Գլխավոր տեղեկություն
Номер
N 2085-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2085-Լ

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Պ-675- 09.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-675-09.10.2023-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) օգտագործվող որոշ հիմնական հասկացությունները, ինչպես նաև ամրագրվում են օրենքում կիրառվող նոր հասկացություններ, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանք, ողորկափող հրազեն, ակոսափող հրազեն: Բացի այդ, օրենքի կարգավորման շրջանակից հանվում են ծառայողական զենքին վերաբերող կարգավորումները, իսկ ծառայողական զենք հանդիսացող կարճակոսափող հրազենը դառնում է քաղաքացիական նշանակության զենք, հնարավորություն է տրվում գիտական կազմակերպություններին առանց լիցենզիայի իրականացնել զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքից ընդհանրապես հանել «ծառայողական զենք» հասկացությունը, դրա փոխարեն ներմուծել «քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն» հասկացությունը՝ զենքը բաժանելով քաղաքացիական և մարտական տեսակների, իսկ ծառայողական զենք հանդիսացող կարճ ակոսափող հրազենը դարձնել քաղաքացիական նշանակության զենք։ Նախագծի հիմնավորումներում այս փոփոխությունը փաստարկվել է ընդամենը նպատակահարմարությամբ, նշելով, որ «ծառայողական զենքը տարբերվում է մարտական և քաղաքացիական զենքից ընդամենը փամփուշտների տարբերությամբ և կրակահերթով կրակելու հնարավորության բացակայությամբ»։

Վերոգրյալ հատկանիշներով պայմանավորված ծառայողական զենքը տարբերվում է մարտական զենքից, սակայն հարկ է նշել, որ երկուսն էլ ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Ինչ վերաբերում է քաղաքացիական զենքի հետ համեմատությանը, ապա պետք է նշել, որ ծառայողական զենքն ունի բազմաթիվ տարբերություններ, ինչով էլ պայմանավորված օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական զենքի տեսակները։ Օրենքի 4-րդ հոդվածի թվարկումից պարզ է դառնում, որ ծառայողական զենքը քաղաքացիական զենքից միայն փամփուշտներով և կրակահերթով կրակելու հնարավորության բացակայությամբ չի տարբերվում։ Այստեղ շատ ավելի դյուրին է թվարկել տարբերությունները, քան նմանությունները, այդ թվում և այն հանգամանքը, որ պետության կողմից պետական ծառայողներին ծառայողական զենք տրամադրելը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում իրենց առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, և ընդունված ներպետական օրենսդրությունը պետք է համապատասխանի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից կնքված պայմանագրերին։ Ուստի, «ծառայողական զենք» հասկացությունն օրենքում «քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն» հասկացությամբ փոխարինելու դեպքում խոչընդոտներ կառաջանան քաղաքացիական և ծառայողական զենքի ներկրման և արտահանման ժամանակ։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի 16․08․2012 թ․ թիվ 134 որոշման հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշումը, որի N 2 հավելվածով հաստատված են սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների անվանումների ցանկը, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 2.22-րդ կետով նշված ապրանքների ծածկագրերը։

Վերոգրյալ հիմնավորումներով պայմանավորված՝ առաջարկվում է ծառայողական զենքի հասկացությունը թողնել գործող խմբագրությամբ։

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետով սահմանվում է «ռազմական նշանակության արտադրանք» հասկացությունը, ինչպես նաև նախագծով նախատեսվում են ռազմական նշանակության արտադրանքին վերաբերող մի շարք կարգավորումներ։ Հարկ է նշել, որ ռազմական նշանակության արտադրանքին վերաբերող կարգավորումները դուրս են օրենքի կարգավորման շրջանակներից։ Ուստի, առաջարկվում է դրանք հանել նախագծից.

2) 3-րդ կետով նախատեսվում է սահմանել ձեռքի հրաձգային զենքի հասկացությունը, որը հետագա կարգավորումներում կիրառվում է որպես հրազեն: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներում կիրառվում է «ձեռքի մարտական հրաձգային զենք» հասկացությունը, որն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետագա կարգավորումներում կիրառվում է որպես մարտական զենք: Նշվածը հիմք ընդունելով և նկատի ունենալով, որ նախատեսված կարգավորումների արդյունքում կառաջանան հակասություններ՝ անհրաժեշտ է հասկացությունները համապատասխանեցնել միմյանց:

Բացի այդ, օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հրազենը վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք է, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմը։ Մինչդեռ, նախագծի 2-րդ հոդվածով օրենքում նոր խմբագրությամբ նախատեսված 2-րդ հոդվածով հրազենի առանձին, միասնական հասկացությունը ներկայացված չէ, այլ միայն դրա 1-ին մասի 3-րդ կետում սահմանվել է «ձեռքի հրաձգային զենք» հասկացությունը, որը տառացիորեն նույնական է օրենքով «հրազեն» հասկացության ձևակերպման հետ, իսկ «ձեռքի հրաձգային զենք» բառերից հետո փակագծերում նշվել են «այսուհետ՝ հրազեն» բառերը։ Այսպիսով՝ նախագծի ձևակերպումից հասկանալի է դառնում, որ «հրազեն» հասկացությունը օրենքի ձևակերպումից բացի լրացվել է նրանով, որ այն պետք է լինի միայն ձեռքի հրաձգային զենք։

Այնուհետև, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով ներկայացված են հրազենի տեսակները՝ կարճ ակոսափող հրազեն, ողորկափող հրազեն, ակոսափող հրազեն, որոնք ըստ էության ձեռքի հրազենային զենքեր են։ Նշենք, որ նախագծի 2-րդ հոդվածով օրենքում նոր խմբագրությամբ նախատեսված 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «հրազեն» բառի նշումով ներկայացված է նաև «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն» հասկացությունը, որը «ձեռքի հրաձգային զենք» հասկացությունից տարբերվում է միայն կենդանի նշանակետի խոցման և միայն արկով խոցելու հնարավորությամբ։ Հաշվի առնելով, որ «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենի» բացատրության մեջ բացակայում է «հրազեն» բառը՝ հասկանում ենք, որ սա նախագծի իմաստով ձեռքի հրաձգային զենքի (այսինքն՝ հրազենի) տեսակ չի հանդիսանում։ Այլ կերպ՝ սահմանափակ խոցելիությամբ հրազենը հրազեն չէ։

Նախագծի վերոնշյալ ձևակերպումներն իրենց բարդության և անհստակության պատճառով իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջացնել շփոթմունք, մասնավորապես՝ այդ հասկացություններում նշված առարկաների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության ենթարկելու, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանցավոր արարքներին իրավական գնահատական տալու ընթացքում։

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. «հրազեն» հասկացությունը նշել առանձին, ինչպես նախատեսված է օրենքով, ընդհանրական և համապարփակ ձևակերպումով, որտեղ կնշվեն ինչպես դրա տեսակների, այնպես էլ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենի հատկանիշները, կամ

բ. նախագծի 2-րդ հոդվածով օրենքում նոր խմբագրությամբ նախատեսված 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հրազեն» հասկացությունը ոչ թե նշել փակագծերի մեջ, այլ ուղիղ կերպով շարադրել դրա բովանդակությունը՝ բոլոր հատկանիշների հետ մեկտեղ նշելով «ձեռքի հրազենային զենք» հանդիսանալու հանգամանքը, կամ

գ. նախագծի 2-րդ հոդվածով օրենքում նոր խմբագրությամբ նախատեսված 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով նախատեսված «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն» հասկացությունը շարադրել այնպիսի հատկանիշներով, որոնք հնարավորություն կընձեռեն այն տարանջատել նախագծի 2-րդ հոդվածով օրենքում նոր խմբագրությամբ նախատեսված 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված «ձեռքի հրաձգային զենք» (հրազեն) հասկացությունից.

3) 8-րդ կետի համաձայն՝ նետողական զենքը՝ սարք է, որը նախատեսված է մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող մարդուն կամ այլ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ զենքը՝ սարք կամ առարկա է, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Նշվածը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «մարդուն կամ այլ» բառերը հանել.

4) 10-րդ և 36-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար՝ «օդաճնշիչ սարք» և «էլեկտրահարող սարք» հասկացությունները, սակայն կարգավորված չեն, թե դրանք զենքի որ տեսակին են դասվում։ Հարկ է նշել, որ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սպառիչ կերպով նշված են քաղաքացիական զենքի տեսակները։ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, թե որ զենքերն են համարվում մարտական, որի համաձայն՝ մարտական է համարվում այն զենքը, որը նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար և օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ, բացառությամբ քաղաքացիական զենքի։ Մարտական զենքը քաղաքացիական զենքից տարբերվում է քաղաքացիական զենքի տեսակների՝ սույն օրենքով սահմանված չափանիշներից և կրակահերթով կրակելու հնարավորությամբ։ Հաշվի առնելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ օդաճնշիչ և էլեկտրահարող սարքերը չեն կարող հանդիսանալ մարտական զենք։ Ուստի, առաջարկում ենք քննարկել նախագծի 4-րդ հոդվածում համապատասխան լրացում կատարելու և դրանք որպես քաղաքացիական զենք նախատեսելու հարցը։

Վերոգրյալ առաջարկությունը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման կարգավորմամբ, որի «Ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրանց փամփուշտները» վերտառությամբ N 2 հավելվածի 2.22-րդ բաժնի 4-րդ և 32-րդ կետերի համաձայն՝ քաղաքացիական և (կամ) ծառայողական զենք է համարվում նաև.

«4. անփող հրազենը (ռևոլվերներ և ատրճանակներ, այդ թվում՝ վնասվածքային ազդեցության փամփուշտներով)ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 9302 00 000 0-ից),

32. էլեկտրական զենքը (էլեկտրահարող սարքվածքներ և կայծային պարպիչներ, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կողմից սահմանված նորմերին համապատասխանող ելքային պարամետրեր) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 9304 00 000 0-ից)։».

5) 17-րդ կետում «իրավաբանական անձի գտնվելու վայրում» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կողմից զենք պահելու զետեղարանում» բառերով.

6) 20-րդ կետից առաջարկում ենք հանել «զենքի նմանակ» ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե որն է համարվում զենքի նմանակ.

7) 40-րդ կետով նախատեսվել է պետական ռազմականացված կազմակերպությունների հասկացությունը: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ օրենքի գործող խմբագրության համաձայն՝ որպես պետական ռազմականացված կազմակերպություն սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, մինչդեռ նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նշված մարմինը բացակայում է տվյալ հասկացությունից, ինչն ունի հիմնավորման կարիք.

8) 43-րդ կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի (համապատասխանության սերտիֆիկատի) տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին» բառերով.

9) 44-րդ կետում «գնահատման մարմնի տված փաստաթուղթ» բառերը փոխարինել «գնահատման մարմնի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ)» բառերով.

10) օրենքը լրացնել նոր «երկարափող հրազեն» հասկացությամբ, քանի որ նշված չեն երկարափող հրազենի հատկանիշները և բնութագրերը, մինչդեռ օրենքի 7-րդ հոդվածում նշված են երկարափող հրազենին ներկայացվող սահմանափակումները։

3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով շարադրվող 2-րդ մասի՝

1) 8-րդ կետը «սառը զենք» բառերից հետո լրացնել հետևյալ «(90 մմ և ավել երկարության շեղբով կամ սայրով)» բառերով.

2) 9-րդ կետը «նետողական զենք» բառերից հետո լրացնել «(աղեղներ՝ 27 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող և արբալետներ՝ 43 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող)» բառերով, ինչը սահմանված է համապատասխան ստանդարտներով։

4. Նախագծի 5-րդ հոդվածը՝

1) նախագծի 5-րդ հոդվածն ու դրանով պայմանավորված մյուս փոփոխություններն ամբողջությամբ վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես, օրենքի խմբագրվող 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարճ ակոսափող հրազենը, որը սահմանվում է որպես քաղաքացիական զենքի տեսակ, նախատեսված չէ քաղաքացիների կողմից պահելու, կրելու կամ օգտագործելու համար, մինչդեռ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ քաղաքացիական զենքը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար։ Բացի այդ, ակնհայտ է, որ քաղաքացիական կարճ ակոսափող հրազենի ներքո հիմնականում հասկացվում է գործող օրենքով նախատեսված ծառայողական զենքը, մինչդեռ դրա և նախագծով նախատեսվող քաղաքացիական կարճ ակոսափող հրազենին վերաբերող իրավակարգավորումներում էական բովանդակային տարբերություններ չկան։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել քաղաքացիական զենքի տեսակների մեջ ըստ էության ծառայողական զենք համարվող հրազենը ներառելու նպատակն ու անհրաժեշտությունը։

Միաժամանակ, խմբագրվող 5-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համատեքստում, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արգելքը, նախագծով առաջարկվող մոտեցումն իմաստազրկվում է:

Բացի այդ, առանց սկզբունքային այլ փոփոխությունների, միայն զենքի նշված տեսակի անվանումն ու դասակարգումը փոխելու պարագայում կարող են գործնականում խնդիրներ առաջանալ նաև դրա արտահանման և ներմուծման գործընթացներում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ գործող իրավակարգավորումները.

2) 2-րդ մասում նախատեսված «փոխգնդապետ» զինվորական կոչումն առաջարկվում է փոխարինել «մայոր» զինվորական կոչմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ ավագ սպայական կազմի համար սահմանված է նաև «մայոր» զինվորական կոչումը։

Բացի այդ, օրենքի, ինչպես նաև նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող կարգավորումների պարագայում զենք ձեռք բերելու իրավունքից զրկված են մի շարք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք՝ քննիչները, դատախազները, որոնց աշխատանքային ստաժը զինվորական ծառայության ստաժ չի համարվում։ Մինչդեռ, Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն և Դատախազությունը օրենքով հանդիսանում են պետական ռազմականացված կազմակերպություններ, որոնց ծառայողները ծառայության ընթացքում ունեն զենք, այդ թվում՝ մարտական զենք պահելու, կրելու իրավունք։

Հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, բացի քննչական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներից, ունի նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ծառայողներ։ Այս պարագայում առաջարկվում է քննարկել, թե ինչու պետք է զինվորական ծառայության 20 տարվա ստաժ ունեցող մյուս մարմինների ծառայողները հնարավորություն ունենան զենք ձեռք բերելու՝ պահելու և կրելու իրավունքով, իսկ քննչական ծառայության պաշտոնյաները, դատախազները և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթ իրականացնող պաշտոնյաները զրկված լինեն նման իրավունքից։ Նախագծի հիմնավորումներում նշված «երկարամյա ծառայության փորձը, զենքի հետ վարվելու ունակությունները, պատասխանատվությունը», որպես այդ իրավունքով օժտելու հիմք, վերաբերելի է նաև քննիչներին, դատախազներին, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցներին։ Ուստի, առաջարկում ենք՝ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել այնպես, որ զենք ձեռք բերելու իրավունք ունենան նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործող և նախկին ծառայողները (այդ թվում՝ ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոն զբաղեցնող և զբաղեցրած անձինք), ՀՀ քննչական կոմիտեի գործող և նախկին ծառայողները, ՀՀ դատախազության գործող և նախկին աշխատակիցները։

Այս առումով առաջարկում ենք նախագծի կարգավորումներն այնպես խմբագրել, որ 20-ամյա ստաժի մեջ հաշվարկվեն ոչ միայն զինվորական ծառայության, այլև վերը նշված մարմինների պաշտոններում պաշտոնավարման ժամկետները՝ այդ ժամկետներն իրար գումարելով 20-ամյա ստաժի պահանջն ապահովելու հնարավորությամբ, ինչպես նաև՝ այս համատեքստում անհրաժեշտ է զինվորական կոչման հետ կիրառել նաև դասային աստիճան հասկացությունը։

Միաժամանակ, առաջարկվում է ծառայողական զենք բերելու իրավունք վերապահել այն անձանց, ովքեր ծառայության ընթացքում ունեցել են զենք պահելու և կրելու իրավունք։ Առաջարկվում է նաև նախատեսել դրույթներ, որոնցով լիազորություն կվերապահվի ՀՀ կառավարությանը կամ պետական մարմնի ղեկավարին սահմանելու կարգ՝ պետական մարմիններում և կազմակերպություններում զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց հրազեն հատկացնելու վերաբերյալ.

3) օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը նախատեսում է, որ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը։

Հարկ է նկատել, որ թեպետ նախագծով ընդհանուր առմամբ պահպանվել են օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները, սակայն առաջարկվող կարգավորումներից դուրս է մնացել օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը։ Ուստի անհասկանալի է, թե նախագծի ընդունումից հետո ով է սահմանելու պետական ռազմականացված կազմակերպություններում քաղաքացիական կարճ ակոսափող հրազենի շրջանառության կարգը։

Առաջարկում ենք՝ նախագծի 5-րդ հոդվածում լրացում կատարել այն հաշվարկով, որ նախագծի ընդունման պարագայում ևս վերը նշված կարգը սահմանվի Կառավարության կողմից՝ հաշվի առնելով հենց քաղաքացիական կարճ ակոսափող հրազենի առանձնահատկությունները։

Հարկ է նկատել, որ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը։ Քանի որ քաղաքացիական կարճ ակոսափող հրազենը (գործող օրենքում՝ ծառայողական զենքը) իր հատկանիշներով առավել ընդհանրական է մարտական զենքի հետ, քան քաղաքացիականը, հենց այս տրամաբանությամբ էլ գործող օրենքով դրա շրջանառության կարգի սահմանումը վերապահվել է Կառավարությանը։ Առաջարկում ենք պահպանել այդ դրույթը։

Բացի այդ, նախագծի 5-րդ հոդվածի համաձայն խմբագրվող օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «անձնական օգտագործման համար» արտահայտության իմաստը, քանի որ օրենքում օգտագործվող հասկացություններում այն բացահայտված չէ: Առաջարկվում է պահպանել օրենքի գործող կարգավորումը։

5. Նախագծի 6-րդ հոդվածով օրենքի 6-րդ հոդվածի խմբագրվող 1-ին մասում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ոչ բոլոր մարտական զենքերն ունեն կրակահերթով կրակելու հնարավորություն (մասնավորապես, մի շարք պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինություններում առկա են դիպուկահար հրացաններ), հետևաբար նշված պայմանն անհրաժեշտ է վերանայել՝ պահպանելով դրույթի գործող խմբագրությունը:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարտական զենք է համարվում ռազմական նշանակության այն արտադրանքը, որը, օրենսդրությանը համապատասխան, ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Նույնական կարգավորում է նախատեսված նաև նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով խմբագրվող դրույթներով, որոնց համաձայն՝ մարտական զենքը նույնպես նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Հետևաբար, պետական ռազմականացված այն կազմակերպությունները, ի թիվս ՀՀ քննչական կոմիտեի, որոնց առջև օրենսդրությամբ դրված չեն մարտական խնդիրների լուծման գործառույթներ, օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն չեն կարող ունենալ մարտական զենք, քանի որ չեն իրականացնում միաժամանակ մարտական և օպերատիվ-ծառայողական գործառույթներ:

Միաժամանակ, առաջարկվում է առանձնահատուկ ծառայողական գործառույթների իրականացման ընթացքում, մասնավորապես, սահմանամերձ տարածքում դեպքի վայրի զննություն կատարելիս, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ ծառայողական խնդիրները լուծելու նպատակով, նախատեսել մարտական զենք (ինքնաձիգ) պահելու և կրելու հնարավորություն։

6. Նախագծի 7-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետով օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ կետի «սառը զենք, դանակ կամ դաշույն» ձևակերպումն առաջարկում ենք վերանայել՝ նկատի ունենալով 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, համաձայն որի՝ սառը զենքը՝ կտրող, ծակող, ջարդող սարք է, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջապես շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար: Նշված հասկացությունից բխում է, որ դանակը և դաշույնը ևս կարող են դիտվել որպես սառը զենք, ուստի նման տարանջատում կատարելն անհասկանալի է: Բացի այդ, անհրաժեշտ է «90 մմ-ից» բառերից առաջ լրացնել «12)» թիվը.

2) 9-րդ կետով օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նշված արգելքը վերաբերում է ինքնապաշտպանության նպատակով ցանկացած տեսակի սառը զենք կրելուն, մինչդեռ նույն մասի 5-րդ կետի արգելքը վերաբերում է բացառապես քաղաքացիական զենքին.

3) առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) 400 մմ-ից պակաս երկարություն ունեցող ողորկ փողով կամ փողային տուփով և փողով, 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսավոր փողով, և 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող ակոսափող կամ ողորկափող երկարափող հրազեն, ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.»:

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շարադրված սահմանափակումները հստակ և կոնկրետ չեն, հոդվածում մի դեպքում նշվում է երկարափող հրազենի մասին, մյուս դեպքում օգտագործվում է միայն հրազեն հասկացությունը, պարզ չէ, թե այդ սահմանափակումներից որն է վերաբերում ակոսափող հրազենին, որը` ողորկափող հրազենին, և ըստ այդմ էլ հասկանալի չէ կարճ ակոսափող հրազենը որպես բացառություն նշելու անհրաժեշտությունը։

7. Նախագծի 10-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը հանել, քանի որ Իրավաբանական անձանց տրվում են թույլտվություններ ինչպես զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ձեռքբերման, ներկրման, արտահանման, տարանցիկ փոխադրման համար, այնպես էլ փամփուշտների համար.

2) 6-րդ կետը «քաղաքացու մշտական» բառերից հետո լրացնել «կամ ժամանակավոր» բառերով.

3) 8-րդ կետում «եթե տվյալ պահին իր անունով հաշվառված զենք չունի» նախադասությունը» բառերը փոխարինել «եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն» բառերը» բառերով՝ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

8. Նախագծի 11-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «հանել» բառն անհրաժեշտ է փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը.

2) 3-րդ կետով լրացվող 1.1-ին մասում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով, բացի այդ՝

ա. 2-րդ կետում «հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում» բառերը փոխարինել «հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում» բառերով,

բ. առաջարկվում է 5-րդ կետը համապատասխանեցնել սույն առաջարկների 11-րդ կետի 3-րդ ենթակետով ներկայացված (օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի վերաբերյալ) խմբագրությանը.

3) 5-րդ կետով նախատեսված լրացման արդյունքում օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում կկիրառվի «դադարեցման կասեցման» ձևակերպումը: Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները՝ անհրաժեշտ է «կասեցման» բառից առաջ լրացնել համապատասխան շաղկապ։

9. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետի «գործողությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «գործողությունը» բառով՝ նկատի ունենալով, որ կառաջանա ինկորպորացման անհնարինություն, քանի որ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ձևակերպումը չի կիրառվում.

2) 5-րդ կետում «զենքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Զենքի,» բառով և կետադրական նշանով:

10. Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկվում է լրացնել նոր դրույթ, որով կհստակեցվի օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, մասնավորապես՝ պետական ռազմականացված կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ևս զենք ձեռք բերելու իրավունք կվերապահվի։ Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորումը տարբեր գերատեսչությունների կողմից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նշված նորմի տառացի մեկնաբանումից, ստացվում է, որ պետական ռազմականացված կազմակերպություններին իրավունք է վերապահված զենք ձեռք բերել միայն ՀՀ տարածքում։

11. Նախագծի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին կետից հետո լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1) «ձեռք բերել» բառերից հետո լրացնել «առավելագույնը» բառը».

2) 2-րդ կետով փոփոխվող՝ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի խմբագրությունն առաջարկվում է վերանայել՝ պահպանելով նաև տեսական քննությունից ազատվելու վերաբերյալ կարգավորումը պետական ռազմականացված կազմակերպություններում տվյալ պահին ծառայող և արդեն իսկ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող անձանց մասով։ Միաժամանակ, 2-րդ կետի վերջում առաջարկվում է լրացնել «նախադասությամբ» բառը.

3) նախագծի 15-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև տվյալ անձի նկատմամբ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը).»:

12. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 3-րդ մասով նախատեսվում է գիտական կազմակերպությունների կողմից զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում իրականացնելու հնարավորություն՝ առանց զենքի արտադրության լիցենզիայի: Նշված կարգավորումները դուրս են օրենքով կարգավորվող հարաբերությունների տրամաբանությունից: Ուստի առաջարկվում է նշված կարգավորումները հանել նախագծից:

13. Նախագծի 18-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը «մեկ միավոր հրազենի» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «,» նշանով.

2) լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«4) 9-րդ մասում «տարեկան» բառից հետո լրացնել «առավելագույնը» բառը։

Միաժամանակ, օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը(այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերն ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում և շրջանառվում են ազատ:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ վերը նշված սարքերը, իրերն ու պարագաները հաշվառման ենթական չեն, և դրանք վաճառելու իրավունք ունեն միայն քաղաքացիական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

Գտնում ենք, որ անհրաժեշտ է նշված առարկաների ազատ շրջանառությունը բացառել՝ հաշվի առնելով, որ ներկայումս լայն տարածում է գտել հատկապես անչափահասների կողմից տարբեր ինտերնետային կայքերի միջոցով նշված առարկաների, մասնավորապես՝ էլեկտրահարող սարքերի, կայծակնային պարպիչների կամ աերոզոլային սարքերի ձեռքբերումը, որոնցից ոչ բոլորը կարող են համապատասխանել տեխնիկական կանոնակարգերին, ավելին, կարող են իրենցից վտանգ ներկայացնել, հետևաբար՝ դրանց վաճառքը սահմանափակելը, կանոնակարգելը և միայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց վերապահելը խիստ նպատակահարմար է:

14. Նախագծի 19-րդ հոդվածի՝

1) 7-րդ կետով նոր նախադասություն լրացնելն անհրաժեշտ է վերանայել և նախատեսված լրացումը կատարել որպես առանձին կետ, կամ «հրազենի» բառից առաջ լրացնել «, իսկ» կետադրական նշանով և բառով.

2) 8-րդ կետը «քաղաքացիական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «1)» թվով:

15. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասով կատարվող փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում զենքով պարգևատրվելու ոչ թե 21 տարին լրացած, այլ 18 տարին լրացած անձանց։

Հարկ է նկատել, որ նախագծի հիմնավորումներում որևէ կերպ պատճառաբանված չէ տարիքային այդ շեմն իջեցնելու անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը։

Կարծում ենք՝ առնվազն անհասկանալի է դեռևս ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացուն, օրենսդրությամբ երեխա համարվելու տարիքից դուրս գալու հաջորդ օրվանից զենքով պարգևատրվելու հնարավորություն նախատեսելը։

Ուստի, առաջարկում ենք հանել այս փոփոխությունը նախագծից՝ պահպանելով գործող կարգավորումները։

16. Նախագծի 26-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետում «նախադասությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով, իսկ նույն հոդվածի 4-րդ կետում «նախադասությունը» և «նախադասությամբ» բառերը համապատասխանաբար՝ «բառերը» և «բառերով» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«3.1) 10-րդ մասում «գործունեության վայրի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ զենք պահելու զետեղարանի» բառերը, իսկ «քաղաքացին իր» բառերից հետո լրացնել «մշտական կամ ժամանակավոր» բառերը».

3) օրենքի 12-րդ մասը «պարպիչները,» բառից հետո առաջարկվում է լրացնել «մինչև 27 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող աղեղները, մինչև 43 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող արբալետները,» բառերով։

17. Նախագծի 28-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը «ուսումնական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «,» կետադրական նշանով, իսկ նույն մասի 3-րդ կետի «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով։

18. Նախագծի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «օրը» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրվանից» բառով՝ նկատի ունենալով փաթեթով ներկայացված մյուս նախագծերի համար նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես.

2) 2-րդ մասն անհրաժեշտ է խմբագրել և համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին:

19. Միաժամանակ, առաջարկվում է նախագծի 9-րդ հոդվածում նախատեսել դրույթ, որով օրենքի 10-րդ հոդվածում կլրացվի նոր կարգավորում այն մասին, որ սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի լիցենզիա տրամադրող պետական մարմինը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով (հոդված 193.3) պատասխանատվություն է նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծի 9-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) լրացնել նոր 11-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«11. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիցենզիա տրամադրող պետական մարմինը:»:

Հարկ է նշել, որ հիշյալ առաջարկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու նաև փոփոխություն կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում (հոդված 193.3), քանի որ նշված հոդվածի դիսպոզիցիայում օգտագործվում է «Քաղաքացիական և ծառայողական զենքի» ձևակերպումը, մինչդեռ նախագծին կից ներկայացված հարակից օրենքների նախագծերի փաթեթում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախատեսող օրենքի նախագծում 193.3-րդ հոդվածին անդրադարձ չի կատարվում:

20. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած և քննություն հանձնած անձին: Հարկ է նշել, որ ներկայումս իրավակիրառ պրակտիկայում առաջանում են խնդիրներ՝ կապված հրաձգության հրահանգչի որակավորման համար ներկայացվող՝ ուսուցումը հավաստող փաստաթղթերի շրջանակի հետ: Ուստի առաջարկվում է խնդրի լուծման նպատակով նախատեսել համապատասխան իրավակարգավորումներ։

21. Նախագծի շրջանակներում առաջարկվում է քննարկել օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասում զենքով պարգևատրված անձանց մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների առկայության դեպքում որպես պարգև տրված զենքը մալելու և նշված անձանց վերադարձնելու մասին կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը։

Հարկ է նկատել նաև, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների (ինչպես այս, այնպես էլ մնացած) հիմնավորումները հիմնականում ներկայացված չեն նախագծի հիմնավորումներում։

22. Հաշվի առնելով Ներքին գործերի նախարարությունում ստացված դիմում- առաջարկները, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դեսպանների անվտանգությունն ապահովող և դեսպանատան աշխատակից համարվող ՀՀ քաղաքացիների համար նախատեսել զենք պահելու և կրելու թույլտվության հնարավորություն։

23. Առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով (Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ համապատասխան բժշկական հետազոտության արդյունքները բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցելու նպատակով ծրագրային ապահովում իրականացնելու համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո) նախատեսված ժամկետը փոխարինել ավելի երկար ժամկետով՝ ծրագրատեխնիկական լուծումների միջոցով համապատասխան հարթակին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասանելիությունն ապահովելու համար:

24. Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս նկատի ունենալ, որ ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ կլինի առնվազն 6-ամսյա ժամկետ՝ հաշվի առնելով օրենքից բխող իրավական ակտերի ծավալը: Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև օրենքի նախագծի և ենթաօրենսդրական իրավական ակտերի համաժամանակյա ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ օրենքի դրույթներն իրավակիրառ պրակտիկայում կենսագործելու նպատակով։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Առաջարկվում է հանել նախագծի 3-րդ հոդվածը, իսկ ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1) նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ավելացնել տուգանքի չափը, մինչդեռ նախատեսված փոփոխությունը որևէ կերպ հիմնավորված չէ, ուստի հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը՝ անհրաժեշտ է փոփոխությունը հիմնավորել: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում տուգանքի չափը «առավելագույնը քսանապատիկի» չափից դարձնել «առավելագույնը հարյուրհիսնապատիկ», իսկ 2-րդ մասի սանկցիայում՝ «տասնապատիկից երեսնապատիկի» չափը դարձնել «հարյուրհիսնապատիկից երեք հարյուրապատիկ»։

Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածը ոչ մեծ ծանրության հանցանք է, իսկ 2-րդ մասով նախատեսվածը միջին ծանրության։

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։

Ակնհայտ է, որ տուգանքի չափերի մասով նախագիծ 2-ով առաջարկվող կարգավորումը հակասում է օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներին։

Բացի օրենսգրքին հակասելուց, խստության առումով ևս պետք է նկատել, որ տուգանքի չափն օրենսգրքով չի հաշվարկվում հիմք ընդունելով տուգանքի բազային գումար 1000 դրամը, այլ հաշվարկվում է հիմք ընդունելով անձի ամսական եկամուտը, իսկ դրա բացակայության դեպքում նվազագույն աշխատավարձի չափը։ Ստացվում է, որ սանկցիայում նշված երեք հարյուրապատիկը ոչ թե 300.000 դրամ է, այլ 300-ի և 75.000-ի բազմապատիկը, այսինքն՝ 22.500.000 դրամը։

Դժվար է որևէ հիմնավորում գտնել խմբով սառը զենք՝ դանակ, տանը պահելու համար մինչև 22,5 մլն դրամի տուգանք նախատեսելու համար։

Նույն խնդիրներն առկա են նաև այս հոդվածի սանկցիայում առաջարկվող հանրային աշխատանքների չափերի կապակցությամբ։

Այսպիսով՝ առաջարկում ենք վերանայել վերոնշյալ արարքների համար քրեական քաղաքականության խստացման վերաբերյալ առաջարկների նպատակահարմարությունը, իսկ դրանք նպատակահարմար դիտարկելու դեպքում՝ սանկցիաները խմբագրել օրենսգրքի պահանջներին համապատասխան։

Բացի այդ, 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով սահմանել քրեական պատասխանատվություն գազային, ազդանշանային, սառը կամ նետողական զենք ապօրինի ոչ միայն կրելու, այլև ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու, առաքելու կամ պահելու համար, մինչդեռ գտնում ենք, որ նշված շրջանառության տեսակների վտանգավորության աստիճանն ավելի ցածր է, քան կրելու դեպքում: Հարկ է նշել, որ քրեական վարույթների քննության ընթացքում առավել հաճախ կատարվող քննչական գործողության՝ բնակարանների, տրանսպորտային միջոցների և «բնակարան» հասկացության տակ մտնող մյուս բոլոր վայրերում կատարվող խուզարկությունների ընթացքում օբյեկտիվորեն կարող են հայտնաբերվել բազմաթիվ սառը կամ նետողական զենքեր, և այդ պայմաններում դրանք տնօրինող անձանց քրեական հետապնդման ենթարկելն իրատեսական չէ: Միաժամանակ, առաջարկվող կարգավորումներով հրազեն պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել սառը զենք պահելու համար, այնինչ հրազենի օգտագործումն առավել մեծ վտանգավորություն է ներկայացնում, քան սառը զենքի, իսկ սառը զենք պահելու և կրելու համար թույլտվություն նախատեսված չէ: Ուստի առաջարկվում է չսահմանել քրեական պատասխանատվություն վերոնշյալ զենքի տեսակներն ապօրինի ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու, առաքելու կամ պահելու համար: Առաջարկվում է նաև 1-ին հոդվածի «334» թիվը փոխարինել «334-րդ» բառով՝ համապատասխան փոփոխություններ կատարել նաև այլ հոդվածներին հղում կատարելիս, ինչպես նաև վերանայել ուժի մեջ մտնելու ժամկետը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ փոփոխության ենթարկելով ինչպես հանցագործության առարկան, այնպես էլ սահմանելով հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրող երկընտրելի մի շարք գործողություններ, նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ խնդրո առարկա փոփոխության մասով ոչինչ նշված չէ: Հետևաբար, հասկանալի չէ, թե հանրային նշանակության ինչ բարիքների դեմ են ոտնձգում գազային, ազդանշանային, սառը կամ նետողական զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Ընդ որում, նախագծի հեղինակների կողմից չի ներկայացվել նաև որևէ վիճակագրական տվյալ առնչվող հանցագործությունների տեսակների կամ վերլուծական դիտարկումներ դրանք ծնող պատճառների կապակցությամբ, ինչը կպայմանավորեր առաջարկվող փոփոխության հրատապությունը.

2) ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) առաջարկվող փոփոխությունը կիրառված իրավական տեխնիկայի համանմանությամբ կատարելը արդարացված չէ, քանի որ հրազենի շրջանառությունը սահմանափակված է, ինչը ներկայիս իրավիճակում չենք կարող պնդել գազային, ազդանշանային, սառը կամ նետողական զենքի վերաբերյալ:

Խնդրահարույց է նաև առաջարկվող փոփոխությամբ նախատեսվող «ապօրինի կերպով» եզրույթը: Հաշվի առնելով օրենքի «կանխատեսելիության» և «հասանելիության» վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ նախ անհրաժեշտ է սահմանել գազային, ազդանշանային, սառը կամ նետողական զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու՝ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգ, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլինի անձանց նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում առաջարկվող հանցակազմով:

Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորված չէ, ուստի առաջարկվում է ձեռնպահ մնալ դրանցից:

Բացի այդ՝ ողորկափող հրազենի և օդաճնշիչ զենքի ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել է հրազենի ապօրինի շրջանառության համար նախատեսված 335-րդ հոդվածով, այնինչ գործող օրենսգրքով այդ առարկաները ներառված են սառը զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ 334-րդ հոդվածի դիսպոզիցիայում։

Նախագծի հիմնավորումներում բացարձակ ոչ մի պատճառաբանություն, հիմնավորում, վերլուծություն չկա, թե ինչով են պայմանավորված քրեական քաղաքականության այս խստացումները։

Առանց այդ հիմնավորումների՝ խստացումներն առնվազն անհասկանալի են, և դրանց անհրաժեշտությունը կասկածի տակ է դրվում։

Կոնկրետ մի օրինակով ներկայացնելու դեպքում անհասկանալի է ընտանիքում, մի քանի անդամներով (խմբով) սառը զենքը տանը պահելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը։ Ըստ նախագծի՝ արարքը կհամարվի միջին ծանրության հանցագործություն և կպատժվի մինչև 3 տարի ժամանակով ազատազրկմամբ։

Նույնը կարելի է ասել գազային և ազդանշանային զենքերի դեպքում, ինչպես նաև որսորդական հարթափող հրացանը պահելու համար դրա պատասխանատվությունը հրազենի ապօրինի շրջանառության համար պատասխանատվությանը հավասարեցնելու վերաբերյալ։

Միաժամանակ, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-340-րդ հոդվածներում «հրազեն» բառը փոխարինել «զենք» բառով, որը պայմանավորված է «Զենքի շրջանառության մասին» օրենքով հրազենի հասկացության նոր, ոչ հստակ կարգավորումներով։

Քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածները գործող խմբագրմամբ պատասխանատվություն են նախատեսում հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր՝

ա) պատրաստելու, ձևափոխելու, նորոգելու համար (336-րդ հոդված),

բ) դրանց պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (337-րդ հոդված),

գ) դրանք հափշտակելու համար (338-րդ հոդված),

դ) դրանք շորթելու համար (339-րդ հոդված),

ե) դրանց մաքսանենգության համար (340-րդ հոդված)։

Ըստ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ ինչպես գործող, այնպես էլ նախագծով առաջարկվող խմբագրությամբ՝ զենք է համարվում ոչ միայն հրազենը, այլ նաև գազային զենքը, սառը զենքը, նետողական զենքը, ազդանշանային զենքը և այլն։

Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է քրեականացնել հրազենից բացի (օրենսգրքով միայն հրազենի մասով է քրեականացված) զենք հասկացության մեջ մտնող մյուս բոլոր առարկաների (այդ թվում սառը զենքի)՝ ապօրինի պատրաստելը, ձևափոխելը, նորոգելը և այլն։

Նույն խստացումներն առկա են նաև մյուս հոդվածներով։

Այս փոփոխությունների և խստացումների վերաբերյալ ևս նախագծի հիմնավորումներում փաստարկներ, վերլուծություններ չկան, և անհասկանալի է նման խստացումների նպատակահարմարությունը։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է նախագծերի փաթեթից հանել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ հանելով ծառայողական հաշվեցուցակային» բառերը:

Հարկ է նկատել, որ ներկայումս ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսված նաև գործող օրենքի 45-րդ հոդվածում։ Ուստի, այս կարգավորման անհրաժեշտությունն այլևս բացակայում է, քանի որ վերոհիշյալ նախագծով արդեն իսկ այդ հարցը ստացել է իր կարգավորումը:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի վերնագիրը «փոփոխություններ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «և լրացումներ» բառերով, քանի որ նախատեսվել են նաև լրացումներ: Նախագծով նախատեսված 1-ին հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նոր լրացվող 26-րդ մասն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ նախատեսված ձևակերպումից պարզ չէ, որ դրանով սահմանվում է պետական տուրքի դրույքաչափ:

Բացի այդ, անհրաժեշտ է ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Նախագծի 1-ին հոդվածի 10-րդ մասով նոր լրացվող 26-րդ կետով առաջարկվում է պետական տուրք սահմանել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների մասին բժշկական հետազոտությունների և դրանց բացակայության մասին տրվող եզրակացության համար: Հարկ է նշել, որ գործող օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է պետական տուրքի հասկացությունը, այն է` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Նույն օրենքի 7-րդ հոդվածով սպառիչ ներկայացված են պետական տուրքի գանձման օբյեկտները:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված են նաև զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը և պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով:

Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ պետական տուրքը ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվում է բացառապես պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ հետազոտությունն անցկացնում է և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը տրամադրում է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, ինչպես նաև այն, որ «Պետական տուրքի մասին» օրենքի տեսանկյունից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը չի հանդիսանում պետական մարմին և պետական տուրքի գանձման օբյեկտ՝ անհրաժեշտ է վերանայել նախագծով առաջարկվող կարգավորումը՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների մասին բժշկական հետազոտությունների և դրանց բացակայության մասին տրվող եզրակացության համար պետական տուրք սահմանելու մասով։

Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան փոփոխությունները կատարվում են «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածում, որով սահմանված են բացառապես «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը, ուստի զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների մասին բժշկական հետազոտությունների և դրանց բացակայության մասին տրվող եզրակացության համար պետական տուրք սահմանելու վերաբերյալ կարգավորումը դուրս է հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1-ին հոդվածը «8-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «1-ին մասի» բառերով:

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագիծն առաջարկվում է լրացնել նոր հոդվածներով, մասնավորապես՝

1) օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որսորդական» բառն առաջարկվում է փոխարինել «քաղաքացիական» բառով.

2) օրենքի 21-րդ հոդվածում «օրենքով սահմանված կարգով քաղաքացիական սառը զենք» բառերն առաջարկվում է փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 8-րդ կետերով սահմանված զենքի տեսակներով։

Վերոնշյալ առաջարկներից ելնելով՝ անհրաժեշտություն կառաջանա նախագծի վերնագրի «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով։

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1-ին հոդվածը «Ոստիկանությունը» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «1.» թվով:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերում «(այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ առաջին կիրառումից հետո հետագայում չեն կիրառվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան