ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Մ․ Մարտիրոսյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/0752/01/19 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
21 նոյեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2019 թվականի ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 16180019 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Սարգիս Բագրատի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմի՝ 2019 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Ս․Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Ս․Ադամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
2019 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով, Սարգիս Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ս․Ադամյանի կալանքի տակ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Ս․Ադամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արթուր Սարգիսի Ադամյանը:
3․ Ամբաստանյալներ Ս․Ադամյանի և Ա․Ադամյանի, պաշտպաններ Է․Բեգլարյանի և Վ․Բադալյանի, պաշտպան Լ․Զեյնալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ բողոքները մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը՝ նշանակված պատժի կրման մասով, բեկանել և փոփոխել է․ Ս․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, բացի այդ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Այսպես՝ բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածները: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը։
Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, ինչի արդյունքում վնաս է հասցվել տուժողի առողջությանը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, ինչպես նաև Ս․Ադամյանի կողմից խմբի կազմում տուժողին հասցված մարմնական վնասվածքների տեղակայումը, քանակը, մասնավորապես՝ տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելը, ինչի հետևանքով վերջինին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք։
Միաժամանակ, բողոքի հեղինակն ընդգծել է, որ թեև տուժողին մարմնական վնասվածքները հասցվել են ձեռքերով, այնուամենայնիվ ստորադաս դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ այդպիսիք պատճառվել են խմբի կողմից և որևէ գնահատականի չի արժանացրել Ս․Ադամյանի ակտիվ դերը հանցագործության կատարման ընթացքում։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Սարգիս Ադամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Սարգիս Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա խմբով` որդու Արթուր Սարգսի Ադամյանի հետ, Հովհաննես Հունանի Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսպես՝
2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի 74/2 հասցեի մոտ, նկատելով Հովհաննես Հունանի Սարգսյանի և Վարդան Գևորգի Գաբրիելյանի կողմից նույն հասցեի նկուղից գողություն կատարելու հանգամանքը, իր Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի 79/1 տան բակում, իրեն պատկանող աղավնիները նախկինում գողանալու կապակցությամբ, վիճաբանել է Հ.Սարգսյանի հետ, ապա խմբով` որդու Արթուր Ադամյանի հետ, միասնական հանցավոր մտադրությամբ, հաջորդաբար և լրացնելով միմյանց գործողությունները, շարունակաբար ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին՝ առավելապես դեմքին ու գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է աջ քունքային, դեմքի աջ կեսի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդների, զուգակցված գանգուղեղային վնասվածքի ձևով, որն ուղեկցվել է գլխուղեղի աջ կիսագնդի կեղև-ենթակեղևային ծանր սալջարդով, գլխուղեղի աջ կիսագնդի սուր սուբդուրալ արյունահավաքով, գլխուղեղի այտուցով՝ գլխուղեղի ճնշման և դիսլոկացիոն համախտանիշներով, թոքերի սալջարդով (…)»1:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի կողմից, նրա մեղավորությամբ, դիտավորությանբ, մի խումբ անձանցով մեկ ուրիշի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(…)
Վերոհիշյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում ամբաստանյալներից յուրաքանչյուրին պատիժ նշանակելիս` Դատարանը որպես հանցագործության վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքներ հաշվի է առնում հետևյալը.
- ամբաստանյալներից յուրաքանչյուրին վերագրվող արարքը՝ տուժողի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելը,
- ամբաստանյալներից յուրաքանչյուրին մեղսագրված արարքի կատարման եղանակը, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, այն, որ ամբաստանյալներն արարքը կատարել են իրենց ֆիզիկական հնարավորությունների օգտագործմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, առավելապես դեմքին և գլխին,
- հանցագործության հանգամանքները, այն, որ հանցավոր արարքը կատարվել է Հովհաննես Սարգսյանի հետ վիճաբանության ընթացքում:
(…) [Գ]նահատելով ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ հաշվի է առնում նրա անձը, դատված չլինելը։
Որպես ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառմամբ՝ Դատարանը հաշվի է առնում տուժողի վարքագծի հակաօրինականությունը՝ գողության հանցափորձ կատարելը, որով պայմանավորվել է հանցագործությունը։
Ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ Դատարանը չի արձանագրում:
(…) Քննարկելով նշանակված պատիժն ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողմից կրելու հարցը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ամբաստանյալներից յուրաքանչյուրի կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ վերը նշված վերլուծությունները՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ այդ պատիժը կրելուց նրանցից յուրաքանչյուրին ազատելու հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ Դատարանին չեն ներկայացվել (...)»2։
9. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, համակցության մեջ գնահատելով ամբաստանյալներ Սարգիս և Արթուր Ադամյանների անձը բնութագրող տվյալները, վերջինների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը չի եկել ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, տուժողի հակաօրինական վարքագծով պայմանավորված՝ հանցագործության կատարումն իրենց ամբողջությամբ՝ չեն հանգեցրել հետևության, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ամբաստանյալները բնութագրվում են դրականորեն, նախկինում դատապարտված չեն եղել, վերջինների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն, ամբաստանյալներն իրենց մեղսագրվող արարքը կատարել են տուժող Հովհաննես Սարգսյանի և Վարդան Գաբրիելյանի հակաօրինական գործողությունների արդյունքում, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում ամբաստանյալները հայտնել են, որ ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը և զղջում են դրա համար:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը` նշանակված պատժի (ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության) մասով, պետք է փոփոխել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալներ Սարգիս Ադամյանի և Արթուր Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես` կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, վերջինների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սարգիս և Արթուր Ադամյանների կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն էականորեն նվազել է և նրանց ուղղվելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու, այսինքն` Սարգիս և Արթուր Ադամյանների նկատմամբ նշանակված պատիժը հնարավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս․Ադամյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Սարգիս Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ «1․Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
(…)
6) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(...)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
14. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում4:
15․ Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն5:
Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…)[Հ]անցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի և գնահատի հանցակիցների կողմից համատեղ կատարված բոլոր արարքները, ինչպես նաև այդ արարքների հետևանքները՝ արդյունքում ուրվագծելով հանցակիցներից յուրաքանչյուրի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու սահմաններն ու ծավալները։
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր, այդ թվում՝ համատեղ կատարված հանցավոր արարքն անհատական բնույթ ունի, ուստի հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանից և բացառել կատարված արարք(ներ)ի համար հանցակիցներին «հավասարաչափ», այսինքն՝ ոչ ըստ յուրաքանչյուր հանցակցի մեղքի քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։
Իրականացնելով պատասխանատվության անհատականացում՝ վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր հանցակցի մասով պետք է պարզի, թե ինչպիսին է եղել նրա դերը հանցավոր վարքագծի դրսևորման ժամանակ, ինչ մասնակցության աստիճան է նա ունեցել, ինչ ձևով է դրսևորվել այդ մասնակցությունը՝ ակտիվ, թե՝ պասիվ։
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակիցներից յուրաքանչյուրի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հաջորդաբար պարզել, թե՝
ա) ինչ արարք է կատարվել և արդյոք դրանում առկա է հանցակազմ,
բ) արդյոք արարքի կատարմանը մասնակցել են երկու կամ ավելի անձինք և արդյոք նրանց գործողություններում (անգործությունում) առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հանցակցության ձևերից որևէ մեկը,
գ) հանցակիցներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ գործողություն (անգործություն) է կատարել,
դ) հանցակիցներից յուրաքանչյուրը մասնակցության ինչ աստիճան է ունեցել հանցավոր արարքի կատարմանը,
ե) հանցակիցներից յուրաքանչյուրին ինչ ծավալով պետք է մեղսագրվի կատարված արարքը։
(…) Ամփոփելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցությամբ կատարված արարքը որակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղի է ունեցել հանցավոր արարք, որի կատարմանը մասնակցել են երկու և ավելի անձինք, ովքեր գործել են համատեղ, դիտավորյալ և կատարել են դիտավորյալ հանցագործություն։ Ուստի, իրավախախտման փաստը պետք է կոնկրետացվի յուրաքանչյուր հանցակցի մասով, իսկ դրա հանգամանքները անհատականացվեն՝ հաշվի առնելով անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները (…)»6։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս․Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա վիճաբանել է Հովհաննես Սարգսյանի հետ, ապա խմբով` որդու Արթուր Ադամյանի հետ միասին, միասնական հանցավոր մտադրությամբ, հաջորդաբար և լրացնելով միմյանց գործողությունները, շարունակաբար ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել Հովհաննես Սարգսյանի մարմնի տարբեր մասերին՝ առավելապես դեմքին ու գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս7։
Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ս․Ադամյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում և գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալ Ս․Ադամյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա ուղղումը հնարավոր չէ առանց ռեալ (իրական) պատիժ կրելու8։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ս․Ադամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է տուժող Հովհաննես Սարգսյանի և Վարդան Գաբրիելյանի հակաօրինական գործողությունների արդյունքում, և հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, վերջինի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ Ս․Ադամյանը Վերաքննիչ դատարանում հայտնել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը և զղջում է դրա համար, գտել է, որ Ս․Ադամյանի կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն էականորեն նվազել է և նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու9։
17. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը. ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը և ցանկացել է համապատասխան հետևանքների վրա հասնելը,
-ամբաստանյալ Ս․Ադամյանի մասնակցության աստիճանը հանցագործության կատարմանը, մասնավորապես՝ նրա ակտիվ դերը,
- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթը, հարվածների քանակն ու մարմնական վնասվածքների տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը խմբի կազմում՝ որդու հետ միասին, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, առավելապես դեմքին և կենսական կարևոր օրգանին՝ գլխին, որի արդյունքում վերջինի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է աջ քունքային, դեմքի աջ կեսի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդների, զուգակցված գանգուղեղային վնասվածքի ձևով, որն ուղեկցվել է գլխուղեղի աջ կիսագնդի կեղև-ենթակեղևային ծանր սալջարդով, գլխուղեղի աջ կիսագնդի սուր սուբդուրալ արյունահավաքով, գլխուղեղի այտուցով՝ գլխուղեղի ճնշման և դիսլոկացիոն համախտանիշներով, թոքերի սալջարդով:
18. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ս․Ադամյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելով տուժողի վարքագծի հակաօրինականությունը՝ գողության հանցափորձ կատարելը, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տուժողին հարվածներ հասցնելը և նրա առողջությանը վնաս պատճառելը պայմանավորված է եղել ոչ այնքան այն հանգամանքով, որ տուժողը գողության փորձ է կատարել ամբաստանյալի հարևանին պատկանող տան նկուղից, այլ նրանով, որ Ս.Ադամյանը կասկածներ է ունեցել, որ տուժողը հավանաբար գողացել է նաև իր աղավնիները, որպիսի փաստը հաստատող ապացույց սակայն, սույն գործի նյութերում առկա չէ։
19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրության չի արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, ամբաստանյալի ակտիվ դերը հանցանքի կատարմանը, տուժողին հասցված հարվածների քանակը, նրա առողջությանը պատճառված վնասի բնույթն ու մարմնական վնասվածքների տեղակայումը։ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել նաև իր դատողությունն այն մասին, թե ինչի արդյունքում է էականորեն նվազել ամբաստանյալ Ս․Ադամյանի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը։
Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ս․Ադամյանի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, այդպիսիք արդեն իսկ հաշվի են առնվել ամբաստանյալի նկատմամբ սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս և ինքնին բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ու պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական իրավունքի խախտում:
Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ամբաստանյալ Սարգիս Ադամյանի պատժի կրման հարցում հանգել է ճիշտ հետևության և թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը՝ ամբաստանյալ Սարգիս Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ու օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ, 386-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը՝ ամբաստանյալ Սարգիս Բագրատի Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 77-78:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 139-152:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 98-127:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 24-27-րդ կետերը:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Լ. Թադևոսյան Դ. ԽԱչատուրյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: