ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8418/05/19 2023 թ. | ||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8418/05/19 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան Հ. Բեդևյան | |
Ա. Թովմասյան Ք. Մկոյան |
2023 թվականի փետրվարի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30․03․2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հովիկ Օհանջանյանի ընդդեմ Քաղաքապետարանի` 24․07․2019 թվականի թիվ Վ-28/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հովիկ Օհանջանյանը պահանջել է վերացնել 24․07․2019 թվականի թիվ Վ-28/6 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 11․03․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30․03․2022 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11․03․2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զ․ Սմբատյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Լիազոր մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելու կամ չուղարկելու հանգամանքը որևէ կերպ փոխկապակցվածության մեջ չի գտնվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված իրավախախտման դեպքի բացահայտման պայմաններում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրականացման տեսանկյունից, ուստի եթե առկա է իրավախախտումը, ապա լիազոր մարմինը պարտավոր է այդ փաստն արձանագրել, ինչը տեղի է ունեցել քննարկվող դեպքում: Համանման իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով 28․11․2014 թվականին կայացրած որոշմամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30․03․2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն պարագայում շինարարության թույլտվություն տվող մարմինը նախազգուշացումն ուղարկելու պարտականությունը պատշաճ չի կատարել, կառուցապատողին չի նախազգուշացրել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ, որպիսի փաստերը հերքող որևէ ապացույց գործում առկա չէ։
Տվյալ դեպքում հայցվորի արարքում բացակայում է մեղքը, գործել է ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներում, գտնվել է հիվանդանոցային բուժման մեջ, որից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում դիմում է ներկայացրել Քաղաքապետարան՝ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 20․02․2017 թվականին կառուցապատող Հովիկ Օհանջանյանին տրվել է թիվ 01/18-Օ-39-93 շինարարության թույլտվությունը՝ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 9 փողոցի թիվ 89/11 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի (III կատեգորիայի օբյեկտ) կառուցման համար՝ նախատեսելով շինարարական աշխատանքներն իրականացնել 13 ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 10)։
2) Թիվ 01/18-Օ-39-93 շինարարության թույլտվության ժամկետը 07.03.2018 թվականի թիվ 01/18-0-83-206 շինարարության թույլտվությամբ երկարաձգվել է 6 /վեց/ ամիս ժամկետով, այնուհետև 23.08.2018 թվականի թիվ 01/18-0-431-910 շինարարության թույլտվությամբ 3 /երեք/ ամիս ժամկետով, ապա 12.03.2019 թվականի թիվ 01/18-0-97-182 շինարարության թույլտվությամբ 3 /երեք/ ամիս ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 11-12, 48):
3) Քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Այվազյանի կողմից 04․07․2019 թվականին կազմվել է թիվ 030595 արձանագրությունը, որի համաձայն. «Սույն թվականի հուլիսի 1-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.03.2019 թվականի հ.01/18-Օ-97-182 շին. թույլտվությամբ սահմանվել է ժամկետ 3 ամիս, սակայն այդ ժամկետում կառուցապատողի կողմից չի ապահովվել Արին Բերդի 9-րդ փողոցի հ. 89/11 հասցեում կառուցված հասարակական նշանակության օբյեկտի շահագործման փաստագրումը» (հատոր 1-ին, գ.թ. 15):
4) Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի 24.07.2019 թվականի թիվ Վ-28/6 որոշմամբ կառուցապատող Հովիկ Ստեփանի Օհանջանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տույժի 637.500 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16)։
5) Երևանի քաղաքապետի 29.08.2019 թվականի թիվ Վ-33/79 որոշմամբ կառուցապատող Հովիկ Ստեփանի Օհանջանյանի նկատմամբ կայացված 24.07.2019 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ Վ-28/6 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ. 23)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Վճռաբեկ դատարանը նշված իրավական խնդիրն անհրաժեշտ է համարում դիտարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նորմերի միջև առկա համակարգային փոխկապվածության լույսի ներքո։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները: Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է (․․․) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները (․․․):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (․․․):
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է կառուցապատողի պարտականությունները․ ի թիվս այլնի, կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը («ժ» կետ):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «շինարարության թույլտվություն» հասկացության բովանդակությունը․ այն է՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (․․․) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 19.03.2015 թվականի թիվ 596-Ն Հավելված 1-ի 123-րդ կետի համաձայն՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (…) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Նույն Հավելված 1-ի 124-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմնի կողմից շինարարության (…) թույլտվությամբ սահմանված շինարարության (…) տևողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (…) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Հավելված 1-ի 125-րդ կետը սահմանում է. «Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերոհիշյալ նորմերը, արձանագրել է, որ կառուցապատման գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսելիությունը, ի թիվս այլնի, ապահովվում է կառուցապատումը որոշակի կոնկրետ ժամկետներով սահմանափակելու միջոցով, որպիսի ժամկետը հաշվարկվում է տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով ու սահմանվում շինարարության թույլտվությամբ։ Այդ ժամկետում կառուցապատողի կողմից շինարարության ավարտը երաշխավորելու նպատակով օրենսդիրը պարտականություններ է սահմանել ոչ միայն կառուցապատողի, այլ նաև շինարարության թույլտվություն տվող մարմնի համար։ Ամրագրելով կառուցապատողի՝ տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումն ավարտելու պարտականությունը, օրենսդիրը միաժամանակ շինարարության թույլտվություն տվող մարմնին պարտավորեցրել է նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել ոչ թե ինքնին սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար, այլ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու պայմաններում շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախազգուշացման պահանջը չկատարելու համար («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):
Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է նաև, որ կառուցապատողին վերապահված է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու համար դիմելու իրավական հնարավորություն, իրավունք: Ըստ այդմ՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն իրենց հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ հարկադրանքի միջոցը (վարչական պատասխանատվությունը) գործադրվում է միայն այդ իրավական հնարավորությունը չիրացնելու դեպքում:
Վարչական պատասխանատվությունն ինքնանպատակ չէ. սույն դեպքում վարչական պատասխանատվության նպատակն է ապահովել կառուցապատողի կողմից՝ սահմանված ժամկետներում կառուցապատման իրականացումը՝ օգտագործելով նաև սահմանված ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը: Այն դեպքում, երբ օբյեկտիվ պատճառներով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողն իրացնում է այդ ժամկետը երկարաձգելու իր իրավունքը, վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է ինքնանպատակ և նաև իմաստազրկում ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը (տե՛ս, Վալերի Մեջլումյանն ընդդեմ Քաղաքապետարանի թիվ ՎԴ/1533/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13․01․2023 թվականի որոշումը)։
Այսպիսով, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների՝ կառուցապատողը կրում է կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ավարտելու պարտականություն: Միաժամանակ, կառուցապատողին իրավունք է վերապահված դիմել իրավասու մարմին՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տալու լիազորությամբ օժտված վարչական մարմինը պարտավոր է իրացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին նախազգուշացնելու իր լիազորությունը: Նախազգուշացման պահանջի չկատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ «Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության» նորմն իրացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածում. նշված նորմը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածն ամրագրվել են միաժամանակ՝ նույն օրն ընդունված համապատասխանաբար ՀՕ-494 և ՀՕ-496 օրենքներով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն ուղղակիորեն թղթակցում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի հետ, և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի բովանդակությունը պետք է բացահայտվի այս նորմերի համակարգային փոխկապվածության համատեքստում։
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Հաշվի առնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ընդունված է ի իրացումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, և այս նորմերը գտնվում են համակարգային փոխկապվածության մեջ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չի ավարտել կառուցապատումը,
- շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,
- գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել ինքնին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու փաստի ուժով: Շինարարության թույլտվություն տվող մարմինն իրավասու չէ անձին ենթարկել նշված նորմով նախատեսված վարչական պատասխանատվության, քանի դեռ չի իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու իր լիազորությունը: Ըստ այդմ՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը։
Հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար, ի թիվս այլնի, պահանջվում է շինարարության թույլտվությունը տվող մարմնի գրավոր նախազգուշացումն ուղղված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողին, գրավոր նախազգուշացումը վերջինիս կողմից ստացված լինելու ապացույցի և նախազգուշացման պահանջը կառուցապատողի կողմից չկատարելու փաստի առկայություն:
Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելով իրավունքի զարգացման իր գործառույթի տիրույթում, արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասին տրված վերը նշված մեկնաբանությանը համապատասխան:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Հովիկ Օհանջանյանը պահանջել է վերացնել 24․07․2019 թվականի թիվ Վ-28/6 որոշումը, որով վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։
Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերում բացակայում է շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից հայցվորին հասցեագրված գրավոր նախազգուշացում` շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ:
Դատարանը եզրահանգել է, որ այնքանով, որքանով վարչական մարմինը չի կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ կառուցապատողին նախազգուշացնելու իր պարտավորությունը, հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի բողոքը, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավորված համարելով Դատարանի պատճառաբանությունները։
Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի քաղաքապետի կողմից 20.02.2017 թվականին կառուցապատող Հովիկ Օհանջանյանին է տրվել թիվ 01/18-Օ-39-93 շինարարության թույլտվությունը՝ Էրեբունի վարչական շրջան, Արին Բերդի 9 փողոց, հ. 89/11 վայրում հասարակական նշանակության օբյեկտի (III կատեգորիայի օբյեկտ) կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար, որի 2-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է իրականացնել տասներեք /13/ ամսվա ընթացքում։
Նշված շինարարության թույլտվության ժամկետը 07.03.2018 թվականի թիվ 01/18-0-83-206 շինարարության թույլտվությամբ երկարաձգվել է 6 /վեց/ ամիս ժամկետով, այնուհետև 23.08.2018 թվականի թիվ 01/18-0-431-910 շինարարության թույլտվությամբ 3 /երեք/ ամիս ժամկետով, ապա 23.08.2018 թվականի թիվ 01/18-0-431-910 շինարարության թույլտվությամբ 3 /երեք/ ամիս ժամկետով, և 12.03.2019 թվականի թիվ 01/18-0-97-182 շինարարության թույլտվությամբ 3 /երեք/ ամիս ժամկետով:
Այնուհետև, Քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Այվազյանի կողմից 04․07․2019 թվականին կազմվել է թիվ 030595 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետի 12.03.2019 թվականի հ.01/18-Օ-97-182 շինարարության թույլտվությամբ սահմանվել է 3 ամիս ժամկետ, սակայն այդ ժամկետում կառուցապատողի կողմից չի ապահովվել Արին Բերդի 9-րդ փողոցի հ. 89/11 հասցեում կառուցված հասարակական նշանակության օբյեկտի շահագործման փաստագրումը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի 24.07.2019 թվականի թիվ Վ-28/6 որոշմամբ կառուցապատող Հովիկ Ստեփանի Օհանջանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տույժի՝ 637.500 ՀՀ դրամի չափով։
Վճռաբեկ դատարանը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գործում առկա չէ կառուցապատումը 12.03.2019 թվականի հ.01/18-Օ-97-182 շինարարության թույլտվությամբ սահմանված 3-ամսյա ժամկետում չավարտվելու պայմաններում կառուցապատող Հովիկ Օհանջանյանին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացնելու վերաբերյալ որևէ ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ կառուցապատող Հովիկ Օհանջանյանը չէր կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկվել, քանի դեռ շինարարության թույլտվություն տվող մարմինը չէր իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ գրավոր նախազգուշացում կատարելու իր լիազորությունը: Պատասխանող վարչական մարմինը՝ որպես շինարարության թույլտվություն տվող մարմին, իրավասու էր Հովիկ Օհանջանյանին վարչական պատասխանատվության ենթարկել միայն գրավոր նախազգուշացման պահանջը չկատարելու դեպքում:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը համահունչ են Վճռաբեկ դատարանի սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Ի ամփոփումն վերոշարադրյալի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը՝ կայացրել են գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30․03․2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Լ. Հակոբյան Հ. Բեդևյան Ա. Թովմասյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|