Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.08.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
03.08.2023
Дата вступления в силу
03.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան

նախագահող դատավոր՝ Վ․Միսակյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան

նախագահող դատավոր՝ Ռ․Պապոյան

ԵԴ/0166/11/23

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

 3 օգոստոսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Ա.Զոհրաբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) կողմից 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի կողմից 2023 թվականի փետրվարի 9ն քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ Ծառայության բողոքը մերժվել է։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետև՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 7 որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի' 2023 թվականի փետրվարի 9-ի արձանագրության և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Արամյանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ Ծառայության  ներկայացուցիչ Փ.Պողոսյանի բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է:

3 Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7 որոշման դեմ Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ծառայության ներկայացուցիչ Ա.Զոհրաբյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5 Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները նախատեսող հոդվածները, ինչպես նաև անձի՝ բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 21-ի թիվ ԵԴ/0574/11/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի  2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել նույն օրենսգրքի 391-րդ հոդված  3-րդ մասը։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7 որոշումը Ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, վերաքննիչ բողոք բերելու տասնօրյա ժամկետի վերջին օրն է եղել 2023 թվականի ապրիլի 24-ը, որը, սակայն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոչ աշխատանքային օր է, ուստի Ծառայությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասով, վերաքննիչ բողոքը փոստին է հանձնել 2023 թվականի ապրիլի 25-ին։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ բողոքը ժամկետանց է, հիմնավոր չէ։

6 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշումն ամբողջությամբ բեկանել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7 որոշումը Ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին1:

8 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ծառայության վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Առաջին ատյանի դատարանի՝ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» վերտառությամբ 2023 թվականի ապրիլի 7 որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մուտքագրվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, հետևաբար՝ դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2023 թվականի ապրիլի 24-ը։ Բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2023 թվականի ապրիլի 25-ին։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքում չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև բողոքում չի մատնանշվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար լինելու փաստեր, և՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ իրավաբան Փառանձեմ Պողոսյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 2400-ին: (...) Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»։

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս, ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին։ Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, իսկ բողոքը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը3։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացվել է 2023 թվականի ապրիլի 14-ին4,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի կողմից բերվել է փոստին հանձնելու միջոցով` 2023 թվականի ապրիլի 25-ին5։

- Վերաքննիչ դատարանը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2023 թվականի ապրիլի 24-ը, մինչդեռ բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2023 թվականի ապրիլի 25-ին և ներկայացված բողոքում չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև բողոքում չեն մատնանշվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար լինելու փաստեր, և բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր6։

12 Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ավարտվում էր 2023 թվականի ապրիլի 24-ին: Սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ժամկետի ավարտը համընկել է ոչ աշխատանքային օրվան7, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է համարվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2023 թվականի ապրիլի 25։ Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը Ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։

13. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Փ.Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար8:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ,  264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից։

___________________________

1 Տե΄ս նյութեր, թերթ 25:

2 Տե'ս նյութեր, թերթեր 32-35։

3 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0049/11/19 որոշումը։

4 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

6 Տե'ս նույն տեղում:

7 Տե'ս ,Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան