Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.09.2023
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0163/01/12

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

լ. թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ա․ Հովհաննիսյանի

 

մասնակցությամբ պաշտպան՝

Կ․ ՀակոբՅԱՆԻ

1 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամվել Հրաչի Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Սամվել Հրաչի Դավթյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։

Նույն դատավճռով մեղավոր են ճանաչվել նաև Արտուշ Ռուբիկի Հակոբյանը, Դավիթ Սուրենի Գալստյանը, Արթուր Գրիշայի Մանուկյանը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալ Ս.Դավթյանի պաշտպան Կ.Հակոբյանի, ամբաստանյալ Ա.Մանուկյանի և վերջինիս պաշտպան Ռ.Սաֆարյանի, ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Հ.Արսենյանի և ամբաստանյալ Դ.Գալստյանի պաշտպան Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:

3. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ Ս.Դավթյանի պաշտպան Կ.Հակոբյանի, Դ.Գալստյանի պաշտպան Ս.Ոսկանյանի, Ա.Հակոբյանի պաշտպան Հ.Արսենյանի և Ա.Մանուկյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքները, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ, վարույթ ընդունելը մերժվել է:

3.1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ, նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Սամվել Դավթյանի բերած բողոքը բավարարվել է. նրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը՝ բեկանվել ու փոփոխվել է, Ս.Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Ս.Դավթյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 229.985.750 (երկու հարյուր քսանինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամը և 221.825 (երկու հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը: Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնվել են անփոփոխ:

4. Սամվել Դավթյանի գանգատների հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի կազմով, Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ս.Դավթյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածի նյութաիրավական ու ընթացակարգային հայեցակետերի և 6-րդ հոդվածի խախտման փաստը։

5. 2022 թվականի հունիսի 29-ին Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ1։

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

6. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերը փաստել է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք է՝ սույն գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերանայելու համար:

Բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Ս.Դավթյանի՝ Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, հետևաբար չեն կարող շարունակել օրինական ուժի մեջ մնալ այն դատական ակտերը, որոնք կայացվել են Կոնվենցիայի խախտմամբ, դրանք անօրինական դատական ակտեր են:

6.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Սամվել Դավթյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սամվել Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա, 2011 թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, (...) զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին, ապա մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափի` 1 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:

Այսպես.

Արտուշ Հակոբյանի ղեկավարած բանդայի անդամներ Գուրգեն Հայրապետյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և ինքնությունը քննությամբ չպարզված երկու անձ, Գուրգեն Հայրապետյանի գլխավորությամբ 2011 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 04։00-05։00-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով հանդիպել են Երևանի Մալաթիա թաղամասում, ապա Գուրգեն Հայրապետյանը հարձակման մասնակիցներին բաժանել է իր կողմից բերված պայուսակում գտնվող դիմակները, ձեռնոցները, ինքնաձիգները և ատրճանակները։ Այնուհետև բանդայի անդամները հյուրասենյակի եվրոպատուհանը պտուտակահանի միջոցով բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել Ատոմ Ավետիքի Ղազազյանի` Երևան քաղաքի Դանիել Վարուժան փողոցի 48 տուն, որտեղ նախապես վերցված կպչուն ժապավեններով կապել են Ատոմ Ղազազյանին և նրա ընտանիքի անդամներին, ապա հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգի և երկու ատրճանակի գործադրմամբ վերջինիս և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են 1200 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, ինչպես նաև տարբեր տեսակի ոսկյա զարդեր, այլ թանկարժեք իրեր ու առարկաներ` Ատոմ Ղազազյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 24.190.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ավազակային հարձակմանը մասնակցած բանդայի անդամները հափշտակված գումարը կիսել են միմյանց միջև, իսկ ոսկյա զարդերը և մյուս իրերը իրացրել է Գուրգեն Հայրապետյանը, ապա դրանց վաճառքից գոյացած գումարը բաժանել է բանդայի անդամներին։

Նպատակ ունենալով շարունակել հանցավոր գործունեությունը՝ այն է` ավազակային հարձակումներ կատարելը, ինչպես նաև հարձակումներից հետո թաքնվելու, հարձակումների ժամանակ օգտագործվող հրազենները և փամփուշտները թաքցնելու, հափշտակվածը հանգիստ պայմաններում բաժանելու նպատակով բանդայի անդամները նույն ժամանակահատվածում վարձակալել են Կոտայքի մարզի Պտղնի-2 1-ին թաղամասի 1-ին փողոցի 26 ամառանոցը։

Բացի այդ, Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ղեկավարած բանդայի անդամները` Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը և ինքնությունը քննությամբ չպարզված ևս երկու անձ, Գուրգեն Հայրապետյանի գլխավորությամբ 2011 թվականի հունիսի 01-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում նույն եղանակով` դիմակավորված և զինված, հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգով, երեք ատրճանակով, ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով տան պարիսպի վրայից անցնելով, ապա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու եղանակով՝ ապօրինի մուտք են գործել Էդուարդ Բեզոյանի` Երևանի Ավան, Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 26/6 առանձնատուն, որտեղ իրենց հետ նախապես վերցված կպչուն ժապավեններով կապել են տանը գտնվող անձանց։ Այնուհետև, հայր և որդի Էդուարդ ու Կարեն Բեզոյանների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրանց ծեծի ենթարկելով, այդ թվում՝ իրենց մոտ եղած զենքերով հարվածներ հասցնելով, ինչպես նաև նույն հրազեններով վերջիններիս և նրանց ընտանիքի անդամների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են 25.000 ԱՄՆ դոլար և 5.300.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, ինչպես նաև տարբեր տեսակի ոսկյա զարդեր, այլ թանկարժեք իրեր ու առարկաներ` պատճառելով ընդհանուր 221.825 ԱՄՆ դոլարի և 5.300.000 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Ավազակային հարձակման ընթացքում բանդայի անդամները հափշտակել են նաև ոսկյա զարդերի, գումարների պարունակությամբ մետաղյա չհրկիզվող պահարանը, որը տեղափոխել են նույն տան ավտոտնակում կայանված, տուժողներին պատկանող «Նիսան Պատրուլ» մակնիշի 22 ՍՍ 221 համարանիշի ավտոմեքենայի մեջ և առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրանալով նշված ավտոմեքենային՝ դրանով դիմել են փախուստի։ Հետագայում ավտոմեքենան թողել են Երևանի Ֆրունզե փողոցի 6/8 շենքի հետնամասում։

Վերը նշված ավազակային հարձակման ժամանակ Արման Դալլաքյանը, կատարելով բանդայի կազմում իրեն հատկացված դերը, Գուրգեն Հայրապետյանի հանձնարարությամբ հարձակման ամբողջ ընթացքում գտնվելով Բեզոյանների առանձնատան մոտ, դիտարկել-հսկել է տարածքը և ռադիոկապի միջոցով տեղեկություններ հաղորդել Գուրգեն Հայրապետյանին։

Ավազակային հարձակմանը մասնակցած բանդայի անդամները հափշտակված չհրկիզվող պահարանը բացել են էլեկտրական սղոցով կտրելու եղանակով, որտեղից հայտնաբերված կանխիկ գումարը բաժանել են միմյանց միջև, իսկ հափշտակված ոսկյա զարդերն ու մյուս իրերն իրացրել է Գուրգեն Հայրապետյանը և դրանց վաճառքից գոյացած գումարը բաժանել բանդայի անդամներին։

Հետագա հանցագործությունների կատարումը հեշտացնելու նպատակով բանդայի անդամները ավազակային հարձակման ընթացքում հափշտակված գումարներով գնել են «Մերսեդես» մակնիշի 60 ՕՕ 086 համարանիշի ավտոմեքենան։

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ բանդայի անդամներ Գուրգեն Հայրապետյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը, բանդայի ղեկավար Արտուշ Հակոբյանի կազմակերպմամբ 2011 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով դիմակավորված, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Աղվան Երվանդի Գրիգորյանի` Երևանի Նոյ թաղամասի 72 տուն, որտեղ իրենց հետ նախապես վերցված կպչուն ժապավեններով կապել են տանը գտնվող անձանց, ապա հրազեն հանդիսացող ատրճանակներով և ինքնաձիգով վերջինիս ու նրա ընտանիքի մյուս անդամների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` իրենց մոտ եղած զենքերով հարվածներ հասցնելով, ինչպես նաև վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են 9.700 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաև տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով ընդհանուր 27.000.000 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Այդ թվում հափշտակել են նաև, ոսկյա զարդերի, գումարի պարունակությամբ մետաղյա չհրկիզվող պահարանը, որը տեղափոխել են Աղվան Գրիգորյանին պատկանող «ԲՄՎ-X5» մակնիշի 01 ՏՕ 009 համարանիշի ավտոմեքենայի մեջ և առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրանալով նշված ավտոմեքենային՝ դրանով դիմել են փախուստի։ Հետագայում ավտոմեքենան թողել են Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 50/1 տան մոտակայքում։

Բանդայի անդամները հափշտակված չհրկիզվող պահարանը տեղափոխել են Պտղնիում գտնվող վարձակալած ամառանոց, որտեղ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով բացել են պահարանը և միմյանց միջև բաժանել պահարանում եղած կանխիկ գումարը։ Հափշտակված ոսկյա զարդերը կրկին իրացրել է Գուրգեն Հայրապետյանը և դրանց վաճառքից գոյացած գումարը բաժանել է բանդայի անդամներին։

Իրենց կողմից կատարված հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով բանդայի անդամները հանձնել են Պտղնիում գտնվող ամառանոցը և վարձակալել են Երևանի Ամառանոցային փողոցի 1-ին նրբանցքի 20 տունը։

Իրագործելով հանցավոր դիտավորությունը՝ Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ղեկավարած բանդայի անդամները` Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արման Դալլաքյանը, Գուրգեն Հայրապետյանի և Արտուշ Հակոբյանի անմիջական գլխավորությամբ ու մասնակցությամբ 2011 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով դիմակավորված, պատշգամբի բաց դռնից ապօրինի մուտք են գործել Նապոլեոն Ազիզյանի` Երևանի Կիլիկիա թաղամասի Չայկինայի փողոցի 57 տուն, որտեղ հրազեն հանդիսացող ինքնաձիգով և ատրճանակներով վերջինիս և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են 35.000 ԱՄՆ դոլար, 3.000.000 ՀՀ դրամ և 3.000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև տարբեր տեսակի ոսկյա զարդեր, թանկարժեք նկարներ, այլ իրեր ու առարկաներ` պատճառելով ընդհանուր 173.495.750 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։

Ավազակային հարձակման ժամանակ Արման Դալլաքյանը, կրկին կատարելով բանդայի կազմում իրեն հատկացված դերը, Գ.Հայրապետյանի հանձնարարությամբ հարձակման ամբողջ ընթացքում գտնվելով Նապոլեոն Ազիզյանի առանձնատան մոտ, դիտարկել-հսկել է տարածքը և ռադիոկապի միջոցով տեղեկություններ հաղորդել Գուրգեն Հայրապետյանին, ապա վերջինիս հրահանգով ևս ապօրինի մուտք է գործել Նապոլեոն Ազիզյանի տուն և օգնելով մյուսներին` իր մոտ եղած դանակով կտրելու միջոցով, շրջանակներից հանել է նկարները և դուրս բերել դրանք տնից, որից հետո բանդայի անդամները դիմել են փախուստի։

Բանդայի անդամները հափշտակված կանխիկ գումարը բաժանել են միմյանց միջև, իսկ ոսկյա զարդերն ու նկարները կրկին իրացրել է Գուրգեն Հայրապետյանը։

Այնուհետև Գուրգեն Հայրապետյանը հերթական ավազակային հարձակման համար 2011 թվականի սեպտեմբերին հավաքագրել է բանդայի նոր անդամներ` Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին, վերջիններս Գուրգեն Հայրապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև բանդայի անդամներ, բանդայի կողմից նախկինում կատարված ավազակային հարձակումների մասնակիցներ` Սամվել Դավթյանի և Դավիթ Գալստյանի հետ նախապատրաստել են Երևան քաղաքի Չարենցի 47 տան բնակիչ Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակման կատարումը։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով բանդայի անդամները տևական ժամանակ դիտարկել են հարձակման օբյեկտ հանդիսացող տունը և շրջակայքը, ապա 2011 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, իրենց հետ վերցնելով ավազակային հարձակումը կատարելու համար անհրաժեշտ 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը, 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգը, 7,62 մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակը, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակը, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակը, «Բլոու Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակը և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները, ինչպես նաև դիմակներ, ձեռնոցներ և կպչուն ժապավեն` գնացել են նշված թաղամաս։ Լրացուցիչ դիտարկումների արդյունքում, ստեղծված իրավիճակից ելնելով, հարձակումը չեն իրականացրել, դրա կատարումը հետաձգել են այլ օրվա, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ նույն օրը բանդան բացահայտվել և վնասազերծվել է իրավապահ մարմինների կողմից։

2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 57 հասցեում տեղակայված շինության մոտակայքում բանդայի անդամներ Արթուր Մանուկյանը և Գուրգեն Հայրապետյանը հետապնդվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, որի ընթացքում վերջինս իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 60 OO 086 համարանիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի։ Այնուհետև, դուրս գալով վթարված ավտոմեքենայից, Գուրգեն Հայրապետյանը և Արթուր Մանուկյանը դիմել են փախուստի՝ վազելով մոտակա բլրի վրա։ Արթուր Մանուկյանը փախուստն ապահովելու նպատակով իր մոտ եղած հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակից արձակել է կրակոց։ Այնուհետև, ատրճանակը նետել է մոտակա թփերում և փորձել է թաքնվել, սակայն տեղում վնասազերծվել է իրեն հետապնդող ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ Գուրգեն Հայրապետյանը, փախուստի ընթացքում բարձրանալով հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել։

Սույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ (...) Սամվել Դավթյանը քննությամբ չպարզված անձից և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և հագին եղած սպորտային համազգեստի բաճկոնի աջ գրպանում պահել խոշոր չափի` 1 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից վերջինիս անձնական խուզարկության ժամանակ։ (…)»2:

8. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…) [Դ]ատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում ամբաստանյալներին՝ սույն դատավճռի ներածական մասում շարադրված մեղադրանքների ձևակերպմամբ (...) առաջադրված մեղադրանքներով նախատեսված հանցանքները կատարելը և գտնում է, որ վերջիններս կատարած հանցավոր արարքների համար ենթակա են պատժի։ (…)»3։

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, 2015 թվականի մայիսի 12-ի որոշմամբ փաստել է. «(…) [Վ]երլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով ինչպես յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ[ին] (...) մեղսագրված արարքները որակված են ճիշտ և նրանք պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվեն։

(...)

[Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

(...)

[Վ]իճարկվող դատական ակտը բեկանելու և վերջիններիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու, ինչպես նաև գործը նոր քննության ուղարկելու հիմքեր չկան։ (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի մարտի 1-ի վճիռն արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի և 2019 թվականի նոյեմբերի 7-ի5 որոշումները վերանայելու հիմք է:

11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (…)»։

12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։

13. Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռով, ի թիվս այլնի, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- «Դատարանը եզրակացնում է, որ իշխանության մարմինները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ6,

- Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել արժանահավատ բացատրություն տրամադրել դիմումատուին հասցված վնասվածքների առնչությամբ: Մասնավորապես չի հաստատվել, որ նրա վնասվածքները հասցվել են ուժի գործադրման հետևանքով, որը խիստ անհրաժեշտ է եղել՝ պայմանավորված նրա վարքագծով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բույիդի գործը, § 100): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով7,

- Դատարանը վկայակոչում է 6-րդ հոդվածի համաձայն սահմանված իր նախադեպային իրավունքի սկզբունքները՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ցուցմունքները քրեական վարույթում որպես ապացույց թույլատրելու առնչությամբ (տե՛ս Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [GՊfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 166, ՄԻԵԴ 2010 և Իբրահիմը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Ibrahim and Others v. the United Kingdom [GC]], թիվ 50541/08 և ևս 3-ը, § 254, 2016 թվականի սեպտեմբերի 13): Սույն գործով դիմումատուն հանցագործության կատարումը խոստովանել է իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում: Այն փաստը, որ դիմումատուն խոստովանել է ՔԳՎ քննիչին, այլ ոչ թե ոստիկանության ծառայողներին, որոնք վատ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ, Դատարանի կարծիքով, վճռորոշ չէ (համեմատե՛ք Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Harutyunyan v. Armenia] թիվ 36549/03, § 65, ՄԻԵԴ 2007-III): Դատարանները հետագայում դիմումատուին մեղավոր ճանաչելիս հիմնվել են այդ խոստովանական ցուցմունքի վրա: Այս փաստը դիմումատուի դատական քննությունն ամբողջությամբ դարձրել է անարդար՝ անկախ խնդրո առարկա ցուցմունքի ապացուցողական արժեքից և անկախ նրանից, թե դրա օգտագործումը որոշիչ է եղել դիմումատուի դատապարտումն ապահովելու համար, թե՝ ոչ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գեֆգենի գործը, § 166)»8:

Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի են ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ու ընթացակարգային հայեցակետերի, ինչպես նաև 6-րդ հոդվածի խախտումներ9։

14. Հիմք ընդունելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից բողոք բերած անձի` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ու ընթացակարգային հայեցակետերով, ինչպես նաև 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստի արձանագրումը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի մարտի 1-ի վճիռը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի և 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումները վերանայելու հիմք է:

 

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է:

16. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»10:

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»11:

17. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում, պետությունը, արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ, պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ` յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա` գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum» ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա12:

18. Հաշվի առնելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետի վերլուծության լույսի ներքո գնահատելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշյալ վճիռը հիմք է Ս.Դավթյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։ Այլ կերպ, արձանագրված խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

19. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս վերանայելու ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի և 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումները, բեկանելու Ս.Դավթյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի որոշումն ու գործն ուղարկելու Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է վերացնի Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներն ու յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգի համապատասխան հետևության:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Դավթյանին պետք է անհապաղ ազատ արձակել համապատասխան քրեակատարողական հիմնարկից:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ս.Դավթյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են: 23. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարան

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի և 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Սամվել Հրաչի Դավթյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության։

3. Սամվել Հրաչի Դավթյանին անհապաղ ազատ արձակել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 9-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 352-354:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 39, թերթեր 4-106:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 41-րդ, թերթեր 79-206:

5 Տե'ս սույն որոշման 3.1-րդ կետը։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատներ թիվ 54261/13 և 18361/16, կետ 11։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատներ թիվ 54261/13 և 18361/16, կետ 13։

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատներ թիվ 54261/13 և 18361/16, կետ 16։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատներ թիվ 54261/13 և 18361/16, կետեր 14 և 17։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։

12 Տե'ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը, Մուշեղ Սաղաթելյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵՔՐԴ/0396/01/08, ԵԿԴ/0052/11/08, ԵԿԴ/0123/06/08 որոշման 28-39-րդ կետերը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

ս. աՎԵՏԻՍյան

լ. թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: