերանայելով և փոփոխելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Վերաքննիչ դատարանը մի դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի հաշվարկման համար հիմք է ընդունել 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածի օրացուցային բոլոր օրերը՝ ստանալով 1085 օր, մինչդեռ միջին օրական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված փաստացի աշխատած օրերի ընդհանրացված քանակը (21)` ստանալով ենթադրյալ միջին օրական աշխատավարձ 86․613,7 ՀՀ դրամ։ Մինչդեռ մոտեցման միասնականությունն ապահովելու դեպքում հայցվորի միջին օրական աշխատավարձը չէր կարող լինել 86,613,7 ՀՀ դրամ (1․818․888դրամ/21օր), այլ պետք է կազմեր 58 673.8 ՀՀ դրամ (31 օր ունեցող ամիսների համար), 60 629.6 ՀՀ դրամ (30 օր ունեցող ամիսների համար), 62 720.2 (29 օր ունեցող ամիսների համար) և 64 960.2 (28 օր ունեցող ամիսների համար)։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանի հաշվարկած հարկադիր պարապուրդի գումարը չէր կարող լինել 93․975․907,9 ՀՀ դրամ (1 085 օր* 86,613.74 ՀՀ դրամ), այլ պետք է կազմեր 64 281 335.2 ՀՀ դրամ, որից 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածում.
1. Եղել է 31 օրով 20 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 620 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 36 377 756 ՀՀ դրամ (620 օր * 58 673.8 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
2. Եղել է 30 օրով 12 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 360 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 21 826 656 ՀՀ դրամ (320 օր * 60 629.6 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
3. Եղել է 29 օրով 1 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 29 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 1 818 885.8 ՀՀ դրամ (29 օր * 62 720.2 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար,
4. Եղել է 28 օրով 2 ամիս, որոնց օրերի ընդհանուր հանրագումարը կազմում է 52 օր, որոնք բազմապատկելով Վերաքննիչ դատարանի ստացած միջին օրական աշխատավարձով ստանում ենք 3 377 930.4 ՀՀ դրամ (52 օր * 64 960.2 ՀՀ դրամ) հարկադիր պարապուրդի հատուցման գումար
5. Եվս 15 հավելյալ օր է կազմում 2018 թվականի օգոստոսի 28-31-ն ընկած ժամանակահատվածը և 2021 թվականի օգոստոսի 1-11-ն ընկած ժամանակահատվածը, որոնք գտնվում են 31 օրով ամսվա կազմում, ուստի դրանց դիմաց հարկադիր պարապուրդը կկազմի 880 107 ՀՀ դրամ (15 օր * 58 673.8 ՀՀ դրամ)։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, ոչ միայն սխալ է հաշվարկել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին օրական աշխատավարձի հենքի վրա հատուցման գումարի ընդհանուր չափը իր իսկ տրամաբանության շրջանակներում (առ այն, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հաշվարկվում է օրացուցային օրերով)՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասն ու նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, այլև սխալ է հաշվարկել 28.08.2018 թվականից (ոչ իրավաչափ ճանաչված անհատական իրավական ակտի կայացման օր) մինչ 11.08.2021 թվականը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օր) ընկած ժամանակահատվածում առկա օրացուցային օրերի ընդհանուր քանակը՝ ստանալով 1085 օր, այն պարագայում, երբ առկա օրացույցերի կիրառմամբ համապատասխան օրերի քանակը կազմում է 1076 օր։
Ավելին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/0727/02/22 քաղաքացիական գործով իրականացվող քննությամբ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում 27.10.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությամբ սահմանվել է, որ հայցվորի միջին օրական աշխատավարձը կազմում է 49,193.9 ՀՀ դրամ, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 1,033,071 ՀՀ դրամ։
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները և նախադատելի է համարել այն փաստերը, որոնք նման կարգավիճակ ունենալ չէին կարող։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 20.04.2022 թվականի վճռին։
2.2 Ծառայության ներկայացրած վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտակ Խաչատրյանի պատասխանի հիմնավորումները.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսգրքում բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքի համար սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման այլ, հատուկ կարգ, ինչպես օրինակ՝ 115-րդ հոդվածի 4-րդ մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասը, 175-րդ հոդվածի 2-րդ մասը: Հետևաբար, նման պայմաններում պետք է գործի հատուկ կարգավորումը:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ խնդրո առարկա կատարողական թերթի 1.2 կետով սահմանված չէ, թե որ իրավադրույթի համաձայն պետք է մեկնաբանվի այդ կետում կիրառված «միջին աշխատավարձ» եզրույթը, գտնում է, որ դա պետք է իրականացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի շրջանակներում, քանզի կատարողական թերթի հիման վրա հայցվորի պահանջը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասից, ինչն իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը միմյանցից առանձին չեն գործում և կարգավորում են միևնույն հարցի երկու տարբեր դրսևորումներ, այսինքն՝ կարգավորվող միևնույն հարցի առաջին դրսևորման դեպքում միջին աշխատավարձի հաշվարկման համար սահմանված հատուկ կանոնը կիրառվում է միևնույն հարցի նաև երկրորդ դրսևորման դեպքերի նկատմամբ, որի համար կարիք չկա նույն հատուկ կանոնը նույնությամբ կրկնել հոդվածի նաև երկրորդ մասում:
Վերաքննիչ դատարանը ապացուցման կարիք չունեցող, հաստատված փաստ է համարել հայցվորի հարկադիր պարապուրդի տևողությունը՝ 1085 օր, ընդ որում՝ այդպիսին է համարել ոչ միայն նախադատելիության, այլև՝ հակառակ կողմից վիճարկված չլինելու հիմքով։
2.3 Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արտակ Խաչատրյանի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի կողմից այլ գործով կայացված դատական ակտերի վերանայման կամ փոփոխման մասին բողոքաբերի պնդումն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների տիրույթում քննության է առել հարկադիր կատարողի ակտի իրավաչափությունը և դրա շրջանակներում անդրադարձել է նաև այն պահանջներին, որոնք Ծառայության կողմից պետք է կատարվեին՝ ներկայացված նյութերի հիման վրա: Վերաքնննիչ դատարանն ընդամենը բացահայտել է արդեն իսկ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրական բովանդակությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսգրքում բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքի համար սահմանել է միջին աշխատավարձի հաշվարկման այլ, հատուկ կարգ, ինչպես օրինակ՝ 115-րդ հոդվածի 4-րդ մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասը, 175-րդ հոդվածի 2-րդ մասը: Հետևաբար, նման պայմաններում պետք է գործի հատուկ կարգավորումը:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ խնդրո առարկա կատարողական թերթի 1.2 կետով սահմանված չէ, թե որ իրավադրույթի համաձայն պետք է մեկնաբանվի այդ կետում կիրառված «միջին աշխատավարձ» եզրույթը, գտնում է, որ դա պետք է իրականացվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի շրջանակներում, քանզի կատարողական թերթի հիման վրա հայցվորի պահանջը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասից, ինչն իրավացիորեն արձանագրել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը:
Վերաքննիչ դատարանը ապացուցման կարիք չունեցող, հաստատված փաստ է համարել հայցվորի միջին օրական աշխատավարձր չափը՝ 1.818.888,65 հարկադիր պարապուրդի տևողությունը՝ 1085 օր, ընդ որում՝ նշված փաստերն այդպիսին է համարել ոչ միայն նախադատելիության, այլև՝ հակառակ կողմից վիճարկված չլինելու հիմքով:
Ընդ որում, հայցվորի միջին օրական և միջին ամսական աշխատավարձերի չափերը հաստատված են թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժ ստացած դատական ակտով: Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/0727/02/22 քաղաքացիական գործով կատարված փորձաքննության եզրակացությանը, ապա այն դատարանի 29.03.2023 թվականի որոշմամբ համարվել է անթույլատրելի և հանվել ապացույցների կազմից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2021 թվականի թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի համաձայն՝ «(…) 1.2 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակատվածի համար, այն է՝ 28.08.2018 թվականից մինչև սույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
1.3 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի` 1.818.888,65 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր ութսունութ հազար վաթսունհինգ) ՀՀ դրամ գումարի 9-ապատիկի չափով:
1.4 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել 1.400.000,00 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես 30.07.2010թ.-ի թիվ 7 գ 513/4 համաձայնագրով նախատեսված նպաստ թվով երկու՝ 2016-2017թթ. և 2017-2018թթ. աշխատանքային տարիների արձակուրդների դիմաց (…)» (հատոր 1-ին, գ. թ. 63-64):
2) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի 21.10.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշման համաձայն՝ 26.773.340 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով բռագանձում է տարածվել պարտապան՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև բանկային հաշիվներում և ավանդներում առկա և մինչև նույն կատարողական վարույթը չարգելադրված, ինպես նաև հետագայում մուքագրվող դրամական միջոցների վրա, որից 25.498.419 ՀՀ դրամ կատարողական թերթով նախատեսված՝ բռնագանձման ենթակա գումար և 1.274.921 ՀՀ դրամ` որպես կատարողական ծախս (հատոր 1-ին, գ. թ. 117-118):
3) Վարույթի բռնագանձված գումարների բաշխման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ 08.10.2021 թվականին հարուցված թիվ 08165291 կատարողական վարույթով 21.10.2021 թվականի դրությամբ փաստացի բռնագանձվել է 26.773.340 ՀՀ դրամ գումար (թիվ 08165291 կատարողական վարույթի նյութեր):
4) «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի 14.09.2021 թվականի թիվ 00825 վճարման անդորրագրի համաձայն՝ Ընկերությունը Արտակ Համլետի Խաչատրյանի հաշվին, կատարումն թիվ ԵԴ/22289/02/18 դատական ակտի, փոխանցել է 14.098.179,80 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ. թ. 92):
5) ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն՝ դադարեցվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը, վերացվել են քառասունմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր քսանինը ՀՀ դրամի չափով «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, և կարճվել է 25.10.2021 թվականին վերսկված թիվ 08165291 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ. թ. 123-124):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 265-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
1. Արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ աշխատողի միջին աշխատավարձի հաշվարկման կարգը կիրառելի է նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման նկատմամբ,
2. Արդյո՞ք դատարանը կարող է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման կանոնը կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման նկատմամբ այն պարագայում, երբ այդ հաշվարկման կարգը սահմանված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
(...)
3. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 265-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (…):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով:
Վկայակոչված նորմերից հետևում է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որի պահանջի փաստացի կատարումը կամ դրանից բխող պարտավորությունը օրենքով սահմանված այլ հիմքով դադարելը կատարողական վարույթը բացառող հանգամանք է: Ուստի, նախքան կատարողական վարույթը վերոնշյալ հիմքով կարճելը հարկադիր կատարողը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք փաստացի կատարվել է կատարողական թերթի պահանջը կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով, թե՝ ոչ:
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է՝ փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, և հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ՝ օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը: Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ և այն հիմք ընդունելով՝ աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը)։
Վկայակոչված նորմերից և իրավական դիրքորոշումից հետևում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են, որի դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը՝ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Իսկ այն դեպքում, երբ տարբեր պատճառներով գործատուի և աշխատողի աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով դատարանը աշխատողին չի վերականգնում իր նախկին աշխատանքում, ապա գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել՝
1) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով հատուցում,
2) աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նվազագույնը միջին աշխատավարձի և առավելագույնը՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Այսինքն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ աշխատողին, բացի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվող հատուցումից, տրվում է նաև վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում: Ընդ որում, նույն հոդվածով սահմանված սահմանաչափը՝ միջին աշխատավարձից ոչ պակաս, բայց միջին աշխատավարձի տասներկուապատիկից ոչ ավելի չափով հատուցում տրամադրելու վերաբերյալ, վերաբերում է ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարվող միջին աշխատավարձի գումարին, այլ միջին աշխատավարձից բացի, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման չափին:
Ուստի, վկայակոչված հոդվածի տրամաբանությունը հանգում է նրան, որ աշխատողին տրվում է հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը որևէ առավելագույն չափով սահմանափակված չէ, միևնույն ժամանակ, նշված գումարից բացի, աշխատողին տրվում է նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, որպիսի հատուցման չափը օրենսդրի կողմից սահմանափակվել է նվազագույն և առավելագույն չափերով:
Վկայակոչվածի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված միջին աշխատավարձի հաշվարկման բանաձևի՝ նույն հոդվածի 2-րդ մասի նկատմամբ կիրառելիությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Նույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, (…):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Վկայակոչված նորմերից հետևում է, որ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշելիս հիմք ընդունվող ամիսների հաշվարկում, ի թիվս այլնի, չի ներառվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը:
Այսինքն՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար տրվող հատուցման չափը չի կարող հաշվարկվել՝ հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձի չափը: Ուստի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար տրվող հատուցման չափը պետք է հաշվարկել՝ հիմք ընդունելով ոչ թե միջին ամսական, այլ միջին օրական աշխատավարձի չափը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի կարգավորման համատեքստից հետևում է, որ այն, ըստ էության, վերաբերում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ծագող վեճերին:
Նույն հոդվածի 1-ին մասը վերաբերում է աշխատողի խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ 2-րդ մասը՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնման անհնարինության դեպքում տրվող հատուցմանը: Այսինքն՝ տվյալ հոդվածի երկու մասերն էլ վերաբերում են աշխատողի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությանը և դրա հետևանքներին: Հետևաբար, աշխատողի իրավունքների վերականգնման դեպքում օրենսդրի կողմից սահմանված կարգը հավասարապես կիրառելի է նաև այդպիսի իրավունքների վերականգնման անհնարինության դեպքում տրվող հատուցման նկատմամբ: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ աշխատողի իրավունքները վերականգնվում են, և գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, ապա աշխատողին իր նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելիս միջին աշխատավարձը ենթակա է հաշվարկման նույն կերպ, այսինքն՝ աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատողին որոշակի հանգամանքների ուժով նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում վերջինիս տրվում է հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը որևէ առավելագույն չափով սահմանափակված չէ: Միևնույն ժամանակ, նշված գումարից բացի, աշխատողին տրվում է նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, որպիսի հատուցման չափը օրենսդրի կողմից սահմանափակվել է նվազագույն և առավելագույն չափերով: Ընդ որում, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելիս միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011)003rev) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն՝ երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.b կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:
Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է․ «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը․ եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով» (տե՛ս, Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19․03․1997 թվականի վճիռը, կետ 40)։
Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված պրակտիկայում ընդհանուր մոտեցումը հանգում է նրան, որ դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը և անձին զրկում արդյունավետ դատական պաշտպանությունից:
Եվրոպական դատարանը նաև իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ պետության դեմ վեճը շահած հայցվորից չպետք է պահանջվի նախաձեռնել իր օգտին կայացված դատական ակտի կատարման առանձին վարույթ: Նման դեպքերում պատասխանող պետական մարմինը պետք է պատշաճ կերպով ծանուցվի դատական ակտի մասին, որից հետո պետք է նախաձեռնի դատական ակտը կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները կամ փոխանցի մեկ այլ պետական մարմնի, որը պատասխանատու է տվյալ դատական ակտը կատարելու համար (տե՛ս, Burdov v. Russia (No. 2) թիվ 33509/04 գանգատով Եվրոպական դատարանի 15․01․2009 թվականի վճիռը, կետ 68):
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի՝ ողջամիտ ժամկետում պարտադիր և կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից: Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (տե՛ս,նույն վճիռը, կետ 70):
Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Նշված նորմերն առաջին հերթին ամրագրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը: Այնուհետև՝ հստակեցնում են այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գործողությունը. այդ սուբյեկտները տվյալ դատական ակտի հասցեատերերն են: Միաժամանակ՝ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովող իրավական երաշխիք օրենսդիրը նախատեսում է պատասխանատվություն դատական ակտը չկատարելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջը դրա հասցեատերերի կողմից չկատարելը կամ այդ պահանջին չհամապատասխանող վարքագիծը ոչ իրավաչափ վարքագիծ է, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշի դրսևորումը նախևառաջ դրա հասցեատերերի՝ դատական ակտը կատարելու պարտականությունն է (տե՛ս, Վայոց ձորի Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի թիվ ՎԴ3/0037/05/18 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով իր 25.12.2015 թվականի որոշմամբ անդրադարձել է դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է. իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն (․․․) ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:
Վճռաբեկ դատարանը սուբյեկտների նկատմամբ դատական ակտերի պարտադիրության աստիճանի առումով ընդգծել է, որ այն առաջնային նշանակություն ունի վիճելի հարաբերության կողմերի համար, քանի որ դատական ակտով նախ և առաջ վեճի կողմերի համար են սահմանվում որոշակի գործողություններ կատարելու կամ կատարումից ձեռնպահ մնալու պարտադիր պահանջներ (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․05․2013 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով փաստվել է հարկադիր պարապուրդի և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման չափը հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձի չափը հիմք ընդունելու հանգամանքը, ապա մեկ այլ գործի քննության շրջանակներում նույն հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «ոչ ավելի» եզրույթը որևէ դեպքում չի կարող մեկնաբանվել որպես պարտադրիչ, այլ նշանակում է, որ բռնագանձվող գումարը չի կարող գերազանցել հայցվորի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափը։ Ըստ այդմ, կատարողական թերթի 1.2 կետում «ոչ ավելի» եզրույթի առկայության պայմաններում դրանում միջին աշխատավարձը միջին օրական աշխատավարձ դիտարկելու դեպքում հայցվորն ակնհայտորեն հայտնվում է ավելի անբարենպաստ վիճակում, քանի որ այդ դեպքում բռնագանձման ենթակա գումարը պետք է հաշվարկվի որպես 86.613,74 ՀՀ դրամի և 12-ի արտադրյալ։
Գործի քննության ընթացքում հայցվորն ընդունել է, որ կատարողական թերթի 1.3 կետում նշված 1.818.888,65 ՀՀ դրամը իր միջին ամսական աշխատավարձի չափն է։ Հայցվորը նաև ընդունել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր օգտին բռնագանձել է գումար, որի հաշվարկի հիմքում ընկած է 1.818.888,65 ՀՀ դրամ միջին աշխատավարձը։
Դատարանն արձանագրել է, որ կատարողական թերթի 1.2 պահանջը հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարվել է ամբողջությամբ և ճիշտ։ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն մինչև կատարողական վարույթի հարուցումը արդեն իսկ հայցվորին փոխանցել էր 14.098.179,80 ՀՀ դրամ գումար, իսկ կատարողական գործողությունների արդյունքում հայցվորին է փոխանցվել 25.498.419 ՀՀ դրամ, որպիսի գումարը բխում է կատարողական թերթի 1.2-1.4 կետերի պահանջներից։
Տվյալ դեպքում կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է, ուստի առկա է եղել պարտապանի գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու հիմք։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել՝ Արտակ Խաչատրյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ՝ 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է։ Անվավեր է ճանաչվել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.10.2021 թվականին տրված թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի բովանդակությունից ակնհայտ է, որ Կատարողական թերթի 1.2 կետը՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակատվածի համար, այն է՝ 28.08.2018 թվականից մինչև սույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը հատուցում բռնագանձելու վերաբերյալ, ըստ էության ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնման այն օրենսդրական կառուցակարգի կենսագործմանը, որը վերաբերում է աշխատողին իր նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վերջինիս հատուցում տրամադրելուն, հետևաբար, Կատարողական թերթի քննարկվող կետով նախատեսված՝ բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում պետք է կատարվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգին ճիշտ համապատասխան, սակայն հարկադիր կատարողը շեղվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից գանձման ենթակա միջին աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված օրենսդրական կարգավորումներից և հաշվարկն իրականացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչը ոչ իրավաչափ է, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը նախատեսում է հաշվարկման բանաձևի առանձնահատկություն:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Կատարողական թերթի 1.2 կետում նշված՝ «…բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով» պահանջն, ըստ էության, հանգում է հետևյալին. Կատարողական թերթի 1.2 կետի իմաստով միջին աշխատավարձը Արտակ Համլետի Խաչատրյանի միջին օրական աշխատավարձի չափի (86.613,74 ՀՀ դրամ) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածն ընդգրկող համապատասխան օրերի քանակի (1085 օր) արտադրյալն է՝ 93.975.907,9 ՀՀ դրամը (86.613,74 x 1085 = 93.975.907,9), հետևաբար, Արտակ Համլետի Խաչատրյանի միջին աշխատավարձի տասներկուապատիկը կազմում է 1.127.710.894,8 ՀՀ դրամ (93.975.907,9 x 12 = 1.127.710.894,8), որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, Կատարողական թերթի 1.2 կետով բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 93.975.907,9 ՀՀ դրամը, Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկը չի գերազանցում և Կատարողական թերթի 1.2 կետով նախատեսված՝ բռնագանձման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը ևս չի խախտվում:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 26.10.2021 թվականի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշմամբ թիվ 08165291 կատարողական վարույթը չէր կարող կարճվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ կատարողական թերթը փաստացի կատարված լինելու հիմքով, քանի որ Կատարողական թերթի 1.2 կետով նախատեսված գումարն ամբողջությամբ չի բռնագանձվել, ուստի, կատարողական վարույթի կարճման հիմքի բացակայության պայմաններում առկա են նշված որոշումն անվավեր ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բավարար հիմքեր, հետևաբար, հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2021 թվականի թիվ ԵԴ/22289/02/18 կատարողական թերթի համաձայն՝ «(…) 1.2 «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակատվածի համար, այն է՝ 28.08.2018 թվականից մինչև սույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
1.3 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի` 1.818.888,65 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր ութսունութ հազար վաթսունհինգ) ՀՀ դրամ գումարի 9-ապատիկի չափով:
1.4 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել 1.400.000,00 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես 30.07.2010թ.-ի թիվ 7 գ 513/4 համաձայնագրով նախատեսված նպաստ թվով երկու՝ 2016-2017թթ. և 2017-2018թթ. աշխատանքային տարիների արձակուրդների դիմաց (…)»:
Ծառայությունը, կարճելով կատարողական վարույթը՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով, ըստ էության՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար Արտակ Խաչատրյանին վճարման ենթակա հատուցման չափը հաշվարկել է` հիմք ընդունելով վերջինիս միջին ամսական աշխատավարձի չափը:
Թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի հաշվարկման մասով սխալ եզրահանգման է եկել՝ հիմք ընդունելով հնգօրյա աշխատանքային շաբաթը և հաշվարկն իրականացնելով միջին օրական աշխատավարձի չափը որոշելով միջին ամսական աշխատավարձը 21-ի բաժանելու միջոցով: Փոխարենը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 22.08.2018 թվականից մինչև սույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Այսինքն՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության փաստի ուժով պետք է կիրառել նույն իրավական նորմով սահմանված պահանջները՝ վերականգնելով հայցվորի խախտված աշխատանքային իրավունքները, ըստ այդմ՝ գործատուին պարտավորեցնելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Ինչ վերաբերում է աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու չափի վերաբերյալ բողոքաբեր Արտակ Խաչատրյանի՝ վերաքննիչ բողոքում նշած փաստարկների հիմնավորվածությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քանի որ հայցվոր Արտակ Խաչատրյանը մասնագիտությամբ հանդիսացել է իրավաբան, որպիսի մասնագիտությունն արդիական ու լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունների շարքին է դասվում, ինչը նշանակում է, որ Արտակ Խաչատրյանը այլ աշխատանքի կարող էր տեղավորվել սեղմ ժամկետում, ուստի՝ վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց նրա միջին ամսական աշխատավարձի 9-ապատիկի չափով հատուցում տրամադրվելը բավարար է: Հետևաբար՝ իրավաչափ է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն՝ առ այն, որ Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի պետք է բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ նրա միջին ամսական աշխատավարձի 9-ապատիկի չափով»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2021 թվականի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, պարտավորեցրել է գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, սակայն ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։ Միաժամանակ Արտակ Խաչատրյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարման ենթակա հատուցման չափը հաշվարկելիս հիմք է ընդունվել նրա միջին ամսական աշխատավարձի չափը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Արտակ Խաչատրյանին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման չափը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը, այսինքն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվարկը կիրառելի չի համարել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադիր պարապուրդի և հատուցման գումարի հաշվարկման համար: Ավելին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի հաշվարկման մասով եկել է սխալ եզրահանգման՝ հիմք ընդունելով հնգօրյա աշխատանքային շաբաթը և հաշվարկն իրականացնելով միջին օրական աշխատավարձի չափը որոշելով միջին ամսական աշխատավարձը 21-ի բաժանելու միջոցով:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին ամսական աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, սակայն ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, վճարելու պարտավորությունը կանխորոշված է թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2021 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Արտակ Համլետի Խաչատրյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, այն է` 22.08.2018 թվականից մինչև նույն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան Արտակ Համլետի Խաչատրյանի ստացած միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեև իրավացիորեն է նշել, որ կատարողական թերթում նշված՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից գանձման ենթակա հատուցման գումարի հաշվարկը պետք է կատարվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, սակայն հաշվի չի առել, որ առկա է եղել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված փաստերը սույն գործի քննության առարկա դառնալ չէին կարող, քանի որ այդ դատական ակտի առկայության պայմաններում նույն հարցին վերստին անդրադառնալու հնարավորությունը բացակայում է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է եղել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ հարկադիր կատարման վարույթը կատարողական թերթը փաստացի կատարված լինելու դեպքում կարճելու հիմքը, որպիսի պայմաններում վիճարկվող որոշումն իրավաչափ է, ինչպիսի եզրահանգման եկել է նաև Դատարանը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, իսկ հայցը ենթակա է մերժման, արձանագրում է, որ Արտակ Խաչատրյանից հօգուտ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության, ենթակա են բռնագանձման 30.000-ական դրամներ՝ որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.11.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 20.04.2022 թվականի վճռին:
2. Արտակ Խաչատրյանից հօգուտ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արտակ Խաչատրյանից հօգուտ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: