Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.11.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.11.2023
Дата вступления в силу
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԿԴ/0332/13/22

Նախագահող դատավոր

 Գ. Շահբազյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

Նախագահող դատավոր՝

 Ռ.Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆի

 

 

Ս. Օհանյանի

10 նոյեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դատապարտյալ գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սամվել Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Սամվել Սարգսի Գևորգյանը դատապարտվել է երկու դրվագ` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Ս.Գևորգյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետ:

2. 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ս.Գևորգյանի նկատմամբ նշանակված՝ 230.000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ ՏԱռաքելյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ։ Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։

Բացի այդ, բողոքի հեղինակը, Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում, նշել է նաև, որ Ս.Գևորգյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ս.Գևորգյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը նախատեսում է դատապարտյալի կողմից տուգանքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այն բացառապես հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն՝ հաշվի առնելով տուգանքը վճարելու անհնարինության և չարամիտ խուսափելու հանգամանքները։ Մինչդեռ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու (չարամտություն դրսևորելու) դեպքում բռնագանձվում է տուգանքի չափին համարժեք գույք, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ։ Ասվածից հետևում է, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում պատիժը փոփոխելու վերաբերյալ ՀՀ նոր քրեական օրենսգրքի դրույթը կիրառվել չի կարող, քանի որ դրանով սահմանվում է տուգանքն ազատազրկմամբ, այսինքն՝ ի տարբերություն հանրային աշխատանքների, ավելի խիստ պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը: Այլ խոսքով, անձը զրկվում է ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակի՝ հանրային աշխատանքների կիրառման հնարավորությունից, ինչը բնականաբար հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող նորմ:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն փոփոխությունը, ըստ որի՝ տուգանքի վճարումից խուսափելու դեպքում չի կարող նշանակվել հանրային աշխատանքներ պատժատեսակը, համարվում է անձի վիճակը վատթարացնող և չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Հետևաբար, Դատարանը գտնում է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործության համար նշանակված տուգանք պատժատեսակի փոփոխման հարցը պետք է լուծվի Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք բարելավում են դատապարտյալի վիճակը։

Ելնելով վերոգրյալից՝ Դատարանն արձանագրում է, որ Սամվել Գևորգյանի նկատմամբ (…) նշանակված 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ տուգանքին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի միջնորդությունը ենթակա է մերժման։ (…) »1։

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Տ]ուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն ան­հատույց և հար­կադ­րաբար վերցնելու իրավակարգա­վորումն ըստ էության քրեաիրա­վական նոր ինստիտուտ է, որի կի­րառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստաց­նում ( (…) գույքի բռնագանձումը առանձին պատժատեսակ չէր և չէ), սակայն վատթա­րաց­նում է այն դա­տա­պարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգա­վոր­ման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դա­տավճիռ­ներով դատա­պարտվել են տու­գանքի, դրա գումարը չեն վճարել, և առկա են բա­վա­րար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դա­տական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տու­գանքի գումարն ամբողջությամբ վճա­րելուց: Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը, թե գործող և թե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքերով թվարկ­­ված այլ դեպքերն հանգեցնում են տու­գան­քից խուսափող դատա­պարտ­յալի նկատ­մամբ նշանակված և չվճարված տու­գանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինե­լուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպ­քում, երբ հանցանքի կա­տար­ման և դատավճռի ի կատար ածման պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կարգավորում­ները դատա­պարտյալների վիճա­կը բարելա­վող են. տու­գանքը կարող էր փոխարինվել և դա­տավճռի կատարման գործ­­­­ընթացն ավարտվեր տու­գանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հան­­րային աշխա­տանք­­ներով փոխարի­նե­լով և այդ պա­տիժը կրելով:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուգանքին համարժեք գույքի բռնագանձ­ման ինստիտուտի՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի համակարգում զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ կարգա­վոր­ման, անցումային դրույթներում այդ ինստիտուտի ներդրման վերա­բեր­յալ կանոններ չնախատեսելու պայմաններում հնարավոր չէ արձանագրել, որ այն դատապարտյալների վիճակը բարելավող օրենք է, մինչդեռ դա է նոր օրենքին (օրենսդրությանը) հե­տա­դարձ ուժ տալու և այն կիրառելու նախապայմաններից մեկը:

Անվիճելի է, որ վերոնշյալ նոր ինստիտուտը թեև պատիժների համա­կար­գում ներ­առ­ված առանձին պատ­ժա­տե­սակ չէ, սակայն օժտված է պատժի տարրերով, փոխ­կա­պակցված և զու­գակցված է հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակի՝ ազա­տազրկման հետ, հետևաբար՝ դրա քրեաիրավական (պատ­ժիչ) ներազդեցությունը դա­տա­պարտ­յալ­ների վիճակի վրա ողջամտորեն ավելի ին­տեն­սիվ է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորում­նե­րը կիրառելու, մասնավորապես՝ տու­գանքի չվճա­րած մասը հանրային աշխա­տանք­­ներով փոխարինելու պարագայում: (…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տու­գան­­քի գումարը վճարե­լուց (չարամտորեն) խուսափելու դեպքում դատապարտյալները կա­րող էին իրա­վաչափորեն ակնկալել (կանխատեսել), որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հան­րային աշ­խա­տանքներով և հանցագործության կատարման պա­հից պետութ­յան հետ ծագած քրեաիրավական (քրեակատարողական) հա­րա­բերութ­յուն­ները կարող են ավարտ­վել այդ և ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով:

Գործող ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը տու­գանքի վճարումից խու­սափող դատապարտ­յալին զրկում է լեգիտիմ այդ ակն­կալիքից, այն է՝ տուգանքը հանրային աշխատանքներով (գոր­­ծող պատժատեսակով) փոխարին­վելու հնարավորությունից, որը դա­տապարտյալ­ների, տվյալ դեպքում՝ նաև Սամվել Գևորգյանի համար երաշխա­վորված է մինչև 2022 թվականի հու­­լիսի 1-ը գործող, բայցև Դատապարտյալի նկատմամբ դեռևս կիրառելի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով և դրան համապատաս­խա­նող քրեակատարողա­կան օրենսդրությամբ:

(…)

Այսպիսով, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը, այն է՝ տուգանքի վճա­րու­­մից խուսափող դատապարտյալից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացա­կա­յության պարագայում՝ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու նորմը դատապարտյալների, այդ թվում Սամվել Գևորգյանի վիճա­կը վատ­թարացնող է, հետևաբար՝ այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մաս): Ընդ որում, նույնիսկ եթե մի պահ ըն­դուն­վի, որ տվյալ կարգավորումը հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենք է, այն, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պետք է նախատեսվեր օրենքով, ինչը ևս չի կա­տար­վել։

(…) Այսպիսով, Օրենքով տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից տուգան­­­­քի չա­փին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացա­կայության և այլ դեպքերում՝ տու­­­գանքն ազա­տազրկմամբ փոխարինելու իրավահարաբերությունները կարգավորող որևէ նորմ չի նախատեսվել (օրենսդիր մարմինը չի ընդունել), որի պայմաններում դատա­պարտ­յալ­ների վիճակը վատ­թարացնող վերոնշյալ նոր իրավական կար­գավորումը (ինստի­տուտը) նրանց նկատմամբ կիրառելն անթույլատրելի է, դրան հետադարձ ուժ չի կարող տրվել:

(…)

Այսպիսով, քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) դատա­պարտ­­յալ Սամվել Գևորգյանի վիճակը ոչ թե մեղմացնող, այլ ընդհակառակը՝ վատթարացնող է: Դա­տա­պարտ­յալի վիճակը վատթարացնող նորմեր է բովանդակում նաև գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ տուգան­քի կատարման կարգին և պայ­մաններին առնչվող վերա­բե­րելի դրույթները, թեև դատապարտյալ Սամվել Գևորգյանի նկատմամբ կայացված դա­տավճի­ռն ուժի մեջ էր մտել և կատարման հանձնվել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, հետևաբար՝ նրա նկատմամբ առերևույթ կիրառելի են պատժի կատարման պահին գործող՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (բա­րենպաստ) դրույթ­ները: Չի նախատեսվել (չի ընդունվել) նաև գույքի բռնա­գանձ­ման ինստիտուտին հետա­դարձություն տալու մասին օրենք, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ այդ ինստիտուտի նորմերն անձի վիճակը բարելավող օրենք (օրենսդրություն) են:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեա­ի­­­րա­վական նոր կարգավորումը (ինստիտուտը) և դրա կատարումն ապահովող քրեա­կա­տա­րողական նորմերը դատապարտյալ Սամվել Գևորգյանի նկատ­մամբ կիրառելի չեն, Առա­ջին ատ­յանի դատա­րանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանի ներ­կա­յացրած միջնոր­դությունը մերժելով, թույլ չի տվել դատա­կան սխալ՝ քրեական օրենքի խախտում, որը ազդել կամ կարող էր ազդել վա­րույթի ելքի վրա, ուս­տի՝ սույն որոշման մեջ նշված լրացուցիչ հիմնա­վորմամբ Դատախազի ներկա­յաց­րած բո­­ղոքն անհրաժեշտ է մերժել՝ վի­ճարկվող դատա­կան ակտը թող­նելով անփո­­փոխ: (...)»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(…)

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

11. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։

11.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է ՍԳևորգյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում պատիժը փոփոխելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանվում է տուգանքն ազատազրկմամբ, այսինքն՝ ի տարբերություն հանրային աշխատանքների, ավելի խիստ պատժատեսակով փոխարինելու հնարավորություն, ինչը հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող նորմ5։

- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը դատապարտյալների, այդ թվում՝ Սամվել Գևորգյանի վիճա­կը վատ­թարացնող է, հետևաբար այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել6:

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-111-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։

14Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ վերոնշյալ ինստիտուտը զուգակցված է հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակի՝ ազատազրկման հետ, հետևաբար դրա քրեաիրավական ներազդեցությունը դատապարտյալների վիճակի վրա ավելի ինտենսիվ է, քան նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները կիրառելու, մասնավորապես՝ տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու պարագայում, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարվելու դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումը ոչ թե զուգակցված է ազատազրկման հետ, ինչպես փաստարկել է Վերաքննիչ դատարանը, այլ միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով։ Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։

15 Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար7:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազ ՏԱռաքելյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ ԱԲաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Սամվել Սարգսի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 29որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

______________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 36-40։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 31-51։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։

4 Տե՛ս նույն որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: