Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.06.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.06.2023
Дата вступления в силу
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԴ/1959/07/18

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

1 հունիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։

2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է. թույլատրվել է թիվ 62202608 քրեական գործով հնգօրյա ժամկետում խուզարկություն կատարել Երևան քաղաքի Իսակովի փողոցի 23/7 հասցեում գտնվող տանը և դրան կից օժանդակ շինություններում:

3. Վերոնշյալ որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժվել է։

4.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

4.2. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

5. Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ սահմանել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

5.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

6. Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ1:

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 17-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի՝ օրինական ուժի մեջ մտած և վերջնական որոշումը ենթակա է վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի՝ թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի՝ որևէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում, նոր հանգամանքի ուժով, այն դատական ակտը, որը հանգեցրել է Ռ.Քոչարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման, ենթակա է բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետևության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտի վերանայման վարույթի հարուցումն է:

Բողոքաբերի կարծիքով, Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից՝ 2009 թվականի մարտ ամսից: Հետևաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները՝ պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:

8. Վերոգրյալի հիման վրա, Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը, խնդրել է հարուցել Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ՝ բեկանելով ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները և մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման շրջանակներում արձանագրել է հետևյալը. «(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:

(…)

Այսպիսով՝ վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը (…)»2:

9.1. Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր» 3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի դատական ակտը վերանայելու համար:

11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1.Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ. (…)»:

12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Սահմանադրական դատարանի որոշումը, որով տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

13. Սույն գործի նյութերից երևում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը4։

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և կատարված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի դատական ակտը վերանայելու համար։

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

16. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով restitutio in integrum` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

16.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է5:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

17.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը«(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»6:

18. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է։

19. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում կատարվելիք խուզարկությանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռ.Քոչարյանի նկատմամբ տվյալ հոդվածով քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցվել է:

20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը չի կրում բողոքարկվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող որևէ բացասական հետևանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատական ակտը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

21. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

2 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 6.6-6.7-րդ կետերը։

3 Տե՛ս Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը։

4 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

5 Տե՛ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights։

6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան


 

 

Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Ս
. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: