Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.07.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
07.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ն. Բաղդասարյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/0562/01/21

նախագահող դատավոր՝

 Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 ԼԱբգարյան

 ՍՀամբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

7 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալվարդ Լևոնի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ պաշտպան ՀՎարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12161221 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ալվարդ Լևոնի Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ալվարդ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թվականի մայիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 11-ի դատավճռով ԱՄարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով: ԱՄարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։

 3 Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի մայիսի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ՀՎարդանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Այսպես, բողոքաբերի համոզմամբ՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը՝ ամբաստանյալ ԱՄարգարյանին մեղսագրված արարքի հակաիրավականության հարցում հանգել են սխալ եզրահանգման։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը նախ փաստարկել է, որ գործի փաստական տվյալներից հետևում է, որ վիճաբանությունը երկու դեպքում էլ նախաձեռնել է տուժող ԱՎիրաբյանը, որի ընթացքում ֆիզիկական ուժ գործադրել են թե՛ տուժողը, թե՛ ամբաստանյալ ԱՄարգարյանը։ Այնուհետև, եղած իրադրությունը քննարկելով անձի՝ անհրաժեշտ պաշտպանության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, բողոքաբերն արձանագրել է, որ ամբաստանյալ ԱՄարգարյանի արարքն ուղղված է եղել ոտնձգությունից պաշտպանվելուն ու վերջինս չի ունեցել վեճի մեջ մտնելու, այդ թվում՝ տուժող ԱՎիրաբյանին ֆիզիկական ցավ պատճառելու նպատակ։

Արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ ԱՄարգարյանն իրեն վերագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչը բացառում է դրա հակաիրավականությունը։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով ԱՄարգարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ալվարդ Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար «2021 թ հունվարի 5-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկ Շավարշ Այվազյանի աշխատասենյակում, իրեն պատկանող բջջային հեռախոսով Աննա Սպարտակի Վիրաբյանին՝ դիմակ չկրելու համար տեսանկարահանելու հետ կապված հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, այն է՝ բժշկի աշխատասենյակում գտնվելու ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել Աննա Վիրաբյանի գլխի և մարմնի այլ հատվածներին, ապա իրականացրել այլ բռնի գործողություններ, մասնավորապես՝ ծալել է Աննա Վիրաբյանի մատները, ճանկռել նրա աջ դաստակը, որի արդյունքում Աննա Վիրաբյանը զգացել է ֆիզիկական ցավ և առողջությանը պատճառվել է «աջ դաստակի շրջանի քերծվածքների ձևով» թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»1։

8 Ամբաստանյալ ԱՄարգարյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ բժշկի աշխատասենյակում ԱՎիրաբյանը հարձակվել է իր վրա և պահանջել ջնջել լուսանկարը։ ԱՎիրաբյանին հորդորել է աշխատասենյակից հեռանալ, սակայն վերջինս փորձել է իր ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի պատճառով իրենց միջև առաջացել է վիճաբանությունը։ Չի բացառել վիճաբանության ընթացքում ԱՎիրաբյանին ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածքները պատճառելու հանգամանքը, սակայն վնասվածքը պատճառելու դիտավորություն չի ունեցել2։

Տուժող ԱՎիրաբյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ կատարված լուսանկարը ջնջելու շուրջ տեղի ունեցած զրույցի ընթացքում, երբ ԱՄարգարյանը հրաժարվել է ջնջել լուսանկարը և կրկին հանել է բջջային հեռախոսը, ինքը վրդովվել է ու բղավելով մոտեցել և հրել ԱՄարգարյանի ձեռքը՝ որպեսզի իրեն չնկարի, իսկ վերջինս քաշքշել ու հրել է իրեն՝ փորձելով դուրս հանել բժշկի աշխատասենյակից3։

Դատական քննության ընթացքում հրապարակված վկա ՇԱյվազյանի ցուցմունքի համաձայն՝ իր աշխատասենյակում, ԱՎիրաբյանին լուսանկարելու հարցի շուրջ խոսակցություն է ընթացել, որի ընթացքում ԱՎիրաբյանը և ԱՄարգարյանը երկու անգամ քաշքշել և հրել են միմյանց4։

Դատական քննության ընթացքում հրապարակված վկա, «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության անվտանգության աշխատակից ՀՀովհաննիսյանի ցուցմունքի համաձայն՝ ԱՄարգարյանի՝ բժշկի աշխատասենյակում գտնվելու պահին՝ վերջինիս հետ խոսելու նպատակով այդտեղ է մուտք գործել ԱՎիրաբյանը։ Երբ բժշկի կանչով գնացել է նրա աշխատասենյակ տեսել է, որ ԱՄարգարյանը և ԱՎիրաբյանը քաշքշում ու հրում են միմյանց։ ԱՄարգարյանը փորձել է ԱՎիրաբյանին դուրս հրել աշխատասենյակից, ինքը միջամտել է չի թողել, որ ԱՄարգարյանը հարվածի ԱՎիրաբյանին և վերջինս դուրս է եկել աշխատասենյակից։ Երբ երկրորդ անգամ բժշկի կանչով գնացել է նրա աշխատասենյակ վեճն արդեն դադարեցված էր5։

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Ալվարդ Լևոնի Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված հանցանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ դատարանի հետևությունները հիմնված են դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, որոնք բավարար են մեղադրանքը գնահատելու և ամբաստանյալ Ալվարդ Լևոնի Մարգարյանին մեղսագրված արարքի համար դատապարտելու համար, հետևաբար [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Մարգարյանին մեղսագրված արարքը ճիշտ է որակված:

Այսպիսով, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ալվարդ Մարգարյանի կողմից Աննա Վիրաբյանին ծեծելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին»6:

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատաքննությամբ և գործով ձեռք բերված (...) ապացույցների հիման վրա վերլուծելով գործի փաստական տվյալները, Վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության առ այն, որ (...) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության և «հիմնավոր կասկածից» վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարել Ալվարդ Մարգարյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ, (...

(...) Վերաքննիչ բողոքի սահմաններում քննարկման առարկա դարձնելով Ալվարդ Մարգարյանի կողմից տուժող Աննա Վիրաբյանին պատճառված մարմնական վնասվածքներն անհրաժեշտ պաշտպանության վիճակում հասցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պատճառաբանությունների հիմնավորվածության հարցը, (...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության առ այն, որ նույնիսկ Աննա Վիրաբյանի կողմից Ալվարդ Մարգարյանի գործողություններին նախորդող և նրան սպառնացող ոտնձգություն թույլ տրված լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված վարկածը հաստատված համարելու դեպքում, ամբաստանյալի և տուժողի միջև տեղի է ունեցել փոխադարձ վիճաբանություն ու քաշքշուք՝ միմյանց հրելու եղանակով, ինչպիսի պարագայում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները չեզոքանում են, և կռվի (վիճաբանության) մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական է տրվում ըստ փաստացի վրա հասած հետևանքի։

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ ամբաստանյալ Ալվարդ Մարգարյանը ևս իր ցուցմունքում չի բացառել, որ իր և Աննա Վիրաբյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում նա տուժողին պատճառել է ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք։

Ինչ վերաբերում է վիճաբանության ընթացքում Ալվարդ Մարգարյանին պատճառված հնարավոր մարմնական վնասվածքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա է 2021թ-ի հունվարի 10-ի թվագրմամբ Ալվարդ Մարգարյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որի դարձերեսին Ա.Մարգարյանը կատարել է գրառում առ այն, որ հրաժարվում է փորձաքննության ենթարկվելուց։ Նույն օրը կազմված արձանագրությամբ Ալվարդ Մարգարյանը հրաժարվել է նաև բանավոր հաղորդում տալուց՝ հայտնելով, որ կատարվածի առթիվ բողոք չունի, քանի որ Աննա Վիրաբյանն իրեն չի հարվածել»7։

11. 2023 թվականի հունվարի 17-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է պաշտպան Դ.Դիլբարյանի դիմումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Ա.Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ ԱՄարգարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ամբաստանյալ ԱՄարգարյանի կողմից տուժողին ծեծի ենթարկելն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»։

Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում որոշակի հանրային բարիքներին վնաս պատճառելն արարքի հակաիրավականությունը և, հետևաբար, նաև՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է: Անհրաժեշտ պաշտպանությունը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունն ու իրավունքները, հասարակության կամ պետության շահերը։ Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք։

Այսինքն, նման իրավիճակում վնաս պատճառելը թեև ձևական առումով պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները, սակայն կախված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության որոշակի պայմանների առկայության հանգամանքից, արարքի հակաիրավականությունը բացառվում է։

Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության պայմանները, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունն իրավաչափ և հետևաբար` արարքի հակաիրավականությունը բացառող, Վճռաբեկ դատարանը վերլուծել է մի շարք նախադեպային որոշումներում8։

Վճռաբեկ դատարանը վերահաստատելով ձևավորված իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակ կարող է առաջանալ ոչ թե ցանկացած վտանգավոր ոտնձգության, այլ միայն այն դեպքում, երբ կատարվում է քրեական օրենսգրքով նախատեսված հակաիրավական արարք կամ առկա է դրա իրական, անմիջական սպառնալիք: Վարչական կամ քաղաքացիաիրավական իրավախախտումները ևս օժտված են հանրային վտանգավորության որոշակի աստիճանով, սակայն դրանց կատարման դեպքում անհրաժեշտ պաշտպանության վիճակ առաջանալ չի կարող: Հարկ է ընդգծել նաև, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակ կարող է առաջանալ միայն օրինական շահերի պաշտպանության պարագայում:

Վճռաբեկ դատարանը Գոռ Ասատրյանի գործով կայացված որոշման շրջանակներում քննարկելով փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցին, արձանագրել է, որ փոխադարձ կռիվ է համարվում նաև այն իրավիճակը, երբ անձն ընդգրկվել է այլ անձի կողմից նախաձեռնած կռվին։ Փոխադարձ կռվի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ պաշտպանության վիճակն անհնար է, քանի որ կռվողներից յուրաքանչյուրը, հանդես գալով ոտնձգողի դերում, չի ղեկավարվում պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով և նպատակներով։ Այսինքն՝ թեև կռվի մասնակից երկու կողմերի դեպքում էլ առերևույթ առկա են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, սակայն դրանք չեզոքանում են փոխադարձ կռվի իրողությամբ ու յուրաքանչյուրի արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետևանքի9, եթե բացակայում է փոխադարձ կռվի ընթացքում անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացման իրադրություն10։

14 Սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԱՄարգարյանին մեղսագրված արարքն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելը սույն գործով չի հաստատվում, իսկ այդ մասով բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են, մասնավորապես, վկաներ ՀՀովհաննիսյանի, ՇԱյվազյանի, տուժող ԱՎիրաբյանի, ամբաստանյալ ԱՄարգարյանի ցուցմունքներով և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Այսպես՝ հիշյալ ապացույցներում առկա տվյալներից հետևում է, որ երբ տուժող ԱՎիրաբյանին լուսանկարելու շուրջ եղած խոսակցության ընթացքում վերջինս՝ իրեն կրկին լուսանկարելը կանխելու նպատակով մոտեցել և հրել է ամբաստանյալ ԱՄարգարյանի ձեռքը, հիշյալ զրույցը վերաճել է ֆիզիկական ընդհարման՝ միմյանց քաշքշելու և հրելու դրսևորմամբ, որի ընթացքում ամբաստանյալը փորձել է բժշկի աշխատասենյակից դուրս հրել տուժողին11։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի իրավաչափության պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ առկա իրադրությունից երևում է, որ ԱՎիրաբյանի և ԱՄարգարյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ վեճ՝ տուժող ԱՎիրաբյանին լուսանկարելու շուրջ առաջացած վիճաբանության շարժառիթով ընդհարում, ընդ որում, հարկ է ընդգծել, որ թեև վեճը սկսվել է ԱՎիրաբյանի նախաձեռնությամբ, սակայն ամբաստանյալ ԱՄարգարյանն ի պատասխան գործողությամբ ընդգրկվել է վեճին։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ փոխադարձ կռվի ընթացքում անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացման իրադրություն։

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկն առ այն, որ վերագրված արարքը կատարելով ամբաստանյալ ԱՄարգարյանը փորձել է պաշտպանվել, չի բխում գործում առկա ապացույցներից: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի գտահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետևության առ այն, որ կողմերի միջև փոխադարձ կռիվ տեղի ունենալու հանգամանքը բացառել է անհրաժեշտ պաշտպանության վիճակը և ամբաստանյալ ԱՄարգարյանի արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետևանքի։

15 Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ ԱՄարգարյանի կողմից տուժողին ծեծի ենթարկելն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է:

16 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԱՄարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն12` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

17 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթն ու քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները13։

18 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարվել է 2021 թվականի հունվարի 5-ին14: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա.Մարգարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի մայիսի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի նոյեմբերի 21-ին15: Նշված որոշման դեմ Ա.Մարգարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ16:

19 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի հունվարի 5-ի դրությամբ՝ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Լևոնի Մարգարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 11-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը՝ բեկանել։

2 Ալվարդ Լևոնի Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Ալվարդ Լևոնի Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը` վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 113-116:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:

3 Տե՛ս նույն տեղում։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 99-101 և 106:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 107-111:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 58-70:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 և Գոռ Ասատրյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԿԴ3/0028/01/14 որոշումները։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Ասատրյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԿԴ3/0028/01/14 որոշման 14-րդ կետը։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ հիշյալ գործով որոշման 15-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Մարգարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

13 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

16 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

ս. աՎԵՏԻՍյան

լ. թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան