ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/10869/05/19 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/10869/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
Նախագահող և զեկուցող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
ա. Թովմասյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), երրորդ անձինք «Արմենիա Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերություն, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերություն, «ԱրմենԱկոբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԱՐ հեռուստաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և «Հուսաբեր» փակ բաժնետիրական ընկերություն՝ Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» փակ բաժնետիրական ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի կողմից կայացված 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումը և 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Դ. Դանիելյան) (այսուհետ՝ Դատարան) 06.04.2021 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն հիմքին, որը վերաբերում է միջանկյալ դատական ակտի հետաձգված կարգով բողոքարկմանը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում սահմանված «տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» ձևակերպման հետ կապված հիմքին, ինչպես նաև չի անդրադարձել այն հիմքին, որը վերաբերում է պատասխանողի՝ հայցադիմումի պատասխան, ապացույցներ և վարչական վարույթի նյութեր չներկայացնելու դատավարական հետևանքներին: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հիմքին, որի համաձայն բողոքաբերը պնդում է, որ Դատարանը պատշաճ չի պատճառաբանել դատական ակտը:
Վերաքննիչ դատարանն անդրադարձ է կատարել միայն վարչական ակտերի առոչնչության տեսական վերլուծություններին՝ նշելով, որ Հանձնաժողովը դրանց ընդունման պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի ուժով իրավասու է եղել ընդունելու բողոքարկվող վարչական ակտերը:
Բողոքաբերը պնդում է, որ ներկայացրել է բավարար փաստեր և թվով 60 ապացույցներ, որոնց հիման վրա ապացուցվում է վիճարկվող որոշումները խտրականության հիմքով կայացված լինելու և, հետևաբար՝ առ ոչինչ հանդիսանալու հանգամանքը: Ո՛չ Դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը չեն անդրադարձել հայցադիմումի և վերաքննիչ բողոքի գլխավոր հիմքին՝ խտրականությանը, և չեն գնահատել այն հանգամանքը՝ արդյո՞ք խտրականության հիմքով տրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք և հանգեցնել վարչական ակտի առոչնչության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշման համաձայն՝ «Արմենիա ԹԻ-ՎԻ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 60):
2) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշման համաձայն՝ «Արմենակոբ-Թիվի» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 31-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 25):
3) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշման համաձայն՝ «Թի Վի Ֆայֆ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 39-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 18):
4) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշման համաձայն՝ «Երևան» հեռուստաընկերություն ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 51-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 51):
5) Հանձնաժողովի 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշման համաձայն՝ «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 3-րդ մետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 32):
6) Հանձնաժողովի 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշման համաձայն՝ «ՍԻՆԵՄԱՔՍ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 63-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 46):
7) Հանձնաժողովի 24.12.2003 թվականի թիվ 99-Ա որոշման համաձայն՝ «Հուսաբեր» ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երևան քաղաքի տարածքում 56-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող և տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) արդյո՞ք Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացվող դատական ակտում պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրին.
2) արդյո՞ք դատական կարգով կարող է ճանաչվել վարչական ակտի առոչինչ լինելն այն դեպքում, երբ վարչական ակտի իրավաչափության հիմքում դրված փաստարկները ենթակա են գնահատման հատուկ ընթացակարգով:
1) Անդրադառնալով առաջին հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Դատական պաշտպանության իրավունքն իրենում ներառում է նաև վերադաս ատյանի կողմից ստորադաս ատյանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Բողոքարկման իրավունքի իրացմամբ շահագրգիռ սուբյեկտը հնարավորություն է ստանում բողոքի միջոցով արտահայտելու ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտի հետ իր անհամաձայնությունը՝ ակնկալելով իր կողմից ներկայացված հիմքերի պատշաճ կարգով քննություն իրավասու դատարանի կողմից:
Նշված իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև միջազգային մի շարք ակտերում: Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս նաև Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
(…)
2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե'ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ և 146-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում, վկայակոչված դիրքորոշումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում և որոշման պատճառաբանական մասում պետք է կատարի եզրահանգում՝ բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի վերաբերյալ՝ գնահատելով դրա հիմնավորվածությունը բողոքում դրա վերաբերյալ նշված հիմքերի սահմաններում։ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունը բխում է հենց վերաքննիչ բողոքում ներկայացված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածությունը գնահատելու Վերաքննիչ դատարանի պարտականությունից։ Գնահատել բողոքում ներկայացված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածությունը բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում նշանակում է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ բողոքում ներկայացված պահանջների հիմնավորվածության վերաբերյալ, կլինի թերի և ոչ ամբողջական։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները` որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքի այդ հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ:
2) Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր:
Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցը, որի 2-րդ մասով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
Այսպիսով, վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն, իսկ ճանաչման հայցն ուղղված է օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքում վարչական ակտի դատական կարգով առոչինչ լինելու փաստը հաստատելուն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առոչնչության և անվավերության հիմքերը սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 62-րդ և 63-րդ հոդվածներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
(…)
դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման, իսկ 3-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է.
- օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով,
- կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով։
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին, եզրահանգել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը կարող են հանդես գալ երկու ձևով՝ որպես օրենքին (գերակայող իրավունքին) հակասող և որպես առոչինչ ակտեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով վիճարկման և ճանաչման հայցատեսակները՝ օրենսդիրը սահմանել է անվավեր և առ ոչինչ վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելը դատական կարգով հաստատելու երկու եղանակ: Ընդ որում, վիճարկման հայցը քննելիս դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ վարչական ակտի անվավերության նյութաիրավական հիմքերով պայմանավորված՝ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Այսինքն՝ առ ոչինչ վարչական ակտի վերացման պահանջը չի կարող լինել վիճարկման հայցի առարկա, քանի որ անվավերության հիմքերի պարզման անհրաժեշտությունն առ ոչինչ վարչական ակտի պարագայում բացակայում է: Ավելին, եթե առկա է վարչական ակտի առոչինչ լինելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որևէ մեկը, ապա այդ վարչական ակտը չի կարող ճանաչվել անվավեր (տե՛ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը նաև մեկ այլ վարչական գործով՝ մասնավորապես նշելով, որ նշված հայցատեսակներն իրենց մեջ ներառում են միմյանց բացառող տարրեր: Մասնավորապես վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն այն վարչական ակտը, որն առ ոչինչ չէ: Այլ կերպ ասած՝ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքն ինքնին բացառում է վիճարկման հայցի հարուցումը և հետագա քննությունը: Համապատասխանաբար վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերի առկայության պարագայում վարչական ակտի օրենքին համապատասխանությունը չի կարող քննարկման առարկա դառնալ վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ ընդունման պահից իրավաբանական ուժ չունեցող և կատարման կամ կիրառման ոչ ենթակա վարչական ակտի օրենքին համապատասխանելն այլևս որևէ նշանակություն չի կարող ունենալ (տե՛ս, Հովհաննես Եղյան ՆորքՄար Սուիթ կոոպերատիվի սնանկության գործերով կառավարիչն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԻ թիվ ՎԴ/10906/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, կամ եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում։ Այսինքն՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է առկա լինի հետևյալ հիմքերից որևէ մեկը, այն է՝
«ա» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, կամ
«բ» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ, կամ
«գ» ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, վարչական ակտի ոչ իրավաչափ՝ անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կամո Պետրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի թիվ ՎԴ1/0143/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը): Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դատական կարգով հաստատվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմաններից որևէ մեկի առկայությունը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող վարչական ակտի առոչնչությունը պայմանավորվում է այնպիսի հանգամանքներով, որոնց ազդեցությունը վարչական ակտի իրավաչափության վրա ենթակա է ստուգման և գնահատման հատուկ ընթացակարգով, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի կողմից կայացված 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումը և 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը:
Դատարանը մերժել է Ընկերության հայցը՝ արձանագրելով, որ «(…) Երևան քաղաքի տարածքում 25-րդ, 51-րդ, 39-րդ, 31-րդ, 63-րդ և 56 դեցիմետրային կապուղիներով, ինչպես նաև 3-րդ մետրային կապուղիով վիճարկվող որոշումներում նշված ընկերություններին հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթների հաղթող ճանաչելու և, ըստ դրա՝ հայցվոր «Մելտեքս» ՍՊ ընկերության՝ հեռուստահաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու թվով 7 հայտերը փաստացի մերժելու իրավաչափության հարցը հնարավոր է պարզել միայն վիճարկվող որոշումների և անցկացված մրցույթների հիմքում ընկած փաստաթղթերի, ապացույցների, որոշակի հանգամանքների մանրամասն ուսումնասիրության արդյունքում՝ պարզելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վիճելի իրավահարաբերության ժամանակահատվածում գործող իրավական նորմերի սխալ կիրառումը կամ դրանց սխալ մեկնաբանումը, այդ թվում՝ վիճարկվող որոշումների պատճառաբանված և հիմնավորված լինելու համատեքստում, ինչպես նաև վիճարկվող որոշումները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից խտրական հիմքով ընդունված լինելու համատեքստում: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում «Մելտեքս» ՍՊ ընկերության կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի հիմքում վկայակոչված փաստարկներն ու հիմնավորումները, մասնավորապես՝ վիճարկվող որոշումների պատճառաբանված և հիմնավորված չլինելը, խտրականության հիմքով ընդունված լինելը, վերաբերում են բացառապես վիճարկվող՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու (29.12.2003 թվականի թիվ 99-Ա որոշում) որոշումների անվավերության (ոչ իրավաչափ լինելու) հարցին, այսինքն՝ դրանք կարող են գնահատվել ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, այլ նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի տիրույթում՝ նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու կամ, այլևս իրավաբանական ուժ չունենալու դեպքում, ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(…) Հանձնաժողովի որոշումների ոչ իրավաչափության հիմքերը, որոնք մատնանշվել են հայցվորի կողմից, վերաբերում են դրանց ենթադրյալ անվավերությանը, այլ ոչ թե առոչնչությանը:
Անդրադառնալով վարչական ակտն առ ոչինչ լինելու օրենքով նախատեսված մյուս հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումները կայացվել են Հանձնաժողովի կողմից, որը դրանց ընդունման պահի դրությամբ գործած խմբագրությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի ուժով իրավասու է եղել ընդունելու այդպիսի վարչական ակտեր, ինչպես նաև պարզ է, թե ում են դրանք հասցեագրված և ինչ հարց են կարգավորում:
Նման պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտն առ ոչինչ լինելու մյուս հիմքերը նույնպես բացակայում են»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից 19.06.2020 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան «Հայցի առարկան և հիմքը լրացնելը թույլատրելու մասին»:
Դատարանը 16.03.2021 թվականի դատական նիստում կայացված որոշմամբ մերժել է հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին միջնորդությունը:
Ընկերությունը, բողոքարկելով Դատարանի 06.04.2021 թվականին կայացրած վճիռը, վերաքննիչ բողոքում ներառել է հետևյալ հիմքերը՝ մասնավորապես՝ 1) բողոքարկվել է հայցի հիմքը և առարկան լրացնելու միջնորդությունը մերժելու մասին 16․03․2021 թվականին դատական նիստում կայացված որոշումը, 2) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմքումքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, 3) Դատարանն անտեսել է այն դատավարական հետևանքները, որոնք առաջացել են պատասխանողի կողմից դատական նիստերին ներկա չլինելու, հայցադիմումի պատասխան չներկայացնելու, պատասխանողների կողմից Դատարան ապացույցներ չներկայացնելու հետևանքով։
Վերաքննիչ դատարանը, սակայն, սույն գործով 01.06.2022 թվականին կայացված որոշմամբ միայն անդրադարձ է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի կիրառելիությանը՝ քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքում նշված մյուս հիմքերը:
Վերոգրյալ փաստական և իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները` որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերին և չներկայացնելով համապատասխան եզրահանգումներ՝ բողոքում ներկայացված հիմնավորումների վերաբերյալ, բողոքաբերին զրկել է իր նկատմամբ կայացված դատական ակտի լիարժեք վերանայման հնարավորությունից, ինչի արդյունքում այդ իրավունքը կրել է ձևական բնույթ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բողոքն ըuտ էության քննելու համար, և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը և հիմնավորումները: Արդյունքում Վերաքննիչ դատարանը 01.06.2022 թվականի որոշման մեջ ամբողջությամբ չի գնահատել բողոքում առաջադրված պահանջի հիմնավորվածությունը, և նման պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը` բողոքում առաջադրված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ թերի է և ոչ ամբողջական։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու, վերաքննիչ բողոքը դրանում ներկայացված պահանջի սահմաններում ըստ էության քննելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երկրորդ հարցադրմանը, փաստում է հետևյալը․
Ընկերությունը, դիմելով Դատարան, խնդրել էր առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումները՝ իր պահանջի հիմքում դնելով իրավական և փաստական հիմնավորումներ առ այն, որ այդ որոշումներով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա ստացած ընկերություններին տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, քանի որ որոշումները պատճառաբանված ու հիմնավորված չեն, ընդունվել են խտրական հիմքով, և չկա որևէ ելակետային տվյալ այն մասին, թե ինչու են մերժվել Ընկերության՝ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ թվով 7 հայտերը:
Դատարանի 06.04.2021 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(...) վիճարկվող որոշումների պատճառաբանված և հիմնավորված չլինելը, խտրականության հիմքով ընդունված լինելը վերաբերում են բացառապես վիճարկվող՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու (29.12.2003 թվականի թիվ 99-Ա որոշում) որոշումների անվավերության (ոչ իրավաչափ լինելու) հարցին, այսինքն՝ դրանք կարող են գնահատվել ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, այլ նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի տիրույթում՝ նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու կամ այլևս իրավաբանական ուժ չունենալու դեպքում, ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում:
(...) վիճարկվող որոշումները չեն պարունակում ակնառու կոպիտ սխալներ ոչ միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով, այլ նաև նույն մասում նշված մյուս (...) կետերի հիմքով»:
Վերաքննիչ դատարանը 01.06.2022 թվականին կայացված որոշմամբ, ըստ էության, վերհաստատել է Դատարանի կողմից արատահայտված վերոնշյալ դիրքորոշումը։
Վճռաբեկ դատարանը, գնահատելով սույն գործի փաստերը, արձանագրում է հետևյալը․
Ընկերությունը Հանձնաժողովի վերը նշված որոշումների առ ոչինչ լինելը պայմանավորել է նշված որոշումների պատճառաբանված ու հիմնավորված չլինելու, խտրական հիմքով ընդունված լինելու և հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ Ընկերության հայտերի մերժման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների բացակայության հանգամանքներով։ Նշված փաստարկներն ու դրանց հիմնավորումները պահանջում են այդ վարչական ակտերի իրավաչափության հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ վիճարկվող որոշումների և անցկացված մրցույթների հիմքում ընկած փաստաթղթերի, ապացույցների, որոշակի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելով Հանձնաժողովի կողմից վիճելի իրավահարաբերության ժամանակահատվածում գործող իրավական նորմերի սխալ կիրառումը կամ դրանց սխալ մեկնաբանումը, այդ թվում՝ վիճարկվող որոշումների պատճառաբանված և հիմնավորված լինելու համատեքստում, ինչպես նաև վիճարկվող որոշումները Հանձնաժողովի կողմից խտրական հիմքով ընդունված լինելու համատեքստում, ինչն արդեն իսկ բացառում է դրանց առ ոչինչ լինելը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը հայցվորն ինքը պայմանավորել է ոչ թե ակնառու կոպիտ սխալներով, այլ այնպիսի հանգամանքներով, որոնց ազդեցությունը վարչական ակտի իրավաչափության վրա ենթակա են ստուգման և գնահատման հատուկ ընթացակարգով, ուստի ՀՀ սահմանադրական դատարանի 04.02.2014 թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում և սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ այդ վարչական ակտերը չեն կարող դիտվել առոչինչ։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի հիմքում դրված հիմնավորումները վերաբերում են ոչ թե վարչական ակտն առ ոչինչ ճանաչելուն, այլ՝ դրանց ենթադրյալ անվավերությանը, քանի որ տվյալ դեպքում վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, որպիսի եզրահանգման իրավաչափորեն եկել է նաև Վերաքննիչ դատարանը:
Անդրադառնալով վարչական ակտն առ ոչինչ լինելու օրենքով նախատեսված մյուս հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականնի թիվ 31-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա և 24.12.2003 թվականի 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումները կայացվել են Հանձնաժողովի կողմից, որը դրանց ընդունման պահի դրությամբ գործած խմբագրությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի ուժով իրավասու է եղել ընդունելու այդպիսի վարչական ակտեր, ինչպես նաև պարզ է, թե ում են դրանք հասցեագրված և ինչ հարց են կարգավորում: Հետևաբար տվյալ դեպքում բացակայում են նաև Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտն առ ոչինչ լինելու մյուս հիմքերը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով վերը նշված իրավական դիրքորոշումների և վերլուծությունների համատեքստում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելը և դրանց հիման վրա գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը։
Մա
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան ա. Թովմասյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: