Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
13.03.2023
Дата вступления в силу
13.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16486/02/21
2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16486/02/21

Նախագահող դատավոր 

 Ն. Կարապետյան

 

 Կ Չիլինգարյան

 Ա. Կուրեխյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ս. ՄիքայելՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2023 թվականի մարտի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Նավոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Անդրանիկ Նավոյանի ընդդեմ Վլադիմիր Աբգարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Արթուր Նավոյանի և Ալիսա Ամիրխանյանի` ապօրինի տիրապետումից հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասը վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անդրանիկ Նավոյանը պահանջել է պատասխանողի ապօրինի տիրապետումից վերադարձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող 8.38քմ մակերեսով հողամասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դ Մխեյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։ 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Նավոյանը (ներկայացուցիչ՝ Ժիրայր Սաֆարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վլադիմիր Աբգարյանը (ներկայացուցիչ՝ Լիպարիտ Սահակյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 07022022 թվականի կայացրած դատական ակտը նույն օրը www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հասանելի չի դարձել գործին մասնակցող անձանց և այն հասանելի է դարձել բողոքաբերին ու վերջինիս վստահորդին միայն փոստային առաքման միջոցով ստանալու արդյունքում։ Դատական ակտը դատարանը ուղարկել է 01032022 թվականին ու բողոքաբերն ստացել է 03032022 թվականին (փոստային ծրար՝ DLEO102484139AM) ու 03032022 թվականից հաշվարկել է բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը։

Դատարանի 07022022 թվականին հրապարակված դատական ակտը Անդրանիկ Նավոյանին ուղարկվել է միայն 22 օր անց, այն է՝ 01032022 թվականին, հետևապես առնվազն հավաստի չէ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ Դատարանն իր կողմից կատարել է դատական ակտը հրապարակելու և հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու ակտիվ գործողություններ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 31052022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վլադիմիր Աբգարյանի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոք բերող անձը երեք օրով բաց է թողել բողոքարկման դատավարական ժամկետները, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Տվյալ իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունից բխող պայմանն այն է, որ այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտն ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված տասնհինգօրյա ժամկետից հետո, ապա պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն՝ կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները։ Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը լրանում է 24.06.2022 թվականին, քանի որ վճռաբեկ բողոքում առկա տվյալների համաձայն՝ բողոք բերող անձը որոշումն ստացել է 08.06.2022 թվականին: Նշված որոշումը, Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, պետք է բողոքարկվեր տասնհինգօրյա ժամկետում՝ մինչև 24.06.2022 թվականը, սակայն որոշումը բողոքարկվել է 27.06.2022 թվականին: Վերաքննիչ դատարանը որևէ նյութական և դատավարական խախտում թույլ չի տվել ու պահպանել է օրենքով սահմանված կարգը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը՝ իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš and others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» ԱԿ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և դրա օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի պատվիրված նամակով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը ևս որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում պատվիրված նամակով դատական ակտի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակումից հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով օրենսդրի կամքը, գտնել է, որ միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, ընդգծել է, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» ԱԿ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 07.02.2022 թվականին կայացրել է որոշում՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, որը www.court.am պաշտոնական կայքում հրապարակվել է 07.02.2022 թվականին: Դատարանի՝ 07.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշման ուղեկցական գրությունը թվագրված է 07022022 թվականով թ 88), սակայն քաղաքացիական գործի նյութերում բացակայում է 07.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բողոքաբեր Անդրանիկ Նավոյանին ուղարկելու մասին ապացույցը՝ փոստային անդորրագիրը։ Անդրանիկ Նավոյանն այդ որոշումն ստացել է 03.03.2022 թվականին (հիմք՝ փոստային հավաստագիր, գ.թ. 91):

Դատարանի 07.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ 04042022 թվականին փոստային ծառայության միջոցով Անդրանիկ Նավոյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Վերաքննիչ դատարանի 31052022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Անդրանիկ Նավոյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում Դատարանի որոշումը կայացվել է 07.02.2022 թվականին, դատական ակտը նույն օրը հրապարակվել է և ուղարկվել է գործին մասնակցող անձանց (հիմք՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ, գ.թ. 88), մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 04.04.2022 թվականին։ Նման պայմաններում հաշվի առնելով, որ Դատարանը կատարել է դատական ակտը գործին մասնակցող անձանց հասու դարձնելուն ուղղված ակտիվ գործողություններ օրենքով սահմանված ժամկետներում և կարգով և պահպանել է օրենքով իր վրա դրված պարտականությունը՝ ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ կողմն է կրում օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու պարտականություն, հատկապես այն դեպքում, երբ սույն գործով բողոքարկվել է քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, որի բողոքարկման համար նախատեսված է այլ որոշումների բողոքարկումից առավել երկար՝ մեկամսյա ժամկետ։»։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից պարզ չէ, թե Դատարանի 07.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը (www.court.am պաշտոնական կայքում հրապարակվել է 07.02.2022 թվականին) փոստային ծառայությանը հանձնելու միջոցով երբ է ուղարկվել Անդրանիկ Նավոյանին: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 07022022 թվագրմամբ գրությունը և հանձնման հավաստագիրն այն մասին, որ Անդրանիկ Նավոյանը դատական ակտի օրինակն ստացել է 03.03.2022 թվականին, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունը իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ Նավոյանի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Անդրանիկ Նավոյանի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Անդրանիկ Նավոյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Անդրադառնալով բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկին, որ վճռաբեկ բողոք բերած անձը բաց է թողել բողոքարկման դատավարական ժամկետը, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին և գտել է, որ բողոք բերած անձը բաց չի թողել վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված բողոքարկման դատավարական ժամկետը, քանի որ Վերաքննիչ դատարանի 31.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը www.court.am ինտերնետային կայքում հրապարակվել է 08062022 թվականին, իսկ վերոհիշյալ որոշման բողոքարկման ժամկետ սահմանված է որոշումը հրապարակելու պահից տասնհինգօրյա ժամկետը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է բողոք բերելու համար սահմանված ժամկետի պահպանմամբ։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան