Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2023
Дата вступления в силу
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11331/05/18

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11331/05/18

Նախագահող դատավոր`

Ա. Պողոսյան

Դատավորներ`

Ա. Բաբայան

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

հ. Բեդևյան

Ա. թՈՎՄԱՍՅԱՆ

ք. Մկոյան

 

2023 թվականի փետրվարի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայումս՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09122020 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Սվետա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի՝ վարչական ակտն անվավեր կամ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 147-Ա վարչական ակտը:

05.03.2019 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցի հիմքի և առարկայի լրացմամբ հայցվորը խնդրել է ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 12.09.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշումը: Ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի՝ վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 0912.2020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գեղամ Գևորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածները և 144-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված տվյալները մակնշելու պահանջն ուղղված է հենց ապրանքը ձեռք բերողին ապրանքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը: Այսինքն՝ օրենսդրությամբ նախատեսված մակնշման համար պարտադիր տեղեկատվության բացակայությունն ինքնին վկայում է այն մասին, որ սպառողը հնարավորություն չունի ամբողջական պատկերացում կազմելու իրացվող ապրանքի վերաբերյալ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության կառուցվածքային և համապարփակ վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ նշված հոդվածի 2-րդ մասով ամրագրված հասարակության մոլորեցման ոչ բոլոր դրսևորումներն անբարեխիղճ մրցակցություն որակելիս պետք է լրացուցիչ հիմնավորել նաև այն հանգամանքը, որ դրանց արդյունքում սպառողին հնարավորություն չի տրվում ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ, քանի որ մի շարք դրսևորումեր, ինչպես օրենսդրությամբ նախատեսված տվյալների բացակայությունը, ինքնին վկայում է ապրանքի մասին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորության բացակայության մասին։

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել և արդյունքում սխալ է մեկնաբանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դրույթները՝ սպառողներին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորության բացակայությունը դիտելով հայցվորի գործողությունը որպես հասարակության մոլորեցում որակելու պայման։ Մինչդեռ, վերոնշյալ նորմի ճիշտ մեկնաբանման արդյունքում Դատարանը կհանգեր ճիշտ հակառակ եզրահանգման՝ արդյունքում իրավաչափ համարելով Հանձնաժողովի թիվ 147-Ա որոշումը։

Վերաքննիչ դատարանը, խախտելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործված «սպառող» հասկացությունը նույնացրել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում սահմանված «սպառող» հասկացության հետ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09122020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 18.10.2017 թվականի թիվ Ա5429315671, 02.03.2018 թվականի թիվ Ա7042771946, 27.03.2018 թվականի թիվ Ա4899953667, 04.05.2018 թվականի թիվ Ա9027031131, 29.06.2018 թվականի թիվ Ա7481168644 հարկային հաշիվների համաձայն՝ Ընկերությունը «Արմինաշող» ՍՊԸ-ին մատակարարել է կարագ (հատոր 1-ին, գթ 64-68)։

2) «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության և «Արմինաշող» ՍՊԸ-ի միջև 08.01.2018 թվականին կնքված պետության կարիքների համար սննդամթերքի մատակարարման պայմանագրի համաձայն՝ «Արմինաշող» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին մատակարարել պայմանագրի Հավելված 1-ով՝ Տեխնիկական բնութագիր-գնման-ժամանակացույցով նախատեսված ապրանքը (հատոր 1-ին, գթ 39-44)։

3) 23.01.2018 թվականի թիվ Ա54353116927, 21.02.2018 թվականի թիվ Ա7525863340, 26.03.2018 թվականի թիվ Ա2616521908, 25.04.2018 թվականի թիվ Ա8848537702, 25.05.2018 թվականի թիվ Ա4785344924, 15.06.2018 թվականի թիվ Ա1334198095, 26.06.2018 թվականի թիվ Ա0706597905 հարկային հաշիվների համաձայն՝ «Արմինաշող» ՍՊԸ-ն «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին մատակարարել է մթերք, այդ թվում՝ կարագ (հատոր 1-ին, գթ 53-63)։

4) Հանձնաժողովի նախագահի 28.06.2018 թվականի թիվ 102-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մոտ 29062018 թվականից մինչև 13072018 թվականը ներառյալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող փաստացի գործունեության, ինչպես նաև պետական գնումների շրջանակներում ձեռք բերված սննդամթերքի որակի և այլ բնութագրերի բացահայտման նպատակով Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Վահան Սողոմոնյանին և նույն վարչության հաշվառման և հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Արմեն Հովհաննիսյանին իրականացնել դիտանցում (հատոր 1-ին, գթ 33)։

5) 29.06.2018 թվականին կազմված թիվ 102 արձանագրության համաձայն՝ «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մոտ իրականցվել է դիտանցում: Դիտանցման արդյունքում արձանագրվել է, որ «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ընկերության սննդամթերքի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել նաև կարագ սերուցքային՝ բաղադրությունը պաստերիզացված, կովի կաթնային սերուցք, յուղայնությունը 82,5%. արտադրող՝ «Ռուս Մոլոկո» ՍՊԸ, հասցե՝ ՌԴ, Ստավրոպոլի մարզ, ք. Ժելենավոդսկ (հատոր 1-ին, գթ 34-36)։

6) Հանձնաժողովի նախագահի 22.08.2018 թվականի թիվ 97-Ա որոշման համաձայն՝ որոշվել է Ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել (հատոր 1-ին, գթ 85-87)։

7) Հանձնաժողովի նախագահի 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշման համաձայն՝ Ընկերության գործողություններն ու վարքագիծը, այն է՝ նույն որոշմամբ արձանագրված ապրանքի փաթեթվածքի մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելը, որակվել են որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում, և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման համար «Սվետա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք երեք միլիոն դրամի չափով (հատոր 1-ին, գթ 97-102)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 14-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(...):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

(...)

3. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ Օրենքի 14-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ապրանքի փաթեթվածքի մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելն արդյո՞ք կարող է որակվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, եթե տնտեսվարողի կողմից տվ յալ ապրանքն իրացվել է ոչ սպառողին։

 

Տնտեսվարող սուբյեկտների՝ առավելագույն շահույթ ստանալու ձգտումը հաճախ բախվում է այլ տնտեսվարող սուբյեկտների շահերին և ստիպում նրանց մրցակցել միմյանց հետ՝ վճարունակ սպառողների պահանջարկը ներգրավելու համար, այդ թվում՝ դրսևորելով անբարեխիղճ մրցակցության վարքագիծ։ Այլ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ոտնահարմանը զուգահեռ հաճախ անտեսվում են նաև հասարակության և, մասնավորապես, սպառողների շահերը։

Պետությունը կոչված է համապատասխան իրավական կառուցակարգերի ներդրմամբ հնարավորինս հստակ կանոնակարգելու տնտեսական մրցակցության ոլորտը, որի վերջնական նպատակը ազատ տնտեսական մրցակցության պաշտպանությունը, սպառողների իրավունքների խախտումները կանխելն ու դրանց վնասակար հետևանքները վերացնելն է։

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ 86-րդ հոդվածի համաձայն՝ գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ։

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրական մակարդակով ամրագրվել է շուկայում մրցակցության խաթարման առանձին ձևերի՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային համաձայնությունների արգելքը։

Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 10 bis հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Միության երկրները պարտավոր են Միությունում մասնակցող երկրների քաղաքացիներին արդյունավետ պահպանությամբ ապահովել ոչ բարեխիղճ մրցակցությունից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ բարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական և առևտրական գործերում արդար սովորույթներին: Իսկ նշված հոդվածի 3-րդ կետն առանձնացնում է մասնավոր արգելքները

1) բոլոր գործողությունները, որոնք ընդունակ են որևէ ձևով շփոթություն առաջացնելու ձեռնարկության, մթերքների կամ արդյունաբերական կամ առևտրական գործունեության մրցակցի նկատմամբ,

2) սուտ պնդումները, որոնք առևտրական գործունեություն իրականացնելիս ընդունակ են վարկաբեկելու ձեռնարկությանը, ապրանքները կամ մրցակցի արդյունաբերական կամ առևտրական գործունեությանը,

3) նշումները կամ պնդումները, որոնց օգտագործումը առևտրային գործունեություն իրականացնելիս կարող է հասարակությանը մոլորության մեջ գցել ապրանքների բնույթի, պատրաստման եղանակի, հատկությունների, կիրառման պիտանելիության կամ քանակի վերաբերյալ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության գործողություններ են նույն օրենքի 12-15-րդ, 15.1-ին և 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:

Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը բացահայտում է անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը՝ առանձնացնելով այն հիմնական հատկանիշները, որոնց համակցությամբ պայմանավորված՝ տնտեսվարողի տվյալ գործողությունը կամ անգործությունը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ հատկանիշներն են.

- Օրենքին, այլ օրենքների, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասությունը,

- մրցակից տնտեսվարող սուբյեկտների միջև, կամ տնտեսվարողի ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերը նշված հատկանիշների համակցությունն է տնտեսվարողի այս կամ այն գործողությանը կամ անգործությանը հաղորդում անբարեխիղճ մրցակցության որակ: Անբարեխիղճ մրցակցության պարտադիր հատկանիշ է կամ մրցակից տնտեսվարող սուբյեկտների միջև, կամ տնտեսվարողի ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտումը: Այսինքն՝ տվյալ տնտեսվարողի կողմից դրսևորվող անբարեխիղճ մրցակցության ազդեցությունը կրող սուբյեկտներ են կամ վերջինիս մրցակից տնտեսվարողները, կամ սպառողները: Այլ կերպ՝ անբարեխիղճ մրցակցության վարքագիծն ունի իր օբյեկտային կազմը. վերջինս ներառում է կամ տվյալ վարքագիծը դրսևորող տնտեսվարողի մրցակից տնտեսվարող սուբյեկտներին, կամ սպառողին:

Օրենսդիրը, Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրելով անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ պարտադիր հատկանիշները, միաժամանակ նույն հոդվածի 4-րդ մասում առանձնացրել է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսևորումների որոշակի ոչ սպառիչ շրջանակ: Այն է՝ տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը (12-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտին կամ նրա գործունեությունը վարկաբեկելը (13-րդ հոդված), հասարակությանը մոլորեցնելը (14-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտի համբավը, վարկարժեքը վնասելը (15-րդ հոդված), անտեղի համեմատություններ կատարելը (15.1-ին հոդված), անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ (16-րդ հոդված):

Հաշվի առնելով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող պարտադիր հատկանիշների վերը նշված շրջանակը, ինչպես նաև Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ» ձևակերպումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 12-15-րդ, 15.1-ին և 16-րդ հոդվածներում թվարկված՝ անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ գործողությունները (դրսևորումները), այդ թվում՝ հասարակության մոլորեցումը, օժտված են Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող՝ վերը նշված պարտադիր հատկանիշներով: Մասնավորապես, Օրենքի 12-15-րդ, 15.1-ին և 16-րդ հոդվածներում թվարկված՝ անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ գործողությունների (դրսևորումների), այդ թվում՝ հասարակության մոլորեցման, պարտադիր հատկանիշ է այդ գործողության բացասական ազդեցությունը կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսևորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ:

Ըստ Օրենքի 14-րդ հոդվածի՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորում է հասարակության մոլորեցումը։ Վերջինս նույն հոդվածի 1-ին մասում բնորոշվում է որպես ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով տրված ընդհանուր սահմանմանը զուգահեռ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվել են հասարակության մոլորեցման առանձին կոնկրետ դրսևորումներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության տարեթվի, ամսվա, օրվա կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:

Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» մոլորեցնել բառը բացատրվել է՝ «մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել» իմաստներով, իսկ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» որպես մոլորեցնել բառի հոմանիշներ, ի թիվս, այլնի նշված է «սխալեցնել, ապակողմնորոշել, խաբել, սայթաքեցնել»։ Եզրութաբանական վերլուծության ենթարկելով «մոլորեցնել» հասկացությունը՝ կարելի է եզրահանգել, որ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը «հասարակությանը մոլորեցնել» որակելու չափանիշը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների սպառողական հատկությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, թյուր, ոչ ամբողջական տպավորության ստեղծումն է հասարակության մոտ։

Օրենքի 11-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի համադրված վերլուծության արդյունքում հաշվի առնելով, որ հասարակության մոլորեցումն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է և ըստ այդմ՝ կրում է այն բոլոր հատկանիշները, որոնք օրենսդիրն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում վերագրել է անբարեխիղճ մրցակցությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում որպես հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունների, այդ թվում՝ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայության, պարտադիր հատկանիշը տվյալ գործողության բացասական ազդեցությունն է կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսևորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ: Այլ կերպ՝ Օրենքի 14-րդ հոդվածում նշված՝ հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունները կամ անգործությունն ունեն իրենց կոնկրետ հասցեատերը, այն է՝ կամ մրցակցող տնտեսվարողը, կամ սպառողը: Ըստ այդմ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը կարող են որակվել որպես հասարակության մոլորեցում, եթե այդ գործողություններով կամ անգործությամբ նշված սկզբունքները խախտվել են կամ մրցակցող տնտեսվարողների, կամ սպառողների հանդեպ: Ըստ այդմ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը չեն կարող որակվել որպես հասարակության մոլորեցում, եթե առկա չէ այդ գործողությունների կամ անգործության բացասական ազդեցությունը կրող օբյեկտը՝ մրցակցող տնտեսվարողը կամ սպառողը:

Ինչ վերաբերում է «սպառող» հասկացության բովանդակությանը, ապա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ օրենսդիրն սպառող հասկացությունը տարանջատել է գնորդ, ստացող, ընդունող հասկացություններից. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքային շուկայի սուբյեկտներ են տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ խնդրո առարկա իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքը չէր բացահայտում «սպառող» հասկացության բովանդակությունը (Օրենքում նշված հասկացության սահմանումը տրվել է 31.05.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-92-Ն օրենքով), որպիսի պայմաններում կիրառելի էր «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում սպառող հասկացության սահմանումը՝ հաշվի առնելով, որ այդ սահմանումը տրված չէ միայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով: Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ սպառող է բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին (…)։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ ապրանքն արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների (գովազդման ընթացքում) բացակայությունն անբարեխիղճ մրցակցություն որակելու համար պետք է հաստատվի այն փաստը, որ սպառողին հնարավորություն չի տրվել ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ:

Ի ամփոփումն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ սուբյեկտի՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված այս կամ այն գործողությունը որպես հասարակության մոլորեցում գնահատելիս պետք է, ի թիվս այլնի, պարզել այդ գործողությունների (անգործության) բացասական ազդեցությունը կրող օբյեկտի՝ մրցակցող տնտեսվարողի կամ սպառողի առկայությունը: Ըստ այդմ՝ ապրանքի փաթեթվածքի մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելը չի կարող որակվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, եթե տնտեսվարողի կողմից տվյալ ապրանքն իրացվել է ոչ սպառողին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշումը:

Դատարանը 12.09.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչել Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշումը՝ պատճառաբանելով, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, մասնավորապես` հարկային հաշիվներով հիմնավորվել է, որ «Սվետա» ՍՊ ընկերությունը կարագը մատակարարել է «Արմինաշող» ՍՊ ընկերությանը, որը չի կարող դիտվել որպես սպառող:

Ըստ Դատարանի՝ հայցվոր ընկերության գործողությունները, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, չէին կարող որակվել որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ բացակայել է իրացվող ապրանքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու` սպառողին հնարավորություն չտալու վավերապայմանը:

Վերաքննիչ դատարանը, 09122020 թվականի որոշմամբ մերժելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է նաև, որ սույն գործով Ընկերությունը մատակարարել է ապրանք, այդ թվում` «կարագ» անվանումով, «Արմինաշող» ՍՊԸ-ին, որն իր հերթին, մատակարարել է ապրանք այլ սուբյեկտի` «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին: Նման պայմաններում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ուժով «Արմինաշող» ՍՊԸ-ն Ընկերության հետ հարաբերություններում կարող է գնահատվել որպես ապրանքի ձեռքբերող (գնորդ), սակայն ոչ որպես սպառող, քանի որ սպառող լինելը ենթադրում է բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված մտադրությամբ ապրանքի պատվիրում կամ ձեռք բերում, այլ ոչ թե վերավաճառք:

Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը վերագրված արարքը հասարակության մոլորեցում որակելու նպատակի համար էական նշանակություն է ստանում հետևյալ փաստի պարզումը. արդյոք խնդրո առարկա ապրանքը հայցվոր Ընկերության կողմից իրացվել է սպառողին, այսինքն՝ բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացուն։

Ըստ վարչական վարույթի նյութերի՝ Հանձնաժողովի նախագահի 28.06.2018 թվականի թիվ 102-Ա հրամանով հանձնարարվել է «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մոտ 29062018 թվականից մինչև 13072018 թվականը ներառյալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող փաստացի գործունեության, ինչպես նաև պետական գնումների շրջանակներում ձեռք բերված սննդամթերքի որակի և այլ բնութագրերի բացահայտման նպատակով իրականացնել դիտանցում։ Դիտանցման արդյունքների վերաբերյալ կազմվել է թիվ 102 արձանագրությունը, համաձայն որի՝ «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ընկերության սննդամթերքի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել նաև կարագ սերուցքային՝ բաղադրությունը պաստերիզացված, կովի կաթնային սերուցք, յուղայնությունը 82,5%. արտադրող՝ «Ռուս Մոլոկո» ՍՊԸ, հասցե՝ ՌԴ, Ստավրոպոլի մարզ, ք. Ժելենավոդսկ։ Ըստ գործի նյութերում առկա՝ «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության և «Արմինաշող» ՍՊԸ-ի միջև 08.01.2018 թվականին կնքված պետության կարիքների համար սննդամթերքի մատակարարման պայմանագրի՝ «Արմինաշող» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը մատակարարել պայմանագրի Հավելված 1-ով՝ Տեխնիկական բնութագիր-գնման-ժամանակացույցով նախատեսված ապրանքը։ Վարչական վարույթի նյութերում առկա հարկային հաշիվների համաձայն՝ «Արմինաշող» ՍՊԸ-ն «Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը մատակարարել է մթերք, այդ թվում կարագ։ Իսկ 18.10.2017 թվականի թիվ Ա5429315671, 02.03.2018 թվականի թիվ Ա7042771946, 27.03.2018 թվականի թիվ Ա4899953667, 04.05.2018 թվականի թիվ Ա9027031131, 29.06.2018 թվականի թիվ Ա7481168644 հարկային հաշիվների համաձայն՝ հայցվոր Ընկերությունը «Արմինաշող» ՍՊԸ-ին մատակարարել է կարագ։

Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 147-Ա որոշմամբ արձանագրվել է, որ վարչական նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման, ներկայացված դիրքորոշումների, ձեռք բերված այլ ապացույցների ուսումնասիրության և հետազոտման արդյունքում հաստատվել է Ընկերության կողմից «Արմինաշող» ընկերությանը՝ ապրանքի սպառողական փաթեթվածքի վրա մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելու փաստը:

Ըստ Հանձնաժողովի որոշման՝ Ընկերության կողմից նույն որոշմամբ արձանագրված ապրանքի փաթեթվածքի մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելը, կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, և սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ, ուստի այն համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում է համարել Ընկերության կողմից ապրանքի փաթեթվածքի մակնշվածքում ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ և պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկությունների բացակայությամբ ապրանք իրացնելը։ Այլ կերպ՝ Հանձնաժողովն Ընկերությանն անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության է ենթարկել այն բանի համար, որ Ընկերությունն «Արմինաշող» ՍՊԸ-ին (որն էլ իր հերթին ապրանքը մատակարարել է «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին) է մատակարարել շուկայից ձեռք բերված «կարագ» անվանումը կրող ապրանք, որի փաթեթվածքի մակնշման վրա բացակայում է ներմուծողի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։

Վճռաբեկ դատարանը գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ հաստատված է համարում, որ «Արմինաշող» ՍՊԸ-ն, խնդրո առարկա ապրանքը գնելով Ընկերությունից, իր հերթին այն վերավաճառել է մեկ այլ տնտեսվարողի, ինչը նշանակում է, որ «Արմինաշող» ՍՊԸ-ն տվյալ ապրանքը ձեռք է բերել ոչ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման մտադրությամբ: Ըստ այդմ՝ սույն դեպքում կիրառելի համարելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով՝ «սպառող» հասկացության սահմանումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արմինաշող» ՍՊԸ-ն խնդրո առարկա հարաբերություններում չի հանդիսացել սպառող՝ չունենալով սպառողին բնորոշ հատկանիշները:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը խնդրո առարկա ապրանքը վաճառել է ոչ սպառողին, առկա չէ Ընկերություն-սպառող անմիջական կապը, որպիսի պայմաններում բացակայում է անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ հիմնական հատկանիշներից մեկը՝ սպառողի հանդեպ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքների խախտման փաստը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից առանց փաթեթվածքի մակնշման վրա ներմուծողի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև պահպանման ժամկետի, պահպանման պայմանների վերաբերյալ հայերեն տեղեկատվության բացակայությամբ, «կարագ» անվանումը կրող ապրանքն իրացնելը չի կարող որակվել որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցում:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09122020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

հ. Բեդևյան

Ա. թՈՎՄԱՍՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան