Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.05.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
11.05.2023
Дата вступления в силу
11.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/2640/07/18

Նախագահող դատավոր՝  Վ. Ռշտունի

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

11 մայիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արա Միքայելի Մինասյանի ներկայացուցիչ Տ.Ղազարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հուլիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է թիվ 69104518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով ու 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Նախաքննության մարմնի` 2018 թվականի նոյեմբերի 2-ի որոշումներով Արա Միքայելի Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության պետի տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել ՀՀ Կենտրոնական բանկից առգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում մեղադրյալ Արա Մինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող որոշակի փաստաթղթեր ու առարկաներ։

3 ԱՄինասյանի ներկայացուցիչ ՏՂազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանելու և բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության առգրավման թույլտվություն ստանալու վերաբերյալ հիշյալ միջնորդությունը մերժելու մասին։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Այսպես, ըստ բողոք բերած անձի՝ ազատության իրավունքի ու բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանության իրավական ռեժիմի սահմանափակման իրավաչափության պայմանի՝ հիմնավոր կասկածի գնահատման սահմանները չեն կարող նույնը լինել, վերջինիս դեպքում այն ենթակա է փոփոխման՝ նվազման կարգով։

Հիմք ընդունելով վերը շարադրված դիրքորոշումը՝ բողոքաբերը գտել է, որ միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը, հայցվող միջամտության իրավաչափությանն առաջադրվող հիշյալ պայմանի գնահատման շրջանակներում, բավարար են ենթադրելու, որ Ա.Մինասյանը հիմնավոր կերպով է մեղադրվում ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ։ Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը նշել է, որ ԱՄինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության արդյունքում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող դիտարկվել որպես վերաբերելի փաստարկ՝ ԱՄինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը և առարկաներն առգրավելու միջնորդությունը մերժելու համար։

51 Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը, համադրելով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ու վիճարկվող դատական ակտի պատճառաբանական մասը, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։ Մասնավորապես՝ անդրադառնալով ենթադրաբար հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հարցին, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը ոչ իրավաչափորեն հիմնավորել է այնպիսի փաստարկմամբ, որը ներկայացված չի եղել վերաքննիչ բողոքում: Ըստ բողոքաբերի՝ վերաքննիչ վերանայման սահմանները կանխորոշված էին բացառապես առգրավվող առարկաների ու դրանց գտնվելու վայրի որոշակիության հարցի քննությամբ։ Նշվածի հետ մեկտեղ, փաստարկվել է, որ վիճարկվող դատական ակտը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին՝ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանն անդրադարձ չի կատարել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի որոշակիության կապակցությամբ վերաքննիչ բողոքի փաստարկին։

6 Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արա Մինասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա «(․․․) 2004 թվականի մարտի 19-ից մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը զբաղեցնելով օրենքով սահմանված՝ սեփականության իրավունքով բաժնետերերի գույքից առանձնացված գույք և ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող առևտրային կազմակերպություն հանդիսացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը, փաստաթղթեր կեղծելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու ու խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար ԱՄիլիտոսյանի, մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ ԹԳրիգորյանի օժանդակությամբ և բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 426343650 ՀՀ դրամը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Ա.Մինասյանը, ՀՀ առողջապահության նախարարության ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև 2016 թվականի փետրվարի 1-ին կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարները հափշտակելու դիտավորությամբ, Թ․Գրիգորյանին ու Ա․Միլիտոսյանին հանձնարարել է կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով ԲԿ-ի պոլիկլինիկա դիմած ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ բացել ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ հիվանդության պատմագրեր և կազմված կեղծ տեղեկությունները ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։ Թ․Գրիգորյանն ու Ա․Միլիտոսյանը, իսկ վերջիններիս հանձնարարությամբ՝ մեծահասակների պոլիկլինիկայի և ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի բուժական անձնակազմը, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պոլիկլինիկա դիմած ծրագրի շահառու հանդիսացող անձանց անուններով լրացրել են ստացիոնար հետազոտման վերաբերյալ թվով 2145 կեղծ ուղեգրեր, որից հետո բժշկական կենտրոնի ստացիոնարում բացել են նույն քանակի անձանց անուններով հիվանդության պատմագրեր, լրացրել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներ ու դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել շահառուների ստացիոնար բուժում անցնելու, բուժման պլանի, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, առկա ախտորոշումների վերաբերյալ: Այնուհետև, հիվանդության պատմագրերի և «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկների հիման վրա Ա․Միլիտոսյանը, Ա․Մինասյանի հանձնարարությամբ, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պատվիրատու՝ ՀՀ առողջապահության նախարարությանն է ներկայացրել նշված՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով «Պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքներն ըստ բյուջետային ծրագրերի և բժշկական ծառայությունների տեսակների» ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ամսական կատարողական հաշվետվություններ: Ներկայացված կատարողական հաշվետվությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված 426․343․650 ՀՀ դրամը փոխանցել է իր անմիջական ղեկավարման ներքո գտնվող իրավաբանական անձ հանդիսացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲ ընկերության ինքնուրույն հաշվեկշիռ, ինչպիսի գործողություններով էլ Ա․Մինասյանը, Թ․Գրիգորյանի և Ա․Միլիտոսյանի օժանդակությամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 426․343․650 ՀՀ դրամը, որը տնօրինել է իր հայեցողությամբ»2։

8. Բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանությունը սահմանափակող քննչական գործողությունը թույլատրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(․․․) Քրեական վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է թույլատրել ՀՀ Կենտրոնական բանկից ստանալ հետևյալ տեղեկությունները և առգրավել հետևյալ փաստաթղթերը՝ 2004 թվականի մարտի 19-ից մինչ տեղեկատվության տրամադրման օրն ԱՄինասյանի (․․․) անվամբ բանկային հաշիվների, այդ հաշիվներով գումարային շարժի, վճարային միջոցներով բանկերում կանխիկացումներ կատարելու, ինչպես նաև կատարված բոլոր գործարքների ու դրանց վերաբերող բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները և փաստաթղթերը, անհատական բանկային պահատեղիում (պահատեղիներում) պահվող իրերը, գումարը, փաստաթղթերը, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչները` ՀՀ տարածքում գործող որ բանկում էլ որ դրանք գտնվեն, հաշվի առնելով այն, որ պահանջվող տեղեկությունները քրեական գործով ունեն կարևոր ապացուցողական նշանակություն, որոնք անհրաժեշտ են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, հանցավոր արարքի դրդապատճառներն ու նպատակը պարզելու համար:

(․․․) Քննարկելով հարուցված միջնորդությունը, (․․․) ուսումնասիրելով թիվ 69104518 քրեական գործի նյութերը, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ (․․․) հարուցած միջնորդությունը հիմնավորված և փաստարկված է, այդ թվում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն ապահովելու տեսանկյունով, բխում է միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության պահանջներից (․․․)»։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը թույլատրել է միջնորդությամբ նշված սուբյեկտից առգրավել պահանջվող տեղեկատվությունը3։

9. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ «(...) [Ն]երկայացված նյութերում առկա «ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից» տպագրված տեղեկատվությունից ընդամենը երևում է, որ ԱՄինասյանը 2004 թվականի մարտի 19-ից մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը հանդիսացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն: Միևնույն ժամանակ ենթադրյալ խախտումների մասին որոշակի տվյալներ պարունակում է միայն ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 23-ի գրությանը կից ներկայացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության միջանկյալ տեղեկանքը, որում նշված են բժշկական կենտրոնում կատարված որոշակի ուսումնասիրությունների արդյունքներ, սակայն դրանում նույնիսկ առկա չէ ԱՄինասյանի կողմից նշված ենթադրյալ խախտումներին ինչ-որ կերպ առնչություն ունենալու մասին որևէ նշում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն նշված տեղեկանքը բանկային գաղտնիքի սահմանափակման ինքնուրույն հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն նշված տեղեկանքում ներկայացված տվյալները գնահատելու, դրանում առկա ենթադրյալ խախտումները հաստատված համարելու և հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարելու համար:

Ինչ վերաբերում է դատարան ներկայացված մյուս փաստաթղթերին, ապա դրանցից ընդամենը երևում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով քրեական գործ է հարուցվել և այդ գործի շրջանակներում ԱՄինասյանը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ միջնորդությանը կից ներկայացված նյութերով չէր հաստատվում ԱՄինասյանի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարած լինելու հանգամանքը, ուստի ԱՄինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու թույլտվություն տալը չէր կարող համարվել իրավաչափ:

Այս առումով հարկ է ընդգծել նաև, որ «ՀՀ դատական համակարգ» ծրագրից երևում է, որ նշված մեղադրանքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի նոյեմբերի 4-ին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժել է Արա Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ և ՀՀ Վճռաբեկ դատարանների կողմից այդ որոշումն ուժի մեջ թողնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը փոփոխել և լրացրել է մեղադրյալին առաջադրված մեղադրանքը (․․․)։ (․․․) Այսինքն՝ սկզբնական մեղադրանքի մասով, որով բանկային գաղտնիքի սահմանափակումը բավարարվել է, հիմնավոր կասկածը հերքվել է»4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանությունը սահմանափակող քննչական գործողության կարգադրման իրավաչափության պայմանի հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

11Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ԱՄինասյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության իրավաչափության պայմանի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և մինչև 2021 թվականի հունիսի 30-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, (․․․) կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

Մինչև 2021 թվականի հունիսի 30-ը գործող խմբագրությամբ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»։

Վերը շարադրված իրավադրույթների բովանդակության հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն օրենսդիրն ընդգրկել է սահմանափակ մատչելի տեղեկությունների շարքում՝ նախատեսելով դրանց պահպանության որոշակի իրավական ռեժիմ։ Նշված իրավական ռեժիմի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում այդ տեղեկությունների բացահայտման հնարավորությունը նախատեսող իրավական նորմերը։

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է ընդգծել, որ բանկային փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը հանդիսանում է անհատի վերաբերյալ անձնական տվյալ, ուստի դրա բացահայտման դեպքում միջամտություն է տեղի ունենում անձնական կյանքը հարգելու իրավունքին։ Այդ պարագայում, երբ հավասարակշռության է բերվում բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության օգտագործմամբ հանցագործությունը բացահայտելու հանրային շահը, ու բանկային գաղտնիքի պահպանման մասնավոր շահը, հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները5։

Այդ համատեքստում, հարկ է վկայակոչել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումներն այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ներպետական իրավասու մարմիններին տրվում է թույլատրելի հայեցողության այնպիսի շրջանակ, որի շնորհիվ հնարավոր է միջամտել Եվրոպական կոնվենցիայով պաշտպանված որևէ իրավունքի իրացմանը, անհատին հասանելի ընթացակարգային երաշխիքները հատկապես կարևոր են որոշելու համար, թե արդյո՞ք պատասխանող պետությունն իր նորմատիվային դաշտն ամրագրելիս գործել է իրեն վերապահված թույլատրելի հայեցողության սահմաններում: Չնայած Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի պարունակում ընթացակարգային որևէ բացահայտ պահանջ, հարկավոր է, որ միջամտություն ենթադրող միջոցների հանգեցնող որոշումների կայացման գործընթացը լինի արդար և իրականացվի այնպես, որ պահպանվեն Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված անհատի շահերը6։

Վերոնշյալ նկատառումներով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը Կարեն Հարությունյան և այլոց գործով նշել է, որ օրենսդիրը, երաշխավորելով բանկային գաղտնիքի պահպանումը, սահմանափակել է այս խումբ տեղեկությունների գաղտնիությունը քննչական գործողությունների կարգադրմամբ սահմանափակելու դատարանին վերապահված հայեցողության լուսանցքի շրջանակը, այն առումով, որ դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը7։ Այսինքն, բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության առգրավման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը մշտապես պայմանավորված է քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի հետ, որի բացակայությունը նաև բացառում է մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությունը։

111 Վերահաստատելով և զարգացնելով ձևավորված դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ քննչական գործողության քննարկվող տեսակն իրականացնելու թույլտվության միջնորդությունը լուծելիս, հիմնավոր կասկածի առկայության հարցի ստուգման առարկան չի կարող ներառել կալանքի կիրառման իրավաչափության ստուգման նույնանման առարկային բնորոշ բոլոր տարրերը։ Այսպես, թեև երկու դեպքում էլ հիմնավոր կասկածի գնահատման պահանջը միտված է միևնույն նպատակին՝ անձի հիմնարար իրավունքի կամայական սահմանափակումը կանխելուն, սակայն այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել հիմնավոր կասկածի առկայությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ ի տարբերություն անձի ազատության իրավունքը սահմանափակող՝ կալանավորում խափանման միջոցի, անհատի վերաբերյալ անձնական տվյալների հավաքագրումը, ինչպիսիք են բանկային գաղտնիքով պահպանվող տեղեկությունները, ունի անձի իրավունքների նկատմամբ համեմատաբար նվազ միջամտություն։ Հետևաբար, իրավունքի նկատմամբ իրականացվող հնարավոր ներգործության բնույթով, աստիճանով և վրա հասնող հետևանքներով պայմանավորված, առաջադրված համաչափության պայմանի՝ հիմնավոր կասկածի գնահատման սանդղակը ողջամտորեն պետք է տարբերակել կալանավորման կիրառման ու բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանության սահմանափակումը հայցող միջնորդությունների քննության ժամանակ։

Բանկային գաղտնիքով պաշտպանված տեղեկությունների հավաքագրման պարագայում հիմնավոր կասկածի հաստատման չափանիշի տարբերակման դիրքորոշումը համահունչ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած մոտեցմանը, այն առումով, որ պետության թույլատրելի հայեցողության շրջանակը որոշելու համար դատարանը հաշվի է առնում անհատի անձնական կյանքին առնչվող տեղեկությունների բնույթը8։

Ավելին, Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ հիմնավոր կասկածի չափանիշների տարբերակման տրամաբանությունն արտացոլված էր նաև նախորդ կետում վկայակոչված կարգավորումների պայմաններում, երբ դատարանի որոշման հիման վրա բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաների առգրավումը սահմանափակված էր վերահսկվող անձանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ ապացուցողական շեմը տարբեր է։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել նաև, որ տեղի ունեցած օրենսդրական զարգացումների արդյունքում նախատեսված է ֆիզիկական անձին վերաբերող՝ բանկային գաղտնիքով պաշտպանված տեղեկությունների հասանելիության ռեժիմ, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական վարույթով կարող են առգրավվել ֆիզիկական անձին վերաբերող բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաները, եթե նրա վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր։

112 Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելու չափանիշին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքի կիրառումն արդարացնելու պարագայում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի գնահատման սահմանների վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումները նույնությամբ չեն կարող կիրառվել բանկային գաղտնիքի պահպանության իրավական ռեժիմի սահմանափակումը հայցող միջնորդության նկատմամբ։ Վերջինիս դեպքում կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքները որակական հատկանիշների առումով կարող են նվազ լինել միջամտությունը հայցող միջնորդությանը կից պահանջվում է փաստական հանգամանքների այնպիսի ծավալի ներկայացում, որքանով դա անհրաժեշտ է ողջամտորեն ենթադրելու, որ առկա են մեղսագրված ենթադրյալ հանցանքին առնչությունը վկայող փաստեր։

13 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ԱՄինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, դրանք օգտագործելու և խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար։ Մեղսագրվող ենթադրյալ արարքները դրսևորվել են հետևյալ կերպ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն ԱՄինասյանի հանձնարարությամբ և վերջինիս հետ հանցակցությամբ ընկերության մի խումբ աշխատակիցներ, կանխարգելիչ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով բժշկական կենտրոն դիմած՝ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շահառուների անվամբ կազմել են ստացիոնար բուժման վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթեր, «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» ձևաթղթերում լրացրել ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Այնուհետև, ԱՄինասյանի հանձնարարությամբ նշված փաստաթղթերի հիման վրա, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, կազմվել և ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել պետական պատվերով կատարված աշխատանքների մասին՝ իրականությանը չհամապատասխանող ամսական հաշվետվություններ։ Ներկայացված հաշվետվությունների հաշվառմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշյալ բժշկական կենտրոնի հաշվեկշռին է փոխանցել «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված 426343650 ՀՀ դրամը, որը տնօրինվել է ԱՄինասյանի հայեցողությամբ9,

- բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններն առգրավելու թույլտվություն ստանալու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ հայցվող միջամտությունը հիմնավորված է, հետապնդում է իրավաչափ նպատակ և բխում է վերաբերելի իրավական կարգավորումներից։ Արդյունքում, նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է ու թույլատրվել՝ ՀՀ Կենտրոնական բանկից առգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ԱՄինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող՝ բանկային հաշիվների, այդ հաշիվներով գումարային շարժի, վճարային միջոցներով բանկերում կանխիկացումներ կատարելու, ինչպես նաև կատարված բոլոր գործարքների ու դրանց վերաբերող բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները և փաստաթղթերը, անհատական բանկային պահատեղիում (պահատեղիներում) պահվող իրերը, գումարը, փաստաթղթերն ու էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչները10,

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն համոզմունք ձևավորելու, որ Ա.Մինասյանը հիմնավոր կերպով է մեղադրվում ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ, որի բացակայությունը բացառում է բանկային գաղտնիքի պահպանության իրավական ռեժիմի սահմանափակման հնարավորությունը։ Մասնավորապես, միջնորդությանը կից նյութերում ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկություններ են պարունակվում միայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից ներկայացված՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կատարված ուսումնասիրությամբ կազմված միջանկյալ տեղեկանքում, որը, սակայն չի բովանդակում ենթադրաբար կատարված խախտումներին ԱՄինասյանի առնչությունը վկայող տվյալներ։ Միևնույն ժամանակ, ներկայացված փաստակազմը բավարար չէ հիշյալ տեղեկանքում արձանագրված տվյալները գնահատման ենթարկելու համար՝ ենթադրյալ իրավախախտումները հաստատված համարելու և հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարելու տեսանկյունից։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է նաև, որ «ՀՀ դատական համակարգի տվյալների կենտրոն» համակարգում արտացոլված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը, մերժել է այն մեղադրանքով Ա.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, որով սույն գործով հայցվել է իրավունքի սահմանափակումը11։

14. Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հետևության հանգելիս, հաշվի չի առել ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում առկա այն հանգամանքները, որոնք բանկային գաղտնիքի սահմանափակման իրավական առանձնահատկությամբ պայմանավորված թույլ են տալիս հաղթահարված համարելու ԱՄինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության առգրավումը թույլատրելու իրավաչափությանն առաջադրվող խնդրո պայմանը։

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է սույն գործի փաստական տվյալներում առկա այն տեղեկատվությամբ, որ 2016 և 2017 թվականներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ու ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման մատուցման պայմանագրեր, որոնց շրջանակներում բժշկական բնույթի ծառայություններ են մատուցվել նաև «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում։ Նշված ժամանակահատվածում ԱՄինասյանը զբաղեցրել է հիշյալ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ստուգման արդյունքներով կազմված միջանկյալ տեղեկանքում արձանագրվել են հիշյալ ծրագրով բժշկական ծառայությունների մատուցման գործընթացում թույլ տրված մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վերը նշված ծրագրի շրջանակներում 2016 թվականին փաստացի կատարված բուժօգնության դեպքերից 3027 ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2145 դեպքով մատուցված բժշկական ծառայությունները փոխհատուցման ենթակա չեն: Հայտնաբերվել են բժշկական օգնության և սպասարկման չհիմնավորված դեպքեր, որոնցով կատարվել են վերահաշվարկներ՝ փոխհատուցման ենթակա գումարի նվազեցման առումով։ 2017 թվականին ևս փաստացի կատարված բուժօգնության դեպքերից 350 ուսումնասիրությամբ արձանագրվել է փոխհատուցման ոչ ենթակա 244 դեպք։ Արձանագրվել է նաև վերահաշվարկման ենթակա դեպք12։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջնորդությանը կից ներկայացված փաստական հանգամանքները, մասնավորապես՝ փոխհատուցման ոչ ենթակա դեպքերի թվաքանակը, դրանց հարաբերակցությունն ուսումնասիրված դեպքերի թվաքանակին, վերը նշված ժամանակահատվածում ԱՄինասյանի՝ բժշկական ընկերության տնօրեն հանդիսանալը, հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ առկա են մեղսագրված ենթադրյալ հանցանքներին ԱՄինասյանի առնչությունը վկայող փաստեր։

141 Անդրադարձ կատարելով ստորադաս դատարանի պնդմանն առ այն, որ ներկայացված փաստակազմը բավարար չէ հիշյալ տեղեկանքում արձանագրված՝ ենթադրյալ իրավախախտումները հաստատելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` անձի իրավունքի սահմանափակումը հայցող միջնորդությունը քննելիս, դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք պարունակում են քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր13։ Մինչդեռ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված միջանկյալ տեղեկանքում արձանագրված խախտումների հաստատումը պահանջում է գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծություն, ինչը դուրս է վարութային այս փուլում դատարանի առջև դրված խնդիրների շրջանակից։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրվել է նաև նույն մեղադրանքով Ա.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության արդյունքում, հարկ է ընդգծել, որ սույն գործով հայցվող միջամտության իրավաչափությանը ներկայացվող պահանջին մեխանիկորեն վերագրվել են կալանավորման կիրառման դեպքում հիմնավոր կասկածի ստուգման առարկայի շրջանակն ընդգրկող տարրեր։ Մինչդեռ, ինչպես արդեն իսկ արձանագրվել է, նշված դեպքերում հիմնավոր կասկածը գնահատելու չափանիշները չեն կարող նույնացվել, ուստի, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի՝ այս կապակցությամբ ներկայացված փաստարկը։

142 Ինչ վերաբերում է բողոք բերած անձի դիրքորոշմանն առ այն, որ ստորադաս դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ վիճարկվող դատական ակտով ենթադրյալ հանցանքներ կատարելու մասին վկայող փաստերի առկայության հարցին անդրադարձ է կատարվել դիմողի ներկայացուցչի կողմից բարձրացրած՝ հայցվող միջամտության՝ օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցը քննության առնելու շրջանակներում:

Անդրադարձ կատարելով վիճարկվող դատական ակտի պատճառաբանված չլինելու վերաբերյալ բողոքի հեղինակի պնդմանը, հարկ է նկատել, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության առգրավումը կարգադրած դատական ակտի օրինականության ստուգման արդյունքում ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը փաստելն արդեն իսկ առարկայազուրկ է դարձրել առգրավվող առարկաներն ու դրանց գտնվելու վայրը որոշակիացված չլինելու հարցի քննարկումը։

143 Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առգրավվող առարկաների ու դրանց գտնվելու վայրի որոշակիության հարցին՝ հաշվի առնելով նաև, որ այդ հարցը բարձրացված է եղել վերաքննիչ բողոքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն այս առումով բավարար չափով որոշակիացված է։ Մասնավորապես՝ թույլատրվել է ՀՀ Կենտրոնական բանկից առգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բանկերում՝ ԱՄինասյանի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը՝ հստակեցնելով դրանց շրջանակը։

15 Ընդհանրացնելով կատարված վելուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱՄինասյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության իրավաչափության պայմանի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և մինչև 2021 թվականի հունիսի 30-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավումը կարգադրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ԱՄինասյանի քննարկվող իրավունքի սահմանափակումը հայցող միջնորդությունը քննելիս պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմանը14։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Արա Միքայելի Մինասյանի ներկայացուցիչ Տ.Ղազարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 16-18:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-34:

4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 63-71:

5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 և Կարեն Հարությունյան և այլոց գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0223/07/14 որոշումները։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Buckley v. the United Kingdom գործով 1996 թվականի սեպտեմբերի 29-ի վճիռը, գանգատ թիվ 20348/92, 76-րդ կետ, Tanda-Muzinga v. France գործով 2014 թվականի հուլիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 2260/10, 68-րդ կետ և M.S. v. Ukraine գործով 2017 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 2091/13, 70-րդ կետ։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյան և այլոց գործով վերը նշված որոշման 22-րդ կետը:

8 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ G.S.B. v. Switzerland գործով 2015 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 28601/11, 93-րդ կետ։

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

12 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 3-12։

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը։

14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան