Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.06.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
16.06.2023
Дата вступления в силу
16.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

 

ԵԱՔԴ/0441/06/17

    

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

    

16 հունիսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումների դեմ Արտակ Արարատի Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել է թիվ 58156117 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործը 2017 թվականի մայիսի 25-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և ընդունվել է ՀԿԳ ավագ քննիչ Գ.Աղաբաբյանի վարույթ: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վ.Ջանազյանի որոշմամբ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբի:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 27-ի որոշմամբ, Արտակ Արարատի Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Կալանքի սկիզբը հաշվվել է նրան արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մայիսի 24-ից:

3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով` մինչև 2017 թվականի սեպտեմբերի 24-ը:

3.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:

3.2. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով` մինչև 2017 թվականի նոյեմբերի 24-ը:

4.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

4.2. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

5. 2018 թվականի փետրվարի 20-ին Արտակ Այվազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան):

6. 2018 թվականի մայիսի 15-ին Արտակ Այվազյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և գտնվում է հիշյալ դատարանի վարույթում: Նույն դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Արտակ Այվազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին1։

7. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին որոշում է կայացրել Արտակ Այվազյանի գանգատն իր կողմից քննվող գործերի ցանկից հանելու մասին2:

8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով ԵԴ/0328/01/18ն վերաբերող մասով Եվրոպական դատարանի որոշումը՝ Արտակ Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանը 2020 թվականի դեկտեմբերի 3-ին բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

9. 2021 թվական մարտի 11-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումների՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և պաշտպանի ներկայացրած բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին3Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Պաշտպան Հ.Ալումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Արտակ Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, բողոքներ է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները, բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը, դրանք փոփոխել. նախաքննության մարմնի միջնորդությունները ճանաչել անհիմն և մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

 Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

11. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ 2020 թվականի փետրվարի 21-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները սույն գործի առնչությամբ ընդունում են, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում և առաջարկում են պարոն Արտակ Այվազյանին վճարել 800 (ութ հարյուր) եվրո՝ իր կրած ցանկացած և ամբողջ վնասի դիմաց:

Վերոնշյալ գումարն ազատված կլինի գանձման ենթակա ցանկացած հարկից և կփոխարկվի Հայաստանի Հանրապետության դրամի` վճարման օրը գործող փոխարժեքով՝ գործը իր քննվող գործերի ցանկից հանելու մասին Դատարանի որոշումը ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, Կառավարությունը պարտավորվում է վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք հաշվարկել՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (...)»4:

12. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Արտակ Այվազյանին և մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է.

«(…) Կառավարությունն ընդունել է, որ խախտվել են դիմումատուների՝
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված իրավունքները: Այն
առաջարկել է դիմումատուներին վճարել (…) ներկայացված գումարները և Դատարանին առաջարկել է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:

(...)

Դատարանը նշում է, որ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը հնարավորություն է տալիս գործը քննվող գործերի ցուցակից հանելու, եթե՝ «(...) Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»։

Այսպիսով, Դատարանը կարող է 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն գանգատները հանել գործերի ցուցակից՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) ՄՊ] Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]] վճիռը, թիվ 26307/95, §§ 75-77, ՄԻԵԴ 2003-VI):

Դատարանը սահմանել է հստակ և ծավալուն նախադեպային իրավունք այն բողոքների առնչությամբ, որոնք վերաբերում են ներպետական դատարանների կողմից կալանքի համար համապատասխան և բավարար պատճառներ չներկայացնելուն (տե՛ս, օրինակ, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, §§ 48 և այլն, 2016 թվականի հոկտեմբերի 20):

Հաշվի առնելով Կառավարության հայտարարությունների մեջ բերված փաստարկների բնույթը, ինչպես նաև առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապատասխանում է համանման գործերով շնորհված գումարներին՝ Դատարանը համարում է, որ գանգատների քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ (37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):

Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատների քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ):

Ի վերջո, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չկատարի իր միակողմանի հայտարարությունների պայմանները, գանգատները կարող են վերստին ընդգրկվել քննվող գործերի ցուցակում՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (տե՛ս, Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Josipovic v. Serbia (dec.)], թիվ 18369/07, 2008 թվականի մարտի 4):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործերը հանել քննվող գործերի ցուցակից՝ կապված կալանքի համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքների հետ (…)»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար։

 14. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»:

14.1. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա1 կանոնի համաձայն` «1. (Ա) Եթե գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորման պայմանները, Բարձր պայմանավորվող կողմը կարող է Դատարան ուղարկել խնդրանք` քննության ենթակա գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ` համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի:

(Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամբ, որով պատասխանող պետությունը հստակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատաբեր անձի գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում` միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատաբեր անձին պատճառված վնասները, և, եթե անհրաժեշտ է, նաև ձեռնարկելու միջոցներ խախտման հետևանքները վերացնելու համար (…)»:

14.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 37-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները՝

- գանգատի բնույթը,

- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը և դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,

- միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը և նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,

- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ և ծավալուն» նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,

- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, և արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետևանքները6։

14.3. Վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում, պետությանը խախտումը վերացնելուն և մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նաև միակողմանի հայտարարության դեպքում7: Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչև խախտումը եղած վիճակը՝ restitutio in integrum, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն է8: Այսինքն՝ Եվրոպական դատարանը կարևոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինեն վճռի կայացման դեպքում նախատեսված հնարավորություններին9։

14.4. Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունել պետության միակողմանի հայտարարությունն այն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն։ Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը` իրավունքի խախտման փաստն ընդունելու և արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտման հետևանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում։ Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել10։

14.5. Համանման կերպով, մի շարք գործերով Եվրոպական դատարանը չի հաստատել Կառավարության միակողմանի հայտարարությունը` նշելով, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէ գործի վերաբացման հնարավորություն11:

 14.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը12, այլ ձևավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունը` այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով13։

14.7. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով, Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն և այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոչ միայն դատարանի վճիռը, այլև Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման՝ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է14:

15. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա1 կանոնի, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը և պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու և (կամ) մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, և այդ խախտման հետևանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետևաբար, Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը, ինչպես և վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:

16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը. (…)»։

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով, այլ նաև որոշմամբ հիմնավորված անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 14-15-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը ևս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար։

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով Եվրոպական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները նոր հանգամանքով վերանայելու համար։

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի ու 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումները և դրանք օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի և 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումները բեկանելու համար:

20. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

21. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»15։

22. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով restitutio in integrum` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Եվրոպական կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որոնք լուրջ կասկածի տակ են դնում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

23. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը` այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն՝ կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ16:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

24.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»17:

25. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը restitutio in integrum ապահովելու լավագույն միջոցն է։

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ 2020 թվականի փետրվարի 21-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ Կառավարությունն ընդունել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքների խախտում և առաջարկել է Արտակ Այվազյանին վճարել 800 (ութ հարյուր) եվրո18,

- Եվրոպական դատարանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ հիմք ընդունելով Արտակ Այվազյանին և մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, որոշել է գանգատների այս մասը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան հանել իր գործերի ցուցակից19,

- Արտակ Այվազյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում և նույն դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ Ա.Այվազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել գրավ` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին20:

27. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-25-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Ա.Այվազյանի նախնական կալանքին, իսկ քրեական գործի դատական քննության ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Ա.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է և նա ազատ է արձակվել:

Տվյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշմամբ արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Այվազյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը։

Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք չէ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի ու 2017 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումները և դրանք օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի և 2017 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումները բեկանելու համար21:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 20-ի և 2018 թվականի հունվարի 31-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Արտակ Արարատի Այվազյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե'ս քրեական գործ թիվ ԵԴ/0328/01/18, www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ։

2 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների» գործով Արտակ Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:

3 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4 Տե՛ս, նյութեր հատոր 4-րդ, թերթ 32:

5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի և 8 այլ գանգատների» գործով Ա.Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:

6 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tahsin Acar v. Turkey գործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26307/95, կետեր 75-77:

7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Cereale Flor S.a. And Rosca v. Moldova գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 և 3159/10, կետ 28:

8 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Malininas v. Lithuania գործով 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 263:

9 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Igranov and others v. Russia գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 և այլ, 26-րդ կետ։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Rozhin v. Russia գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vojtěchovո v. Slovakia գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Hakimi v. Belgium գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 31-32-րդ կետեր։

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Eroğlu and Akdemir v. Turkey գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tabagari v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 և 60870/11, Mazanashvili v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, Vashakidze v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, Manukian v. Georgia գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Taktakishvili v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22:

15 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

16 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:

17 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

21 Համանման իրավիճակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չբեկանելու և գործը չվերաբացելու իրավական հիմնավորման մասին տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Ոսկերչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0190/06/08, Էդգար Դավթյանի գործով 2023 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԱՔԴ/0209/06/16 որոշումներում և mutatis mutandis Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2018 թվականի հունիսի 7-ի թիվ CM/ResDH(2018)191 բանաձևում:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

ս. աՎԵՏԻՍյան

Լ. Թադևոսյան
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: