Գլխավոր տեղեկություն
Номер
N 2144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2023
Дата вступления в силу
12.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը «պայմանները» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ միջոցառում)» բառերով։

2. Որոշումն 1-ին կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սահմանել, որ՝

1) այն ծրագրերը, որոնք աջակցություն են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 1867-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներդրումային (անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման) ծախսերի մասնակի փոխհատուցման շրջանակում, չեն կարող օժանդակություն ստանալ սույն միջոցառման շրջանակում.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվում է օժանդակության տրամադրման նպատակով սույն որոշման շրջանակներում ֆինանսական օժանդակություն ստացող տնտեսավարող սուբյեկտի կողմից ներդրումների կատարման և ենթակառուցվածքի (ենթակառուցվածքների) կառուցման համապատասխան հիմնավորումներով անհրաժեշտության փաստը հավաստող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։»։

3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ստեղծել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հանձնաժողովն ու հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը։

5. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշման շրջանակում կոնկրետ ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայացված որոշումներով, եթե անգամ այդ որոշումները հետագայում համարվել են ուժը կորցրած, նախատեսված ներդրումային ծրագրերի համար օժանդակության տրամադրումն իրականացվելու է սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հավելվածով սահմանված միջոցառմանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված մոտեցումները, իսկ միջոցառման շրջանակում օժանդակություն տրամադրելու նպատակով սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հավելվածի 3-րդ կետով սահմանված ներդրումների ծավալ են համարվելու որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից հետո ծրագրերի իրականացման նպատակով կատարված ներդրումները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ կնքում է սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հավելվածի 15-րդ կետով սահմանված պայմանագիրը՝ հիմք ընդունելով սույն կետի 1-ին ենթակետի պայմանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա և 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշումներով հավանություն տրված ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված ներդրումների կատարման հաշվետվությունները մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա որոշման դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված լինելու դեպքում հաստատված հաշվետվությունը հիմք է հանդիսանում սույն որոշման շրջանակում օժանդակության տրամադրման համար և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա և 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշումներով հավանություն տրված ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունները լրացուցիչ չեն ներկայացնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հավելվածի 20-րդ կետով սահմանված՝ իրականացված ներդրումների մասին հաշվետվությունը։ Իսկ եթե մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և (կամ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված հաշվետվություն առկա չէ՝ վերը նշված կազմակերպություններն օժանդակություն ստանալու նպատակով ներկայացնում են իրականացված ներդրումները և կառուցված ենթակառուցվածքի վրա կատարված ծախսերը հիմնավորող հաշվետվություն, որը պետք է կազմված և հաստատված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող կազմակերպության կողմից.

4) եթե սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և (կամ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված հաշվետվությունը չի ներառում կառուցված ենթակառուցվածքի վրա կատարված ծախսերը, ապա օժանդակության ստացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա և 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշումներով հավանություն տրված ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությունները պետք է ներկայացնեն միայն կառուցված ենթակառուցվածքի վրա կատարված ծախսերը հիմնավորող հաշվետվություն, որը պետք է կազմված և հաստատված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող կազմակերպության կողմից.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա և 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշումներով հավանություն տրված ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություններին ենթակառուցվածքի կառուցման ծախսերի փոխհատուցումը տրվելու է ենթակառուցվածքի կառուցման համար կատարված ծախսերի 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված սահմանաչափը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշմամբ հավանություն տրված ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը փոխհատուցում տրվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշման հավելվածով նախատեսված և դեռևս չկառուցված ենթակառուցվածքների համար, մասնավորապես՝ 1 ենթակայանի և ճանապարհի կառուցման և վերակառուցման համար.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա որոշմամբ հավանություն տրված ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից նույն որոշման շրջանակում տրամադրած բանկային երաշխիքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա որոշմամբ հավանություն տրված ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից նույն որոշման շրջանակում տրամադրած բանկային երաշխիքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետ են վերադարձնում.

8) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1233-Ա, 2023 թվականի հուլիսի 20-ի N 1243-Ա և 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2144-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մասնավոր ներդրումները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ մեկից ավելի կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու նպատակով) (այսուհետ՝ շահառու) տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման ճանապարհով (այսուհետ՝ օժանդակություն)։

2. Սույն միջոցառման իմաստով ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

3. Սույն միջոցառման իմաստով ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ներդրումային ծրագրով նախատեսված, իսկ մեկից ավելի կազմակերպությունների` օժանդակություն ստանալու նպատակով միասին դիմելու դեպքում յուրաքանչյուրի ներդրումային ծրագրով նախատեսված՝ սույն միջոցառման 5-րդ կետին համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի (չի ներառում ենթակառուցվածքը) կառուցման (այդ թվում՝ վերակառուցման) և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման, այգիների դեպքում հիմնման՝ տնկման) համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ՝ հարկերը)։ Ընդհանուր ներդրումների արժեքում չեն ներառվում ենթակառուցվածքների կառուցման համար կատարված ծախսերը։ Ընդ որում, ներդրումների ընդհանուր արժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում միջոցառման 15-րդ կետով սահմանված պայմանագրի կնքումից հետո ներդրումային ծրագրի իրականացման համար կատարված ներդրումների արժեքը։

Սույն միջոցառման 17-րդ կետով նախատեսված դեպքում ներկայացված նոր հայտի բավարարման արդյունքում ներդրումների ընդհանուր արժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում շահառուի կողմից ներկայացված և սույն միջոցառման 16-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով մերժված հայտը ներկայացնելուն հաջորդող օրվանից ներդրումային ծրագրի իրականացման համար կատարված ներդրումների արժեքը։

Եթե շահառու են հանդիսանում մեկից ավելի կազմակերպություններ, որոնք դիմել են միասին, ապա ներդրումների ընդհանուր արժեքը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությունում նախատեսված մոտեցմամբ հաշվարկված՝ յուրաքանչյուր կազմակերպության ներդրումների ընդհանուր արժեքների հանրագումարով։

 

2. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Շահառուի կողմից ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում։

5. Ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) ՏԳՏԴ A (ԷՅ) խումբ), մշակող արդյունաբերության (ՏԳՏԴ C (ՍԻ) խումբ) կամ ծառայությունների մատուցման (ՏԳՏԴ H (էՅՋ) 52, I (ԱՅ), J (ՋԵՅ) 63.1 խմբեր) կազմակերպմանը։

6. Շահառուն անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած համապատասխան կանոններով։ Կառուցված ենթակառուցվածքի սեփականության և շահագործման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սուբյեկտին։

7. Ներդրումային ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ շահառուն պետք է ունենա սեփականության կամ կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունք: Ընդ որում, կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունքի տևողությունը չպետք է պակաս լինի ներդրումային ծրագրի իրականացման տևողությունից:

8. Շահառուն օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի և օժանդակության ստացման օրվա դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ:

9. Տրամադրվող օժանդակության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան՝

1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը.

2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի դեպքում՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 40 տոկոսը:

10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կանոնների համաձայն՝ էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքները միացման պայմանագրերի հիման վրա իրականացնելիս որպես օժանդակության տրամադրման հիմք է ընդունվում միացման պայմանագրով ամրագրված միացման վճարի մեծությունը։

11. Տվյալ տարվա տրամադրվող ընդհանուր օժանդակության չափը չի կարող ավելի լինել, քան սույն միջոցառման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված չափն է։

12. Օժանդակությունը տրվում է՝

1) այն ենթակառուցվածքի կառուցման նպատակով, որի կառուցումը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ենթակառուցվածք շահագործող որևէ կազմակերպության պարտականություն, և որ շահառուի կողմից ենթակառուցվածքի կառուցման համար կատարած ծախսերը հետագայում չեն փոխհատուցվելու շահառուին այդ ենթակառուցվածքը շահագործող կազմակերպության կողմից, իսկ ենթակառուցվածքը հանդիսանալու է շահառուի սեփականություն.

2) եթե ենթակառուցվածքի կառուցման համար իրականացված ծախսերը կատարել է շահառուն, և ենթակառուցվածքը հանձնվել է երրորդ կողմի (երրորդ կողմ են հանդիսանում ենթակառուցվածքն օրենսդրությամբ սահմանված շահագործող կազմակերպությունները (օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն և այլն), տեղական ինքնակառավարման մարմինները կամ պետական կառավարման մարմինները) սեփականությանը, ու ենթակառուցվածքի կառուցման համար իրականացված ծախսերը չեն փոխհատուցվելու շահառուին երրորդ կողմի կողմից.

3) յուրաքանչյուր կազմակերպության կողմից ենթակառուցվածքի կառուցման համար կատարված ծախսերին համամասնորեն, եթե շահառու են հանդիսանում մեկից ավելի կազմակերպություններ, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու նպատակով։

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Օժանդակություն ստանալու համար շահառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ պատասխանատու մարմին) ներկայացնում է հայտ թղթային կամ էլեկտրոնային եղանակով (էլ. հասցե՝ secretariat@mineconomy.am)՝ համաձայն N 1 ձևի։ Եթե շահառու են հանդիսանում մեկից ավելի կազմակերպություններ, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու նպատակով, ապա հայտ ներկայացվում է միասնական (այսուհետ՝ միասնական հայտ)։

14. Հայտին կից շահառուն ներկայացնում է՝

1) ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիրը, իսկ միասնական հայտի դեպքում՝ մասնակից բոլոր կազմակերպությունների ներդրումային ծրագրերի ամփոփ նկարագրերը՝ համաձայն N 2 ձևի.

2) օժանդակություն ստանալու նպատակով ակնկալվող ենթակառուցվածքների նկարագրությունը (այդ թվում՝ ենթակառուցվածքի նախագծերը, տեխնիկական բնութագիրը, տեխնիկատնտեսական հիմնավորումը, ենթակառուցվածք շահագործող կազմակերպություններից ստացած տեխնիկական պայմանները և անհրաժեշտության դեպքում՝ վերջիններիս կողմից հետագա սպասարկման համաձայնությունը (իսկ ոռոգման համակարգերի դեպքում՝ ՋՕԸ-ից), ենթակառուցվածքի կառուցումից հետո ում է տրվելու դրա սեփականության և շահագործման իրավունքը), կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման (սերվիտուտի), նախագծման, հեղինակային ու տեխնիկական հսկողության (եթե օրենսդրությամբ պահանջվում է տեխնիկական հսկողություն) ծախսերը.

3) տեղեկատվություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված հողի/տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքների վերաբերյալ, հավաստող փաստաթղթերով։

15. Պատասխանատու մարմինը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում շահառուի հետ կնքում է պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) փոխհատուցման տրամադրման մասին, իսկ հայտի թերի լինելու դեպքում (պահանջվող փաստաթղթերն ամբողջական ներկայացված չեն) վերադարձնում է շահառուին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտը շտկելու համար։

16. Շահառուի կողմից ներկայացված հայտը ենթակա է մերժման՝

1) եթե ներդրումային ծրագիրը չի իրականացվում սույն միջոցառման 5-րդ կետով նախատեսված գործունեության տեսակներով.

2) եթե ենթակառուցվածքի կառուցման համար հայտով նախատեսված՝ պետությունից ակնկալվող աջակցության գումարի չափը գերազանցում է հայտի ներկայացման օրվա դրությամբ միջոցառման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և շահառուն չի համաձայնվել օժանդակություն ստանալ այդ մնացորդի չափով.

3) հայտով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն միջոցառման պահանջներին.

4) սույն միջոցառման 15-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները շտկած հայտը չի ներկայացվել պատասխանատու մարմին կամ կրկին ներկայացվել է թերի։

17. Եթե հայտը մերժվել է սույն միջոցառման 16-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով, ապա շահառուն կարող է կրկին հայտ ներկայացնել հաջորդ ժամանակահատվածում, երբ սույն միջոցառման համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ ժամանակահատվածի համար ֆինանսական միջոցներ:

18. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, որը պետք է ներառի նաև սույն միջոցառմամբ նախատեսված պահանջները, պայմանները, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետները։

19. Ներդրումային ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելուց և ենթակառուցվածքը կառուցելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացումը հաստատող, ենթակառուցվածքի շահագործման ակտը և ենթակառուցվածքի կառուցման համար կատարված ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կանոնների համաձայն՝ միացման պայմանագրերի հիման վրա կառուցված ենթակառուցվածքի դեպքում՝ կառուցման համար կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի փոխարեն միացման վճարները հավաստող, համապատասխան հիմնավորող փաստաթղթերով ներկայացված հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) շահառուն ներկայացնում է պատասխանատու մարմին։

20. Իրականացված ներդրումները և կառուցված ենթակառուցվածքի վրա կատարված ծախսերը հաստատվում են շահառուի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, իսկ հաշվետվությունը պետք է կազմված և հաստատված լինի Մեծ Քառյակի (Big 4) միջազգային հեղինակավոր ցանկում ներառված աուդիտորական կազմակերպության կողմից։ Հաշվետվությունները պետք է հավաստեն շահառուի կողմից ներդրումների իրականացման և ենթակառուցվածքների կառուցման նպատակով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը և իրականացրած աշխատանքների ծավալները։

21. Պատասխանատու մարմինը հաշվետվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է հանձնաժողովի հաստատմանը։ Հանձնաժողովը հաշվետվությունը հաստատում կամ մերժում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

22. Օժանդակությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվետվությունը հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում։ Հաշվետվությունը հաստատվում է հանձնաժողովի քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։

23. Օժանդակության տրամադրման չափը սահմանվում է հաշվետվությամբ տրամադրված ենթակառուցվածքի կառուցման համար կատարված ծախսերի` սույն միջոցառման 9-րդ կետով սահմանված չափով, իսկ եթե ենթակառուցվածքի կառուցման համար հայտով նախատեսված՝ պետությունից ակնկալվող աջակցության գումարի չափը գերազանցում է հայտի ներկայացման օրվա դրությամբ միջոցառման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և շահառուն համաձայնվել է օժանդակություն ստանալ այդ մնացորդի չափով, ապա օժանդակության տրամադրման չափը կազմում է այդ մնացորդի չափը։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՊՐՆ ___________________

 

Հ Ա Յ Տ

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հայտատուն

_____________________________________________________________________________________________

(հայտատուի լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

 

ի դեմս

_____________________________________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

որը գործում է _______________________________________________________________ հիման վրա և նախատեսում է իրականացնել ____________________ ներդրումային ծրագիրը, խնդրում է ստանալ օժանդակություն ՀՀ կառավարության 2022 թվականի ________ __-ի N __ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում, մասնավորապես՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման նպատակով։

 

2. Հայտատուի տվյալները՝

Գտնվելու վայրը ______________________________________________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Էլ. փոստը __________________________

Պետռեգիստրում գրանցման համարը ____________

 

3. Պատասխանատու կոնտակտային անձ

Ա. Ա. Հ. ____________________________________________________________________________________

Պաշտոնը __________________________________________________________________________________

Հեռախոսահամարը ___________________

Փոստային հասցեն __________

Էլ. փոստի հասցեն ____________________

 

4. Կցված փաստաթղթերի ցանկը

_____________________________________________

 

Հայտարարություն

 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը, այդ թվում՝ օժանդակության տրամադրման կարգի պահանջների շրջանակում հետագայում ներկայացվող փաստաթղթերում, հանգեցնում է օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրությունը __________________

 

 

Ամսաթիվը _________________

(օրը/ամիսը/տարեթիվը)

 

Ձև N 2

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1.

Հայտատուի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը

                     

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Կազմակերպության բաժնետերերը

 

Կոնտակտային տվյալները`

Անուն, հայրանուն, ազգանուն

 

Իրավաբանական հասցեն

 

Տնտեսական գործունեության դասակարգիչը

 

Հեռախոսահամարը

 

Էլ. փոստը

 

2.

Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցե (ներառյալ՝ կադաստրային գոտին)

 

3.

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը, ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը և այլն)

 

4.

Ներդրումային ծրագրի իրականացման, մասնավորապես՝ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման և տեղադրման)

ժամանակացույցը (ժամանակացույցը կազմվում է մեկնարկի պահից սկսված) և նկարագրությունը

 

5.

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (անշարժ գույքի կառուցում, հիմնական միջոցներ), ինչպես նաև անշարժ գույքի և հիմնական միջոցների նկարագրությունը

 

6.

Անհրաժեշտ ենթակառուցվածքի նկարագրությունը և դրա անհրաժեշտության հիմնավորումը

 

7.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ)

 
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2023 թվական: