Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.04.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
07.04.2023
Дата вступления в силу
07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԴ/0743/06/18

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

7 ապրիլի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։ Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:

Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

2. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ՝ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը:

Վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Միաժամանակ, կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է:

Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

4. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, միաժամանակ կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը մերժվել է:

Դատախազ Պ.Պետրոսյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի, պաշտպաններ Հ.Խուդոյանի, Ա.Օրբելյանի, Հ.Ալումյանի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

5. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Գործի դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:

Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել է, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը թողել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

6. Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

7. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ1:

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21և 2019 թվականի հունիսի 14-ի՝ օրինական ուժի մեջ մտած և վերջնական որոշումները ենթակա են վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի՝ թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումները փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի՝ որևէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում նոր հանգամանքի ուժով այն դատական ակտերը, որոնք հանգեցրել են Ռ.Քոչարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի տևական սահմանափակման, ենթակա են բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետևության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումն է:

Բողոքաբերի կարծիքով Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից՝ 2009 թվականի մարտ ամսից: Հետևաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները՝ պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի ենթադրյալ կատարման համար Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ բողոքաբերը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն արձանագրել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի բացակայությունը, ուստի կալանքի ժամկետի երկարացումը վերաբերել է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի ենթադրյալ կատարմանը:

9. Վերոգրյալի հիման վրա, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը, խնդրել է՝

- հարուցել Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,

- վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի և Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշումները՝ հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը,

- վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ մասնակի՝ պաշտպանների բողոքները մերժելու մասով, բեկանելով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի և Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 15-ի որոշումները՝ հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման շրջանակներում արձանագրել է հետևյալը. «(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:

(…)

Այսպիսով՝ վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը (…)»2:

10.1. Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի դատական ակտերը վերանայելու համար:

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ. (…)»:

13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Սահմանադրական դատարանի որոշումը, որով տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ՝

- Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, որով անփոփոխ էր թողնվել մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը4,

- Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը5,

- Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի, պաշտպաններ Հ.Խուդոյանի, Ա.Օրբելյանի, Հ.Ալումյանի կողմից ներկայացված բողոքները վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը6։

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և կատարված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի դատական ակտերը վերանայելու համար։

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

17. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

17.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է7:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

18.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը«(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»8:

19. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է։

20. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են Ռ.Քոչարյանի նախնական կալանքին, իսկ 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը, և նա ազատ է արձակվել9:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքների քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը գտնվում է ազատության մեջ և չի շարունակում կրել բողոքարկվող դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

22. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքները պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքները մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________________________

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 6.6-6.7-րդ կետերը։

3 Տե՛ս Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը։

4 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

7 Տե՛ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights։

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

 Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝

Ս. Ավետիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան