Գլխավոր տեղեկություն
Номер
N 2207-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2023
Дата вступления в силу
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2207-Ն

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի շահագործման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N 1252-Ն որոշումը։

5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղադրված և կնքված տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց փոխարինման և վերակնքման, իսկ տվյալների առցանց փոխանցում չապահովող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը ենթակա են փոխարինման և վերակնքման։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) (այսուհետ՝ ջրաչափիչ սարք) սարքերի տեղադրման հետ կապված հարաբերությունները:

2. Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրաչափիչ սարքը տեղադրում է մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործողը և արդյունահանողը (այսուհետ՝ ջրօգտագործող) կամ մասնագիտացված կազմակերպությունը, ընդ որում, սարքի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում է ջրօգտագործողն իր միջոցների հաշվին։

3. Ջրաչափիչ սարքը ջրի հոսքը, քանակը չափող և այդ տվյալների հեռավար փոխանցման, ցուցադրման և արխիվացման հնարավորությամբ օժտված սարք է (ջրաչափիչ սարքերի ցուցմունքի սխալանքը՝ մինչև 2 տոկոս), որի միջոցով հնարավոր է առնվազն հինգ րոպե պարբերականությամբ փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին (այսուհետ՝ հարթակ) տրամադրել (փոխանցել) ջրի հոսքի, քանակի վերաբերյալ տվյալներ։ Ջրաչափիչ սարքը պետք է հագեցած լինի տեղորոշման և բջջային օպերատորի սիմ-քարտի օգտագործման մոդուլի հնարավորությամբ։

4. Ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառումը վարում է սույն կարգին համապատասխան տեղադրված ջրաչափիչ սարքերի ցուցմունքով: Բնօգտագործման վճարներ չվճարողները ևս օգտագործված և արդյունահանված ջրի փաստացի ծավալների հաշվառումը վարում են սույն կարգին համապատասխան տեղադրված ջրաչափիչ սարքերի ցուցմունքով:

5. Մակերևութային ջրերի օգտագործման դեպքում ջրաչափիչ սարքը տեղադրվում է ջրառի կետում ուղիղ հարթության վրա գտնվող խողովակի՝ ամբողջությամբ ջրով լցված կամ բաց հունով ջրանցքի վրա։

6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման դեպքում ջրաչափիչ սարքը տեղադրվում է անմիջապես ջրառի կետից դուրս եկող և ամբողջությամբ ջրով լցված խողովակի վրա։

7. Էկոլոգիական թողքի հաշվառման համար ջրաչափիչ սարքը տեղադրվում է ջրառի կետից անմիջապես հետո գետի հունում, այնպես, որ հնարավոր լինի ամբողջությամբ հաշվառել էկոլոգիական թողքի ծավալը։

8. Ջրաչափիչ սարքը ջրառի կետում պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավոր լինի չափել խողովակով կամ բաց հունով ջրանցքով արտամղվող ջրի ամբողջ ծավալը։

9. Մինչև ջրաչափիչ սարքն ընկած հատվածում պետք է բացառվի խողովակին կամ բաց հունով ջրանցքին միացված որևէ խողովակի կամ բաց հունով ջրանցքի առկայությունը կամ խողովակին, բաց հունով ջրանցքին որևէ խողովակի, բաց հունով ջրանցքի միացման հնարավորությունը։ Ջրաչափիչ սարքը պետք է տեղադրված լինի տեսանելի հատվածում և լինի հասանելի՝ դրա կնքման համար:

10. Մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի նույն ջրառի կետից մեկից ավելի նպատակներով ջրօգտագործում իրականացնելու դեպքում, ջրաչափիչ սարքը տեղադրվում է ջրառի կետից դուրս եկող առանձնացված յուրաքանչյուր խողովակի կամ բաց հունով ջրանցքի վրա։ Ջրառի կետից մինչև խողովակների կամ բաց հունով ջրանցքների առանձնացման տեղը (հանգույցը) կամ մինչև առաջին առանձնացված խողովակը կամ բաց հունով ջրանցքն ընկած հատվածում կամ առանձնացված խողովակների կամ բաց հունով ջրանցքների միջև ընկած հատվածներում պետք է բացառվի խողովակին կամ բաց հունով ջրանցքին միացված որևէ (բացառությամբ սույն կարգին համապատասխան ջրաչափիչ սարքի) խողովակի կամ բաց հունով ջրանցքի առկայությունը կամ խողովակին, բաց հունով ջրանցքին որևէ խողովակի կամ բաց հունով ջրանցքի միացման հնարավորությունը։ Առանձնացված խողովակների կամ բաց հունով ջրանցքների ջրաչափիչ սարքերը պետք է տեղադրված լինեն տեսանելի հատվածներում և լինեն հասանելի՝ դրանց կնքման համար։

11. Ջրաչափիչ սարքի միջոցով փոխանցում են ջրի հոսքի և քանակի վերաբերյալ տվյալները լ/վրկ կամ մ3/վրկ, մ3/օր կամ մ3/տարի ձևաչափերով:

12. Ջրաչափիչ սարքը պետք է ապահովված լինի ինտերնետային հասանելիությամբ և անխափան կապ հաստատի հարթակի հետ։ Ինտերնետային հասանելիության բացակայության և/կամ ջրառի կետում տեղադրելու անհնարինության դեպքում ջրօգտագործողը պարտավոր է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ինտերնետային ծառայություն մատուցող կամ ջրաչափիչ սարքը տեղադրող կազմակերպության (կազմակերպությունների) կողմից տեղեկանք՝ տվյալ տարածքում ինտերնետային անհասանելիության կամ ջրառի կետում տեղադրելու անհնարինության վերաբերյալ՝ առաջարկելով ջրաչափիչ սարքի տեղադրման այլընտրանքային վայր։ Լիազոր մարմնի համաձայնությամբ ջրաչափիչ սարքը կարող է տեղադրվել այլընտրանքային վայրում՝ ապահովելով ջրի ամբողջական և ճշգրիտ հաշվառումը։

13. Ջրաչափիչ սարքը տեղադրելուց հետո մինչև N 2 հավելվածով սահմանված կնքումն իրականացնելը, ջրօգտագործողը կամ ջրաչափիչ սարքը տեղադրող կազմակերպությունը պարտավոր է լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ բնութագրիչները՝ ջրաչափիչ սարքի կապը հարթակին ապահովելու համար։

14. Ջրաչափիչ սարքի պահպանության և անխափան աշխատանքի ապահովման պատասխանատվությունը կրում է ջրօգտագործողը։

15. Ջրաչափիչ սարքի կամ դրա օժանդակ մասերի վերանորոգման կամ փոխարինման աշխատանքների մեկնարկից առաջ ջրօգտագործողը դրանք համաձայնեցում է լիազոր մարմնի հետ։

16. Ջրաչափիչ սարքը պետք է ունենա «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման միջոցի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` ջրաչափիչ սարքերի կնքման լիազոր պետական մարմին է հանդիսանում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործված և արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով:

3. Ջրաչափիչ սարքը պետք է պարտադիր կնքված լինի լիազոր մարմնի կողմից՝ կնքում իրականացնող պաշտոնատար անձին հատկացված կնիքով: Ջրաչափիչ սարքը ենթակա է կնքման ջրաչափիչ սարքի տվյալների ամրագրման համար անհրաժեշտ բնութագրիչները տրամադրելուց և լիազոր մարմնի կողմից ջրաչափիչ սարքի ու հարթակի հետ կապը հաստատելուց հետո։

4. Ջրառի կետում առկա փականը կնքվում է N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան, ջրաչափիչ սարքի կնքման հետ միաժամանակ։

5. Ջրաչափիչ սարքը պետք է կնքվի կամ ապակնքվի լիազոր մարմնում ջրօգտագործողի գրավոր դիմումի մուտքագրմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ելնելով եղանակային պայմաններից, աշխարհագրական տեղադիրքից կամ այլ առանձնահատկություններից, ինչպես նաև բնական աղետների դեպքում ջրաչափիչ սարքերի կնքման կամ ապակնքման ժամկետը լիազոր մարմնի կողմից կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր։

6. Կնքումն իրականացվում է երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կնիքով դրոշմելու միջոցով` այնպես, որ ջրաչափիչ սարքն ապամոնտաժելիս` կնիքը խախտվի (պոկվի, վնասվի):

7. Կնքումն իրականացվում է ջրօգտագործողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի/լիազորված անձի ներկայությամբ:

8. Կնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կնքումն իրականացվում է առանց ջրօգտագործողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի/լիազորված անձի ներկայության և կնքման ակտում կատարվում է կնքմանը ներկա լինելուց հրաժարվելու վերաբերյալ նշում: Կնքման ակտի ջրօգտագործողի օրինակը ջրօգտագործողին է ուղարկվում պատվիրված նամակով՝ ակտը կազմելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

9. Կնքումն ավարտվելու պահին լիազոր մարմնի պաշտոնատար անձը (անձինք) կազմում է կնքման ակտեր՝ երկու օրինակից, որի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

10. Կնքման ակտը կնքումն ավարտելուց անմիջապես հետո ստորագրվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի (անձանց) և ջրօգտագործողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի/լիազորված անձի կողմից: Կնքման ակտը կազմվում է երկու օրինակից` մեկ օրինակը տրվում է ջրօգտագործողին, մյուսը` պահվում է լիազոր մարմնում:

11. Ստուգաչափման լաբորատորիայի կողմից ջրաչափիչ սարքը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին տեղեկատվության տրված լինելու դեպքում ջրօգտագործողը կնքման համար տեղադրում է սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանող ջրաչափիչ սարք, որը կնքվում է լիազոր մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

12. Լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կնիքի խախտման (պոկվել, վնասվել) հայտնաբերման դեպքում պաշտոնատար անձի կողմից կազմվում է ամփոփագիր: Ամփոփագրի հիման վրա կնիքը պոկվում է, և ջրաչափիչ սարքը կնքվում է սույն կարգին համապատասխան:

13. Կնքված ջրաչափիչ սարքի կնիքը կարող է պոկվել`

1) լիազոր մարմնի կողմից ջրօգտագործողի մոտ ուսումնասիրության, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիթորինգի ընթացքում ջրաչափիչ սարքի կնիքի խախտման (պոկվել, վնասվել) դեպքում՝ լիազոր մարմնի կամ շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնի նախաձեռնությամբ.

2) ջրօգտագործողի կողմից` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վթարների ժամանակ, ինչի մասին ջրօգտագործողն անմիջապես տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով վթարի վայրը, պատճառը, վերացման ժամկետը և անհրաժեշտ այլ տեղեկություններ.

3) ջրաչափիչ սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ ջրօգտագործողի մոտ կամ լիազոր մարմնում կասկած առաջանալու դեպքում լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ օրենքով սահմանված կարգով ջրաչափիչ սարքն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

4) լիազոր մարմնի կողմից՝ միջստուգաչափական ժամանակամիջոցում ջրաչափիչ սարքն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

5) լիազոր մարմնի կողմից՝ վերամիացումների կամ վերանորոգումների ժամանակ.

6) ջրօգտագործողի կամքից անկախ՝ առանց որևէ մեկի միջամտության, արտակարգ իրավիճակների (մասնավորապես` երկրաշարժ, ջրհեղեղ, սողանքներ, պտտահողմեր և այլն), կնիքի մետաղալարի կոռոզիայի դեպքերում:

14. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կազմվում են ապակնքման ակտեր երկու օրինակից, որի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Ապակնքման ակտերի մեկ օրինակը տրվում է ջրօգտագործողին, մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում։

15. Սույն կարգի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքում ջրի հաշվառման գործընթացը չընդհատելու նպատակով ջրօգտագործողը տեղադրում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման դրական արդյունքներ ունեցող չափման միջոց:

16. Եթե ապակնքումից անմիջապես հետո ջրօգտագործողը չի տեղադրում սույն կարգով սահմանված նոր ջրաչափիչ սարք, ապա ապակնքման մասին ակտով ջրաչափիչ սարքը կնքման ներկայացնելու վերջնական ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը։

17. Մինչև ապակնքման ակտում նշված` կնքման ներկայացնելու վերջնաժամկետը փաստացի ջրօգտագործման դեպքում, ջրօգտագործման ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ջրերի հաշվառման այլընտրանքային մեթոդով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործված և արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրաչափիչ սարքերի շահագործման հետ կապված հարաբերությունները:

2. Ջրաչափիչ սարքի հեռավար տվյալների փոխանցման գործընթացը պետք է ապահովվի բջջային օպերատորի սիմ-քարտի օգտագործման մոդուլի միջոցով։

3. Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տվյալները հաշվառվում, պահպանվում և արխիվացվում են հարթակում։ Հարթակի սպասարկումը և վարումն իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

4. Հարթակը նախատեսված է ջրաչափիչ սարքերի մոնիթորինգի, ջրի հոսքի և քանակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, փոխանցման, մշակման, ցուցադրման և արխիվացման համար։

5. Հարթակում ներառված տվյալներն ամփոփվում են ջրային պետական կադաստրում։

6. Ջրառի կետի տեղադիրքից կախված՝ էլեկտրական էներգիայի բացակայության դեպքում, ջրօգտագործողը պարտավոր է ջրաչափիչ սարքը կահավորել մարտկոցով կամ ֆոտովոլտային աղբյուրներով սնուցվող հեռակա տերմինալներով։ Հեռակա տերմինալներից տվյալները ավտոմատ կերպով հաղորդվում են լիազոր մարմնի կողմից նախապես կարգավորված օգտագործողի սերվերին կամ դիէյջէս (DHS) ամպային համակարգին առնվազն հինգ րոպե պարբերականությամբ։

7. Ջրաչափիչ սարքի տագնապային ազդանշանի, սարքի խափանման, վթարների, էլեկտրական էներգիայի բացակայության, ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրի չափաքանակներից ավելի ջրառ իրականացնելու դեպքերում ջրօգտագործողի բջջային հեռախոսահամարին և/կամ էլեկտրոնային փոստին ուղարկվում է ծանուցում և/կամ կարճ հաղորդագրություն։ Կարճ հաղորդագրության և/կամ էլեկտրոնային փոստին ծանուցումից հետո ջրօգտագործողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրությամբ տեղեկացնում է խափանման կամ վթարի պատճառները և դրանց վերացման կամ վերականգման ժամկետը։ Ջրաչափիչ սարքի աշխատանքի վերականգման դեպքում ջրօգտագործողը տեղեկացնում է լիազոր մարմին։ Ջրաչափիչ սարքի խափանումը, վթարը չվերացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական: