Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.08.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
25.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0816/11/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

25 օգոստոսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունում և հատուկ քննչական ծառայությունում ստացվել է դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը։

Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ ԴԿոստանդյանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի գրությամբ, դիմող Արթուր Ղազինյանին տրվել է գրավոր պատասխան։

Վերոնշյալ գրության դեմ դիմողի բողոքի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ԱՄարգարյանի՝ 2020 թվականի հուլիսի 29-ի գրությամբ, տրվել է գրավոր պատասխան։

2 ՀՀ հատուկ քննչական ծառայության հիշյալ վարչության պետի տեղակալ ԴԿոստանդյանի վերը նշված գրության դեմ դիմող ԱՂազինյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և դիմողի իրավունքների խախտումը վերացնելու` ՀՀ հատուկ քննչական ծառայության պարտականության մասին։

3 Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1)1 և 2023 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Ըստ բողոքաբերի, ԱՂազինյանի ներկայացրած՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը վերացական բնույթի է, այսինքն, դրա փաստական հիմնավորումները չեն պարունակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Հետևաբար, այն չի կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում և առաջացնել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 180-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ քննարկման ու լուծման ենթակա դատավարական իրավահարաբերություններ։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ թե 2020 թվականի մարտի 11-ին, թե 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսների ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հիշյալ հիվանդությունը որակել է որպես համավարակ։ Նշված հանգամանքը քննարկման առարկա է դարձել նաև Առաջին ատյանի դատարանում ու թեև վերապահումով՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությունը պաշտոնական չլինելու անհիմն փաստարկմամբ, ընդունել է նաև դիմողը։ Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության որոշման մեջ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ դիմողի պնդումը կրում է սուբյեկտիվ բնույթ։ Այս համատեքստում բողոքի հեղինակը քննարկման առարկա է դարձրել նաև անդամ պետությունների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հայտարարությունների իրավական նշանակությունը և ՀՀ Կառավարության հիշյալ որոշման կայացման իրավական հիմքը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, նշվել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ միայն քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ է հնարավոր հաստատել կամ հերքել «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի մեջ նշված անձանց արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 278-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը։ Մինչդեռ, բողոքի հեղինակի պնդմամբ՝ հիշյալ դիմումով հստակ արձանագրված է, որ այն վերաբերում է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասին հաղորդումը տրվել է ավելի վաղ։ Այդ առումով, բողոք բերած անձն ընդգծել է, որ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազը դատարանի հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ ու 308-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ հաղորդումն արդեն իսկ քննարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և կայացվել է համապատասխան որոշում։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը՝ մերժելով դիմող ԱՂազինյանի բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7 Դիմող ԱՂազինյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումով, ենթադրյալ հանցանքը փաստարկվել է նրանով, որ «(…) 2020թ մարտի 16-ին ՀՀ Կառավարության թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն։

Նշված որոշման համար որպես հիմք է հանդիսացել հետևյալը, մեջբերում որոշումից՝

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը (․․․)»։

Ուսումնասիրելով ԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվական հարթակ, կարելի է հեշտությամբ արձանագրել, որ ԱՀԿ-ի կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելու մասին հայտարարությունն արվել է ոչ թե 2020թ մարտի 13-ին, ինչպես նշված է (․․․) «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ, այլ դեռևս դրանից 3 օր անց՝ 2020թ մարտի 11-ին։

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնեական կեղծիքի համար (․․․

Ելնելով վերոգրյալից, և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դեռևս 2020թ հունիսի 12-ին իմ կողմից ներկայացված հաղորդման մեջ մանրակրկիտ անդրադարձել եմ ՀՀ առանձին բարձրաստիճան պաշտոնատար անձանց (․․․) կողմից, քաղաքական խմբային շահից ելնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու հանգամանքներին (որպիսի գործողություններն ըստ իս պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն 2 հոդվածներում՝ 278-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված հանցակազմի հատկանիշներ), որպիսի պայմաններում կարիք չեմ գտնում կրկնվել և տվյալ հաղորդման մեջ դարձյալ անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիայում արձանագրված՝ որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ հանդիսացող խմբային շահի մեկնաբանմանը (․․․

(․․․)

Այսպիսով, գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա են առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցակազմի տարրեր»(2)2։

71 ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ ԴԿոստանդյանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի գրությամբ, դիմող ԱՂազինյանին տրվել է պատասխան այն մասին, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը որպես հանցանքի մասին հաղորդում դիտարկելու և դրա կապակցությամբ համապատասխան դատավարական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն, քանզի սուբյեկտիվ բնույթի դատողություններից ու ենթադրություններից զատ, կոնկրետ հանցագործության դեպքի մասին տեղեկություն չի բովանդակում(3)3։

8 Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ բողոքի քննությանը մասնակցած դատախազը, առարկելով ներկայացված բողոքի դեմ, նշել է, որ 2020 թվականի մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության մասին հայտարարություն անելիս այն ևս որակել է որպես համավարակ։ Նշվածին ի պատասխան դիմողը հայտնել է, որ թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենն ամեն օր օգտագործել է «համավարակ» բառը, սակայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունը որպես համավարակ պաշտոնապես հայտարարվել է 2020 թվականի մարտի 11-ին(4)4։

9. Առաջին ատյանի դատարանը, ստուգման ենթարկելով դիմողի՝ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու իրավաչափության, ըստ այդմ՝ իրավունքի խախտման հարցը՝ արձանագրել է հետևյալը «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2020 թվականի հուլիսի 3-ին Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, որում նշելով, որ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ (...) ՀՀ Կառավարության թիվ 298-Ն որոշման մեջ, որպես համաշխարհային պանդեմիա հայտարարելու ամսաթիվ, նշվել է ակնհայտ կեղծ տեղեկություն՝ 2020թ. մարտի 11-ի փոխարեն նշվել է 2020թ. մարտի 13-ը, խնդրել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել հաղորդման մեջ ներկայացված փաստերը, հարուցել քրեական գործ և բացահայտել հանցագործության կատարման մեջ մեղավոր անձի (անձանց) շրջանակը:

(...) Դիմող Արթուր Ղազինյանի հաղորդումը գնահատելով սույն որոշմամբ և, համապատասխանաբար, Է.Կարապետյանի և Ռ.Նիազյանի գործերով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ Ա.Ղազինյանի կողմից 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ներկայացված հաղորդումը բովանդակում է տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, դրանում նշված են կոնկրետ անձի (անձանց), այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված պաշտոնատար անձի (անձանց) կողմից հանցագործության կատարման մասին պնդումներ: Հաղորդման մեջ ներկայացված են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բավարար են ներկայացված հաղորդումը քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար:

Հետևաբար, Ա.Ղազինյանի դիմումը հանդիսանում է հանցագործության մասին հաղորդում և քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությամբ իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր էր կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը:

[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ա.Ղազինյանի` «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ չէ»(5)5։

10 Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին իր դատական ակտի հիմքում դրել է հետևյալ դատողությունը «(…) [Թ]ե ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանի, թե հսկող դատախազ Ա.Մարգարյանի գրությունների (պարզաբանումների) բովանդակությունից դիմող Ա.Ղազինյանը չէր կարող ըմբռնել, թե ինչու իրավապահներին 2020 թվականի հուլիսի 3-ին հասցեագրված իր դիմումը որևէ հանցագործության փաստերի մասին նվազագույն տեղեկություններ չի բովանդակում, այլ կերպ՝ այդ պարզաբանումները պատշաճ կարգով պատճառաբանված չեն, և պատճառաբանվածության այդ աստիճանը խախտել է դիմող Ա.Ղազինյանի իրավունքները, այդ թվում՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի համոզմամբ այն բովանդակում էր ոչ միայն նկարագրված արարքների իրավաբանական որակումներ (որպիսի պարտականություն դիմող կողմի վրա քրեադատավարական օրենքով դրված չէ), այլև այդ արարքների օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների, դրանցով ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների, նույնիսկ արարքների կատարման շարժառիթների և նպատակի վերաբերյալ որոշակի դատողություններ (վերլուծություն):

Տվյալ պայմաններում դիմող Արթուր Ղազինյանի հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանի և դատախազ Ա.Մարգարյանի կողմից ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելը և Ա.Ղազինյանին գրություններով պատասխանելը (պարզաբանում տրամադրելը) Վերաքննիչ դատարանը համարում է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ անհրաժեշտ էր համապատասխան որոշման կայացմամբ քննարկել և լուծել հանցագործությունների մասին Ա.Ղազինյանի հաղորդումը և այդ կերպ ապահովել դրա հիմքում դրված փաստական և իրավական հիմքերի ու հիմնավորումների պատշաճ ստուգման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Միայն դրա արդյունքներով և դատավարական ձևի պահպանմամբ (որոշման կայացմամբ) էր հնարավոր ստուգել և պարզել (հիմնավորել կամ հերքել) քաղ. Արթուր Ղազինյանի հաղորդման մեջ հիշատակված անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 278-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը կամ բացակայությունը»(6)6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք դիմող Ա.Ղազինյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։ (…)»։

Նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»։

Մեջբերված կարգավորումների պայմաններում Վճռաբեկ դատարանը Հրայր Մանուկյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «[Հ]անցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ։ Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանականություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը»(7)7։

13 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- դիմող ԱՂազինյանը՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումում փաստարկել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունը որպես համավարակ որակելու հայտարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արվել է 2020 թվականի մարտի 11-ին, այլ ոչ թե մարտի 13-ին՝ ինչպես արձանագրված է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-ն որոշմամբ։ Որպիսի հանգամանքը, ըստ դիմողի՝ առերևույթ պարունակում է պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելու հանցակազմի տարրեր(8)8,

- ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ ԴԿոստանդյանը գրությամբ հայտնել է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշին, ուստի բացակայում է համապատասխան օրենսդրական կառուցակարգերը գործադրելու հիմքը(9)9,

- Առաջին ատյանի դատարանում՝ դատական նիստի ընթացքում, բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ 2020 թվականի մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության մասին հայտարարություն անելիս այն ևս որակել է որպես համավարակ, որպիսի հանգամանքն ընդունել է դիմող ԱՂազինյանը(10)10,

- ԱՂազինյանի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու ոչ իրավաչափությունը, ըստ այդմ՝ դիմողի իրավունքի խախտման փաստի առկայությունը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ հաղորդումը բովանդակում է տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, ընդ որում, պարունակում է կոնկրետ անձի (անձանց) կողմից ենթադրյալ հանցավոր արարք կատարելու պնդում, ինչը բավարար էր այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործողության մեջ դնելու համար(11)11,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վերոհիշյալ դատական ակտը, արձանագրել է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը ոչ միայն բովանդակում է նկարագրված արարքների իրավական որակումների, այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի վերաբերյալ դատողություններ, ուստի հիշյալ դիմումն անհրաժեշտ է քննարկել համապատասխան որոշմամբ՝ այդ կերպ ապահովելով դրա փաստական ու իրավական հիմնավորումները պատշաճ ստուգման ենթարկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։ Միայն այդ կերպ է հնարավոր ստուգել և պարզել հաղորդմամբ նշված անձանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը կամ բացակայությունը։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին ի պատասխան գրությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի խախտվել է նաև դիմողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը(12)12։

14 Սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման հաշվառմամբ գնահատելով նախորդ կետում շարադրված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դիմումում նշված փաստերը համարելով բավարար՝ այն որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու, վարութային միջոցներ ձեռնարկելու և դատավարական ակտ կայացնելու համար, պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չեն ենթարկել ներկայացված դիմումի բովանդակությունը։

Այսպես՝ սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով ԱՂազինյանի դիմումը որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու և այն քննարկելուն, ստուգելուն ու լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց վարութային միջոցներ ձեռնարկելու՝ զուտ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի բովանդակության և հանրահայտ փաստերի ուսումնասիրությունը բավարար է արձանագրելու, որ հիշյալ դիմումը որպես հանցանքի մասին հաղորդում դիտարկելու և դրա կապակցությամբ համապատասխան դատավարական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն, քանզի դիմումի հիմքում ընկած փաստական հիմնավորումները չեն բովանդակում հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն։ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնված է հետևյալ նկատառումների վրա ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել՝ իրավական հիմք դիտարկելով ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայության համատեքստում։ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայությունը գնահատվել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունը և դրա տարածումը բնութագրող հանգամանքների շրջանակներում, որոնց թվում է եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հայտարարությունը։ Այսինքն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքում դրված հանգամանքների առնչությամբ դիմողի ընկալումն ինքնին չէր կարող գնահատվել որպես կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն։ Հարկ է նկատել նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, 2020 թվականի մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության մասին հայտարարություններ անելիս, գործածել է «համավարակ» հասկացությունը, ինչն ընդունել է նաև դիմող ԱՂազինյանը։

Ուստի, քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ դիմող ԱՂազինյանի կողմից փաստվող դեպքի քննարկման և որպես արդյունք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու իրավական պարտականությունը բացակայել է։ Հարկ է ևս մեկ անգամ կրկնել, որ Հրայր Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից՝ նախկինում գործող իրավակարգավորումների պայմաններում բացահայտված՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդման հստակության չափանիշին համապատասխանող հաղորդումն է միայն առաջացնում քրեական հետապնդման մարմնի պարտականությունը՝ դրա կապակցությամբ կայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ և 308-րդ հոդվածներով նախատեսված ենթադրյալ հանցանքների հատկանիշների առկայության վերաբերյալ դիմողի փաստարկները քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ քննարկելու, ստուգելու և լուծելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումի ուսումնասիրությունից պարզորոշ երևում է, որ հիշյալ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին հնարավոր տեղեկությունները դիմողի կողմից ներկայացվել են մեկ այլ հաղորդման շրջանակներում։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի այդ փաստարկը չի բխում ԱՂազինյանի՝ վերը նշված դիմումին գրությամբ պատասխանելու իրավաչափության հարցի քննարկման շրջանակից։

Այսպիսով ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող ԱՂազինյանի համապատասխան դիմումը՝ որպես հանցագործության մասին հաղորդում չդիտարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության դիրքորոշումը չընդունելու հիմքերը բացակայում են, քանզի հաղթահարված չէ հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը։ Հետևաբար, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ա.Ղազինյանի` «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ է։

141 Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն այն մասին, որ խախտվել է դիմողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը՝ նրան հասցեագրված գրությունը բավարար չափով պատճառաբանված չլինելու փաստարկմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընթացակարգային առանձնահատկությամբ պայմանավորված, համապատասխան դիմումը՝ որպես հանցագործության մասին հաղորդում չդիտարկելու մասին գրության և քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների նախնական քննարկումն ու ստուգումը եզրափակող որոշման պատճառաբանվածության աստիճանը չի կարող նույնը լինել։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողին հասցեագրված գրության բովանդակությունը հնարավորություն է ընձեռում տեղեկանալու քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չքննարկելու պատճառներին։ Բացի այդ, դիմողն Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով վիճարկել է դրանք՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ(13)13, ուստի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը խախտված լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը նույնպես հիմնավոր չէ։

15 Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Ղազինյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

16 Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Ղազինյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը, ենթակա է մերժման։

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմող Արթուր Գագիկի Ղազինյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-31:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 11:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 48:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 49-56:

6 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 27-38:

7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Մանուկյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0154/11/14 որոշման 14-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-7։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: