Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.04.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
14.04.2023
Дата вступления в силу
14.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0072/01/21

Նախագահող դատավոր՝

 Մ.Պապոյան

Դատավորներ՝

 ՄԱրղամանյան

 ԱՄնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 14 ապրիլի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի պաշտպան ՇՀարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 10194020 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Արմենուհի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին մեղադրյալ ԱԿարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

2021 թվականի հունվարի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճռով ԱԿարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

3. Պաշտպան Շ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ՇՀարությունյանը 2022 թվականի հունիսի 25-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, նշել է, որ դրանք բավարար չէին ԱԿարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու համար:

6. Միաժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ ԱԿարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել, ճանաչել և հռչակել Ա.Կարապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արմենուհի Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա ամուսնու եղբոր որդու` Արմեն Գաբրիելյանի կողմից 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 172-րդ շենքի 26-րդ բնակարան այցելելուց հետո, իրենց ընտանիքների միջև ժամանակի ընթացքում ձևավորված անբարյացակամ փոխհարաբերություններից դրդված, պահանջել է դուրս գալ բնակարանից, խոհանոցում գտնվելու ընթացքում կենցաղային օգտագործման ափսեներ է նետել Արմեն Գաբրիելյանի ուղղությամբ, որոնք դիպել են մարմնի տարբեր մասերին, ապա գետնից վերցնելով կոտրված ափսեի կտոր` հարվածել է քթին` պատճառելով աջ բազկի քերծվածքի և առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող` քթի մեջքի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածքներ»2։

9. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը (…) հաստատված է համարում, որ Արմենուհի Կարապետյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներին:

Դատարանի նման հետևությունը հիմնված է տուժող Ա.Գաբրիելյանի, ամբաստանյալ Ա.Կարապետյանի ցուցմունքների, դատաբժշկական փորձաքննության թիվ 0653 եզրակացությամբ արձանագրված մարմնական վնասվածքների վրա, գործով հետազոտված մյուս ապացույցներն անուղղակի են և դրանք ածանցվում են տուժողի և ամբաստանյալի հայտնած տեղեկություններից: Դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցները միանգամայն բավարար են հանցանք կատարելու մեջ Արմենուհի Կարապետյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և նրա մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատված համարելու համար (...)»3։ 

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմենուհի Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և պատժից:

Այդ առումով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով ամբաստանյալ Արմենուհի Կարապետյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար` չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ ԱԿարապետյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում ամբաստանյալ ԱԿարապետյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԿարապետյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատվում է տուժող Ա.Գաբրիելյանի, ամբաստանյալ Ա.Կարապետյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 0653 եզրակացությամբ և ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա5:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ ԱԿարապետյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԱԿարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարսույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն`  «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ ԱԿարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրվող արարքն ավարտվել է 2020 թվականի մայիսի 19-ին6։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի օգոստոսի 16-ին7, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մարտի 10-ին8:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԿարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հունիսի 25-ին9, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

20. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ ԱԿարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3 Ամբաստանյալ Արմենուհի Աշոտի Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

4 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 250։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 87-94։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 30-42։

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: