ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2061-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը և քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 72/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0.21312 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա առկա 271,18 քառ. մետր մակերեսով կիսաքանդ շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25022020-07-0057, գույք 1) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հրազդանի N 2 հիմնական նոր դպրոցի կառուցման, սպասարկման, պահպանման և շահագործման նպատակով:
2. Կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 72/5 հասցեում գտնվող՝ 0.07446 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19042023-07-0205, գույք 2) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին՝ նշված տարածքին կից սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող բնակելի տների և հողամասերի մուտքերն ապահովելու նպատակով։
3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հրազդան համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող համապատասխան պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրի կնքման և իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|