Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.06.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
09.06.2023
Дата вступления в силу
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10905/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10905/05/19

Նախագահող դատավոր`

Կ. Բաղդասարյան

Դատավորներ`

Ա. Սարգսյան

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

ռ. Հակոբյան

զեկուցող

հ. Բեդևյան

Ա. թՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

ք. Մկոյան

 

2023 թվականի հունիսի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ Գևորգ Գևորգյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձինք՝ Աշոտ Պողոսյան, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2022 թվականի որոշմամբ Կառավարչի, Աշոտ Պողոսյանի և Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 06.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Արսեն Հովհաննիսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Փաշայան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 25-30-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար, լիազոր մարմնին տվել է որոշակի իրավական գործիքակազմ, որով լիազոր մարմինը կկարողանա ինչպես զգուշացնել, այնպես էլ դադարեցնել տնտեսվարող սուբյեկտի ընդերքօգտագործման իրավունքը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ ընդհանուր կանոնից նախատեսվել է նաև բացառություն, մասնավորապես՝ անձի կամքից անկախ հանգամանքներում պարտավորությունները չկատարելը չի կարող առաջացնել վերջինիս համար բացասական հետևանքներ։

Վերոնշյալ բացառությունը արձանագրված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, սակայն, անհրաժեշտ է փաստել նաև, որ օրենսդիրը սպառիչ կերպով չի թվարկել այն հանգամանքների շարքը, որոնց վրա հասնելու դեպքում սուբյեկտը չի կրում պատասխանատվություն, իսկ ոչ սպառիչ լինելը հիմնավորվում է համապատասխան իրավանորմի մեջ «և այլն» եզրույթի առկայությամբ։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք, ակնհայտ անհիմն են։

Նախարարությունը պետք է ապացուցեր, որ սնանկությունը չի կարող համարվել Ընկերությանը վերագրվող պարտավորությունների կատարման անհնարինությունը հավաստող հանգամանք և վերջինս 90-օրյա ժամկետում կարող էր վերացնել զգուշացմամբ տրված խախտումները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու դեպքում վարչական մարմինը պետք է նախազգուշացնի անձին դրա վերաբերյալ, իսկ նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում նախազգուշացման հիմքերը չվերացնելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք է։ Ընդ որում, օրենսդիրը սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք։ Հետևաբար, անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից, վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը:

Ընկերության սնանկ ճանաչված լինելը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն չի հանդիսանում ընդերքօգտագործողին պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից ազատելու հիմք (անհաղթահարելի ուժ)։

Օրենսդիրը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանել է սնանկ ճանաչված ընդերքօգտագործողին պատասխանատվությունից ազատելու միայն մեկ դեպք, այն է՝ սնանկ ճանաչված ընդերքօգտագործողն ազատվում է օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելու պարտավորությունից՝ միաժամանակ պահպանելով նույն օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը:

Ընկերությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 194-րդ հոդվածի ուժով կրում է պետական տուրքի վճարման պարտականություն, որը սակայն չի կատարել, իսկ վարչական մարմինը նախ նախազգուշացրել է, այնուհետև խախտումը չվերացնելու հիմքով իրավացիորեն դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 05.03.2013 թվականին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին տրամադրվել է թիվ ՇԱԹՎ-29/398 /նախկին 14/526/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 72):

2) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև 07.03.2013 թվականին կնքվել է Սյունիքի մարզի «Մարջան» ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման թիվ ՊՎ-398 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 73-84):

3) ՀՀ սնանկության դատարանի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 04.02.2019 թվականին կայացված վճռով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 54-56):

4) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր, որին ընկերության պարտատերերի 06.12.2019 թվականի ժողովը հավանություն է տվել (անվիճելի փաստ):

5) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/6166-19 գրությամբ տրվել է գրավոր զգուշացում՝ ընկերության կողմից պետական տուրքի գծով 52.447.250 ՀՀ դրամը չվճարելու, օգտակար հանածոների պաշարների 2018 թվականի տարեկան հաշվետվությունը չներկայացնելու և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով սահմանված պահանջների, ընդերքօգտագործման պայմանագրի 5.1.2-րդ կետով նախատեսված պայմանները խախտելու համար՝ տալով 90-օրյա ժամկետ նշված խախտումները վերացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 50-51):

6) 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/6166-19 զգուշացմամբ նշված խախտումները «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից 90-օրյա ժամկետում չեն վերացվել (հատոր 1-ին, գ.թ. 54-62):

7) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 05.11.2019 թվականի թիվ 547-Ա հրամանով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ վերջինիս կողմից թույլ տրված խախտումների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 63-64):

8) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Մարջան ոսկի-բազմամետաղային (կենտրոնական տեղամաս և թևեր) հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 54-62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին

- արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ մորատորիումի գործողության ընթացքում, վերջինս իրավասու է կատարելու իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:

- արդյո՞ք մորատորիումի գործողության ընթացքում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է հիմք լիազոր մարմնի կողմից զգուշացում տալու, իսկ զգուշացմամբ նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու պարագայում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու համար։

 

1) Առաջին հարցադրմանն անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների։

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն նույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է նախ և առաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերության առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ընկերության գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարմամբ:

Այսինքն՝ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:

(…)

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պարտապանների պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որն սկսում է կիրառվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (…):

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված մորատորիումը սկսում է գործել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից` անկախ այդ վճռի բողոքարկված լինելու հանգամանքից (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գրեյփ Նատուր» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ/0060/04/12 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն(տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը, մի կողմից, բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից, պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Այսինքն՝ դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց՝ պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս, «ՍԱԴԵ» ԲԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, ըստ էության, սահմանազատվում են պարտապանի նկատմամբ կիրառվող երկու տեսակի սահմանափակումներ, որոնցից մեկը կիրառվում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ մյուսը՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սնանկության գործի քննության տարբեր փուլերում կիրառվող սահմանափակումների առկայությունը պայմանավորված է գործի քննության տվյալ փուլի առանձնահատկություններով, ընդ որում՝ յուրաքանչյուր փուլում կիրառվող սահմանափակումները հետապնդում են միևնույն նպատակը` վերականգնել պարտապանի վճարունակությունը, թույլ չտալ պարտապանի գույքի էական նվազեցում և ապահովել պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականության համաչափ բավարարումը: Միաժամանակ, նշված սահմանափակումները կիրառվում են դատարանի վերահսկողության ներքո: Հետևաբար, առանց դատարանի որոշման սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանին թույլատրվում է կատարել պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորություններ:

Վերոգրյալից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներն օբյեկտիվորեն համատեղությամբ գործել չեն կարող, քանի որ յուրաքանչյուրը հաջորդում է նախորդին՝ ըստ էության հանդիսանալով մյուսի շարունակությունը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից սկսված առանց դատարանի որոշման՝ պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելն արգելվում է: Միաժամանակ, այս փուլում թույլատրվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների կատարումը:

Բացի այդ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, առանց դատարանի որոշման, արգելվում է պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, որից որպես բացառություն նախատեսվում են պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը: Այսինքն՝ եթե առաջին դեպքում, մինչև սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը պարտապանին թույլատրվում է առանց դատարանի որոշման կատարել վերջինիս բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները, ապա հաջորդ փուլում՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, թույլատրվում է առանց դատարանի որոշման ֆինանսական առողջացման ծրագրերով նախատեսված գործողությունների կատարումը:

Դեռ ավելին, այն դեպքում, երբ պարտապանի կողմից ենթակա են կատարման պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը հաստատվել են դատարանի կողմից (տե՛ս, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ/11689/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.11.2022 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերջինիս չի թույլատրվում առանց դատարանի որոշման կատարել իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ:

 

2) Երկրորդ հարցադրման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի մեկնաբանությանը.

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն նույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝ չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը սահմանում է լիազոր մարմնի համար լիազորություն՝ ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին գրավոր զգուշացում տալու վերջինիս կողմից ընդերքօգտագործման պայմանները չկատարելու դեպքում, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները չկատարելու դեպքում։

Միաժամանակ, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը որպես ընդերքօգտագործման իրավունքի դադարման հիմք նախատեսում է ընդերքօգտագործման իրավունք կրող անձի կողմից սահմանած ժամկետում (մինչև 90 օր) զգուշացման հիմքերի չվերացումը։

Այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձի՝ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ընդերքօգտագործման պայմանների կատարման անհնարինության հավանականություն, սահմանել է բացառություններ, որոնց առկայությունը հանդիսանում է արգելք լիազոր մարմնի կողմից նախազգուշացում տալու իրավունքի իրացման համար, եթե ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մատնանշված հանգամանքները 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ օրենսդիրը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես աշխատանքների կատարման անհնարինությանը հանգեցնող պայմաններ նշել է գործադուլները, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները, մասնավորապես՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, անհաղթահարելի ուժը` հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը՝ իր թվարկումն ավարտելով «և այլն» միջարկության կիրառմամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեկնաբանության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը թեպետ հստակ թվարկել է նշված հանգամանքները, սակայն նախատեսել է նաև օրենքով նշված այլ հանգամանքների առկայության պարագայում ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման պայմանների չկատարման դեպքում պատասխանատվության բացառման փաստը։

Վերոգրյալ ամբողջի հաշվառմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից սնանկ ճանաչված անձին չի թույլատրվում առանց դատարանի որոշման կատարել իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, հետևաբար սնանկ ճանաչվելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստը հանգեցնում է պարտավորությունների կատարման անհնարինության, ինչն էլ ընդերքօգտագործման պայմանների չկատարման դեպքում պատասխանատվության բացառման հիմք է հանդիսանում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Կառավարչի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը։

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու դեպքում վարչական մարմինը պետք է նախազգուշացնի անձին դրա վերաբերյալ, իսկ նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում նախազգուշացման հիմքերը չվերացնելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք է: Ընդ որում, Դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք: Հետևաբար, անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը:

Դատարանը փաստել է, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն 5.1.2 կետի՝ Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել սահմանված օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվությունը (5-ՕՀՊՀ), իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի համաձայն՝ կրել է ընդերքօգտագործման համար պետական տուրքի վճարման պարտականություն, որոնք, սակայն, չի կատարել: Արդյունքում, վարչական մարմինը նախ, նախազգուշացրել է Ընկերությանը խախտման մասին, իսկ հետո՝ խախտումը չվերացնելու հիմքով իրավացիորեն դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը:

Վերաքննիչ դատարանը Կառավարչի, Աշոտ Պողոսյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժել է և Դատարանի վճիռը թողել անփոփոխ՝ պատճառաբանելով, որ օրենսդիրը սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից, վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը և արդյունքում, վարչական մարմինը նախ, նախազգուշացրել է Ընկերությանը խախտման մասին, իսկ հետո՝ խախտումը չվերացնելու հիմքով դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը:

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.03.2013 թվականին «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին տրամադրվել է թիվ ՇԱԹՎ-29/398 արդյունահանման թույլտվությունը, իսկ 07.03.2013 թվականին «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև կնքվել է Սյունիքի մարզի «Մարջան» ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման թիվ ՊՎ-398 պայմանագիրը։

ՀՀ սնանկության դատարանի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 04.02.2019 թվականին կայացված վճռով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին» հրամանով արձանագրվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 12.04.2019 թվականին ստացված տեղեկատվության համաձայն՝ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ապառքը պետական տուրքի մասով 01.04.2019 թվականի դրությամբ կազմում է 52.447.250 ՀՀ դրամ։

«Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից խախտվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 61-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգագործման թիվ ՊՎ-398 պայմանագրի 5.1.2 կետով նախատեսված պայմանները։

Լիազոր մարմնի կողմից «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/6166-19 գրությամբ տրվել էր գրավոր զգուշացում՝ 90-օրյա ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները, մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով սահմանված՝ ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար՝ տարեկան պետական տուրքի ապառքը, որը 01.04.2019 թվականի դրությամբ կազմում է 52.447.250 ՀՀ դրամի չափով գումար, և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն լիազոր մարմնին չի ներկայացրել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 07032013 թվականի թիվ ՊՎ-398 պայմանագրի 5.1.2 կետով սահմանված օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվությունը։

Անդրադառնալով վարչական մարմնի գործողությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իր պարտավորությունները, այդ թվում նաև՝ պետական տուրքի վճարման գծով, կարող էր կատարել միայն դատարանի համապատասխան որոշման կամ ֆինանսական առողջացման ծրագրի առկայության դեպքում:

Սույն պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի նախատեսում ընդերքօգտագործման պայմանների խախտման համար պատասխանատվության բացառման հիմք հանդիսացող օբյեկտիվ հանգամանքների սպառիչ ցանկ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված լինելը նույնպես դիտարկվում է որպես պարտավորության կատարումը անհնարին դարձնող հանգամանք, ուստի պարտավորության չկատարումը չի հանգեցնում լիազոր մարմնի կողմից նախազգուշացման տրման, իսկ սահմանված ժամկետում, նախազգուշացման հիմքերի չվերացումը՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման։

Ինչ վերաբերում է օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվության ներկայացմանը, ապա նշված պարտականությունն ուղղակիորեն կապված է պետական տուրքի վճարման պարտականության հետ, հետևաբար նշված պարտականության չկատարումը նույնպես չի հանգեցնում պատասխանատվության։

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...) հայցադիմումների (...) համար` ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։ (...) Դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։

Սույն գործով նկատի ունենալով, որ Ընկերությունը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 30.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով երրորդ անձ Ընկերությունը պետական տուրքը վճարել է 30000 ՀՀ դրամ, այնինչ պետք է վճարեր 20000 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ավելի վճարված պետական տուրքը՝ վճռաբեկ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.07.2022 թվականի որոշումը և այն փոփոխել՝ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ Գևորգ Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, երրորդ անձինք՝ Աշոտ Պողոսյան, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը:

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

հ. Բեդևյան

Ա. թՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: