Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2023
Дата вступления в силу
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15069/02/18

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15069/02/18

Նախագահող դատավոր՝

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Լ. Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Ռայան Դիկիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02112020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Ռայան Դիկիի ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 27072014 թվականից մինչև 2018 թվականի փետրվարի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հայցվորին վճարման ենթակա հավելումը՝ նրա հիմնական աշխատավարձի երեսուն տոկոսի չափով, ինչպես նաև 19.03.2018 թվականից մինչև սույն հայցադիմումը կրկին ներկայացնելու օրը ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը՝ յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոբերտ Ռայան Դիկը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 27072014 թվականից մինչև 2018 թվականի փետրվարի ավարտն ընկած ժամանակահատվածի համար վճարման ենթակա հավելումը՝ նրա հիմնական աշխատավարձի երեսուն տոկոսի չափով, ինչպես նաև 19.03.2018 թվականից մինչև սույն հայցադիմումը կրկին ներկայացնելու օրը ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը՝ յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, որոնք միասին կազմում են 493.632 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը կազմում է 238.439.000 ՀՀ դրամ՝ հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից 14082018 թվականի համար սահմանված ԱՄՆ դոլար-ՀՀ դրամ փոխարժեքի հիման վրա:

12122019 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ՝ Արա Խզմալյանը, միջնորդություն է ներկայացրել հայցի առարկան և հիմքը փոփոխելու վերաբերյալ, պահանջել է Ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 27072014 թվականից մինչև 28022018 թվականն ընկած ժամանակահատվածի համար վճարման ենթակա հավելումը՝ նրա հիմնական աշխատավարձի երեսուն տոկոսի չափով՝ 199.080.995 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 01.03.2018 թվականից սկսած մինչև 12.12.2019 թվականի ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը՝ յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, որը կազմում է 256.206.014 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 455287009 ՀՀ դրամ գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե Եսոյան) 16042019 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործը հանձնվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 27032020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Ընկերությունից հօգուտ Ռոբերտ Ռայան Դիկիի բռնագանձվել է 47.095.100 ՀՀ դրամ՝ որպես 01.03.2018 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ոչ աշխատողի մեղքով, պարապուրդի ժամանակ աշխատողին վճարման ենթակա գումար: Հայցապահանջը՝ 184.090.957 ՀՀ դրամ՝ որպես աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար աշխատանք կատարելու համար աշխատողին վճարման ենթակա հավելում վճարելու պահանջի մասով, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02112020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է հայցը Ռոբերտ Ռայան Դիկիի ընդդեմ Ընկերության` 2014 թվականի հուլիսի 27-ից մինչև 2018 թվականի փետրվարի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հայցվորին վճարման ենթակա հավելումը` նրա հիմնական աշխատավարձի երեսուն տոկոսի չափ, ինչպես նաև 19.03.2018 թվականից մինչև հայցադիմումը ներկայացնելու օրը ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը` յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափ, բռնագանձելու պահանջների մասով, Դատարանի 27.03.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Ռայան Դիկին (ներկայացուցիչ Արա Խզմալյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Պողոսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասը և 186-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես՝ Վերաքննիչ դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման, քանի որ Վերաքննիչ դատարանը որպես հայցի մերժման հիմք ընդունել է հայցվորի կողմից ոչ իր մեղքով պարապուրդի մեջ գտնված լինելու փաստը չապացուցելը:

Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը հանդիսանում է գործատուի պարտավորության խախտում, որի համար պատասխանատվության հիմքի (իր մեղքի բացակայության կամ անհաղթահարելի ուժի առկայության) ապացուցման բեռը կրում է պատասխանողը։ Միաժամանակ, նույնիսկ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում հենց գործատուն է կրում դրա՝ աշխատողի մեղքով լինելու ապացուցման պարտականությունը, քանի որ աշխատողի մեղքը հանդիսանում է գործատուին՝ աշխատողին աշխատանքով ապահովելու պարտավորությունից ու դրա խախտման համար պատասխանատվությունից ազատող հանգամանք:

Պատասխանողը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կվկայեր իր մեղքի բացակայության կամ անհաղթահարելի ուժի առկայության կամ աշխատողի մեղքի առկայության մասին, մինչդեռ հայցվորը ներկայացրել է մի շարք էլեկտրոնային գրություններ և այլ ապացույցներ, որոնք վկայում են աշխատանքային պարտականությունները կատարելու իր ձգտման առարկայի մասին։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասը, 186-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման և ֆիզիկական անձանց աշխատանքային իրավունքների և ազատությունների երաշխավորման նպատակից ելնելով՝ հաշվի առնելով դրանց համակարգային կապը և սահմանադրական սկզբունքները, ինչի արդյունքում ակնհայտ է դառնում, որ պարապուրդը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հատուցման ենթակա է, եթե այն առաջացել է ոչ աշխատողի մեղքով, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ պարապուրդը աշխատողի մեղքով (այսինքն աշխատողի անօրինական արարքները չեն հանդիսացել պարապուրդի պատճառ) կամ անհաղթահարելի ուժի հետևանքով չի առաջացել։ Հակառակ մեկնաբանությունը աշխատողին զրկում է իր խախտված իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածների պահանջները։

Այս մեկնաբանությամբ նշված իրավանորմերի՝ սույն գործի նկատմամբ կիրառման դեպքում ակնհայտ է դառնում, որ գործը սխալ է լուծվել, քանի որ հայցի բավարարումը կախման մեջ է դրվել հայցվորի կողմից արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառի առկայության ապացուցումից։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02112020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը 01032018 թվականից մինչև 30062018 թվականն ընկած ժամանակահատվածում ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին վերաբերող մասով բավարարել, կամ բեկանել որոշումը` գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ բեկանել որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.03.2020 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործում առկա չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործատուի որևէ իրավական ակտ և աշխատողին ուղղված ծանուցում, որով հնարավոր կլիներ հաստատել այն հանգամանքը, որ աշխատողը իբրև թե գտնվել է ոչ իր մեղքով առաջացած պարապուրդում: Ավելին, կարևոր է ընդգծել նաև այն, որ Ռոբերտ Ռայան Դիկիի անունը նշված չի եղել նաև Ընկերության 08.01.2018 թվականի թիվ 002Ն հրամանում, ըստ որի՝ կազմվել է այն աշխատողների ցանկը, ովքեր պետք է գտնվեին պարապուրդում: Ընդ որում, սույն հրամանը վերաբերում է այլ ժամանակահատվածի, քան վկայակոչում է հայցվորը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը իրավացիորեն արձանագրել է, որ գործով չի ապացուցվել Ընկերության պարապուրդի մատնված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած՝ գործով չի ապացուցվում, ինչպես նաև Ընկերությունը չի ընդունում այն փաստը, որ Ընկերությունը հայցվորի վկայակոչած ժամանակահատվածում գտնվել է պարապուրդի մեջ:

Բացի այդ, գործով չի ապացուցվել Ընկերության գործունեությունը դադարած կամ կասեցված լինելու հանգամանքը, այսինքն՝ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ գործատուն չէր կարողանում ապահովել աշխատողին աշխատանքով: Գործատուի որևէ իրավական ակտով երբևէ խոչընդոտ չի ստեղծվել հայցվորի համար՝ ներկայանալու աշխատավայր, մինչդեռ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 7.3 կետով սահմանվել է հենց աշխատավայրում աշխատանք կատարելու պարտականությունը: Այսինքն՝ եթե հայցվորը ինչ-որ պահից դադարել է ներկայանալ աշխատավայր, ապա գործատուն չպետք է կրի աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու բացասական հետևանքները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 25072014 թվականին Ընկերության՝ որպես գործատուի, և Ռոբերտ Ռայան Դիկիի՝ որպես աշխատողի, միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի՝ գործատուն ներգրավում է աշխատողին՝ Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղի տարածքում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի («Թեղուտի նախագիծ») նախագծման, գործարկման, հետգործարկման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի մոտակայքում գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի նախագծի («Կաշենի նախագիծ») զարգացման և շահագործման աշխատանքներում:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ հանձնարարությունը սկսվում է 27072014 թվականից և ավարտվում է 30062018 թվականին (Հանձնարարության նախնական ժամանակաշրջան):

Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ աշխատակցի պաշտոնը պետք է լինի Նախագծերի գծով գլխավոր գործառնական տնօրեն (կամ համարժեք):

Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ աշխատողին վճարվող տարեկան վարձատրությունը կազմում է 350.000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ, Վայրում աշխատած կամ այլ կերպ Գործատուի օգտին աշխատած յուրաքանչյուր ամբողջական տարվա համար («տարեկան վարձատրություն») (հատոր 2-րդ, գթ 22-29)։

2 Համաձայն Ընկերության գլխավորի տնօրենի 25072014 թվականի թիվ 387Կ հրամանից քաղվածքի՝ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Ռայան Դիկիին սույն թվականի հուլիսի 25-ից ընդունել աշխատանքի ընկերությունում և նշանակել արտադրական գործառույթների ղեկավար (հատոր 2-րդ, գթ 63)։

3 Համաձայն Ընկերության տեղեկանքի՝ Ռոբերտ Ռայան Դիկիին 25072014 թվականից աշխատում է Ընկերությունում որպես արտադրական գործառնությունների ղեկավար և նրա աշխատավարձը 25.07.2014-01.10.2018 թվականներին կազմել է՝

- Ընդամենը 2014 թվականի համար՝ 48.272.466 ՀՀ դրամ կամ 111.040 ԱՄՆ դոլար:

- Ընդամենը 2015 թվականի համար՝ 155.052.089 ՀՀ դրամ կամ 324.097 ԱՄՆ դոլար:

- Ընդամենը 2016 թվականի համար՝ 160.954.199 ՀՀ դրամ կամ 334.645 ԱՄՆ դոլար:

- Ընդամենը 2017 թվականի համար՝ 166.597.756 ՀՀ դրամ կամ 344.972 ԱՄՆ դոլար:

- Ընդամենը 2018 թվականի համար՝ 19.996.422 ՀՀ դրամ կամ 41.532 ԱՄՆ դոլար (հատոր 3-րդ, գթ 49-53)։

4 Ընկերության ԱԿ ՄՌԿԾ պետ Դ. Խ. Աղայանի կողմից 23.07.2019թ. տրված թիվ 030 տեղեկանքի համաձայն` հայցվորը «2014թ. հուլիսի 7-ից» Ընկերությունում աշխատում է որպես արտադրական գործառնությունների ղեկավար և «2018թ. մարտի 1-ից առանց որևէ հիմնավոր ձևակերպման չի ներկայացել աշխատանքի» (հատոր 3-րդ, գթ 75)։

5 Ընկերության կողմից Դատարան ներկայացված «Աշխատաժամանակի տեղեկագրերում» որևէ նշում չկա հայցվոր Ռոբերտ Ռայան Դիկիի կողմից պարապուրդում գտնվելու կամ անհարգելի բացակայելու վերաբերյալ (հատոր 4, գ.թ. 25-141)։

6 Համաձայն «Փարիզ Հոթել» ՍՊԸ-ի 26.11.2018 թվականին տրված թիվ 11.1-18 գրության՝ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Ռայան Դիկին 003032018թվականից մինչև 19032018թվականը բնակվել է «Փարիզ Հոթել» Երևանում և նրա կացության ծախսերը, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների համար հավելյալ ծախսերը, վճարել է Ընկերությունը (հատոր 3-րդ, գթ 76)։

7 Ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի 08.01.2018 թվականի թիվ 002-Ն Հրամանի համաձայն` «… հարստացուցիչ ֆաբրիկայում և այլ արտադրական ստորաբաժանումներում պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 12-ից ժամանակավորապես դադարեցվում է Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրությունը»։

Հրամանի.

1.1 կետի համաձայն` «Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում ու այլ արտադրական ստորաբաժանումներում պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում Ընկերության այն աշխատողները, ովքեր չեն ներգրավվում համապատասխան վերանորոգման աշխատանքներում, համարվում են ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվողներ».

1.3 կետի համաձայն` «սույն հրամանի 1.1 կետով սահմանված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ գտնվելու մասին Ընկերության ներքին կարգապահական կանոններով ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ծանուցված աշխատողները` բացառությամբ սույն հրամանի 4.3 կետով սահմանված դեպքի, ազատվում են պարապուրդի ամբողջ ընթացքում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ... ».

4.3 կետով գլխավոր տնօրենի տեղակալին հանձնարարվել է «կազմել Ընկերության այն աշխատողների ցանկը, ովքեր փաստացի գտնվելով ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ, պարտավոր են լինելու Ընկերության ներքին կարգապահական կանոններով ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ու աշխատանքային ռեժիմով ներկայանալ աշխատանքի և այդ ցանկը տրամադրել Ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, Ընկերության անվտանգության ծառայությանն ու Ընկերության աշխատակազմի կապի և ցանցերի ծառայությանը` անհրաժեշտ վերահսկողություն ապահովելու համար» (հատոր 4, գ.թ. 3-5)։

8․ Գործում առկա չէ ապացույց Ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի 08.01.2018 թվականի թիվ 002-Ն հրամանի 4․3 կետով որոշված աշխատակիցների ցանկը հաստատելու վերաբերյալ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որպեսզի իր գործն արդարացիորեն, հրապարակայնորեն և խելամիտ ժամկետներում քննվի օրենքով` հիմնված անկախ և անաչառ դատարանի կողմից, որը որոշում կկայացնի կամ իր քաղաքացիական բնույթի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վեճերի, կամ իր դեմ ուղղված քրեական մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ...»

Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության հարցին, արձանագրել է, որ «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխիքները ներառում են դատարանների պարտականությունը՝ բավարար կերպով պատճառաբանելու իրենց որոշումները» (H. v. Belgium,, 30.11.1987, N8950/80, § 53): «Պատճառաբանված դատական ակտը գործին մասնակցող անձանց ցույց է տալիս, որ նրանց գործը դատարանի կողմից պատշաճ քննության առարկա է դարձել» (Suominen v. Finland, 24.07.2003, 37801/97, § 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ կետերի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Դատարանը, հայցը բավարարելով մասնակիորեն, պատճառաբանել է որ « (...) Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի՝ 01.03.2018 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունում աշխատանքի չգտնվելու փաստը ընդունում է ինչպես Հայցվորը, այնպես էլ Պատասխանողը: (...)

Փաստացի վիճելի է մնում միայն այն հանգամանքը, արդյո՞ք աշխատանքի չգտնվելը պայմանավորված է եղել հարկադիր պարապուրդով, թե՞ աշխատողի կողմից անհարգելի բացակայությամբ:

(...) Դատարանը գտնում է, որ Ընկերությունն իր հերթին չի կատարել ապացուցման իր դատավարական բեռը, չի ներկայացրել բավարար, արժանահավատ և պատշաճ ապացույցներ, որոնք հիմք կտային համոզվելու, որ Հայցվորը 01.03.2018 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածում իր մեղքով (առանց հարգելի պատճառի) չի ներկայացել աշխատանքի»:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը արձանագրել է, որ «Սույն գործով ներկայացրած հայցապահանջի փաստական հիմքում Թեղուտի հանքավայրի փաստացի գործունեությունը կասեցված լինելու և այդ կապակցությամբ իր` ոչ իր մեղքով 2018 թվականի մարտի 1-ից հարկադիր պարապուրդի մատնված լինելու փաստերը դնելով հանդերձ, հայցվորը չի ապացուցել դրանց առկայությունը, և այդ մասին Ընկերության բողոքում ներկայացված փաստարկը հիմնավորված է։ Բանն այն է, որ Թեղուտի հանքավայրի փաստացի գործունեության կասեցման պատճառով հարկադիր պարապուրդի մատնված լինելու փաստը վկայակոչած հայցվորը ոչ միայն չի ներկայացրել այդ փաստի և համապատասխան պատճառահետևանքային կապի առկայության հաստատմանը ծառայող որևէ ապացույց, այլև ժամանակին ինքն էլ չի համարել, թե գտնվում է հարկադիր պարապուրդում։ Որևէ պահից աշխատանքի չներկայանալը դեռևս չի կարող վկայել հարկադիր պարապուրդի մեջ լինելու մասին և օրենքով սահմանված պատճառների բացակայության պարագայում կարող է լինել նաև աշխատողի կամայական վարքագծի դրսևորում։

Ընկերության ներկայացրած` Ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի 08.01.2018թ. թիվ 002-Ն Հրամանի բովանդակությունից և հայցվորի` դրա 1.3 կետով նախատեսված կարգով ծանուցված լինելու փաստի բացակայությունից ակնհայտ է, որ այն վերաբերելի չէ հայցվորին, այսինքն` նա չի համարվել ոչ իր մեղքով պարապուրդում գտնվող անձ, իսկ Ընկերության ԱԿ ՄՌԿԾ պետ Դ. Խ. Աղայանի կողմից 23.07.2019թ. տրված թիվ 030 տեղեկանքով էլ հաստատվում է, որ հայցվորը «2018թ. մարտի 1-ից առանց որևէ հիմնավոր ձևակերպման չի ներկայացել աշխատանքի»։ Հրամանով ոչ աշխատողի մեղքով պարապուրդ է ձևակերպվել 2018թ. հունվարի 12-ից, մինչդեռ հայցվորի վկայակոչած պարապուրդը սկսվել է դրանից շուրջ երկու ամիս անց` նույն թվականի մարտի 1-ից (եթե Հրամանն իրապես վերաբերվել է նաև հայցվորին, ապա վերջինս պետք է վկայակոչեր առնվազն նույն Հրամանի 1.3 կետով սահմանված կարգով Ընկերության կողմից ծանուցված լինելու փաստը և Դատարանին ներկայացներ այն հաստատող ապացույց, մինչդեռ հայցվորը ո՛չ Դատարանում գործի քննության ժամանակ, ո՛չ էլ վերաքննիչ բողոքի պատասխանում չի վկայակոչել պարապուրդի մասին Ընկերության կողմից ծանուցված լինելու փաստ)։ Ծանուցման բացակայության պայմաններում հայցվորը պետք է ապացուցեր նաև իր` Հրամանի 4.3 կետում նշված աշխատողների կազմում լինելու և պարապուրդի ընթացքում Ընկերության ներքին կարգապահական կանոններով ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ու աշխատանքային ռեժիմով աշխատանքի ներկայացած լինելու փաստը, մինչդեռ հակառակ փաստը ոչ միայն անուղղակի կերպով ընդունվել է հայցվորի կողմից` հարկադիր պարապուրդի համար վճարում պահանջելով հենց 2018թ. մարտի 1-ից և դրանով իսկ ընդունելով, որ այդ պահից ի վեր չի ներկայացել աշխատանքի և իրեն համարել է պարապուրդի մեջ, այլև հաստատվում է Ընկերության ԱԿ ՄՌԿԾ պետ Դ. Խ. Աղայանի 23.07.2019թ. տված թիվ 030 տեղեկանքով։

 (...) ոչ իր մեղքով պարապուրդի մեջ գտնված լինելու փաստն այն վկայակոչած հայցվորի կողմից չի ապացուցվել, և վերաքննիչ բողոքով Դատարանին վերագրված դատական սխալների առկայությունն ակնհայտ է, ինչը բավարար է Դատարանի 27.03.2020թ. վճիռը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 364-րդ և 365-րդ հոդվածների հիման վրա բեկանելու մասին բողոք բերած անձի պահանջը բավարարելու համար, ընդ որում առկա են նաև դատական ակտը փոփոխելու և հայցն ամբողջությամբ մերժելու մասին նոր դատական ակտ կայացնելու` նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Վերաքննիչ դատարանին վերապահված լիազորությունը կիրառելու պայմանները (գործում եղած և Դատարանի հետազոտած ապացույցներն ընձեռում են նոր փաստ հաստատելու կամ հաստատված չհամարելու հնարավորություն, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, հետևյալ պատճառաբանությամբ

Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու և ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով։

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով։

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից։

Առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը։ Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում և ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության։ Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր։ Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունը և արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ։ Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներին այնքանով, որքանով, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ և կառուցել ապացույցների ամբողջական համակարգ։

Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը անտեսել է, այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է Ընկերության տնօրենի 08012018 թվականի թիվ 002-Ն հրամանի 41 կետի հիման վրա կազմված աշխատակիցների ցանկը, ովքեր Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում ու այլ արտադրական ստորաբաժանումներում պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում գտնվել են ոչ աշխատողի մեղքով պարապուրդում, ինչպես նաև չի ուսումնասիրել և 43 կետի հիման վրա կազմված Ընկերության այն աշխատակիցների ցանկը, ովքեր փաստացի գտնվելով աշխատողի մեղքով պարապուրդի մեջ, պարտավոր էին Ընկերության ներքին կարգապահական կանոններով ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ու աշխատանքային ռեժիմով ներկայանալ աշխատանքի։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը հարկադիր պարապուրդի մասով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02112020 թվականի որոշումը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ից` հօգուտ Ռոբերտ Ռայան Դիկիի՝ 47.095.100 ՀՀ դրամ՝ որպես 01.03.2018 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին վճարման ենթակա գումար բռնագանձելու պահանջի մասով, Դատարանի 27.03.2020 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ հայցը մերժելու մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով 10․03.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

10.03.2023 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Ռայան Դիկիի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 0211.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռոբերտ Ռայան Դիկիի ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 27072014 թվականից մինչև 2018 թվականի փետրվարի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հայցվորին վճարման ենթակա հավելումը՝ նրա հիմնական աշխատավարձի երեսուն տոկոսի չափով, ինչպես նաև 19.03.2018 թվականից մինչև հայցադիմումը կրկին ներկայացնելու օրը ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար վճարը՝ յուրաքանչյուր ժամի համար հայցվորի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02112020 թվականի որոշումը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ից` հօգուտ Ռոբերտ Ռայան Դիկիի՝ 47.095.100 ՀՀ դրամ՝ որպես 01.03.2018 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին վճարման ենթակա գումար բռնագանձելու պահանջի մասով, Դատարանի 27.03.2020 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ հայցը մերժելու մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.

 

«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և դրանց հիմնավորումները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե

«1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:»

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն

«2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։»

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն

«3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

1 Սույն վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածների նորմերի միատեսակ կիրառության համար։

2020 թվականի ընթացքում տեղի ունեցած COVID-19 համավարակի, դրանով պայմանավորված արտակարգ դրության, կարանտինի, ինչպես նաև այնուհետ հայտարարված ռազմական դրության պայմաններում աշխատողների պարապուրդները կրել է համատարած բնույթ, և այդ պայմաններում աշխատողների պարապուրդի վերաբերյալ իրավանորմերի զարգացումը հանդիսանում է հրամայական, որի պայմաններում առավել քան կարևոր է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված նորմերի կապակցությամբ իրավունքի զարգացման իր խնդրի իրականացման անհրաժեշտությունը: Սա հատկապես ակնառու է, հաշվի առնելով դրանց առնչությամբ վերաքննիչ դատարանի անհիմն մեկնաբանությունները, որոնք ստեղծվում են աշխատողների իրավունքների համատարած խախտման իրական վտանգ, այն է՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված լինելու ապացուցման բեռը աշխատողի վրա դնելով աշխատողներին պարապուրդի համար վարձատրություն պահանջելու իրական հնարավորության վտանգ այն դեպքերում, երբ փաստացի ոչ աշխատողի մեղքով պարապուրդը հետևանք է գործատուին վերագրվող սուբյեկտիվ գործոնների։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն բողոքի շրջանակներում բարձրացված են գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման համար կարևորագույն խնդիրներ, մասնավորապես այն, թե ով պետք է կրի պարապուրդի՝ ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու ապացուցման պարտականությունը, որոնք են այն հանգամանքները, որոնք կարող են դիտարկվել որպես օբյեկտիվ, ինչպես են պատասխանատվության վերաբերյալ ընդհանուր դրույթները կիրառվում գործատուի կողմից իր պարտականությունների խախտման պարագայում, և ձևավորել դիրքորոշում պարապուրդի համար վճարման իրավական հիմքերի վերաբերյալ։

Ներկայումս դեռևս առկա է նշված հարցերի վերաբերյալ դիրքորոշում, որը հնարավորություն կտար նշված հարցերի գերարդիականության պայմաններում ուղղորդել դատական պրակտիկան։

2 Առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում

Ինչպես արդեն նշվեց վերը, Որոշումը վտանգում է աշխատողների ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնարար իրավունքները, մասնավորապես սեփականության իրավունքը և զրկում է նրանց դատական պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ աշխատողի վրա է դնում պարտապան-գործատուի կողմից իր պարտավորության խախտումը օբյեկտիվ հանգամանքներով հիմնավորված լինելու պարտավորությունը»:

 

Այսինքն՝ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ և 186-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալը, սակայն որոշակիորեն չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև դրա հիմնավորումը։

Բացի այդ, բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հանգամանքը, վճռաբեկ բողոքում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

 

Նման պայմաններում վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթակա էր վերադարձման՝ այն նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել:

 

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է վճռաբեկ բողոքում որոշակիորեն չնշված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, թե իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալը համարում եմ բավարար չանդրադառնալու համար Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններին։

 

Նման պայմաններում հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: