Գլխավոր տեղեկություն
Номер
N 2128-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2023
Дата вступления в силу
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2128-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Կադաստրի կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նոր Նորք, Ար. Միկոյան փողոց 16/5 հասցեում գտնվող՝ 2329.95 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.91285 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 03072023-01-0281, այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 1 468 700 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 433 800 000 դրամ.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 147 668 093 դրամ.

4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 468 700 000 դրամ.

5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 73 435 000 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

6) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 878 730 դրամ գումարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.

7) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։

3. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու աճուրդ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։

5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման կամ նվազման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան